Աշխարհը չպետք է բաց թողնի Ադրբեջանին պատասխանատվության կանչելու շանսը - Mediamax.am

992 դիտում

Աշխարհը չպետք է բաց թողնի Ադրբեջանին պատասխանատվության կանչելու շանսը


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Մարդու իրավունքների համալսարանական ցանցի իրավական եւ քաղաքականության հարցերով տնօրեն Թոմաս Բեքերի The World has the Chance to Hold Azerbaijan Accountable հոդվածի հայերեն թարգմանությունը:

Թոմաս Բեքեր

Մեկ տարի առաջ ադրբեջանական ուժերը դաժան ռազմական գործողություն սկսեցին Լեռնային Ղարաբաղում, որի արդյունքում մի քանի օրվա մեջ արտաքսվեց 120,000 էթնիկ հայ բնակչությունը, որը հազարամյակներ շարունակ տարածաշրջանն իր տունն էր կոչել: Բացի մի քանի ձեւական հայտարարություններից, միջազգային հանրությունը ոչինչ չարեց Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար։ Այժմ այն ունի այդպիսի հնարավորություն:

Նոյեմբերի 11-ից 22-ը Ադրբեջանը կհյուրընկալի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսը կամ COP29-ը, որը կլիմայի փոփոխությանը վերաբերող համաշխարհային առաջնորդների ամենակարեւոր հավաքն է: Ադրբեջանն օգտագործելու է համաժողովը, որպեսզի բարելավի իր իմիջը եւ իրեն տարածաշրջանի առաջատար ներկայացնի, բայց իրավապաշտպան համայնքը սա հնարավորություն է համարում վերջապես ուշադրություն դարձնելու Ադրբեջանի ծայր աստիճան գարշելի ռեժիմին, որը շարունակում է ագրեսիա դրսեւորել Հայաստանի նկատմամբ եւ ոնտահարել սեփական ժողովրդին:

COP29-ը կարող է դառնալ մասնակից պետությունների ֆորում, որտեղ նրանք ճնշում կգործադրեն Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու չարաշահումները, ինչպես նաեւ կոնկրետ ճանապարհ առաջարկել իրենց հայրենիքից վտարված բազում մարդկանց:

2020-ի սեպտեմբերին Ադրբեջանը քառասունչորսօրյա պատերազմ սկսեց եւ վերահսկողության տակ վերցրեց ինքնավար անկլավի մի մասը։ Հողի գրավումը անողոք էր. ադրբեջանական ուժերը ոչնչացրին գյուղեր, խոշտանգեցին բանտարկյալներին եւ գլխատեցին նրանց, ովքեր չափազանց հիվանդ կամ տարեց էին փախչելու համար: Հրադադար հաստատվեց, բայց Ադրբեջանի դաժանությունը չհանդարտվեց:

Մենք՝ Մարդու իրավունքների համալսարանական ցանցը (UNHR) անցած չորս տարին հետաքննել ենք այս եւ այլ չարաշահումները, որոնք հանգեցրին անցյալ տարվա էթնիկ զտումների: Հարվարդի, Օքսֆորդի, UCLA-ի, Ուեսլեյանի եւ Յելի մեր թիմը իրականացրեց յոթ փաստահավաք առաքելություն Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում: Վերջերս մենք հրապարակեցինք 200 էջանոց զեկույց մեր ուսումնասիրած վայրագությունների մասին, այդ թվում՝ դաժան խոշտանգումների, սպանությունների, անհետացումների, դիակների խեղման, եկեղեցիների ու գերեզմանատների ավերման դեպքերը:

Այս վայրագությունները Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչությանը ոչնչացնելու՝ Ադրբեջանի ավելի լայն արշավի մի մասն են, քաղաքականություն, որը բազմիցս բացահայտորեն քարոզվում է երկրի ղեկավարության կողմից: Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւը հայերին անվանում է «առնետներ», «շներ» եւ «բարբարոսներ», որոնք վարակված են «վիրուսով», որից նրանք «բուժվելու կարիք ունեն»: Նա բազմիցս զգուշացրել է. «Եթե [հայերը] չեք ուզում մեռնել, ապա հեռացե՛ք ադրբեջանական հողերից», իսկ ադրբեջանական հող նա համարում է Լեռնային Ղարաբաղը եւ նույնիսկ Երեւանը՝ Հայաստանի մայրաքաղաքը: Ադրբեջանցի պաշտոնյաները կրկնում են նրա ցեղասպանական խոսույթը` էթնիկ հայերին անվանելով «քաղցկեղային ուռուցք» ու «հիվանդություն» եւ հայտարարում. «Մեր նպատակը հայերի լիակատար ոչնչացումն է»: Ալիեւի կառավարությունը նույնիսկ նամականիշ թողարկեց, որի վրա պաշտպանիչ կոստյումով զինվորը ախտահանում է Լեռնային Ղարաբաղը:

Լուսանկարը` REUTERS


Անցյալ տարվա էթնիկ զտմանը նախորդող շաբաթների ընթացքում ես հանդիպեցի ԱՄՆ պաշտոնյաների հետ՝ նախազգուշացնելու մոտալուտ արտաքսման մասին: UNHR-ը հրապարակել էր նաեւ տարածաշրջանում ցեղասպանության վտանգի մասին տեղեկատվական փաստաթուղթ: Այլ ցեղասպանագետներ նույնպես ահազանգեցին. Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազը, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի առաջին հատուկ խորհրդականը, Genocide Watch-ը եւ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը առանձին նախազգուշացումներ են արել Ադրբեջանի գործողությունների ցեղասպանական բնույթի մասին:

Ցավոք, մեր ահազանգերն անտեսվեցին, եւ անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց: Արդյունքը կործանարար էր. Լեռնային Ղարաբաղը ներկայում մոլորակի ամենաանազատ տեղն է ըստ Freedom House-ի տվյալների՝առաջ անցնելով այնպիսի վայրերից, ինչպիսիք են Սիրիան, Հյուսիսային Կորեան եւ Արեւելյան Ուկրաինան:

Freedom House-ի զեկույցի հրապարակումից շաբաթներ անց Ալիեւը եթեր դուրս եկավ Լեռնային Ղարաբաղի դատարկված մայրաքաղաքից եւ փառաբանեց «սատանայի բույնի»՝ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի քանդումը՝ պարծենալով, որ «հետք անգամ չի մնացել» էթնիկ հայերից, որոնց նա անվանեց «անջատողականներ»: Այնուհետեւ նա կրակ վառեց՝ խորհրդանշելու, իր խոսքերով, «վերջնական մաքրումը»:

Թեեւ Ալիեւը անտեսում է Freedom House-ի կամ UNHR-ի նման կազմակերպությունների դատապարտումը, նրա համար կարեւոր է իր կարգավիճակը համաշխարհային առաջնորդների շրջանում, հատկապես Եվրոպայում, որը Ադրբեջանի հանածո վառելիքի հիմնական գնորդն է: Նավթի եւ գազի արդյունահանումը կազմում է Ադրբեջանի արտահանման 92,5 տոկոսը, ուստի Ալիեւի քաղաքական գոյատեւումը կախված է նրա հեղինակությունից այնպիսի ֆորումներում, ինչպիսին COP29-ն է:

Լուսանկարը` REUTERS


Շատերը ցնցված էին, երբ հայտարարվեց, որ Ադրբեջանի նման դաժան նավթային պետությունը կհյուրընկալի կլիմայի փոփոխության կոնֆերանսը, ինչի մասին որոշումը կայացվեց էթնիկ զտումներից մի քանի շաբաթ անց: Կլիմայի ակտիվիստ Գրետա Թունբերգը, օրինակ, դժգոհեց, որ գագաթնաժողովը «անցկացնում է մի ավտորիտար ռեժիմ, որը խախտում է մարդու իրավունքները ինչպես երկրի ներսում, այնպես էլ հայերի նկատմամբ, որը կախված է կեղտոտ հանածո վառելիքից արտահանումից եւ հուսահատորեն փորձում է ճնշել փոփոխությունների ձգտող ձայները»:

Համաժողովը կարող է վերջին հնարավորությունը լինել միջազգային հանրության համար՝ դատապարտելու Ադրբեջանին եւ կանխելու Լեռնային Ղարաբաղի բնակչության ամբողջական բնաջնջումը: Նրանց, ովքեր փախել են, պետք է թույլ տրվի վերադառնալ կամ զգալի փոխհատուցում ստանալ:

Միջազգային հանրությունը քավության հազվագյուտ հնարավորություն ունի: Ինչպե՞ս այն կարձագանքի:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին