Անգելա Մերկելի հուշերը. «Պուտինն ինձ ասաց. «դու հավերժ կանցլեր չես լինելու» - Mediamax.am

2017 դիտում

Անգելա Մերկելի հուշերը. «Պուտինն ինձ ասաց. «դու հավերժ կանցլեր չես լինելու»


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Նոյեմբերի 26-ին կհրապարակվեն 2005 թվականի նոյեմբերից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրած Անգելա Մերկելի հուշերը։ Die Zeit-ը եւ Bild- հատվածներ են հրապարակել «Ազատություն. 1954–2021 հուշերը» գրքից, որտեղ Մերկելը, մասնավորապես, հիշում է 2008 թվականի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Հենց այդ գագաթնաժողովում սկսվեցին ՆԱՏՕ-ին Ուկրաինայի (եւ Վրաստանի) անդամակցության շուրջ քննարկումները: Մերկելը այս երկու երկրների արագացված անդամակցությանը դաշինքին չէր աջակցել։ Հուշերում նա բացատրում է իր որոշման պատճառները, ներկայացնում է տպավորությունները Պուտինի մյունխենյան ելույթից եւ Դոնալդ Թրամփի հետ զրույցներից։

Ինչ է մտածում Մերկելը Պուտինի մասին

2008 թվականին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում արեւմտյան առաջնորդները քննարկում էին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի առաջարկը՝ Ուկրաինային եւ Վրաստանին «Դաշինքին անդամակցության գործողությունների ծրագիր» (MAP) տրամադրելու վերաբերյալ: Սակայն Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դեմ արտահայտվեցին։ Մերկելի խոսքով, թեւ MAP-ի տրամադրումը չէր կանխորոշելու այդ երկրների անդամակցությունը, այն «երկու երկրների համար ՆԱՏՕ-ին անդամակցելու գրեթե անշրջելի պարտավորություն կլիներ»:

«Ես հասկանում էի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների ցանկությունը՝ հնարավորինս արագ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, քանի որ Սառը պատերազմի ավարտից հետո նրանք ցանկանում էին պատկանել արեւմտյան հանրությանը։ Կասկած չկար, որ Ռուսաստանն այս երկրներին չէր կարող առաջարկել այն, ինչ նրանք տենչում էին` ազատություն, ինքնորոշում, բարգավաճում:

Բայց միեւնույն ժամանակ ՆԱՏՕ-ն եւ նրա անդամ երկրները ընդլայնման յուրաքանչյուր փուլում պետք է հաշվի առնեին հնարավոր հետեւանքները դաշինքի, անվտանգության, կայունության եւ գործունեության համար։ Նոր անդամի ընդունումը պետք է ավելի մեծ անվտանգություն բերի ոչ միայն նրան, այլեւ ՆԱՏՕ-ին։ Այդ իսկ պատճառով երկրին ընդունելու չափանիշներ կան, որոնք, բացի ռազմական ներուժից, հաշվի են առնում նաեւ թեկնածուի ներքին կառուցվածքը։ Դա վերաբերում էր նաեւ Ուկրաինային ու Վրաստանին»։

Մերկելի խոսքով՝ այդ երկրներում իրավիճակը «էականորեն տարբերվում էր» այն երկրներից, որոնք արդեն միացել էին ՆԱՏՕ-ին. Ուկրաինայում արդեն տեղի էր ունեցել «խորը պառակտում», դաշինքին միանալուն կողմ էր բնակչության փոքրամասնությունը, իսկ Վրաստանը տարածքային հակամարտություններ ուներ Հարավային Օսիայում եւ Աբխազիայում։ Ու թեեւ Ռուսաստանը վետոյի իրավունք չուներ, կանցլերը հարկ էր համարում հաշվի առնել Վլադիմիր Պուտինի կարծիքը։

Լուսանկարը` REUTERS


«Ես կոպիտ անփութություն էի համարում Ուկրաինային եւ Վրաստանին MAP տրամադրելը առանց Պուտինի տեսակետը վերլուծելու։ 2000 թվականին իր երկրի նախագահ դառնալուց ի վեր Պուտինը ամեն ինչ արել էր, որպեսզի Ռուսաստանին միջազգային բեմում վերադարձնի այնպիսի դերակատարի կարգավիճակ, որը ոչ ոք, հատկապես ԱՄՆ-ն, չէր կարողանա անտեսել: Նրա նպատակը արդյունավետ տնտեսության միջոցով ժողովրդավարական կառույցներ կառուցելը կամ բոլորի համար բարգավաճում ստեղծելը չէր՝ ոչ Ռուսաստանում, ոչ այլուր: Ավելի շուտ նա ձգտում էր հակազդել այն փաստին, որ Միացյալ Նահանգները հաղթանակած դուրս եկավ Սառը պատերազմից: Նա ցանկանում էր, որ Ռուսաստանը նույնիսկ բազմաբեւեռ աշխարհում ուժի անփոխարինելի կենտրոն մնար: Այս նպատակին հասնելու համար նա առաջին հերթին ապավինում էր հատուկ ծառայությունում ձեռք բերված իր փորձին»։

Մերկելը հիշում է 2007 թվականի փետրվարի Մյունխենի անվտանգության համաժողովը, որը տեղի էր ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մեկ տարի առաջ: Այնտեղ Պուտինը ելույթ ունեցավ միաբեւեռ աշխարհի կառուցման անթույլատրելիության մասին: Նա պատմում է, որ նստած էր առաջին շարքում եւ պարզ տեսնում էր Ռուսաստանի նախագահին ելույթի ժամանակ։

«Նա խոսում էր արագ, մասամբ իմպրովիզացնելով եւ, հավանաբար, ելույթի մեծ մասը, եթե ոչ ամեն բառը, ինքնուրույն էր գրել: Ինձ հատկապես զայրացնում էր նրա ինքնագոհությունը. ոչ մի խոսք իր կողքի չլուծված հակամարտությունների մասին՝ Լեռնային Ղարաբաղում, Մոլդովայում եւ Վրաստանում։ Նա քննադատում էր Սերբիայում ՆԱՏՕ-ի գործողությունը, սակայն ոչ մի խոսք չկար նախկին Հարավսլավիայի փլուզման ժամանակ սերբերի վայրագությունների մասին, ինչպես նաեւ բուն Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին:

Սակայն կային նաեւ արտահայտություններ, որոնք հիմնազուրկ չէի համարում։ Իրաքի պատերազմի քննադատությունը արդարացված էր. ինչպես գիտենք, Իրաքում քիմիական զենքի առկայության ապացույցներ երբեւէ չներկայացվեցին։ Ինձ նաեւ անհանգստացնում էր Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒ) ադապտացման ձախողումը:

Իր մյունխենյան ելույթում Պուտինն այնպիսինն էր, ինչպես ես ընկալում էի նրան. մարդ, ով միշտ զգոն է, փորձում է կանխել իր նկատմամբ անարդար վերաբերմունքը եւ պատրաստ է ցանկացած պահի հակահարված տալ, այդ թվում՝ ցուցադրական ուժային խաղի միջոցով։ Այս ամենը կարելի էր մանկամտություն համարել եւ դատապարտել։ Սակայն դրանից Ռուսաստանը աշխարհի քարտեզից չէր անհայտանա»։

Մերկելի կարծիքով՝ պատրանք կլիներ ենթադրել, որ MAP-ի տրամադրումը Ուկրաինային եւ Վրաստանին կպաշտպաներ դրանք Պուտինի ագրեսիայից: «Հնարավո՞ր էր այդ ժամանակ պատկերացնել, որ արտակարգ իրավիճակի դեպքում ՆԱՏՕ-ի անդամները ռազմական արձագանք կցուցաբերեին եւ կմիջամտեին», - գրում է Մերկելը։ Արդյունքում, ըստ նրա, փոխզիջում գտնվեց. Ուկրաինան եւ Վրաստանը MAP չստացան, սակայն դաշինքում էլ պառակտում չեղավ, ինչպես իրաքյան պատերազմի ժամանակ։

«Վրաստանի եւ Ուկրաինայի համար MAP-ի խոստման բացակայությունը նշանակում էր հույսերից հրաժարում։ Պուտինի համար այս երկրների հնարավոր անդամակցության մասին ՆԱՏՕ-ի խոստումը դարձավ նրանց ապագա անդամակցության հաստատում, որոշ չափով՝ մարտահրավեր։ Ավելի ուշ, մեկ այլ համատեքստում, որն արդեն մանրամասն չեմ հիշում, նա ինձ ասաց. «Դու հավերժ կանցլեր չես լինելու։ Եվ հետո նրանք կդառնան ՆԱՏՕ-ի անդամ։ Եվ ես դա թույլ չեմ տա»: «Դու էլ հավերժ նախագահ չես լինելու», - մտածեցի ես։ Այնուհանդերձ Ռուսաստանի հետ հետագա լարվածության հետ կապված իմ մտահոգությունները Բուխարեստում չփարատվեցին»:

Լուսանկարը` REUTERS


Մերկելը հիշում է, որ Բուխարեստից տուն էր վերադառնում «խառը զգացմունքներով»։ «Մեծ սկանդալից հնարավոր եղավ խուսափել, բայց նաեւ ակնհայտ դարձավ, որ մենք ՆԱՏՕ-ում Ռուսաստանի հետ փոխգործակցության ընդհանուր ռազմավարություն չունենք»,- գրում է նա։

Ինչ է մտածում Մերկելը Թրամփի մասին

Մերկելը հիշում է, որ 2016 թվականին ուշադիր հետեւում էր ԱՄՆ-ում նախագահական արշավին եւ ուրախ կլիներ տեսնել Հիլարի Քլինթոնի հաղթանակը, սակայն հաղթեց Դոնալդ Թրամփը, ով բազմիցս քննադատել էր թե՛ Գերմանիային, թե՛ անձամբ Մերկելին: Այնուամենայնիվ, Մերկելը շնորհավորեց նրան ընտրվելու կապակցությամբ, իսկ չորս ամիս անց Վաշինգտոն եկավ։

Սպիտակ տանը Թրամփը մամուլի ներկայացուցիչների ներկայությամբ դիմավորել էր նրան դռան մոտ եւ սեղմել ձեռքը։ Օվալաձեւ աշխատասենյակում զրույցից առաջ նրանք մեկ անգամ եւս դուրս եկան լրագրողների մոտ, ովքեր խնդրեցին նորից սեղմել միմյանց ձեռքերը, սակայն Թրամփը անտեսեց խնդրանքը։

«Ես շշնջացի նրա ականջին, որ արժի նորից սեղմել ձեռքերը. չէ՞ որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի այցի ժամանակ նա արել էր դա ամբողջ 19 վայրկյան։ Բայց ինչպե՞ս կարող էի մոռանալ, որ Թրամփը հստակ գիտեր էր, թե ինչ արդյունքի էր ուզում հասնել: Տրամաբանական է, որ նա չարձագանքեց իմ նրբանկատ ակնարկին։ Նա ուզում էր իր պահվածքով քննարկման առիթ ստեղծել, մինչդեռ ես ինձ այնպես էի պահում, կարծես գործ ունեմ իրեն նորմալ պահող զրուցակցի հետ»։

Զրույցը հիմնականում անգլերեն էր, հիշում է Մերկելը։ Թրամփը նրան մի շարք հարցեր էր տվել, այդ թվում՝ նրա ծագման եւ Պուտինի հետ հարաբերությունների մասին: «Նա կարծես հիացած էր Ռուսաստանի նախագահով։ Հետագա տարիներին տպավորություն ունեի, որ ավտորիտար եւ բռնապետական հակումներ ունեցող քաղաքական գործիչները հատուկ գրավչություն ունեին նրա համար»,- գրում է Մերկելը։

Լուսանկարը` REUTERS


Զրույցի ընթացքում, նրա խոսքով, Թրամփը մի շարք պահանջներ էր ներկայացրել Գերմանիային եւ «շեշտում էր, որ Գերմանիան իրեն եւ Ամերիկային ինչ-որ բան է պարտք»: Մերկելը նշում է, որ իրենք խոսում էին «տարբեր հարթությունների մեջ». Թրամփը՝ զգացմունքային, իսկ ինքը՝ փաստերով ու փաստարկներով։

«Ի վերջո եզրակացություն արեցի. Թրամփն ամեն ինչ դիտարկում էր կառուցապատողի դիրքերից։ Յուրաքանչյուր հողակտոր կարելի է հատկացնել միայն մեկ անգամ։ Եթե ինքը այն չի ստանում, մեկ ուրիշն է ստանում։ Նույն կերպ նա նայում էր աշխարհին՝ իր համար բոլոր երկրները մրցակցային վիճակում էին, որտեղ մեկի հաջողությունը նշանակում էր մյուսի ձախողումը։ Նա չէր հավատում, որ համագործակցությունը կարող է նպաստել բոլորի բարեկեցությունը»։

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին