Պոպուլիզմի վերելքը՝ ֆինանսական ճգնաժամի եւ COVID-19-ի հետեւանք - Mediamax.am

340 դիտում

Պոպուլիզմի վերելքը՝ ֆինանսական ճգնաժամի եւ COVID-19-ի հետեւանք


Լուսանկարը` The Conversation


Ներկայացնում ենք Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) տնտեսական քաղաքականության ուսումնասիրությունների տնօրեն Մայքլ Ռ. Սթրեյնի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Մայքլ Ռ. Սթրեյն

Ամբոխահաճության (պոպուլիզմ) վերադարձը հասկանալը շատ կարևոր է այսօրվա քաղաքականությունը հասկանալու համար: Սա հատկապես ճիշտ է Միացյալ Նահանգներում թե՛ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Կոնգրեսի հանրապետականների համար, որոնք պատրաստվում են կառավարելու, թե՛ դեմոկրատների համար, որոնք փորձում են վերականգնվել ցնցող պարտությունից հետո:

Ամբոխահաճությունը, որը խթանեց Թրամփի վերելքը 2010-ականների կեսերին, արմատներով 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից է: Հետագա տնտեսական անկումը և դանդաղ վերականգնումը զգալի դժվարություններ առաջացրին աշխատուժի կեսից ավելիի համար՝ զայրույթ և դժգոհություն սերմանելով: Իրական (գնաճով ճշգրտված) միջին աշխատավարձը միայն 2014 թվականին վերադարձավ 2007-ի մակարդակին: Ինչպես փաստում էի 2021-ին, եթե այդ ժամանակ էքսպանսիան ավարտվեր, միջին իրական աշխատավարձը չէր վերականգնվի՝ չնայած հինգ տարվա տնտեսական աճին:

Բացի ուղղակի տնտեսական ծախսերից, ճգնաժամը սասանեց հավատը ֆինանսական համակարգի և ընդհանուր բարեկեցությունը խթանելու՝ կառավարության ունակության նկատմամբ: Այս պարարտ հողի վրա ծաղկեց ամբոխահաճությունը՝ թե՛ ձախ թևում, թե՛ աջ:

Ամբոխահաճությունը հաճախ օգտագործվող, բայց հազվադեպ սահմանվող եզրույթ է: Ես դրա մեջ երեք առանձնահատկություն եմ տեսնում. աշխարհայացք, որը հակադրում է «ժողովրդին» և «վերնախավերին», հոռետեսություն ընթացիկ և ապագա տնտեսական արդյունքների նկատմամբ և որպես երկիր ինքնապարփակվելու ցանկություն: ԱՄՆ-ում այս միտումներն առաջին հերթին դրսևորվեցին քաղաքական աջ թևում «Թեյախմության» խմբի վերելքով, իսկ ձախում՝ «Գրավիր Ուոլ Սթրիթը» շարժման վերելքով: Մինչև 2013 թվականը նրանք դրդեցին նախագահ Բարաք Օբամային հայտարարելու (իմ կարծիքով՝ սխալմամբ), որ անհավասարությունը «մեր ժամանակի հիմնական մարտահրավերն է»:


Դրանից հետո Թրամփը գրավեց Հանրապետական կուսակցության ղեկավարությունը, իսկ ամբոխահաճ սադրիչ Բերնի Սանդերսը գրեթե նույնն արեց Դեմոկրատական կուսակցությունում:

Քանի որ 2008-ի ճգնաժամը համաշխարհային էր, ամբոխահաճությունը գլուխ բարձրացրեց նաեւ Միացյալ Թագավորությունում և Եվրոպայում, և դա պատմական օրինաչափություն է: Վերջին 150 տարին ցույց են տալիս, որ ամբոխահաճությունը հաճախ արձագանք է ֆինանսական ճգնաժամերին։ Լավ նորությունն այն է, որ մոտ տասը տարի անց ամբոխահաճությունը նահանջում է և վերադառնում իր նախաճգնաժամային մակարդակին:

Ինձ թվաց, թե պոպուլիզմը 2018-ին նահանջում է: Սովորական աշխատող ընտանիքների տնտեսական արդյունքները արագորեն բարելավվում էին: Ամերիկան պակաս զայրացած էր, և կարելի էր պատկերացնել, որ ապագային ավելի վստահորեն դիմակայելու ենք միասին:

Բայց հենց այն պահին, երբ Ամերիկան սկսեց թափ հավաքել, հարվածեց COVID-19 համաճարակը: Ինչպես նախորդ համաճարակների ժամանակ, քաղաքական և սոցիալական խնդիրներ սկսվեցին, և վերնախավի աղետալի ձախողման համատարած ընկալումը նոր շունչ տվեց ամբոխահաճությանը:

Նման ընկալումները միշտ չէ, որ սխալ էին։ Տնտեսական գործունեության սահմանափակումները անհանգստացնում են մի երկրում, որը հավատարիմ է անհատական ազատությանը, հատկապես, երբ հանրային առողջապահության պաշտոնյաները կարծես օդից են կանոններ հնարում, ինչպես, օրինակ, վեց ոտնաչափ հեռավորություն պահպանելու կանոնը: Նույնիսկ երբ պատվաստանյութերն ու թերապևտիկ միջոցները լայն տարածում ստացան, սովորական մանկական հիվանդությունների ժամանակ ծնողները ստիպված էին գործ ունենալ անհեթեթ պարտադիր կարանտինի հետ: Ցավալիորեն, 2020-ի աշնանը դպրոցները վերաբացելու փոխարեն էլիտան որոշեց երեխաներին թույլ չտալ դասասենյակ մտնել. շատերն այս կրթական կորուստներից երբեք չեն վերականգնվի:

Պոպուլիզմի կորսված ամառը


Ամբոխահաճությամբ մտահոգվածներիս համար այս նորագույն պատմության դրական կողմն այն է, որ այն հաստատում է երևույթի ժամանակավոր բնույթը: Եթե ԱՄՆ աշխատողները զգան չորս-հինգ տարվա իրական աշխատավարձի աճ, ամբոխահաճ տրամադրությունները կրկին կթուլանան, ինչպես եղավ մինչև համաճարակը:

Չեմ ակնկալում, որ Թրամփի ամբոխահաճությունը կմարի. պարզապես այն կկորցնի ուժը և քաղաքական հետևանքները: Քաղաքական աջերը մշտապես հակված են ամբոխահաճությանը։ 1990-ականներին Փեթ Բյուքենենի քաղաքական հաջողությունը Թրամփի նախապատկերն էր: 1996-ի հանրապետական նախնական ընտրություններում Բյուքենենը հավաքեց ձայների 23%-ը, որոնք անցկացվեցին «սուպեր երեքշաբթի օրը» կամ դրանից առաջ։ 2016-ի Թրամփը հավաքեց ձայների 34%-ը նախնական ընտրություններում և «սուպեր երեքշաբթի» նահանգներում։ Հանրապետականների համար ամբոխահաճության հաջող վերադարձը Բյուքենանի մակարդակի կարելի է համարել վերադարձ սկզբնական մակարդակին:

Դեմոկրատների համար դասն այն է, որ տնտեսական կառավարումը կարևոր է: 2008-ի ֆինանսական ճգնաժամին հաջորդող կես տասնամյակում իրական աշխատավարձի աճի անկումը սկիզբ դրեց ԱՄՆ պատմության պոպուլիստական գլխին, իսկ արագ գնաճը վերջին չորս տարիների ընթացքում (որը քայքայեց անվանական աշխատավարձերի աճը) Թրամփին վերադարձրեց Սպիտակ տուն:

Երբ նախագահ Ջո Բայդենը ուշացումով դուրս եկավ ընտրապայքարից, շատ դեմոկրատ առաջնորդներ մտածեցին, որ մարդիկ կընտրեն փոխնախագահ Քամալա Հարիսին, որպեսզի խուսափեն թեկնածուից, որին երկրի կեսը չի սիրում: Սակայն Թրամփի օգտին (չսիրելով նրան) քվեարկեց ավելի շատ մարդ, քան 2020 թվականին՝ հիմնականում այն պատճառով, որ նրանք հասկացան, որ Բայդենի վարչակազմի քաղաքականությունը նպաստեց արագ գնաճին, իրական աշխատավարձերի լճացմանը և սպառողական գների ռեկորդային բարձր մակարդակին:

Հանրապետականներն էլ կարևոր դաս ստացան։ Գուցե ընտրողները ուզում են մի նախագահ, որը փորձարկումներ կանի առևտրային պատերազմների և ներգաղթի կտրուկ սահմանափակման հետ, բայց դա կարող է փոխվել ավելի արագ, քան կարծում են շատերը: Եթե հանրապետականները ցանկանում են հաղթել նաեւ 2028 թվականին, նրանք պետք է այնպիսի քաղաքականություն որդեգրեն, որն առաջիկա չորս տարիներին կբարելավի մարդկանց կյանքը:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին