Ներկայացնում ենք The New York Times-ի The Mysterious Donor Who Fled Communism and Left Millions to the Art World հոդվածի հայերեն թարգմանությունը:
Նշենք, որ Ասո Թավիթյանը 1995 թվականին հիմնադրել էր «Թավիթյան» հիմնադրամը։ «Թավիթյան» հիմնադրամի շնորհիվ երեք տասնամյակների ընթացքում բազմաթիվ հայ երիտասարդներ կրթություն են ստացել ԱՄՆ Թաֆթս համալսարանի Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցում։
Թեդ Լոոս
Այդ ամենը նա անում էր լուռ: «Նրա արտաքինում ոչինչ չէր ասում՝ «նայե՛ք ինձ», - ասում է Քենդիս Բեյնեքը՝ «Ասո Օ. Թավիթյան» հիմնադրամի նախագահը:
«Արվեստի աշխարհից դուրս շատ քչերը գիտեին նրա մասին», - խոստովանում է Օլիվյե Մեսլեյը՝ Մասաչուսեթս նահանգի Ուիլյամսթաուն քաղաքի «Քլարկ արվեստի ինստիտուտի» տնօրենը:
Երբ անցյալ ամիս հայտարարվեց, որ Ասո Օ. Թավիթյանը իր հիմնադրամի միջոցով «Քլարկ»-ին է թողել 331 արվեստի գործ, որոնք արժեքը գնահատվում է հարյուր միլիոնավոր դոլարներով (գումարած 45 միլիոն դոլար՝ այդ ամենը տեղավորելու համար շենքի նոր թեւ կառուցելու համար), լուրը ոմանց ստիպեց հարցնել՝ ո՞վ էր այդ մարդը:
Թավիթյանը, որը մահացավ 2020 թվականին 80 տարեկան հասակում, ինքն իրեն կերտած մարդ էր (self-made man) եւ նպատակասլաց, աննկատ հավաքորդ, որն ընդամենը 16 տարում հավաքեց հին վարպետների եւ եվրոպական դասական արվեստի գործերի ապշեցուցիչ շտեմարան: Նրա հավաքածուն ներառում է Հանս Մեմլինգի, Պիտեր Պաուլ Ռուբենսի, Պարմիջանինոյի, Էլիզաբեթ Լուիզ Վիժե լը Բրոնի, Ջան Լորենցո Բերնինիի գործերը։
Թավիթյանի հավաքած գործերի մեծ մասը, որոնք «Քլարկ»-ին արված նվիրատվության թվում չեն, ներառյալ նրա առանձնատների (մեկը Նյու Յորքում, մյուսը Սթոքբրիջում, Մասաչուսեթս) հիանալի անգլիական կահույքը, կվաճառվեն փետրվարին Նյու Յորքի «Սոթբիս»-ում՝ չորս մասից բաղկացած աճուրդում, որը կրելու է «Ասո Օ. Թավիթյանի տեսլականը» անունը՝ 14-ից 24 միլիոն դոլար ընդհանուր գնահատմամբ:
Հավաքածուն ազնվական բնույթ ուներ. Մեսլեյն այն անվանում է «իշխանական»: Աճուրդի ներկայացված ուշագրավ նկարներից են Վերածննդի դարաշրջանի վարպետ Ամբրոսիուս Բենսոնի կրոնական նկարը (գնահատվում է $600,000-ից $800,000) եւ իտալացի հին վարպետ Դանիել Կրեսպիի 1620 թվականի «Մադոննան ու երեխաները» ($300,000-ից $500,000): Բայց Թավիթյանը՝ լավ գինու, հատկապես բուրգունդյանի սիրահարը, կալվածքում չէր ծնվել։
Լուսանկարը` Blake Gardner/Clark Art Institute
Նա ծագումով բուլղարահայ էր (Ասո անունը, որը նա նախընտրում էր, Ասատուրի հապավումն էր), մեծացել է աղքատ ընտանիքում եւ 1959-ին ընտանիքի հետ փախել կոմունիզմից՝ տեղափոխվելով Բեյրութ:
«Նրա ընտանիքի համար դժվար ժամանակներ էին, եւ նրանք գնացին Բեյրութ առանց փողի եւ ապրելավայրի», - ասում է նրա կյանքի ուղեկից Իզաբելլա Մայզինգերը, որը Թավիթյանի հետ էր առաջին տարիներին, երբ նա սկսեց արվեստի գործեր հավաքել՝ 2004 թվականից հետո:
«Կաթոլիկ ուսուցիչներն օգնեցին նրան կրթության հարցում, եւ նա փորձում էր ի պատասխան օգնել այլ մարդկանց», - պատմում է Մայզինգերը: «Թավիթյան հիմնադրամը», որը կստանա Sotheby’s-ի վաճառքից ստացված հասույթը, իր բարեգործությունն ուղղում է կրթությանն ու խաղաղությանը, հատկապես հայկական տարածաշրջանում (այդպես է բնագիր տեքստում-Մեդիամաքս), եւ արվեստին:
Թավիթյանը ներգաղթեց Միացյալ Նահանգներ 1961 թվականին, երբ 21 տարեկան էր: Կոլումբիայի համալսարանում ուսանելիս նա տաքսի էր վարում։ Հետագայում այս փորձառությունն իրեն զգացնել տվեց. «Նա վարում էր տաքսու վարորդի պես՝ մանեւրելով ու փորձելով շրջանցել երթեւեկությունը», - ասում է նրա երկարամյա աշխատակցուհի Լորա Ֆիցփեթրիքը, որը «Ասադուր Օ. Թավիթյան ձեռնարկախմբի» գործառնական տնօրենն է:
Կոլումբիայի համալսարանում Թավիթյանը ստացավ միջուկային ճարտարագիտության մագիստրոսի կոչում եւ սկսեց աշխատել միջուկային ֆիզիկայի դոկտորական ատենախոսության վրա, սակայն չավարտեց այն։ 1969-ին նա դարձավ Syncsort ծրագրային ապահովման տեսակավորման ընկերության համահիմնադիրը, հետագայում՝ գլխավոր գործադիր տնօրենը եւ մեծամասնական բաժնետերը:
Լուսանկարը` Sotheby's
2004-ին, որը մի քանի առումներով նշանավոր տարի էր, նա տեղափոխվեց Վերին Իսթ Սայդի մեծ առանձնատուն, որը հինգ տարի վերանորոգվում էր:
Այդ ժամանակ նա 64 տարեկան այրի էր (կինը՝ Առլենը, մահացել էր 2002 թվականին), եւ Թավիթյանը Հեմփթոնսում հանդիպեց Մայզինգերին, որը աշխատում էր հնաոճ իրերի խանութում:
«Սկզբում մտածում էր պարզապես տունը զարդարելու մասին, - ասում է Մայզինգերը՝ վերհիշելով, որ առավոտների մեծ մասը նախաճաշի սեղանի շուրջ ուսումնասիրում էին նկարների եւ քանդակների աճուրդային կատալոգները: - Որոշ ժամանակ պահանջվեց 400 000 դոլարի միջակայքից միլիոնների հասնելու համար»:
Բայց երբ դա տեղի ունեցավ, «գնումների պայթյուն սկսվեց», - ասում է Դեյվիդ Բուլը՝ գեղանկարիչ-վերականգնողը, որը Թավիթյանի գնումների խորհրդատուն էր:
Էտյեն Բրետոնը՝ փարիզաբնակ խորհրդատուն եւ դիլերը, որն օգնել էր Թավիթյանին գտնել այնպիսի նկարներ, ինչպիսիք են Ժան-Անտուան Վատտոյի «Հպարտ մարդը» (1715)՝ «Քլարկ»-ի նվիրատվություններից մեկը, ասաց, որ Թավիթյանի առաջընթացն անսովոր արագ էր:
Վատտոյի դեպքում Բրետոնը գտավ նկարը Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում գտնվող հավաքածուից եւ անձամբ այն «Եվրոսթար» գնացքով ուղարկեց Թավիթյանին Լոնդոնի «Քլերիջիս» հյուրանոց: Թավիթյանը համաձայնեց դրա համար վճարել մոտ 3 միլիոն դոլար։
Լուսանկարը` Clark Art Institute
Թավիթյանի հավաքելու լավագույն տարիներին արվեստի աշխարհն էներգիայի մեծ մասն ուղղում էր ժամանակակից արվեստին: Բրետոնն ասաց, որ Թավիթյանին «զվարճացնում էր», երբ տեսնում էր տասնյակ միլիոններ արժեցող նոր գործերը: Նա ասում էր, որ հին վարպետների իր գնումների համեմատ «դրանք ոչինչ են»:
Միտումներն անտեսելը նպաստեց որոնումներին: «Չեմ կարող մեկ այլ օրինակ բերել, որ որեւէ մեկը 1970-ից հետո հին վարպետների նման հավաքածու ստեղծի», - ասում է Բրետոնը:
Թավիթյանի ճաշակով էին հատկապես մոտավորապես 1450-ից 1850 թվականների դիմանկարները: Բրետոնը կրկնում է Թավիթյանի կյանքի մյուս մարդկանց ասածը՝ նշելով, որ հավաքորդը «մարդկային անհատականությամբ» էր օժտում այս նկարված դեմքերը, որոնցով շրջապատում էր իրեն: «Նա երեխաներ չուներ, դրանք էին նրա երեխաները», - ասում է Մայզինգերը:
«Քլարկ»-ի տնօրեն Մեսլեյը հիշում է, թե ինչպես էր Թավիթյանը պատմում Ժան-Անտուան Հուդոնի «Փոքրիկ Լիզան» (1775) մարմարե կիսանդրիի մասին, որը գնել էր ավելի քան 2 միլիոն դոլարով եւ նվիրաբերել «Քլարկ»-ին: «Նա այնպես էր խոսում կիսանդրիի մասին, ասես այն կենդանի է», - հիշում է Մեսլեյը:
Լուսանկարը` Clark Art Institute
Մայզինգերը պատմում է, որ Լիզայի մազերի ժապավենի նրբությունն ու նրա հրեշտակային դեմքը օգնեցին կնքել գործարքը: Նա ավելացնում է, որ Թավիթյանը յոթերորդ երկնքում էր, երբ 2006-ին ավելի քան 5 միլիոն դոլարով գնեց Պարմիջանինոյի «Տղամարդու դիմանկարը» (1530)՝ «Քլարկ»-ի նվիրատվության անկյունաքարը:
Նա սկսեց գնել «լավագույններից լավագույնները», - նշում է Մայզինգերը:
Ամեն աշուն Թավիթյանն ու Մայզինգերը դիլերների ընթրիք էին կազմակերպում Արեւելյան 79-րդ փողոցի իրենց տանը՝ խորհրդականները անգլիական եւ ֆրանսիական հնաոճ իրերի ֆոնին նրան արվեստի գործեր էին ցուցադրում:
Լուսանկարը` Tavitian Foundation
Գնի հարցում նա փափկասիրտ չէր: «Եթե հետաքրքրված էր, մեկ-երկու օր կմտածեր, հետո առաջարկ կաներ, - նկատում է Բրետոնը: - Նա ասում էր. «Երբ առաջարկ անեմ, այլեւս այն չեմ փոխի: Կա՛մ համաձայնվում եք, կա՛մ ոչ»։
Sotheby's-ի հին վարպետների բաժնի համանախագահ Ջորջ Վախթերը համաձայն է, որ կոլեկցիոները «սակարկել չէր սիրում»: Միեւնույն ժամանակ կարող էր համառորեն հետապնդել ճիշտ գործը, հատկապես աճուրդում: Վախթերը հիշում է. «Մի անգամ նա ասաց ինձ. «Երբ որոշում եմ առաջարկ անել, այն արդեն իմն է»:
Թավիթյանը հեշտությամբ մեկ օրով Փարիզ էր թռնում՝ նկարը տեսնելու, կամ Լոնդոն՝ գեորգյան ոճի գրապահարան նայելու:
Լուսանկարը` Sotheby's
Անգլիական կահույքի լոնդոնաբնակ դիլեր Սայմոն Ֆիլիփսն ասում է, որ «մի քանի հին ընկերների» է տեսել կահույքի թվում, որը կհայտնվի Sotheby's-ի աճուրդում. սրանք իրեր են, որոնք նա վաճառել էր հավաքորդին, ներառյալ Գեորգ II-ի ժամանաշրջանի փորագրված կարմրափայտի գրադարանային երկու բազկաթոռները (1755), որոնք պատրաստված էին Անգլիայի Ստաֆորդշիր քաղաքի Էքլշել ամրոցի համար եւ պատված են ֆրանսիական ասեղնագործությամբ: Դրանց գինը տատանվում է 150,000-ից $250,000:
Լուսանկարը` Sotheby's
Ֆիլիփսն ասում է, որ Թավիթյանը հոգում էր իր գանձերի մասին։ «Նա միշտ ասում էր, որ արեւի լույսը վատ է Բերքշիրսում իր տան կահույքի համար՝ նշելով, որ ամենալավ կտորները պահում էր քաղաքում»:
Երբ Մայզինգերը հանդիպեց Թավիթյանին, նա ավելի շատ գիտեր կահույքի, քան նկարների մասին, բայց ժամանակի ընթացքում գիտելիք ձեռք բերեց նաեւ այլ ոլորտների մասին: Նա հորդորեց Թավիթյանին կրկին նայել Ջան Լորենցո Բերնինիի Վերածննդի դարաշրջանի «Կանոսայի կոմսուհի Մատիլդան» (մոտ 1630-39) բրոնզե արձանին, երբ այն տեսան Մաստրիխտի արվեստի տոնավաճառում: Մանուկ հասակում Մայզինգերը տեսել էր Բերնինիի «Չորս գետերը» մեծ շատրվանը Հռոմում, եւ այն մեծ տպավորություն էր թողել:
Լուսանկարը` Michael Bodycomb
«Նա ասաց՝ «շատ թանկ է », - հիշում է Մայզինգերը, - ես ասացի՝ եթե չգնես, ուրիշ մեկը անմիջապես կտանի։ Բերնինիի փոքր գործերը հազվագյուտ են»:
Նրանք գնացին ճաշի ու քննարկեցին մոտ 90 րոպե, եւ Մայզինգերը հիշում է, որ Թավիթյանն ի վերջո վճարեց 2 միլիոն դոլարից մի փոքր պակաս այդ գործի համար, որը «Քլարկ»-ի այցելուները կվայելեն մի քանի տարի հետո: Այս արժեքավոր քանդակը կամրապնդի թանգարանի հեղինակությունը:
Թավիթյանը սիրում էր «Քլարկ»-ը, որը Սթոքբրիջից ընդամենը 35 մղոն հեռավորության վրա է: Նա միացավ թանգարանի հոգաբարձուների խորհրդին 2006-ին եւ ցուցադրեց իր որոշ գործերը 2011-ին «Աչքը չհեռացնելով. եվրոպական դիմանկարներ, 1450-1850» ցուցահանդեսում։
Թավիթյանը ներգրավված էր նաեւ այլ հաստատություններում՝ 12 տարի լինելով Ֆրիկ հավաքածուի խորհրդում: Ֆրիկին եւ Մետրոպոլիտեն արվեստի թանգարանին նա թողեց մեկական գործ՝ Ջովանի Բատիստա Մորոնիի «Կնոջ դիմանկարը» (1775) եւ Ֆրանչեսկո Սալվիատիի «Բինդո Ալտովիտի»-ն (1545):
2019 թվականի աշնանը Թավիթյանի մոտ քաղցկեղ ախտորոշվեց։ Նա արդեն մտածում էր «Քլարկ»-ի նվիրատվության մասին, բայց հիվանդության լուրը «արագացրեց նրա ծրագրերը», - ասում է նրա օգնական Ֆիցփեթրիկը:
Լուսանկարը` The Metropolitan Museum of Art
Բայց նա չէր պատկերացնում, որ իրեն ընդամենը վեց ամիս է մնացել։ «Կարծում էր՝ դեռ հինգ տարի ունի ապրելու», - նշում է Մայզինգերը:
Երբ 2020-ի մարտին սկսվեց կորոնավիրուսի համավարակը, զույգը տեղափոխվեց Բերքշիրս: Թավիթյանը մահացավ սեպտիկ շոկից տեղի հիվանդանոցում:
Մայզինգերն ու Թավիթյանը ծրագրել էին ամուսնանալ, բայց համավարակի առաջին օրերին չէին կարողանում գտնել որեւէ մեկին, ով կկատարեր արարողությունը:
«Ես փորձեցի նրանց ամուսնացնելու արտոնագիր ստանալ Մասաչուսեթսում, բայց այն եկավ Թավիթյանի մահվան հաջորդ օրը», - պատմում է Բեյնեքը:
Թավիթյանն ասել էր Մայզինգերին, որ իր մահից հետո ընտրի արվեստի գործեր, որոնք «Քլարկ»-ի նվիրատվության թվում չեն:
Նա ընտրեց մի քանի գործ, այդ թվում՝ Յոհան Վիլհելմ Փրեյերի «Խաղողի նատյուրմորտը» (1831-36), քանի որ այն կախված էր խոհանոցում եւ հիշեցնում էր գինու հանդեպ Թավիթյանի հետաքրքրության մասին:
Այդ կտակը գուցե ավելի փոքր է, քան «Քլարկ»-ին նվիրաբերածը, բայց այն ցույց է տալիս կոլեկցիոների հավատը արվեստի հարատեւության ուժին:
Բրետոնն ասաց, որ Թավիթյանի վերաբերմունքն այսպիսին էր. «Ես կմեռնեմ, դիլերը կմեռնի, աճուրդի սենյակները կփոխվեն: Բայց նկարը կմնա»։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: