Ազատական Արեւմուտքի վերջը - Mediamax.am

exclusive
1720 դիտում

Ազատական Արեւմուտքի վերջը


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Jonathan Ernst/AFP/Getty Images


Ներկայացնում ենք Գերմանիայի նախկին արտաքին գործերի նախարար ու փոխկանցլեր, Գերմանիայի Կանաչների կուսակցության նախկին առաջնորդ Յոշկա Ֆիշերի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Յոշկա Ֆիշեր

Մենք բոլորս մտածում, խոսում եւ գրում ենք որոշակի ինտելեկտուալ շրջանակներում, որոնք մեծ մասամբ պատշաճ ենք համարում: Սակայն ժամանակի ընթացքում ծանոթ կատեգորիաներն ու գաղափարները դառնում են հնացած: Օրինակ, ո՞վ է այսօր խոսում Խորհրդային Միության մասին, բացի պատմաբաններից։

Նմանապես, ԱՄՆ-ում այս տարվա նախագահական ընտրությունները 2024-ի ամենակարեւոր քաղաքական իրադարձությունն էին, եւ այն անկասկած կհիշվի որպես պատմության շրջադարձային կետ: Արդյունքը կձեւավորի գլոբալ իրադարձությունները գալիք տասնամյակներում: Հետեւանքները կզգացվեն երկու մակարդակով։ Առաջինը ամենօրյա կառավարման առավել անմիջական, գործնական, գործառնական մակարդակն է: Երբ Դոնալդ Թրամփը վերադառնա Սպիտակ տուն, ԱՄՆ-ն դուրս կգա շրջակա միջավայրի մասին Փարիզյան համաձայնագրից, նոր մաքսատուրքեր կսահմանի իր առեւտրային գործընկերների համար եւ կսկսի զանգվածային արշավ՝ միլիոնավոր ապօրինի ներգաղթյալներին հավաքագրելու եւ արտաքսելու համար:

Կա նաեւ գլոբալ հարթություն, որտեղ հնարավոր են բազմաթիվ սցենարներ՝ մեծ ուժերի տեղաշարժից մինչեւ երկարամյա դաշինքների լուծարում եւ աշխարհը կառավարող ինստիտուտների ու նորմերի քայքայում: Ի՞նչ կլինի անդրատլանտյան հարաբերությունների հետ։ Իսկ Ուկրաի՞նայի։ Արդյո՞ք ԱՄՆ-ն ավելի սերտ կապեր կզարգացնի Ռուսաստանի եւ այլ ավտորիտար ռեժիմների հետ Եվրամիության եւ այլ դաշնակիցների հաշվին:

Թրամփը ջախջախիչ հաղթանակ տարավ՝ չնայած արհամարհում է ժողովրդավարական ինստիտուտները, փորձել էր տապալել 2020-ի ընտրությունները, իսկ հետո 34 կետով ծանր հանցագործության մեջ մեղադրվել։ Թեեւ ընտրողները գիտեն կառավարման նրա քաոսային ոճի, իրեն հատուկ ստախոսության եւ ներգաղթի չարագույժ քաղաքականության մասին, նա հաղթեց բոլոր չկողմնորոշված նահանգներում: Նույնիսկ իմանալով, թե ով է Թրամփը, ավելի շատ ամերիկացիներ քվեարկեցին նրա օգտին, քան Քամալա Հարիսի:

Եկե՛ք բառերը չծամծմենք. ազատական ժողովրդավարությունը ԱՄՆ-ում մահացու հարված ստացավ։ Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերից այն կհայտնվի աճող ճնշման տակ, եւ ոչ մի երաշխիք չկա, որ կգոյատեւի: Ի վերջո, արդյո՞ք ազատական Արեւմուտքը կարող է ապագա ունենալ առանց առաջնորդող ԱՄՆ-ի: Իմ կարծիքով պատասխանը բացասական է:

Երբ Թրամփը սկսի իր երկրորդ ժամկետը, հանրապետականները վերահսկելու են Կոնգրեսի երկու պալատները, եւ բազում դիտորդներ ակնկալում են, որ Գերագույն դատարանի պահպանողական մեծամասնությունը (6-ը ընդդեմ 3-ի) միանշանակ կաջակցի նրան: Հունիսին դատարանը Թրամփի կողմից հարուցված գործով վճռեց, որ նախագահները «պաշտոնական» արարքների համար քրեական հետապնդումից անձեռնմխելի են: Այսպիսով Թրամփը կկարողանա անարգել կառավարել, ավելի ճիշտ՝ իշխել: Ոչինչ նրան չի խանգարում ամերիկյան ազատական ժողովրդավարությունը վերափոխել ոչ ազատական օլիգարխիայի:

Լուսանկարը` Jonathan Ernst/AFP/Getty Images


Ակնհայտ է, որ կաճի ճնշումը եվրոպական ժողովրդավարությունների վրա՝ ավելի մեծ ներդրում անելու սեփական անվտանգության ապահովման հարցում: Բայց Թրամփը շահագրգռված չէ ամրապնդել ԵՄ-ն (իրականում հակառակը), իսկ առանց ԱՄՆ-ի լուռ աջակցության ԵՄ-ի ինքնուրույն առաջխաղացման կարողությունը կասկածելի է: Դա անելու համար կպահանջվի եվրոպացիների քաղաքական մտածելակերպի հիմնարար փոփոխություն, իսկ նման փոփոխություն ներկայում չկա: Ավելին՝ ֆրանս-գերմանական շարժիչը, որը միշտ առաջ է մղել ԵՄ-ն, այլեւս չի գործում, եւ ոչ ոք չգիտի, թե երբ եւ արդյոք այն կվերագործարկվի:

Մեկ այլ կարեւոր խնդիր է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը: Արդյո՞ք Իսրայելի ներկայիս կառավարությունը կբռնակցի Արեւմտյան ափը: Ի՞նչ կանի այն Իրանի հետ, որը սպառազինության մակարդակի ուրան է կուտակում: Բոլոր նշանները կան, որ տարածաշրջանում լինելու է մեծ պատերազմ՝ բռնի վերակառուցում, որը կբերի ամեն ինչ, բացի խաղաղությունից կամ նույնիսկ տեւական զինադադարից:

Դա մեզ հանգեցնում է վերջնական, ամենակարեւոր հարցին. ինչպիսի՞ն կլինի աշխարհն առանց ազատական Արեւմուտքի: Տասնամյակներ շարունակ անդրատլանտյան դաշինքը էր իշխանության ակունքը (եւ՛ կոշտ, եւ՛ փափուկ) եւ ստեղծում էր այն արժեքները, որոնք միասնական գլոբալ կարգի հիմքում էին: Սակայն այժմ համաշխարհային կարգը քաոսային անցումային փուլում է:

Եթե Եվրոպան չկարողանա համախմբվել այս բուռն փոփոխությունների պահին, երկրորդ հնարավորություն չի լինի։ Միակ տարբերակն է դառնալ ռազմական տերություն, որը կպաշտպանի իր շահերը եւ համաշխարհային հարթակում կապահովի խաղաղություն ու կարգ: Այլընտրանքը մասնատվածությունն է, անզորությունն ու անպիտանիությունը: Մարտահրավերին գումարվում է հսկա տեխնոլոգիական փոփոխությունը դեպի թվայնացում եւ արհեստական բանականություն, ինչպես նաեւ Եվրոպայի ժողովրդագրական ճգնաժամը: Թեեւ մայրցամաքում չափազանց շատ տարեցներ եւ շատ քիչ երիտասարդներ կան, այն ավելի ու ավելի է ընդդիմանում ներգաղթին:  
Ուրեմն ի՞նչ: Եվրոպան կսկսի պատրաստվե՞լ, թե՞ կրկին կվերածվի այնպիսի կառույցի, ինչպիսին էր 1814-1815-ի Վիեննայի կոնգրեսին հաջորդած կառույցը, որտեղ Ռուսաստանի ազդեցությունը գերիշխող եւ համատարած էր: Նոյեմբերի 6-ին եվրոպացիներն ունեցան մի արդյունք, որն ավելի խորը կազդի նրանց վրա, քան իրենց բոլոր ընտրությունները միասին վերցրած: Թրամփը ոչ միայն կփոխի Ամերիկան (դեպի վատը)․ նա կձեւավորի նաեւ եվրոպական պատմությունը․․․ եթե թույլ տանք:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին