Բրիտանիան, Իտալիան եւ Լեհաստանը կարող են սասանել Փարիզ-Բեռլին թիմը - Mediamax.am

exclusive
1324 դիտում

Բրիտանիան, Իտալիան եւ Լեհաստանը կարող են սասանել Փարիզ-Բեռլին թիմը


Էմանյուել Մակրոնն ու Օլաֆ Շոլցը
Էմանյուել Մակրոնն ու Օլաֆ Շոլցը

Լուսանկարը` REUTERS

Դոնալդ Տուսկը
Դոնալդ Տուսկը

Լուսանկարը` REUTERS

Էմանյուել Մակրոնն ու Օլաֆ Շոլցը
Էմանյուել Մակրոնն ու Օլաֆ Շոլցը

Լուսանկարը` REUTERS

Էմանյուել Մակրոնը
Էմանյուել Մակրոնը

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Փրինսթոնի համալսարանի պատմության եւ միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Հարոլդ Ջեյմսի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Հարոլդ Ջեյմս

Եվրոպայում ինչ-որ բան փտել է: Ապրիլին Սորբոնում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի ելույթի առանցքը նախազգուշացում էր, որ Եվրոպան մահկանացու է՝ «այն կարող է մեռնել»: Շատերը նոր մտածողության, նոր ղեկավարության ու նոր գաղափարների հրատապ կարիք են զգում, սակայն դժվար է ասել, թե որտեղ գտնել դրանք: Նոր գաղափարների եւ նոր սկզբունքների ստեղծման համար բանավեճ է պետք: Բայց Եվրոպան շարունակում է տարված մնալ կոնսենսուսի քաղաքականությամբ եւ հետեւաբար խրված է Բեռլինի եւ Փարիզի պաշտոնական շրջանակների եւ էլիտաների կողմից քարոզվող բթացնող «ուղղափառության» մեջ:

Ֆրանսիայի եւ Գերմանիայի հարաբերությունները 200 տարի շարունակ եղել են եվրոպական պատմության կենտրոնական առանցքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո (որը երկու երկրների հին էլիտաներին բացարձակապես նվաստացրեց) ֆրանս-գերմանական զույգը դարձավ եվրոպական նախագծի հիմքը: Բայց հիմա երկուսն էլ կաթվածահար են, իսկ ժողովրդավարությունը (որն էական նշանակություն ուներ հետպատերազմյան Եվրոպան վերակառուցելու համար) թուլանում է: Ֆրանսիացի ընտրողները վերջերս «առկախ խորհրդարան» ընտրեցին, որը բաղկացած է ծայրահեղ աջերից, արմատական ձախերից եւ մեկուսացված, անկցորդ կենտրոնից, մինչդեռ Գերմանիայի՝ ժողովրդականություն չվայելող կոալիցիոն կառավարությունը անվերջ ֆինանսական վեճերի մեջ է:

Եվրոպացիները կարծես այլեւս մեծ տեղ չեն հատկացնում եվրաինտեգրման հին շարժիչներին: Դրան նպաստում է այն, որ ներկայիս ղեկավարները ասես իրենց ավանդույթների ծաղրանկարները լինեն: Մակրոնը (որը ժամանակին իրեն նմանեցնում էր Յուպիտերին) Նապոլեոնի պես սիրում է մեծ խաղադրույքներով մոլախաղեր: Հիշե՛ք նրա դիվանագիտությունը 2022-ին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո, որը շուտով վերածվեց Վլադիմիր Պուտինին խաղաղեցնելու ապարդյուն փորձի: Այնուհետեւ նրա առաջարկը, որ ՆԱՏՕ-ի զորքերը տեղակայվեն Ուկրաինայում, որին հաջորդեց նույնքան չմտածված որոշումը՝ ամռանը արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել:

Էմանյուել Մակրոնը Էմանյուել Մակրոնը

Լուսանկարը` REUTERS


Մինչդեռ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ոգեկոչել է իր ներքին Իմանուել Կանտին՝ պնդելով, որ հավերժական խաղաղության հնարավորություն կա: Նրա սխալ հաշվարկված եվրոպական նախընտրական քարոզարշավի կարգախոսն էր «Խաղաղության ապահովում»-ը: Երբ Շոլցը ելույթ ունեցավ Կանտի ծննդյան 300-ամյակին, հանդիսատեսը անհամբեր սպասում էր, որ նա կհիշատակի «Տաուրուս» հրթիռները, որոնք աղաչում էր Ուկրաինան: Ինչպես եւ սպասելի էր՝ նա չհիշատակեց:

Այսպիսով, գերմանական երկու մոլուցքը՝ խաղաղություն եւ հավասարակշռված բյուջեներ, ստեղծել են վտանգավոր խառնուրդ, որը կրիտիկական պահին սպառնում է դադարեցնել Գերմանիայի աջակցությունը Ուկրաինային՝ վտանգելով ինչպես խաղաղությունը, այնպես էլ հարկաբյուջետային կայունությունը ողջ Եվրոպայում:

Զարմանալի չէ, որ բոլորը ցանկանում են, որ ղեկավարությունը փոխվի: Նախկինում Եվրոպան կանգնած էր չորս սյան վրա՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա եւ Միացյալ Թագավորություն, որոնցից յուրաքանչյուրը ժամանակին համադրելի տնտեսություն եւ բնակչություն ուներ: Սակայն 1990 թվականին՝ Գերմանիայի միավորումից հետո, համամասնությունը փոխվեց, Իտալիան վարկաբեկվեց մշտական քաղաքական անկայունության պատճառով, իսկ Բրիտանիան՝ Պահպանողական կուսակցության հրահրած քաղաքացիական պատերազմի պատճառով, որը հանգեցրեց «Բրեքզիթ»-ին:

Տարօրինակ կերպով, սակայն, Բրիտանիան եւ Իտալիան այժմ ավելի լավ իրավիճակում են, քան Բեռլին-Փարիզ թիմը: Իտալիան ունի սթափ, հարկաբյուջետային առումով պատասխանատու, աշխարհաքաղաքական տեսանկյունից խելամիտ, եվրոպամետ կառավարություն՝ վարչապետ Ջորջիա Մելոնիի գլխավորությամբ: Թեեւ նա սերում է նեոֆաշիստական Movimento Sociale Italiano-ից, Մելոնին հրաժարվել է իր գաղափարախոսության մեծ մասից: Նմանապես եւ Բրիտանիան այժմ ունի սթափ, հարկաբյուջետային առումով պատասխանատու, աշխարհաքաղաքական տեսանկյունից խելամիտ լեյբորիստական կառավարություն՝ վարչապետ Քիր Սթարմերի ղեկավարությամբ, որը փոխարինեց եւ հետո հեռացրեց Ջերեմի Քորբինին եւ նրա հակաեվրոպական, հակասեմական ազդակները: Երկու երկրներն էլ շահում են այն փաստից, որ նախորդ կառավարությունները սարսափելի սխալներ էին թույլ տվել։

Պահը բարենպաստ է նաեւ փոքր երկրների համար: Դանիան, Շվեդիան, Լեհաստանը եւ Եվրամիությունից դուրս գտնվող Նորվեգիան ու Շվեյցարիան իրենց դրսեւորում են որպես տնտեսապես դինամիկ եւ քաղաքական ու ռազմավարական առումով նորարար երկրներ: Լեհաստանը՝ նրանցից ամենամեծն ու ամենաարագ աճողը, յուրահատուկ ձեւանմուշ է ապագա Եվրոպայի համար: Աշխարհագրական դիրքի շնորհիվ այն մեծ ջանքեր է գործադրել պաշտպանական ծախսերն ավելացնելու համար եւ ի տարբերություն ավելի խոշոր եվրոպական տերությունների, չունի արմատացած ներքին պաշտպանական արդյունաբերություն, որի լոբբիստները համառորեն արգելափակում են մայրցամաքի ռազմական կարողությունները եվրոպականացնելու ջանքերը:

Ուկրաինան, Շվեյցարիան եւ Նորվեգիան կարող են իրենց եվրոպացի հարեւաններին սովորեցնել, թե ինչպես հարմարվել այսօրվա փոփոխվող աշխարհին: Մակրոնը, ի պատիվ իրեն, ավելի լայն եվրոպական քաղաքական միություն ստեղծելու փորձեր է արել, եւ 43 երկրների ղեկավարներ այս ամառ այդ նպատակով հավաքվեցին գագաթնաժողովի Մեծ Բրիտանիայի Բլենհայմ պալատում (Ուինսթոն Չերչիլի ծննդավայրում):
Էմանյուել Մակրոնն ու Օլաֆ Շոլցը Էմանյուել Մակրոնն ու Օլաֆ Շոլցը

Լուսանկարը` REUTERS


Ապագային նայելով՝ կարելի է պատկերացնել, որ եվրոպական գործերը կվերախմբավորվեն նոր եռյակի շուրջ, որը ներառում է Բրիտանիան, Իտալիան եւ Լեհաստանը: Ֆրանսիայի եւ Գերմանիայի պես այս երկրները նույնպես երկար ընդհանուր պատմություն ունեն: Բայց նրանց միավորում է ներկայիս համաշխարհային իրողությունների ըմբռնումը եւ բանավեճի մշակույթը:

Լեհաստանի ազգային օրհներգը նապոլեոնյան բանակում լեհ գեներալի քայլերթի երգն է։ 1940 թվականից հետո Լոնդոնը վտարանդի լեհական կառավարության նստավայրն էր, լեհ օդաչուներն ու զինվորները վճռորոշ դեր խաղացին Երկրորդ համաշխարհային պատերազմի հիմնական մարտերում, հատկապես Բրիտանիայի եւ Մոնտե Կասինոյի ճակատամարտերում:

Բրիտանիան, Իտալիան եւ Լեհաստանը հաստատուն ապրում են ներկայում. մշտապես չեն վիճում եվրոպական կառույցներին լիազորությունների փոխանցման կամ դրամական ինտեգրման շուրջ եւ ունեն բանավեճի կայուն ավանդույթներ: 19-րդ դարի Անգլիայում թատերագիրներ Գիլբերտը եւ Սալիվանը ծաղրում էին, որ «Ամեն տղա ու աղջիկ/Ով ծնվել է աշխարհում /կամ մի փոքր լիբերալ է/կամ էլ մի փոքր պահպանողական»: Իտալիան հաղթահարեց կռիվները կղերականների եւ հակակղերականների միջեւ։ Լեհաստանը վերապրեց միջպատերազմյան պառակտումը այլընտրանքային տեսլականներով երկու ռազմական գործիչների՝ մարշալ Յոզեֆ Պիլսուդսկու եւ գեներալ Վլադիսլավ Սիկորսկու միջեւ. հին մրցակցություն, որն արտացոլվում է ծայրահեղ աջերի առաջնորդ Յարոսլավ Կաչինսկու եւ վարչապետ Դոնալդ Տուսկի այժմյան լարվածության մեջ:
Դոնալդ Տուսկը Դոնալդ Տուսկը

Լուսանկարը` REUTERS


Հաջող ժողովրդավարության հիմնական հատկանիշը հին աթենական «պարեսիա» հասկացությունն է. հանրային հավաքներում բոլոր քաղաքացիների ազատորեն արտահայտվելու իրավունքն ու պարտականությունը: Նույն գաղափարը երբեմն համարվում է նաեւ իշխանությանը ճշմարտությունն ասելու պատասխանատվություն: Հարյուրավոր տարիներ անց այն հանգեցրեց Վերածննդի դարաշրջանի ծաղկմանը եւ այն համոզմունքին, որ գաղափարներն ու փաստարկները պետք է լինեն ստուգելի, ինչպես նաեւ վիճարկելի: Լինելով միակ սկզբունքը, որն անձնիշխանները պարտավոր են ամեն գնով ճնշել, պարեսիան ժողովրդավարության եւ այդպիսով մարդկության փրկության բանալին է:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին