«Հեզբոլլահ»-ի անկումը մերկացնում է Իրանի թուլությունը՝ վերափոխելով Մերձավոր Արեւելքը - Mediamax.am

1915 դիտում

«Հեզբոլլահ»-ի անկումը մերկացնում է Իրանի թուլությունը՝ վերափոխելով Մերձավոր Արեւելքը


Լուսանկարը` Jess Frampton

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք ամերիկացի քաղաքագետ, Eurasia Group-ի նախագահ Իեն Բրեմերի Hezbollah’s downfall exposes Iran’s weakness and reshapes the Middle East հոդվածի հայերեն թարգմանությունը:

Իեն Բրեմեր

Իսրայելի կողմից «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլահի սպանությունը պարզապես ջախջախիչ հարված չէր երբեմնի ահարկու լիբանանյան աշխարհազորայիններին: Այն բացահայտեց նաեւ Իրանի խոցելիությունը եւ խորհրդանշեց տարածաշրջանի ուժերի հավասարակշռության առանցքային փոփոխությունը:

Նասրալլահի մահը պսակեց Իսրայելի մի քանի շաբաթ տեւած հաջող հարվածները «Հեզբոլլահ»-ի ռազմական կարողություններին եւ հրամանատարական շղթային, ինչի արդյունքում խմբավորումն ավելի թույլ է, քան եղել է գրեթե երկու տասնամյակ:

Իսրայելն այժմ ընդգծում է իր գերակայությունը՝ սահմանափակ ցամաքային ներխուժում կատարելով հարավային Լիբանան: Սովորաբար «Հեզբոլլահ»-ը նման էսկալացիային կպատասխաներ ծանր հրթիռային հարվածներով Իսրայելի ռազմական օբյեկտներին, քաղաքացիական ենթակառուցվածքներին եւ խիտ բնակեցված քաղաքային տարածքներին: Դա տեղի չունեցավ: Առնվազն կարելի էր ակնկալել, որ «Հեզբոլլահ»-ը կպաշտպաներ իր հենակետերը: Սակայն Իսրայելի ցամաքային հարձակումը մինչ այժմ գործնականում ոչ մի դիմադրության չի հանդիպել: Թեեւ «Հեզբոլլահ»-ը դեռ զգալի մարտական ուժ ունի, ճշգրիտ զենքի պաշտպանված զինանոց (չնայած պարզ չէ, թե դրա որ մասն է պահպանվել) եւ երկարաժամկետ հեռանկարում վերականգնվելու կարողություն, խմբի ներսում այնպիսի իրարանցում է, որ դժվար է պատկերացնել, որ այն կարող է ուժ եւ ռեսուրսներ հավաքել՝ ծախսերի եւ օգուտների տեսակետից խելամիտ հակահարված տալու համար:

Լուսանկարը` REUTERS


Ավելի դժվար է պատկերացնել, որ Իրանը` նրա հովանավորը, կտրուկ արձագանքի Իսրայելի սրացումներին եւ տարածաշրջանային պատերազմի վտանգ ստեղծի, որի մեջ կարող է ներգրավվել ԱՄՆ-ը:

Նախ եւ առաջ, Իսլամական հանրապետությունը չունի հրեական պետության դեմ արդյունավետ վրեժ լուծելու լավ տարբերակներ՝ առանց ավերածություններ պատճառելու սեփական տանը: Դա հատկապես ճիշտ է հիմա, երբ «Հեզբոլլահ»-ը, որը նախկինում Իրանի առաջատամարտիկն էր Իսրայելին զսպելու ջանքերում, ցնցվում է Նասրալլայի մահից հետո: Բացի բալիստիկ հրթիռների տպավորիչ տեսականուց, Իրանի բանակի մեծ մասը համալրված է սառըպատերազմյան ժամանակաշրջանի զինատեսակներով: Այն անհամեմատելի է Իսրայելի գերակշռող տեխնոլոգիական, հետախուզական եւ ռազմական հնարավորությունների հետ, էլ չասած միջուկային զենքի հետ: Սովորական զենքի օգտագործմամբ Իսրայելի հետ ուղիղ հակամարտությունը Թեհրանի ընտրած ուղով չի գնա, նույնիսկ եթե հաշվի չառնենք ԱՄՆ բանակի մասնակցությունը:

Ավելին, նախագահ Մասուդ Պեզեշքիանը եւ Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իրենց քաղաքական կապիտալը ծախսել են Արեւմուտքի հետ լարվածության թուլացման վրա՝ հուսալով մեղմացնել պատժամիջոցները: Նրանց հաշվարկով տնտեսության բարելավումն ու սահմանափակ բարեփոխումները լավագույն հույսն է լեգիտիմության ճգնաժամի պայմաններում կայունացնելու ռեժիմի փլուզվող դիրքը, որի պատճառը խեղդող բռնաճնշումներն են եւ աճող տնտեսական խնդիրների հետ կապված ներքին դժգոհությունը: Իսրայելի եւ, հնարավոր է, ԱՄՆ-ի հետ պատերազմը անհնարին կդարձնի դիվանագիտության վերսկսումը եւ կվտանգի ռեժիմի գոյատեւման ռազմավարությունը: Իսկ Իրանի ղեկավարության համար ոչինչ ավելի արժեքավոր չէ, քան ինքնապահպանումը:

Միեւնույն ժամանակ Խամենեին խիստ ներքին ճնշման տակ է կոշտ գծի կողմնակիցների եւ պահպանողական վերնախավերի կողմից, որոնք պահանջում են վերականգնել զսպող ուժը եւ ամրապնդել Իրանի վստահելիությունը Դիմադրության առանցքում, թեեւ դա կարող է  անցանկալի անախորժություններ հրահրել:

Լուսանկարը` REUTERS


Այս լարվածությունը բացատրում է, թե ինչու է Իրանը 180 բալիստիկ հրթիռ  արձակել Իսրայելի դեմ. մեծամասամբ թատերական հարձակում, որը ներկայացվեց որպես միանվագ, համապարփակ պատասխան Իսրայելի հարձակումներին (ներառյալ Նասրալլահի, ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիյեի եւ Դիմադրության առանցքի եւ Իրանի մի քանի այլ պաշտոնյաների սպանությունները): Հարվածի մասին տեղեկացվել էր, այն հաշվարկված էր սահմանափակ վնաս հասցնելու համար. ընդամենը երկու վիրավոր եւ մեկ զոհ՝ օկուպացված Արեւմտյան ափում գտնվող պաղեստինցի: Ինչպես Դամասկոսի ռմբակոծությանը ապրիլյան արձագանքի դեպքում եւ 2020-ին ԱՄՆ-ի կողմից Իրանի ռազմական ղեկավար Ղասեմ Սոլեյմանիի սպանության դեպքում, Թեհրանը փորձեց հավասարակշռել պատասխան գործողությունները, որպեսզի փրկի դեմքը եւ խուսափի հետագա սրացումից:

Իրանի խնդիրն այն է, որ նրա մոտեցումը այլեւս վստահելի չէ եւ հակաարդյունավետ է Իսրայելի կարողությունների անհամաչափ աճի պայմաններում:

Քանի որ «Հեզբոլլահը» այլեւս կենսունակ ապահովագրական քաղաքականություն չունի իսրայելական ուղիղ հարձակումներից, Իսրայելը հասել է էսկալացիոն գերիշխանության, եւ երկու կողմերն էլ դա գիտեն: Կանգնած ընտրության առջեւ՝ Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ ուղղակի պատերազմ, որը նա չի կարող հաղթել, կամ նահանջ հանուն ինքնապահպանման, Խամենեին միշտ ընտրել է վերջինը: Դա իմանալով՝ ռիսկային եւ ավելի համարձակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կանաչ լույս ունի շարունակելու խախտել Իրանի կարմիր գծերը՝ առանց լուրջ հետեւանքների: Սա նշանակում է, որ Խամենեիի վերջին պատասխան գործողությունները ոչ միայն չեն կարողանում զսպել Իսրայելին, այլեւ դրդում են էսկալացիայի:

Սա շատ վտանգավոր է Իսլամական հանրապետության համար: Եթե եւ քանի դեռ ինչ-որ բան չի փոխվել, Իսրայելի կառավարությունը կշարունակի ավելի ագրեսիվ գործողություններ ձեռնարկել նսեմացնելու Թեհրանին եւ նրա դրածոներին, մինչեւ չհասնի անվտանգության եւ քաղաքական իր նպատակներին: Օրինակ, Իսրայելը, ամենայն հավանականությամբ, կօգտագործի Իրանի վերջին հարձակումը՝ ապրիլյան հակահարվածից ավելի ուժգին հարված հասցնելու համար, հնարավոր է՝ թիրախավորելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը եւ հրթիռների արտադրության հետ կապված օբյեկտները: Թեեւ ուղղակի հարվածները էներգետիկ ենթակառուցվածքին, միջուկային ծրագրին կամ բարձրագույն ղեկավարությանը գուցե չափազանց էսկալացիոն համարվեն այս փուլու մ, դրանք, անկասկած, Նեթանյահուի մտքում կլինեն հաջորդ անգամ, երբ հնարավորություն ընձեռվի:

Լուսանկարը` REUTERS


Երկարաժամկետ հեռանկարում Իրանի համար Իսրայելի հարձակման դեմ որոշակի զսպում ունենալու միակ ձեւը միջուկային ծրագիրն է: Դա չի նշանակում սպառազինվել: Իրականում, Խամենեիի օրոք հազիվ թե հանկարծակի ռումբ ստեղծվի, քանի որ դա հակասում է նրա վաղեմի ֆեթվային, որն արգելում է զանգվածային ոչնչացման զենք արտադրել, խաթարում է Արեւմուտքի հետ դիվանագիտության Պեզեշքիանի հույսերը եւ Միացյալ Նահանգների հետ պատերազմի վտանգ ստեղծում: Այդ պահը, սակայն, երեւի կգա, երբ 85-ամյա գերագույն առաջնորդը մահանա կամ պաշտոնանկ արվի, հատկապես, երբ պարզ է դառնում, որ ԱՄՆ հաջորդ նախագահը կունենա պակաս կամք (Դոնալդ Թրամփի դեպքում) կամ քաղաքական հնարավորություն (Քամալա Հարիսի դեպքում) հետամուտ լինել բանակցություններին: Իսրայելը կարող է փորձել հարվածել Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտներին, սակայն միջուկային ծրագիրը այդպիսով չի վերացնի, այս ընդամենը կխոչընդոտի դրան եւ կխրախուսի Թեհրանին կրկնապատկել զենք ստեղծելու ջանքերը:

Իսկ երբ վերջապես դա տեղի ունենա... տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը կրկին կխախտվի՝ խրախուսելով այլ տերություններին միջուկային զենք ստեղծել եւ ավելի վտանգավոր դարձնելով պայթյունավտանգ Մերձավոր Արեւելքը:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին