Եվրոպական միությանն առերեսվում է երեք խոշոր ճգնաժամերի հետ - Mediamax.am

exclusive
1247 դիտում

Եվրոպական միությանն առերեսվում է երեք խոշոր ճգնաժամերի հետ


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Բրյուսելի «Բրեյգել» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Ժան Պիզանի-Ֆերիի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Ժան Պիզանի-Ֆերի

Եվրամիությանը սպառնում են երեք խոշոր ճգնաժամեր:

Առաջինը մրցունակության ճգնաժամն է, որն արդեն ակնհայտ էր 2010-ականների վերջին, բայց վատթարացել է՝ հանգեցնելով ցածր արտադրողականության եւ աճի ցուցանիշների:

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ստեղծեց անվտանգության ճգնաժամ, որին գումարվեց Չինաստանի հետ հարաբերությունների վատթարացումը: Պատերազմը նաեւ առաջացրեց էներգետիկ ճգնաժամ, որը Եվրոպային անբարենպաստ վիճակում է դնում իր հիմնական մրցակիցների՝ ԱՄՆ-ի եւ Չինաստանի համեմատ:

Բարեբախտաբար, ինտելեկտուալ մակարդակում զարմանալիորեն հստակ համաձայնություն կա, թե ինչպես հաղթահարել այս եռակի ճգնաժամը: Երեք հիմնական զեկույցները, որոնք վերջերս հրապարակվել են կամ շուտով կհրապարակվեն, հանգում են մոտավորապես նույն եզրակացություններին Եվրոպայի առջեւ ծառացած հիմնական մարտահրավերների վերաբերյալ եւ նույնիսկ դրանց լուծման նմանատիպ առաջարկություններ են անում:

Իտալիայի նախկին վարչապետ Էնրիկո Լետտայի «Շատ ավելին, քան շուկան» զեկույցը, որը պատրաստվել է Եվրոպական խորհրդի խնդրանքով, ընդգծում է միասնական շուկայի հետագա ինտեգրման անհրաժեշտությունը. նախագիծ, որն մտահղացվել է 1980-ականներին, բայց մինչ օրս արդիական է։ Հետազոտությունը, օրինակ, ցույց է տալիս, որ Եվրոպայում պետական սահման հատելը վեց անգամ նվազեցնում է ապրանքների միջտարածաշրջանային առեւտուրը:

Մասնատվածությունը հատկապես ընդգծված է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, ֆինանսները եւ էլեկտրոնային հաղորդակցությունը, իսկ ԵՄ-ԱՄՆ թվային ծառայությունների առեւտուրը գերազանցում է միության ներքին առեւտուրը: Ինչպես նշում է Լետտան, այս հատվածները միտումնավոր բացառվել են ինտեգրման գործընթացից, քանի որ պետությունները դրանք չափազանց ռազմավարական էին համարում, որ հրաժարվեն պետական վերահսկողությունից: Սակայն զեկույցը իրավացիորեն եզրակացնում է, որ ինտեգրման այս արգելակը աստիճանաբար վերածվել է տնտեսության եւ տնտեսական անվտանգության արատի:

Լուսանկարը` REUTERS


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանձնարարել է Իտալիայի մեկ այլ նախկին վարչապետ Մարիո Դրագիին զեկույց պատրաստել եվրոպական մրցունակության ապագայի վերաբերյալ: Այն կհրապարակվի առաջիկա շաբաթներին, սակայն Դրագին վերջին ելույթներում ուրվագծել է իր մոտեցումն ու առաջարկությունները: Դրանք ամենայն հավանականությամբ կլինեն ավելի անկեղծ, եւ քաղաքականության առաջարկները, անշուշտ, ավելի արմատական կլինեն, քան Լետտայի զեկույցում: Ապրիլին Դրագին քննադատեց միության կազմակերպումը, որոշումների կայացումն ու ֆինանսավորումը՝ ասելով, որ դրանք նախատեսված են «երեկվա աշխարհի համար»: Ավելին, մրցունակության նկատմամբ ԵՄ-ի նեղ ազգային մոտեցումը խոչընդոտել է համաեվրոպական չեմպիոնների ստեղծմանը եւ հանգեցրել նրան, որ անդամ երկրները մրցում են նույնիսկ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պաշտպանությունն ու էներգետիկան, որտեղ «խորը ընդհանուր շահեր» ունեն:

Հունիսին Դրագին հանդես եկավ եվրոպական արդյունաբերական քաղաքականության օգտին, որը ներառում է մաքսատուրքեր եւ սուբսիդիաներ. գործողությունների այդ կոչը անկասկած կներառվի նրա զեկույցում:

Բրեյգելի կենտրոնի իմ գործընկերները պատրաստել են երրորդ զեկույցը, որը կհրապարակվի շուտով։ Այս «ԵՄ ղեկավարությանն ուղղված հուշագրերը» լույս են տեսնում յուրաքանչյուր եվրոպական ընտրություններից հետո՝ օգնելու ապագա հանձնակատարներին եւ Եվրախորհրդարանի անդամներին սահմանել միության առաջնահերթությունները: Գալիք զեկույցում նույնպես խոսվում է նորարարության եւ աճի խթանման անհրաժեշտության մասին, այն շեշտում է էներգիայի միասնական շուկայի ստեղծման եւ բանկային ու կապիտալի շուկաների միության խոչընդոտների վերացման առավելությունները: Բայց համընդհանուր ինտեգրմանը աջակցելու փոխարեն այն հանդես է գալիս միասնական շուկայի խորացման օգտին այն ոլորտներում, որոնք ամենամեծ ազդեցությունն ունեն տնտեսական աճի վրա եւ որտեղ տնտեսական եկամուտը ակնհայտորեն գերազանցում է քաղաքական ծախսերը:

Այն փաստը, որ երեք զեկույցներն էլ հիմնականում համընկնում են, ապշեցուցիչ է: Մակրոտնտեսական քաղաքականության, առեւտրի բացության եւ արդյունաբերական քաղաքականության հետ կապված հիմնական հակասությունները վերացել են (եթե նշենք սովորական հակաճառություններից մի քանիսը): Սա հավանաբար արտացոլում է այն հսկա տնտեսական եւ աշխարհատնտեսական մարտահրավերները, որոնց այսօր բախվում է ԵՄ-ն:

Ուկրաինայի պատերազմը գոյութենական վտանգ է, էներգակիրների բարձր գինը մրցունակության հիմնական խոչընդոտն է, իսկ նորամուծությունների ձախողումը սպառնում է Եվրոպային միջազգային հարթակում հանդիսատես դարձնել:

Նույնիսկ եթե դաշինքը գործի, ամենայն հավանականությամբ, դա բավարար չի լինի ժողովրդագրական իրավիճակի վատթարացումը եւ տնտեսական կշռի անկումը կանխելու համար:

Սակայն փորձագիտական կոնսենսուսը կարող է քաղաքականության չվերածվել: Առաջին խոչընդոտը անդամ երկրների հարաշարժությունն է։ Թեեւ այսօրվա աշխարհաքաղաքական մարտահրավերներն աննախադեպ են, ԵՄ-ին պատուհասող աճի, ինտեգրման ու կառավարման խնդիրները հայտնի են առնվազն 2004-ի «Սափիրի զեկույցից»: Եվ այնուամենայնիվ միությունը գործել է միայն ծայրահեղ սթրեսային իրավիճակներում, օրինակ՝ 2010-2012 թվականների եվրոգոտու պարտքային ճգնաժամի եւ Քովիդ-19 համաճարակի ժամանակ: Նույնիսկ այս դեպքերում արթնացումը կարճ տեւեց։ Բանկային միությունը, օրինակ, մնում է անավարտ է, դեռեւս որոշում չի կայացվել հետհամաճարակային վերականգնման ծրագրի հետագա ֆինանսավորման վերաբերյալ։

Երկրորդ մարտահրավերն այն է, որ ցանկացած մեծ բարեփոխման արդյունքում լինում են հաղթողներ ու պարտվողներ: Այն երկրները, որոնք ամենաշատն են կորցնելու, կդիմադրեն հետագա ինտեգրմանը: Ճիշտ է, երկարաժամկետ հեռանկարում նրանք ավելի շատ կկորցնեն, քան կշահեն կարճաժամկետ հեռանկարում: Բայց կարճատեսությունը հաղթահարելու համար քաջություն է պետք:

Լուսանկարը` REUTERS


Եվրոպայում առանձնապես ոգեւորություն չկա, հատկապես տնտեսական ազգայնականության աճի պայմաններում, իսկ կառավարությունները չեն ցանկանում վրդովեցնել իրենց ընտրողներին: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ժողովրդականություն չեն վայելում եւ հետեւաբար ունակ չեն ղեկավարելու ելքը ներկա փակուղուց: Մնում է հուսալ, որ մարտահրավերը կընդունի ֆոն դեր Լայենը:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին