Ներկայացնում ենք Գերմանիայի նախկին արտաքին գործերի նախարար ու փոխկանցլեր, Գերմանիայի Կանաչների կուսակցության նախկին առաջնորդ Յոշկա Ֆիշերի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:
Յոշկա Ֆիշեր
Երբ Դոնալդ Թրամփն ընտրվեց Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ, դա, անկասկած, հուսադրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Թրամփը վաղուց էր արտահայտել իր հիացմունքը Պուտինի նկատմամբ եւ բազմիցս ակնարկել, որ կդադարեցնի նախագահ Ջո Բայդենի քաղաքականությունը՝ Ուկրաինային էական նյութական աջակցություն (զենք, հետախուզություն եւ ֆինանսավորում) տրամադրել ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար:
Ավելին, Թրամփի փոխնախագահ Ջ. Դ. Վենսը կիսում է նրա տեսակետը՝ հայտարարելով, որ «ամերիկյան ժողովուրդը չի հանդուրժի հերթական անվերջ պատերազմը, եւ ես նույնպես չեմ հանդուրժի»։ Քանի որ հանրապետականներն այժմ վերահսկում են Կոնգրեսի երկու պալատները եւ կտրուկ կրճատումներ են նախատեսել դեմոկրատական առաջնահերթությունների հետ կապված բոլոր ծախսերի համար, ԱՄՆ աջակցությունը Ուկրաինային շուտով կդադարի:
Անկախ նրանից, թե ինչ ենք ինքներս մեզ ասում, մենք՝ եվրոպացիներս, չենք կարողանա փոխհատուցել Ուկրաինային ամերիկյան ֆինանսական եւ ռազմական օգնության կորուստը։ Մենք դրա համար ո՛չ կամք ունենք, ո՛չ էլ կարողություն։ Թեեւ շատերը Սիրիայի վերջին զարգացումները որակել են որպես Պուտինի անհաջողություն, դա հաղթանակ չի բերում ուկրաինացիներին ու Եվրոպային:
Անշուշտ, Բաշար ալ-Ասադի տապալմամբ Պուտինը առանցքային դաշնակից կորցրեց, իսկ մեկ այլ կարեւոր գործընկեր՝ Իրանը, վերջին ամիսներին զգալիորեն թուլացել է: Սիրիայի ընդդիմադիր ուժերի հաղթանակը նշանակում է, որ Իրանը կզրկվի Լիբանան եւ Միջերկրական ծով տանող ուղիղ ցամաքային կամրջից։ Ավելին, իսրայելցիները լրջորեն քայքայել են Իրանի «դիմադրության առանցքը»՝ վերացնելով Հեզբոլլահի եւ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավարներին եւ շարքից հանելով Իրանի հիմնական ներքին հակաօդային պաշտպանությունը:
Ասադի վարչակարգի փլուզումից հետո Ռուսաստանը դուրս է բերում իր ուժերը Սիրիայի Միջերկրական ծովի ափին գտնվող օդային եւ ռազմածովային բազաներից, ինչը նշանակում է, որ կորցնում է աֆրիկյան տարբեր երկրներում իր կողմից տեղակայված ուժերի մատակարարման հիմնական ուղիները: Գլոբալ ուժային հավակնություններ ունեցող առաջնորդի համար սա լուրջ հետընթաց է:
Պուտինի ռազմավարական կորուստը Արեւելյան Միջերկրականում կարող է միայն մասամբ մեղմել Թրամփի հետ «գործարքը»: Օրինակ՝ ԱՄՆ-ի գալիք վարչակազմը կարող է մեծ գործարք իրականացնել, որում Ռուսաստանը կաջակցի Իրանի միջուկային ծրագիրը փակելու ամերիկա-իսրայելական ջանքերին՝ Ուկրաինայում մասնակի, դեմքը փրկող հաղթանակի դիմաց:
Այլընտրանքային տարբերակում Թրամփի ժամանումը Սպիտակ տուն կարող է կանաչ լույս լինել Իսրայելի համար՝ հարվածներ հասցնելու իրանական միջուկային օբյեկտներին: Կկարողանա՞ իրանական ռեժիմը քաղաքականապես գոյատեւել նման հարձակումից հետո՝ հաշվի առնելով իր ակնհայտ թուլությունը:
Այս սցենարը աղետալի կլինի համաշխարհային ազդեցության մասին Պուտինի երազանքների համար, քանի որ հիմնովին կփոխի Ռուսաստանի դերը Մերձավոր Արեւելքում եւ համաշխարհային ասպարեզում։ Կհաստատվի ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի արհամարհական նկարագրությունը. Ռուսաստանը «տարածաշրջանային տերություն» է, այլ ոչ թե մեծ տերություն: Ռուսաստանը կմնա Չինաստանի հզոր գործընկերը, բայց Չինաստանի գնահատականն իր հյուսիսային հարեւանի կարեւորության վերաբերյալ էապես կփոխվի:
Բայց նաեւ հավանականություն կա, որ Թրամփը պարզապես տեղի կտա Պուտինին՝ ուկրաինացիներին հրադադարի բանակցություններ եւ տարածքային զիջումներ պարտադրելով՝ առանց արեւմտյան անվտանգության որեւէ արդյունավետ երաշխիքների: Նման գրոտեսկային արդյունքը է՛լ ավելի խոցելի կդարձնի Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունը: ՆԱՏՕ-ն կշարունակի գոյությունը, բայց դրա արդիականությունը կասկածի տակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Թրամփը պաշտոնավարելու է: Եվրոպական անվտանգությունն այսուհետ կախված կլինի Ուկրաինայի անվտանգությունից։ Նրա ապագա բարգավաճումն ու կայունությունը պայմանավորված կլինի փխրուն հրադադարով՝ անզոր դարձնելով ռուսական հիբրիդային պատերազմի մշտական սպառնալիքի առջեւ:
Այլ կերպ ասած՝ Եվրոպայի տեսանկյունից Թրամփի եւ Վենսի գաղափարը խաղաղության մասին ամենեւին էլ խաղաղություն չէ: Եվրոպան կշարունակի բախվել անվտանգության եւ ներքին համախմբվածության լուրջ վտանգներին, բայց հիմա դրանց միայնակ է դիմակայելու։ Ի՞նչ կանի Պուտինը ժամանակավոր խաղաղության հետ, երբ ռազմական գործողությունները դադարեն։ Ի՞նչ կանի Եվրոպան, եթե իրավիճակը Սիրիայում վատթարանա եւ փախստականների հերթական ճգնաժամ առաջանա:
Այսքան մեծ անորոշության մեջ հայտնված եվրոպացիներին այլ ելք չի մնում, քան զգալի ներդրումներ կատարել վերազինման եւ անվտանգության ոլորտում, նույնիսկ եթե նման ծախսերն ավելի դժվար լինեն դանդաղ տնտեսական աճի եւ նոր առեւտրային պատերազմի պայմաններում:
Հեշտ է քարոզչություն իրականացնել «Առաջին հերթին Ամերիկան» կարգախոսով, երբ Արեւելյան Եվրոպայից ու Մերձավոր Արեւելքի դաժան հակամարտություններից քեզ բաժանում են օվկիանոսներ ու հազարավոր մղոններ: Բայց եվրոպացիները նման շքեղություն իրենց թույլ տալ չեն կարող, եւ մենք այլեւս անհոգության համար արդարացում չունենք:
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: