Փայլանը Թրամփին առաջարկում է Փաշինյանին եւ Ալիեւին հրավիրել ԱՄՆ - Mediamax.am

504 դիտում

Փայլանը Թրամփին առաջարկում է Փաշինյանին եւ Ալիեւին հրավիրել ԱՄՆ


Կարո Փայլանը
Կարո Փայլանը
Կարո Փայլանը եւ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականին
Կարո Փայլանը եւ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականին

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Ներկայացնում ենք The World Street Journal պարբերականի «Կարծիքներ» բաժնում հրապարակված Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի հրավիրված հետազոտող Կարո Փայլանի Armenia-Azerbaijan Peace Deal: A Golden Opportunity for Trump հոդվածի հայերեն թարգմանությունը:

Կարո Փայլան

Ուկրաինայում պատերազմի հարցը լուծելու ԱՄՆ ընտրված նախագահ Թրամփի խոստումը, ամենայն հավանականությամբ, ավելի հեշտ էր հնչեցնել, քան կյանքի կոչել: Սակայն կա խաղաղություն հաստատելու մեկ այլ հնարավորություն, որը պահանջում է շատ ավելի քիչ ջանքեր, բայց զգալի օգուտներ է խոստանում՝ վերջ տալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տասնամյակներ շարունակվող թշնամությանը:

Երկու պատմական թշնամիները վերջին մեկ տարվա ընթացքում հանգիստ բանակցություններ են վարել եւ բեկման եզրին են: Երկու պատերազմներ հրահրած եւ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 000 հայերի տեղահանած այս հակամարտության լուծումը հասանելի է: Անհրաժեշտ է վերջին զարկը, որը միայն Վաշինգտոնը կարող է ապահովել:

Հիմքն դրվել է Բայդենի վարչակազմի կողմից, որն աջակցել է Հայաստանին  Ռուսաստանից ազդեցությունը նվազեցնելու հարցում եւ խրախուսել Ադրբեջան-Հայաստան երկկողմ բանակցությունները: Բայդենի վարչակազմը նաեւ փորձել է խրախուսել Հայաստանից ռազմական առումով ավելի ուժեղ Ադրբեջանին ընդունել Հայաստանի առաջարկությունները խաղաղության հաստատման համար: Սակայն նախագահ Բայդենը անձամբ չի ներգրավվել այդ գործընթացում՝ «կաղ բադ»-ի (lame duck՝ ԱՄՆ-ում այդպես են անվանում լիազորություններն ավարտող նախագահներին-Մեդիամաքս) կարգավիճակում լինելու պատճառով:

Պարոն Թրամփը կարող է ներգրավվել եւ ավարտին հասցնել գործը։ Նոր նախագահը կարող է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հրավիրել Սպիտակ տուն՝ պատմական համաձայնագիր կնքելու։ Առանց ԱՄՆ-ի բարձր մակարդակի ներգրավվածության՝ բանակցությունները կարող են փակուղի մտնել՝ Ադրբեջանին հնարավորություն տալով շարունակել իր ռազմական սպառնալիքները Հայաստանի, իսկ Ռուսաստանին՝ վերահաստատել իր ազդեցությունը տարածաշրջանում:

Հարավային Կովկասում խաղաղությունը օգուտ կբերի ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին՝ օգնելով հետխորհրդային հանրապետություններին վերականգնել տնտեսական ինքնիշխանությունը ու զսպել նեոիմպերիալիստական Ռուսաստանը: Խաղաղության պայմանագիրը կարող է ընդլայնել հասանելիությունը Միջին միջանցքին՝ կարեւոր առեւտրային ուղուն, որը կապում է եվրոպական շուկաները Կենտրոնական Ասիայի ռեսուրսներին՝ զարգացման, առեւտրի եւ էներգետիկ համագործակցության հնարավորություններ բացելով:

Կարո Փայլանը եւ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականին Կարո Փայլանը եւ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականին

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Թրամփի անձնական ներգրավվումը կարող է նաեւ բարելավել հարաբերությունները դժվար դաշնակցի՝ Թուրքիայի հետ։ Հայաստանի կառավարությունը իշխանության է եկել 2018 թվականին խաղաղ ժողովրդավարական հեղափոխության միջոցով եւ հաստատակամ է եղել Ադրբեջանի հետ խաղաղության ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերությունները Թրամփի առաջին պաշտոնավարման ժամանակ բավականին բուռն էին, բայց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասում է, որ աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրին, ու խոստացել է բացել Հայաստանի հետ սահմանը եւ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, երբ այն ստորագրվի:

1915 թվականի ցեղասպանության եւ 2020 թվականի Ադրբեջանի հետ պատերազմի սպիները կրող Հայաստանի համար հեշտ չէ երկարամյա թշնամու հետ խաղաղության ձգտել։ Որպես Թուրքիայի հայ ու ցեղասպանությունը վերապրածների ժառանգ, ես գիտեմ, թե ինչ բարդ զգացմունքներ կան: Բայց հարեւանների հետ խաղաղությունը Հայաստանի համար գոյատեւման խնդիր է։ Ինչպես բացահայտեցի Երեւան կատարած վերջին այցելություններիս ժամանակ, հայերը դա հասկանում են:

Խաղաղության խթանումը կարող է նաեւ ներքաղաքական օգուտներ բերել Թրամփին: Ամերիկացի քրիստոնյաները կարող են շոյվել ավտոկրատ պետություններով շրջապատված քրիստոնյա ազգին աջակցելու հեռանկարից, եւ ԱՄՆ ազդեցիկ հայկական սփյուռքը կաջակցի այդ ջանքերին: Պարոն Թրամփը պետք է օգտագործի այս հնարավորությունը եւ իր պաշտոնավարման առաջին շաբաթվա ընթացքում զանգահարի երկու առաջնորդներին:

Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին