Կատալինա դե լա Սոտա. Պարտավոր ենք օգնել Լեռնային Ղարաբաղից արտաքսվածներին - Mediamax.am

876 դիտում

Կատալինա դե լա Սոտա. Պարտավոր ենք օգնել Լեռնային Ղարաբաղից արտաքսվածներին


Կատալինա դե լա Սոտան
Կատալինա դե լա Սոտան

Ներկայացնում ենք Caucasus Watch-ի Catalina de la Sota: Bringing the Case of Karabakh Armenians to the International Criminal Court հրապարակման հայերեն թարգմանությունը:

***

2024 թվականի սեպտեմբերի 19-ին Փարիզի Zimeray & Finelle Associates իրավաբանական գրասենյակը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազին դիմում ներկայացրեց երկու տուժողների՝ Արտակ Բեգլարյանի եւ Գեղամ Ստեփանյանի անունից։

Երկու հայցվորներն էլ զբաղվել են մարդու իրավունքների պաշտպանությամբ եւ պաշտոնական պարտականություններ ունեցել ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Տարածաշրջանը, որը տասնամյակներ շարունակ դե ֆակտո ինքնավար տարածք էր, 2023-ի աշնանն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչի արդյունքում տարհանվեց հարյուրհազարանոց հայ բնակչությունը։ Այս հայցը նպատակ ունի հաստատելու, որ 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած արտագաղթը եղել է բռնի եւ հանցագործություն է մարդկության դեմ։

Հայցի միջոցով առանձին հայ փախստականներ արդարություն են պահանջում։ Եթե ՄՔԴ-ն հետաքննություն սկսի, դատախազը կձգտի անհատական պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի պաշտոնյաներին, այլ ոչ թե Ադրբեջանի պետությանը: Ադրբեջանը չի դատվում, իսկ Հայաստանը հայցվոր չէ, սակայն դիմակայությունը ազգային նշանակության է:

Այս իրավական գործողությունն ավելի լավ հասկանալու համար Caucasus Watch-ը զրուցել է երկու հայցվորների շահերը ներկայացնող փաստաբաններից մեկի՝ Կատալինա դե լա Սոտայի հետ:

- Սեպտեմբերի 19-ին Ձեր՝ Zimeray & Finelle գրասենյակը հայց է ներկայացրել ՄՔԴ դատախազին երկու հայցվորների՝ Արտակ Բեգլարյանի եւ Գեղամ Ստեփանյանի անունից։ Սա երկու անձի՞, թե՞ «ժողովրդի» կողմից ներկայացված հայտ է։

- Այս հայցը մենք ներկայացրել ենք երկու տուժողների՝ Արտակ Բեգլարյանի եւ Գեղամ Ստեփանյանի անունից։ Այն հիմնված է նրանց անձնական պատմության վրա. թե ինչ զրկանքներ են կրել Ղարաբաղի շրջափակման ժամանակ, ինչպես են նրանց ստիպել լքել իրենց տունը, ինչպես են նրանք դարձել փախստական։ Անշուշտ, նրանց երկուսի պատմությունները ներկայացնում են նաեւ բռնի տեղահանված ավելի քան 100,000 մարդկանց տառապանքը: Ընդհանուր առմամբ, հայցը վերաբերում է երկու տուժողներին, որոնց դեպքը չափազանց խորհրդանշական է եւ ցուցադրում է տեղահանված լայն բնակչության վերապրածը: Գործն այժմ Միջազգային քրեական դատարանի դատախազի մոտ է։

Եթե դատախազը հետաքննություն սկսի, կբացվի լայն հետաքննություն, որին կկարողանա մասնակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ցանկացած տուժող։

- Հաշվի առնելով, որ Ադրբեջանը ՄՔԴ-ի հիմնադիր Հռոմի ստատուտի անդամ չէ, ո՞րն է այս գործի արդիականությունը: Խնդրում եմ պարզաբանել նաեւ. սա հայց է պետությա՞ն՝ Ադրբեջանի՞ դեմ, թե՞ առանձին տուժողների հայց կոնկրետ հանցագործությունների առանձին հեղինակների դեմ:

- ՄՔԴ-ն պետություններին չի դատում. այն որոշում է անձանց քրեական պատասխանատվությունը։ Կարեւոր է չշփոթել Միջազգային քրեական դատարանը Արդարադատության միջազգային դատարանի հետ:

Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացնում երկու ինքնիշխան պետությունների միջեւ վեճերի վերաբերյալ: Միջազգային քրեական դատարանը ուսումնասիրում է ֆիզիկական անձանց քրեական պատասխանատվությունը Հռոմի ստատուտում նշված հանցագործությունների համար: Մենք ոչ թե պետության դեմ քայլեր ենք ձեռնարկում, այլ հանցագործությունները հասցնում ենք ՄՔԴ դատախազին, որպեսզի որոշվի քրեական պատասխանատվությունը։ Պատասխանատու անձինք կարող են լինել Ադրբեջանի բարձրաստիճան քաղծառայողներ, սպաներ կամ զինվորներ, բայց ոչ Ադրբեջանի պետությունը։

Օրինաչափ կլինի հարցնել, թե ինչպես կվերաբերվի Հռոմի ստատուտի անդամ չհանդիսացող Ադրբեջանը այն փաստին, որ ՄՔԴ-ն դատում է իր քաղաքացիներին: Հայաստանը 2024-ի փետրվարին պաշտոնապես ստորագրել է Հռոմի ստատուտը, բայց Ադրբեջանը դրա անդամ չէ։ ՄՔԴ նախադեպային իրավունքը հստակ պատասխանում է այս հարցին: Խոսքս վերաբերում է Մյանմար/Բանգլադեշ գործին։ Կոնկրետ այդ դեպքում ՄՔԴ-ի որոշումը շատ հստակ սահմանում է, որ եթե Հռոմի ստատուտի մեջ նշված հանցագործություններից մեկը մասամբ կատարվել է մասնակից պետության տարածքում, ապա այն գտնվում է դատարանի իրավասության ներքո։ Իսկ այս դեպքում հանցավոր գործողությունների մի մասը կատարվել է Հռոմի ստատուտի անդամ Հայաստանի Հանրապետությունում։ Քանի որ հանցակազմը բնակչության արտաքսումն է մի տարածքից մյուսը, այս դեպքն ուղղակիորեն համարժեք է, եւ գործում է նախադեպը։

- Ամփոփենք. իրադարձությունները տեղի են ունեցել այն տարածքում, որը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, բայց զարգացել են Հայաստանում, որտեղ փախստականները տեղափոխվել են պաշտպանվելու համար: Դուք պնդում եք, որ սա «քրեական հանցագործության շարունակությունն է»: Սակայն Հայաստանը Հռոմի ստատուտի անդամ դարձավ միայն 2024 թվականի փետրվարին: Կարո՞ղ է արդյոք այս անդամակցությունը հետադարձ ազդել դատարանի իրավասության վրա:

- Այո, քանի որ երբ Հայաստանի Հանրապետությունն ընդունեց Հռոմի ստատուտը վավերացնող օրենքը, օրենսդիրը դրույթ մտցրեց, որ ՄՔԴ-ն 2021 թվականի մայիսի 10-ից հետադարձ իրավասություն կունենա ցեղասպանության, ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների համար: Հետեւաբար, ՄՔԴ-ն իրավասու է 2023-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից արտաքսման հանցագործության համար, որը հանցագործություն է մարդկության դեմ։

- Եթե ձեր պաշտպանյալները հայտնվեն դատարանի առջեւ, դուք ապացույցներ կներկայացնեք: Դրանց մի մասը նրանց ցուցմունքներն են լինելու: Նրանք վկայություն են տալու որպես քաղաքական սուբյեկտի ղեկավարնե՞ր, թե՞ որպես քաղաքացիական հայցվորներ։ Ընդհանուր առմամբ, առանց ձեր գործի էությունը բացահայտելու, կարո՞ղ եք խոսել ձեր ապացույցների շրջանակի մասին եւ ինչպես եք նախատեսում վկայությունների շղթայի հետ կապված հարցերը (կամ ինչպես եք երաշխավորում ապացույցների ամբողջականությունը):

- Թույլ տվեք այս հարցերին առանձին անդրադառնամ։ Նախ, պարզ է, որ հայցվորները, որոնց մենք ներկայացնում ենք, ցուցմունք կտան որպես քաղաքացիական անձինք, ոչ որպես Լեռնային Ղարաբաղի պետական հաստատությունների նախկին անդամներ: Նրանք քաղաքացիական տուժողներ են։

Ինչ վերաբերում է ապացույցների շրջանակին վերաբերող Ձեր երկրորդ հարցին, ապա այս փուլում ես իրավասու չեմ դրան պատասխանելու։

Լեռնային Ղարաբաղը լքածների Ճնշող մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, ապաստան են գտել Հայաստանում՝ առնվազը վաղ փուլում։ Դա ամենակարեւորն է գործի համար: Մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ էին։ Արդյո՞ք հետագայում դատախազը կպահանջի Հայաստանի համագործակցությունը, բացի ՄՔԴ-ի համար իրավական պատուհանը բացելուց՝ այդ հարցին մենք չենք կարող պատասխանել։ Եթե ՄՔԴ-ն տուժողների օգնության կարիքն ունենա, մենք, որպես նրանցից մի քանիսի ներկայացուցիչներ, կարող ենք լրացուցիչ ապացույցներ ներկայացնել։ Սակայն ես չեմ կարող մեկնաբանել այն հարցումները, որոնք Հայաստանի Հանրապետությունը կարող է ստանալ դատարանից։

- Ձեր հայցվորները նախկին պաշտոնյաներ են։ Ենթադրենք՝ նրանք հայտնվեն դատարանում, ի՞նչ կարող են նրանք ակնկալել: Ո՞րն է նման գործընթացի ժամանակացույցը: Վստա՞հ եք, որ ՄՔԴ-ի դատարանի դահլիճը արդարություն գտնելու ճիշտ վայրն է:

- Սկսենք ժամանակացույցից: Մենք ՄՔԴ-ի դատախազին ներկայացրել ենք «հաղորդակցություն» կոչվող փաստաթուղթը՝ հիմնվելով Հռոմի կանոնադրության 15-րդ հոդվածի վրա: Այս հոդվածը սահմանում է, որ ցանկացած տուժող կարող է ապացույցներ ներկայացնել դատախազին։ Դատախազն այնուհետեւ կարող է իր նախաձեռնությամբ սկսել հետաքննություն՝ հիմնվելով նախնական տեղեկությունների վրա: Դա անելու համար, սակայն, դատախազը պետք է թույլտվություն պահանջի Նախաքննական պալատից: Այսպիսով, մենք ներկայացրել ենք մեր հաղորդագրությունը, եւ դատախազը կվերլուծի ներկայացված տեղեկության լրջությունը։ Եթե նա համարի, որ ողջամիտ հիմքեր կան գործը շարունակելու համար, նա կդիմի Նախաքննական պալատ եւ թույլտվություն կխնդրի հետաքննություն սկսելու համար: Դժվար է խոսել ժամանակացույցի մասին։ Այն մեզանից կախված չէ, իսկ Հռոմի ստատուտը ժամկետներ չի նախատեսում։

Հստակ է, որ ՄՔԴ-ն այս պահին չափազանց զբաղված է բարդ եւ զգայուն գործերով: Ցավոք, Լեռնային Ղարաբաղում կատարված հանցագործությունների մասին քիչ հաղորդումներ եղան, դրանք հիմնականում աննկատ մնացին, չհայտնվեցին մամուլի վերնագրերում: Հետեւաբար, դատախազին պետք է տեղեկացնել իրավիճակի ծանրության մասին: Այն, ինչ տեղի է ունեցել մեկ տարի առաջ, հանցագործություն է մարդկության դեմ։ Մենք պետք է խոսենք դրա մասին, եւ պետք է հետաքննություն սկսվի։

Հիմա այն մասին, թե ինչ կարող ենք ակնկալել: Կարեւոր է հետաքննություն սկսելը եւ, ի վերջո, տեղի ունեցածի վերաբերյալ դատավարությունը։ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները, ինչպես ասացի, հիմնականում աննկատ են անցել: ՄՔԴ-ում տուժողները կարող են փոխհատուցում պահանջել: Այն կարող է լինել դրամական փոխհատուցման, սեփականության վերադարձի տեսքով կամ ավելի խորհրդանշական բնույթ ունենալ, օրինակ, ներողություն խնդրելը կամ հուշահամալիր կառուցելը:

Եվ վերջին հարցը. արդյո՞ք դատարանը ճիշտ հարթակ է արդարություն փնտրելու համար։ Դուք իրավաբանի եք հարցնում, եւ ես իհարկե կպատասխանեմ, որ ՄՔԴ-ն ճիշտ հարթակ է։ Միջազգային արդարադատությունը հիմնարար է, եւ կոնկրետ այս դեպքում ՄՔԴ-ն լավագույն դիրքում է բռնի տեղահանման այս հանցագործությունը հետաքննելու համար: Ադրբեջանական ոչ մի դատարան պատասխանատվության չի ենթարկի Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ հանցագործությունների մեղավորներին։ Լեռնային Ղարաբաղից արտաքսման զոհերը իրավունք ունեն օգտվելու միջազգային արդարադատությունից, եւ մենք պարտավոր ենք օգնել նրանց։

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին