Թրամփը հաղթեց. ի՞նչ է դա նշանակում աշխարհի համար - Mediamax.am

899 դիտում

Թրամփը հաղթեց. ի՞նչ է դա նշանակում աշխարհի համար


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք ամերիկացի քաղաքագետ, Eurasia Group-ի նախագահ Իեն Բրեմերի հոդվածի հայերեն թարգմանությունը:

Իեն Բրեմեր

Ամենամեծ պարտվողը Ուկրաինան է: Թրամփը բազմիցս ասել է, որ այնտեղ պատերազմին վերջ կդնի 24 ժամում։ Իհարկե, իրականում նա նկատի ունի, որ կսառեցնի հակամարտությունը ներկայիս տարածքային գծերի երկայնքով, իսկ Ռուսաստանը դե ֆակտո կարող է պահպանել իր գրաված տարածքները:

Պատերազմն արդեն իսկ վատ է ընթանում ուկրաինացիների համար, քանի որ արեւմտյան ռազմական ու տնտեսական աջակցությունն արդեն հասել ու անցել է իր գագաթնակետը: Թրամփը կփորձի հրադադարի համաձայնագիր կնքել Զելենսկու եւ Պուտինի հետ նույնիսկ մինչեւ «կաղ բադի» շրջանի («կաղ բադը» ամերիկյան քաղաքական խոսքում ԱՄՆ նախագահի մականունն է, ով շուտով կլքի պաշտոնը ընտրություններում պարտվելու արդյունքում) ավարտը՝ օգտագործելով Կիեւին տրամադրվող ռազմական օգնության հարցը որպես լծակ՝ առանց Ամերիկայի եվրոպական դաշնակիցների հետ համաձայնեցնելու: Եթե Թրամփն առաջինը զանգահարի Զելենսկուն եւ զինադադար (եւ տարածքի փաստացի զիջում) պահանջի, իսկ Զելենսկին հրաժարվի, ապա գնդակը կտեղափոխվի Պուտինի դաշտ։

Անկախ ընտրությունների արդյունքից, վաղ թե ուշ Ուկրաինան ստիպված է լինելու բանակցել։ Տարբերությունն այն է, որ Հարիսը կհամաձայնեցներ այս բանակցային դիրքորոշումը Ուկրաինայի եւ ԵՄ-ի հետ։ Թրամփը չի ցանկանում պատասխանատվություն կրել Ուկրաինայի «կորստի» համար, ոչ էլ դեմ  է Ուկրաինայի ինքնապաշտպանությանը։ Սակայն նա կարծում է, որ Ուկրաինայի պաշտպանության համար պետք է վճարեն առաջին հերթին այն երկրները, որոնք առավել շահագրգռված են դրանում` եվրոպացիները: Թրամփի առեւտրային մոտեցումը կարող է հաջողությամբ ավարտել պատերազմը... կամ ոչ:

Լուսանկարը` REUTERS


Ամեն դեպքում, Եվրոպան մեծ խնդիր կունենա։ Թրամփի ուկրաինական քաղաքականությունը ավելի մեծ լարվածություն կմտցնի անդրատլանտյան հարաբերություններում: Եվրոպացիները, որոնցից շատերն արդեն իսկ տնտեսական դժվարություններ ունեն, նույնպես կբախվեն Թրամփի վարչակազմի բարձր մաքսատուրքերին: Արդյո՞ք նրանք ավելի ամուր, ավելի կոնսոլիդացված դիրքորոշում կընդունեն Ուկրաինայի հարցում, թե՞ կպառակտվեն։ Կշարունակե՞ն նրանք սերտորեն համագործակցել ԱՄՆ-ի հետ Չինաստանի հետ առեւտրի հարցում, թե՞ սկսելու են ապահովագրվել: Արդյո՞ք Եվրամիությունը կփլուզվի ճնշման տակ, թե՞ վերջապես Թրամփի ազդեցության ներքո կկառուցվի ավելի ուժեղ, ռազմավարական առումով ինքնավար միություն: Սրանք բոլորը լրջագույն հարցեր են:

Չմոռանանք Մերձավոր Արեւելքը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արդեն իսկ քաղաքական բարձունքներում է՝ մի շարք ռազմական հաղթանակների շնորհիվ: Նա մեծ հաղթանակ տոնեց նաեւ նոյեմբերի 5-ին, քանի որ կարող է  Թրամփից ավելի շատ աջակցություն ակնկալել, քան Հարիսից: ԱՄՆ փոխնախագահը Իսրայելի հետ հատուկ հարաբերությունները դադարեցնելու մտադրություն չուներ, սակայն Թրամփը պատրաստվում է ավելի մեծ ջանքեր գործադրել՝ աջակցելու Իսրայելին եւ Պարսից ծոցի երկրներին՝ հաղթողների մեկ այլ խմբի: Թրամփն ու Նեթանյահուն կիսում են նաեւ թշնամությունը Իրանի հանդեպ։ Արդյո՞ք Թրամփի քարտ-բլանշը Բիբիին (Նեթանյահուին) կոգեւորի տարածաշրջանում էլ ավելի ագրեսիվ գործողություններ ձեռնարկել՝ գուցե իրանական միջուկային օբյեկտների դեմ: Սա շատ վտանգավոր իրավիճակ է, որին պետք է ուշադիր հետեւել:

Լուսանկարը` REUTERS


Չինաստանը: Աշխարհի մեծությամբ երկրորդ տնտեսությունն արդեն ավելի ցածր ցուցանիշներ է արձանագրում, իսկ Պեկինը իրեն ավելի ու ավելի անպաշտպան է զգում մաքսատուրքերի սպառնալիքներից, որոնք գալիս են այնպիսի «բազեներից», ինչպիսին է Թրամփի նախկին առեւտրի «արքա» Ռոբերտ Լայթհայզերը: Չինացիները հուսահատորեն կփորձեն կապեր հաստատել Չինաստանի բարեկամ՝ Թրամփի դաշնակիցների հետ, ինչպիսին է օրինակ, Իլոն Մասկը՝ հույս ունենալով, որ նրանք կկարողան օգնել ավելի քիչ խնդիրներ ունենալ հարաբերություններում: Արդյո՞ք Թրամփը կաջակցի դրան, թե՞ նրա «բազեները» ավելի խորը առճակատման գնալու մոտեցում կորդեգրեն: Այսպիսի միջավայրում Պեկինը կգործի զգույշ ու դանդաղ։

Անկասկած, ինչպես իր առաջին նախագահության ժամանակ, Թրամփն արտաքին քաղաքական որոշ հաղթանակների կարող է հասնել զուտ աշխարհի ամենահզոր երկրի նախագահը լինելու շնորհիվ։ Սակայն շատ ավելի մեծ է հավանականությունը, որ այս միջավայրում զարգացումներն այլ հունով կընթանան:

Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին