Իսրայելի ու Իրանի հակամարտության սրումը գրեթե անխուսափելի է - Mediamax.am

exclusive
1932 դիտում

Իսրայելի ու Իրանի հակամարտության սրումը գրեթե անխուսափելի է


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Նյու Յորքի համալսարանի «Սթերն բիզնեսի դպրոցի» տնտեսագիտության պատվավոր պրոֆեսոր Նուրիել Ռուբինիի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Նուրիել Ռուբինի

Ընդունված է մտածել, որ այն բանից հետո, երբ Իսրայելը հարվածեց իրանական ռազմական օբյեկտներին ի պատասխան Իրանի բալիստիկ հրթիռային հարձակմանը, հակամարտության սրացման ռիսկը սահմանափակվել է: Իսլամական հանրապետության գերագույն առաջնորդի նախնական հայտարարությունները հուշում էին, որ Իրանն այլեւս չի պատասխանելու, եւ ֆինանսական շուկաները կարծես համաձայն էին. նավթի գները իսրայելական հարվածներից անմիջապես հետո իջան 5%-ով (թեեւ որոշ չափով բարձրացան իրանցի որոշ հրամանատարների նոր ռազմատենչ հայտարարություններից հետո)։

Բայց այս ընդունված կարծիքը հավանաբար սխալ է: Վերջին մի քանի ամիսներին Իսրայելը կտրուկ փոխել է իր գնահատականը Իրանի կողմից սպառնալիքի վերաբերյալ: Կոշտացել է ոչ միայն վարչապետ Բինյամին Նեթանյահուի եւ նրա աջ դաշնակիցների դիրքորոշումը. կենտրոնամետ եւ ձախ կենտրոնամետ ընդդիմության հիմնական առաջնորդները, ինչպիսիք են Բենի Գանցը եւ Յաիր Լապիդը, նույնպես պնդում են, որ Իսրայելը պետք է ավելի խիստ քայլեր ձեռնարկի:

Անկախ նրանից՝ համաձայն ենք այս գնահատականի հետ, թե ոչ, այժմ Իսրայելում համամիտ են, որ Իրանի ռեժիմը անմիջական, հստակ եւ հրատապ վտանգ է ներկայացնում: Քանի որ Իրանի դրածոները՝ Համասը, Հեզբոլլահը, հութիները եւ Իրաքի եւ Սիրիայի շիա աշխարհազորայինները, շարունակում են հարձակվել Իսրայելի վրա, Իսրայելի առաջնորդները եկել են այն եզրակացության, որ պետք է խնդիրը արմատապես լուծել: Դա նշանակում է թիրախավորել Իրանի միջուկային օբյեկտները եւ վերացնել վարչակարգի բարձրագույն ռազմական ու քաղաքական առաջնորդներին, ինչպես Իսրայելն արդեն արել է Համասի եւ Հեզբոլլահի պարագայում: Վերացնելով Հեզբոլլահի բարձրագույն ղեկավարությունը եւ ոչնչացնելով նրա հարձակողական կարողությունների մեծ մասը՝ իսրայելցիները զգալիորեն քայքայեցին այն զսպող լծակները, որոնք Իրանն ուներ իրենց նկատմամբ:

Ուժերի հարաբերական հավասարակշռության այս արմատական փոփոխության պատճառով, երբ նույնիսկ Իրանի հրթիռներն ու այլ զենքերը չկարողացան էական վնաս պատճառել Իսրայելին, Իրանին մնում է միայն մեկ արդյունավետ տարբերակ Իսրայելին զսպելու համար. արագ զարգացնել իր միջուկային զենքը։ Բայց քանի որ Իսրայելը գոյութենական սպառնալիք է համարում միջուկային զենքով Իրանը, նա այլ տարբերակ չի ունենա, քան հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների (ինչպես նաեւ Իրանի բարձրագույն ղեկավարության) վրա՝ նախքան Իրանը կենսունակ զենք կստեղծի:

Իսրայելի լրացուցիչ ավիահարվածները շատ հավանական են՝ անկախ նրանից, թե որքան զսպվածություն է ցուցաբերում Իրանը: Թեեւ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող է Իսրայելին Իրանի վրա հարձակվելու ավելի հստակ կանաչ լույս տալ, Քամալա Հարիսի հաղթանակը գուցե չկանգնեցնի Իսրայելին լուծելու այն խնդիրը, որն այն գոյութենական սպառնալիք է համարում:

Լուսանկարը` REUTERS


Եթե Իսրայելը սկսի աստիճանաբար ուժեղացնել իր հարձակումները Իրանի վրա (գուցե Իսրայելի դեմ Իրանի նոր հարձակումներից հետո), ԱՄՆ-ի ցանկացած վարչակազմ անխուսափելիորեն կշարունակի աջակցել Իսրայելին՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն: Կարեւոր չէ՝ արդյոք Իսրայելը կկարողանա ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի մեծ մասը կամ արագացնել Իրանում ռեժիմի փոփոխությունը. Իրանի միջուկային օբյեկտներին հասցրած նույնիսկ սահմանափակ վնասը մի քանի տարով հետ կգցի Իրանի միջուկային հավակնությունները եւ կդառնա զսպող ուժ, որն Իսրայելը ցանկանում է:

Սրացման հավանականությունը առաջիկա շաբաթներին եւ ամիսներին նշանակում է, որ անհրաժեշտ կլինի տնտեսական եւ ֆինանսական ռիսկեր կառավարել: Իսրայելի զգալի հարվածը Իրանին կարող է լրջորեն խաթարել էներգառեսուրսների արտադրությունն ու արտահանումը Պարսից ծոցից: Հուսահատ Իրանը կարող է փորձել ականապատել Պարսից ծոցը եւ արգելափակել Հորմուզի նեղուցը՝ միաժամանակ հարվածներ հասցնելով Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտներին: Այս դեպքում աշխարհը ստագֆլացիոն ցնցումներ կապրի, ինչպես 1973-ի Յոմ Կիպուրի պատերազմից եւ 1979-ի Իրանի հեղափոխությունից հետո:

Նավթի գների կտրուկ աճը աղետ կլինի համաշխարհային տնտեսության եւ միլիարդավոր մարդկանց բարօրության համար, եւ քաղաքականություն մշակողները պետք է մտածեն հարվածը մեղմելու մասին: Լավ կլինի, որ մեծ հակամարտությունը հնարավորինս կարճ տեւի: Իսրայելը պետք է չափազանց ուժեղ եւ ճշգրիտ հարվածներ հասցնի Իրանին, այլ ոչ թե երկար ամիսներ տեւող արշավ ձեռնարկի: Պետք է արագ տեղակայվեն ծովային ականակիրներ (ինչպիսիք գործարկում է Ճապոնիան)՝ Պարսից ծոցը հնարավորինս արագ մաքրելու համար:

Ավելին՝ Միացյալ Նահանգները պետք է Սաուդյան Արաբիային տրամադրեն առաջադեմ պաշտպանական տեխնոլոգիաներ, օրինակ՝ լրացուցիչ Patriot հակահրթիռային համակարգեր, որպեսզի նվազագույնի հասցնեն Իրանի կողմից Սաուդյան Արաբիայի նավթի արդյունահանման եւ առաքման օբյեկտները ոչնչացնելու ռիսկը: Իսկ Սաուդյան Արաբիան պետք է կտրուկ մեծացնի իր նավթի արդյունահանումը եւ ավելցուկային կարողությունների արտահանումը, որպեսզի նվազեցնի համաշխարհային գների հնարավոր աճը, մինչդեռ ԱՄՆ-ը եւ մյուս տերությունները պետք է օգտագործեն նավթի իրենց ռազմավարական պաշարները՝ ազդեցությունը թուլացնելու համար:

Զարգացած տնտեսությունների եւ զարգացող շուկաների կառավարությունները կարող են նաեւ ժամանակավոր հարկաբյուջետային սուբսիդիաներ սահմանել էներգիայի սպառողների համար, ինչպես 2022-ին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո գների աճի ժամանակ: Իսկ կենտրոնական բանկերը կարող են արձագանքել ստագֆլյացիոն շոկին՝ կայուն պահելով տոկոսադրույքները կամ նույնիսկ նվազեցնելով դրանք: Ֆիքսված գնաճի ակնկալիքներով (ի տարբերություն 1970-ականներին)՝ կենտրոնական բանկերը չպետք է չափից ավելի կտրուկ արձագանքեն՝ խստացնելով քաղաքականությունը ի պատասխան շոկի, որն ամենայն հավանականությամբ ժամանակավոր կլինի (մոտ մի քանի ամիս):

Քանի որ Իրանի վրա իսրայելական լայնածավալ հարձակումը չափազանց ռիսկային կլինի, Հարիսի վարչակազմը, հավանաբար, կտրականապես դեմ կլինի դրան: Ի լրումն համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական հետեւանքների, եթե չհաջողվի ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտները, դա միայն կամրապնդի վարչակազմի վճռականությունը զենք ստեղծելու վերաբերյալ:

Լուսանկարը` REUTERS


Հաջողությունը, սակայն, կարող է շոշափելի օգուտներ տալ: Իրանական ռեժիմը, որը Մերձավոր Արեւելքում անկայունության վաղեմի աղբյուր է, լրջորեն կթուլանա, իսկ այդ դեպքում կթուլանան նաեւ տարածաշրջանում նրա դրածոները: Իսրայելի լայնածավալ հարձակումներից հետո չի կարելի բացառել Իրանում ժողովրդական հեղափոխությունը: Վարչակարգն արդեն թույլ է, ժողովրդականություն չի վայելում եւ վրդովեցնում է իրանցիների մեծ մասին: Եթե այն տապալվի, կբարելավվեն Գազայում հրադադարի հասնելու պայմանները, կարգավորվեն իսրայելա-սաուդյան հարաբերությունները եւ, ի վերջո, կվերսկսվեն բանակցությունները Իսրայել ու Պաղեստինի համար երկու պետությունների լուծման ուղղությամբ:

Այսպիսով, Իսրայելի հարձակումը Իրանի վրա բարձր ռիսկային, բարձր օգտավետության ռազմավարություն է, որը կարող է հանգեցնել կա՛մ համաշխարհային տնտեսական աղետի, կա՛մ Մերձավոր Արեւելքի դրական վերափոխմանը: Համենայն դեպս, այդպես են սա տեսնում իսրայելցիները, իսկ Իրանի հետագա սադրանքները Իսրայելի դեմ հավանական են: Անկախ նրանից՝
համաձայն ենք նրանց գնահատականի հետ, թե ոչ, հակամարտության սրման հավանականությունը մեծ է։

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին