Ռուսաստանը կարող է հաշտվել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հետ - Mediamax.am

1466 դիտում

Ռուսաստանը կարող է հաշտվել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հետ


Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Ներկայացնում ենք The Moscow Times պարբերականում հրապարակված Russia Reckons With Loss of Regional Influence as Armenia Eyes Exit from Moscow-Led Military Bloc հոդվածի հայերեն թարգմանությունը:

Պյոտր Կոզլով

Ռուս պաշտոնյաները մասնավոր կերպով խոստովանում են, որ Մոսկվայի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալը կանխելու հնարավորությունները քիչ են: The Moscow Times-ին այդ մասին ասել են երկու ռուս պաշտոնյաներ՝ մեկ գործող եւ մեկ պաշտոնաթող ռուսաստանցի դիվանագետ եւ ՀԱՊԿ նախկին պաշտոնյա:

The Moscow Times-ի մի քանի աղբյուրներ համաձայնել են խոսել անանունության պայմանով, քանի որ խնդիրը զգայուն է:

Ռուսաստանը չի ցանկանում կորցնել իր ամենամոտ ռազմական դաշնակիցներից մեկին եւ տարածաշրջանում իր շահերին հարված ստանալ, բայց Մոսկվայի պաշտոնյաները հասկանում են՝ որքան երկար տեւի Երեւանի եւ Մոսկվայի միջեւ տարաձայնությունը, այնքան քիչ հավանական է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնահանջի, ասում են The Moscow Times-ի աղբյուրները:

«Հայաստանի դուրս գալը խնդիր է առաջացնում Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի համար», - նշում է Ռուսաստանի զինված ուժերին մոտ կանգնած պետական պաշտոնյան:

«Մեկը որ պետք է ապահովի այս տարածաշրջանի անվտանգությունը, իսկ ՀԱՊԿ-ի ձեւաչափում անհնար կլինի հույսը դնել հայկական բանակի վրա: Սակայն Ռուսաստանը Հարավային Կովկասում այլ դաշնակից չունի»,- հավելում է նա:

Ռուսաստանցի պաշտոնաթող դիվանագետն ասում է, որ Մոսկվան հույս էր դրել Հայաստանի վրա՝ պահպանելու դաշինքի սահմանը Թուրքիայի հետ, որը Ռուսաստանի թշնամի ՆԱՏՕ-ի անդամ է:

«Հայկական բանակը փորձառու եւ մարտունակ է. Գյումրիում ռուսական ռազմակայանի հետ միասին այն ֆորպոստ է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դեմ, որը սահմանից այն կողմ հզոր բանակ ունի»,- նկատում է պաշտոնաթող դիվանագետը:

Փաշինյանը նշել է, որ կվերանայի իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, եթե Բելառուսը «ներողություն խնդրի եւ բացատրություններ տա, որոնք ընդունելի կլինեն հայ ժողովրդի համար»:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Հայաստանի կողմից տրված վերջնագրերը «նախ՝ անհնարին են, երկրորդ՝ սխալ եւ անընդունելի», - The Moscow Times-ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնյան:

Հայտարարություններից բացի Հայաստանի ղեկավարությունը ձեռնարկում է կոնկրետ, հետեւողական քայլեր՝ ցույց տալու իր մտադրությունների լրջությունը, The Moscow Times-ին ասել է ՀԱՊԿ նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:

Այդ քայլերից են դաշինքում Հայաստանի մասնակցության սառեցումը, գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում ներկայացուցիչ նշանակելուց հրաժարվելը եւ 2024 թվականի ֆինանսական ներդրում չկատարելը:

ՀԱՊԿ-ի ներսում աննախադեպ լարվածությունն արտացոլում է ինչպես Մոսկվայի եւ Երեւանի միջեւ խորացող տարաձայնությունները, այնպես էլ վերջինիս շեղումը դեպի Արեւմուտք:

«Վարչապետը նման հայտարարություններ պատահական չի անում»,- ասում է Զայնետդինովը, - Ես սա համարում եմ ծրագրի մաս: Փաշինյանը նախ ստացավ ԱՄՆ-ի աջակցությունը, հետո որոշեց դուրս գալու հայտարարություն անել: Ցավոք, այս բոլոր քայլերը ցույց են տալիս, որ Հայաստանը սկսում է դադարեցնել իր գործունեությունը ՀԱՊԿ-ում եւ գնալով ավելի է մոտենում Արեւմուտքին»:

Եթե Հայաստանն իրոք դուրս գա ՀԱՊԿ-ից, «կարելի է ասել, որ Պուտինի Ռուսաստանը դուրս է գալիս Հարավային Կովկասից»,- արձանագրում է պաշտոնաթող ռուս դիվանագետը:

«Ամեն ինչ գնում է դրան: Հարցն այն է, թե ինչպես է Փաշինյանը հաղթահարելու տնտեսական կախվածությունը Մոսկվայից»,- հավելում է նա:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Որպես ՀԱՊԿ-ի անդամ՝ Հայաստանը երաշախավորված պաշտպանություն ունի Թուրքիայից՝ իր գլխավոր սպառնալիքից, ասում է ՀԱՊԿ նախկին խոսնակ Զայնետդինովը, եւ կկորցնի այն, եթե դուրս գա դաշինքից:

«Վճռական ժամին ՀԱՊԿ հավաքական օպերատիվ արձագանքման ուժերը օգնության չեն հասնի Հայաստանին, եթե նա դուրս գա դաշինքից: Իսկ ո՞վ է ապահովելու Հայաստանի անվտանգությունը. Ամերիկա՞ն: Եվրամիությո՞ւնը», - հռետորական հարց է հնչեցնում Զայնետդինովը:

Նա ավելացնում է. «Բայց ՀԱՊԿ-ի՝ եվրասիական տարածքում հավաքական անվտանգության համակարգի համար Հայաստանի դուրս գալը նույնպես խնդիր կստեղծի, որը պետք է ինչ-որ կերպ լուծել»:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին