«Արեւմտյան Ադրբեջանի համայնքը» թիրախավորել է ամերիկացի լրագրողին - Mediamax.am

1705 դիտում

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքը» թիրախավորել է ամերիկացի լրագրողին


Քամալ Ջաֆարովը
Քամալ Ջաֆարովը
Ազիզ Ալաքբարլին
Ազիզ Ալաքբարլին
Քամալ Ջաֆարովը
Քամալ Ջաֆարովը

Ներկայացնում ենք Byline Times պարբերականում հրապարակված A Growing Spectre of Azerbaijani Irredentism Hangs Over COP29 հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ուիլ Նիլ

2023 թվականի դեկտեմբերյան մի երեկո Թբիլիսիի կինոթատրոնից դուրս գալով՝ Ալեքսանդր Թեթչերը միացրեց հեռախոսը ու տեսավ մի շարք բաց թողնված զանգեր իր խուճապահար սենյակակցից: Ինչ-որ մեկը ներխուժել էր նրանց բնակարանը:

Տուն վերադառնալով՝ ամերիկացի գրողն ու ասպիրանտը հայտնաբերեց, որ գողերը ձեռք չեն տվել թանկարժեք իրերին, բայց տեղափոխել են կահույքը, վերցրել անձնագիրը, սփռոցը ու 50 լարին (13,99 ֆունտ ստերլինգ), որոնք թողել էր սուրճի սեղանին:

«Անմիջապես մտածեցի, որ դրանում ինչ-որ շատ տարօրինակ բան կա: Հետո սկսեցին հայտնվել Twitter-ի ու Instagram-ի ծանուցումները, որոնք վկայում էին,
որ փորձեր են եղել կոտրել իմ օգտհաշիվները», - պատմել է նա Byline Times-ին:

«Այնքան տարօրինակ էր: Վրաստանի ներգաղթյալների համայնքում նման բան չլսված էր. ընդհանուր զգացողությունն էր՝ «էս ի՞նչ էր, գրո՛ղը տանի»:

Քանի որ միջադեպը տեղի էր ունեցել Վրաստանի մայրաքաղաքի բարերից մեկում ադրբեջանցի այլախոհ լրագրողին դանակով սպառնալուց ընդամենը մեկ օր առաջ, Թեթչերը կարծում է, որ ներխուժումն իրականացրել են ադրբեջանցի ծայրահեղ ազգայնականները, որոնք իրեն թիրախավորել են 2023-ի հոկտեմբերին «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» (ԱԱՀ) մասին հրապարակած հոդվածի պատճառով։


Քննադատական հոդվածների պատճառով Թեթչերը տարիներ շարունակ բախվել է լուրջ առցանց հալածանքների ադրբեջանամետ օգտատերերի կողմից, հունվարին ասել էր նա VOA News-ին:

Քննադատներն ասում են, որ տեխնիկապես սփյուռքի իրավապաշտպան կազմակերպություն լինելով՝ ԱԱՀ-ն ավտորիտար Իլհամ Ալիեւի վարչակարգի քարոզչական ապարատի հիմնական սռնին է, որը սերմանում է էթնիկ ատելություն՝ ռասիստական ու դավադրական պատումներով, որոնք կոչված են օրինականացնել խորացող ագրեսիան հարեւան Հայաստանի նկատմամբ:

Ադրբեջանական աճող իրեդենտիզմի այս ուրվականը մեծ ստվեր է գցում նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29-ի վրա. նավթով հարուստ Ալիեւի ռեժիմն արդեն մեղադրել են հանածո վառելիքի սպառման տխուր ցուցանիշները «կանաչով քողարկելու» մեջ, ինչպես նաեւ մոլեգնող կոռուպցիայի եւ մարդու իրավունքների երկարատեւ խախտումների մեջ, որոնց արդյունքում միայն վերջին մեկ տարվա ընթացքում ձերբակալվել է առնվազն 25 լրագրող եւ ընդդիմադիր գործիչ:

Անցյալ տարվա սեպտեմբերին շարունակվող հակամարտության վերջին փուլի ընթացքում ավելի քան 100 000 էթնիկ հայեր ստիպված եղան փախչել Լեռնային Ղարաբաղի վրա կայծակնային հարձակումից հետո, որը հետեւեց տասը ամիս շրջափակմանը՝ տարածաշրջանի բնակիչներին հասցնելով սովամահության եզրին:

Ոգեշնչված Ռուսաստանի՝ այս երկու երկար պատերազմող երկրների միջեւ անվտանգության երաշխավորի այլեւս գոյություն չունեցող պատմական դերից, Բաքուն Լեռնային Ղարաբաղի անկումից հետո կրկնապատկել է պահանջները հայկական ինքնիշխան տարածքների նկատմամբ:

Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Հայաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Նախիջեւանի էթնիկապես ադրբեջանական անկլավը եւ դրա միջով՝ դեպի Ադրբեջանի դաշնակից Թուրքիա:

«Արեւմտյան Ադրբեջան» հասկացությունն իր էությամբ խոսակցական է եւ վերաբերում է Հայաստանից բռնի կերպով վտարված էթնիկ ադրբեջանցիներին: Այն օգտագործվում է սփյուռքի եւ փախստականների կազմակերպությունների կողմից, որոնք ստեղծվել էին 1980-ականների վերջին՝ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ, երբ ձեւավորվում էին ադրբեջանցիների ներկայիս ծայրահեղ ազգայնական փիլիսոփայությունները, իսկ Խորհրդային Միությունը վերջնական փլուզման ճանապարհին էր:
Ազիզ Ալաքբարլին Ազիզ Ալաքբարլին


Այդ ժամանակաշրջանի մտավորական գործիչներից բանասեր Ազիզ Ալաքբարլին անհայտ կմնար, եթե հարաբերական անհայտությունից նրան չնշանակեին ղեկավարելու «Արեւմտյան Ադրբեջանի» համայնքը 2022-ի օգոստոսին, երբ պաշտոնապես հիմնվեց կազմակերպությունը:

Կազմակերպությունն իր առաքելության ու նպատակի մասին բավականին պարզորոշ է արտահայտվում: «Արեւմտյան Ադրբեջանը [այսինքն՝ Հայաստանը] մեր պատմական հողն է, ինչն ապացուցված է մի շարք պատմական փաստաթղթերով, պատմական քարտեզներով եւ հենց մեր պատմությամբ, - այդ տարվա դեկտեմբերին ասել է նախագահ Իլհամ Ալիեւը խմբի անդամների հետ հավաքի ժամանակ»: «Աշխարհը պետք է տեղեկացվի Արեւմտյան Ադրբեջանում հայերի իրականացրած ավերածությունների մասին, եւ ես վստահ եմ, որ Արեւմտյան Ադրբեջանի համայնքը դա կանի ադրբեջանական պետության աջակցությամբ», - ավելացրել էր Ալիեւը:

Հանդիսանալով իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության պատգամավոր՝ Ալաքբարլին մասնակցում է Եվրախորհրդարանի տարածաշրջանային ֆորումին, իսկ խմբի երիտասարդ առաջնորդներից մեկը՝ պատգամավոր Քամալ Ջաֆարովը, հանդիսանում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Իտալիայի, Լյուքսեմբուրգի, Հունգարիայի, Ռումինիայի եւ այլ երկրների հետ միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խմբերի անդամ:
Քամալ Ջաֆարովը Քամալ Ջաֆարովը


Ալեքսանդր Թեթչերը բացատրում է, որ թեեւ կազմակերպության գործունեությունը միջազգային հարթակներում, ընդհանուր առմամբ, մեղմ դիվանագիտական երանգ ունի՝ հաճախ մեջբերելով փախստականների համար ՄԱԿ-ի կանոնադրությամբ երաշխավորված «վերադարձի իրավունքը», նրանց գործունեության էությունը կտրուկ տարբերվում է ներքին համատեքստում:

«Ադրբեջանական հեռուստատեսությամբ նրանք խոսում են շատ բացահայտ արտահայտություններով, օրինակ՝ «հողը գիտի իր իսկական տերերի արյունը», - ասում է նա:

Ադրբեջանցի ծայրահեղ ազգայնականները վաղուց առաջ են քաշել հայերին որպես բարբարոս քոչվորների, Սիրիայից կամ Իտալիայից կամ նույնիսկ Հնդկաստանից նորեկների պատմականորեն կեղծ բնութագրումները, եւ հայերը, հետեւաբար, Հարավային Կովկասում հողի նկատմամբ իրական պահանջ չունեն:

Այնուամենայնիվ, անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի անկումից եւ 1990-ականներից անկլավում բնակեցված էթնիկ հայերի փախուստից հետո այս պատումները մեծապես փոխվել են, եւ Ադրբեջանը որպես օկուպացիայի զոհ ներկայանալուց ամբողջությամբ կենտրոնացել է տարածքային էքսպանսիոնիզմի վրա, ինչն առաջ ներկայացնում էր որպես հենց Հայաստանից ընկալվող սպառնալիք:

Թեթչերի խոսքով՝ այս գաղափարների տարածումը Արեւմտյան Ադրբեջանի համայնքի եւ այլ հասարակական կազմակերպությունների միջոցով ծառայում է երկակի նպատակի: Նախ, ընդհանուր թշնամու կողմից իրականացված պատմական անարդարությունը շտկելու անհրաժեշտությունը հասարակությունը միավորող գործ է եւ կոչ է անում համախմբվել Ադրբեջանի կառավարության թիկունքում՝ միաժամանակ շեղելով էնդեմիկ կոռուպցիայից եւ խոր արմատացած անձնիշխանությունից:

Այն նաեւ պետությանը հնարավորություն է տալիս կենտրոնացված վերահսկել ներքին արմատականացման տարածումը: Մասնավորապես՝ մեղմել պանթուրքական իդեալների վտանգը, երբ շեշտը դրվում է Թուրքիայից եւ Ադրբեջանից մինչեւ Կենտրոնական Ասիայի երկրներ՝ Ղրղզստան ու Թուրքմենստան ժողովուրդների մշակութային եւ քաղաքական եղբայրության վրա, ինչը կարող է հիմք ծառայել ընդդիմադիր գործիչներին՝ Ալիեւի ռեժիմին մարտահրավեր նետելու համար:

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի նման խմբերի դերն այս համակարգում հիմնականում այն է, որ այս ամենը տեղի ունենա հաստատված ուղիներով: Նրանք վախենում են թուրքական աջակողմյան գաղափարների ազդեցությունից, որը ներխուժում է Ադրբեջանի շրջաններ եւ հասարակության տարրերի կողմից տեսականորեն օգտագործվում է իշխանությունը քննադատելու համար», - բացատրում է Թեթչերը: «Եթե բոլորն ընդունեն Արեւմտյան Ադրբեջանի ու պապենական հայրենիք վերադառնալու մասին Ալիեւի հավանությանն արժանացած պատումները, ապա չեն խոնարհվի թուրքական արմատական աջերին, կպահպանեն հավատարմությունը նախագահին», - նկատում է նա:

Ադրբեջանում աճող իրեդենտիզմը աննկատ չի մնացել միջազգային հանրության կողմից: 2021 եւ 2022 թվականներին Եվրախորհրդարանը երկու բանաձեւ հրապարակեց՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի իշխանության հայտարարությունների առնչությամբ, որոնք «տարածքային պահանջներ են ներկայացնում, ուժի կիրառում սպառնում եւ դրանով խաթարում են տարածաշրջանում անվտանգության եւ կայունությանն ուղղված ջանքերը»:

ԱՄՆ Պետդեպարտամենտը նույնպես բացահայտորեն դատապարտեց անցյալ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը, երբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց, որ «վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է եւ հակասում է տարածաշրջանում արդար եւ արժանապատիվ խաղաղության համար պայմաններ ստեղծելու ջանքերին»:


Ռուսաստանի՝ որպես Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջնորդի դերի նվազման ֆոնին ԱՄՆ-ն ձգտում է ավելի վստահ դեր ունենալ խաղաղության բանակցություններին նպաստելու հարցում՝ վերջերս երկու երկրների ներկայացուցիչներին հրավիրելով մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

Ընդհանուր առմամբ Արեւմուտքի արձագանքը շարունակվող լարվածությանը կարելի է բնութագրել երկիմաստ: Թեեւ Ֆրանսիան վերջերս ամրապնդել է պաշտպանական կապերը Հայաստանի հետ՝ երկրի զինված ուժերին ուսուցում եւ նյութական օգնություն տրամադրելով, այն հետեւում է ԵՄ-ի կողմից ստորագրված հուշագրին՝ փաստորեն կրկնապատկելով Եվրոպայի գազի մատակարարումն Ադրբեջանից, որը ուկրաինական պատերազմի պատճառով Մոսկվայից հրաժարվելու ջանքերի մասն է:

Միացյալ Թագավորությունը քննադատության է արժանացել Լեռնային Ղարաբաղի անկմանը կոշտ չարձագանքելու պատճառով, իսկ բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ձայնագրության արտահոսքը ցույց է տալիս, որ արտաքին գերատեսչության պաշտոնյաները քարոզում են Ադրբեջանի կողմից տարածքի գրավումը դիտարկել որպես հնարավորություն բրիտանական ընկերությունների համար՝ վերակառուցման գործում մասնակցելու առումով:

«Փակ դռների հետեւում Մեծ Բրիտանիայի կառավարությունը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը «հիանալի հնարավորություն» է անվանում, - փետրվարին The Guardian-ին ասել էր հանդիպումների մասնակիցներից մեկը:  «Ո՞ր դարում են ապրում այս պաշտոնյաները։ Դա հիանալի հնարավորություն չէ ո՛չ Մեծ Բրիտանիայի, ո՛չ էլ տեղահանված մարդկանց համար»:

Մինչ Ադրբեջանը COP29-ին ընդառաջ շարունակում է բռնաճնշել ընդդիմությանը, բաց հարց է մնում՝ արդյոք կլիմայի գագաթնաժողովի ընթացքում միջազգային ուշադրության սեւեռւմը կհանգեցնի Ալիեւի վարչակարգի հատուցմանը, թե՞ միջոցառումը կնպաստի ադրբեջանական ավտորիտարիզմի «կանաչով քողարկմանը» եւ կառավարության աճող իրեդենտիստական ուղուն:

Բայց Թեթչերի համար պարզ է, թե որն է լինելու այս ամենի հավանական վերջնախաղը: «Նրանք ստեղծում են հավերժական կոնֆլիկտի նոր, նորաձեւ էպիկական մարտական պատում. ամենը գնում է «արյուն ու հող» ուղղությամբ, - ասում է նա: - «Արեւմտյան Ադրբեջան»՝ ահա թե ինչպես են ուզում դրան հասնել: Առաջիկա երկու-երեք տարվա ընթացքում բոլոր հնարավորությունները կան, որ նրանք իրոք կփորձեն գրավել Հարավային Հայաստանը»:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին