ԵՄ-ում Հայաստանի դեսպան. «Չենք ուզում ռուսներին բացատրել Ռուսաստանի շահը» - Mediamax.am

5096 դիտում

ԵՄ-ում Հայաստանի դեսպան. «Չենք ուզում ռուսներին բացատրել Ռուսաստանի շահը»


Տիգրան Բալայանը
Տիգրան Բալայանը

Լուսանկարը` The Moscow Times


Եվրամիությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը The Moscow Times-ին տված հարցազրույցում պատասխանել է Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ Երեւանի հարաբերություններին վերաբերող հարցերին։

Ներկայացնում ենք հատվածներ այդ հարցազրույցից (ենթավերնագրերը մերն են)։

Ակնկալիքներ ԵՄ-ից եւ ԱՄՆ-ից

Մենք կցանկանայինք, որ մեզ օգնեին ամրապնդել մեր բանակը, մեր պաշտպանունակությունն ու անվտանգությունը, բարեփոխել մեր պետական ինստիտուտները: Բարելավել մեր արտադրանքի որակը, որպեսզի այն մրցունակ լինի եւ մեր արտահանման հետ կապված հնարավոր խնդիրների դեպքում, մենք կարողանանք շատ հեշտ դիվերսիֆիկացնել արտահանումը, քանի որ այդ ապրանքները բարձրորակ կլինեն։

Անվտանգության երաշխիքներն եւ երաշխավորները

ԵՄ-ին անվտանգության երաշխավոր դիտարկելը ֆանտաստիկայի ժանրից է։

Բայց ԵՄ-ն հնարավորություն ունի օգնել մեզ ապահովել մեր անվտանգությունը։ ԵՄ-ն գրեթե մեկ տարի առաջ դիտորդական առաքելություն է ուղարկել Հայաստան։ Շեշտում եմ, որ դրանք քաղաքացիական դիտորդներ են։ Որովհետեւ մեր ռուս ընկերները հաճախ իրականությանը չհամապատասխանող գնահատականներ են տալիս այդ առաքելության առաջադրանքների բնույթի եւ տեսակի վերաբերյալ։

Պետք չէ մոռանալ, թե ինչու է այդ առաքելությունը հայտնվել այնտեղ։ Այն հայտնվեց այն բանից հետո, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա 2020 թվականի սեպտեմբերին։ Գնդակոծվեց ավելի քան 30 բնակավայր։ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքը։ Բայց մենք Մոսկվայից այդ գործողությունների դատապարտում չլսեցինք։ Դաշնակիցներն իրենց այդպես չեն պահում։

ԵՄ շատ անդամներ կարող են հետեւել Ֆրանսիայի օրինակին եւ սկսել ռազմական համագործակցությունը Երեւանի հետ՝ որովհետեւ դա ներդրում է տարածաշրջանի ապագայում: Ռազմական հավասարակշռության վերականգնումը, իմ կարծիքով, միակ երաշխիքն է, որ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը չի հարձակվի Հայաստանի վրա։

Բելառուսի եւ Ադրբեջանի հարաբերությունները

Պետք չէ միջազգային հարաբերությունների մեծ մասնագետ լինել՝ անզեն աչքով տեսնելու համար, որ, օրինակ, Բելառուսի առաջնորդի եւ Բաքվի բռնապետի հարաբերությունները շատ ջերմ են։ Եվ միջպետական հարաբերությունները, որոնք կախված են առաջնորդների հարաբերություններից, ավելի ջերմ ու բարեկամական են, քան Լուկաշենկոյի վերաբերմունքը Հայաստանի ղեկավարության նկատմամբ։ Լուկաշենկոն պարբերաբար քննադատում է այն այս կամ այն պատճառով։ Կարծում եմ՝ Լուկաշենկոն այն մարդը չէ, ով կարող է իրեն թույլ տալ քննադատել իմ իշխանություններին։

Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները հանձնվել են խաղաղապահների թողտվությամբ

Ռուբեն Վարդանյանին առեւանգել են, ԼՂ նախկին բոլոր ղեկավարները Ռուսաստանի պաշտպանության ներքո են եղել: Նրանք Ադրբեջանին փոխանցվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի թողտվությամբ:

Վարդանյանը փորձել է մեկնել Հայաստան: Նրան կանգնեցրել եւ ապօրինի առեւանգել են Լաչինի միջանցքից, որի անխափան գործունեությունը պարտավոր էր ապահովել ռուսական կողմը։ Իսկ մյուս նախկին ղեկավարները բառացիորեն Ադրբեջանին են հանձնվել Լեռնային Ղարաբաղի օդանավակայանում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից։ Նրանք գտնվել են օդանավակայանի ռուսական բազայում եւ գտնվել են ռուսական պաշտպանության ներքո։

«Ռուսներին բացատրել Ռուսաստանի շահերը»

Հայաստանում մի ասացվածք կա. «Նորից պետք է սկսել ռուսներին բացատրել Ռուսաստանի շահը». Ոչ, մենք չենք ուզում դա անել: Անշնորհակալ գործ է։

Մենք չենք ուզում կորցնել միմյանց. Մենք ոչինչ չենք արել Ռուսաստանին որպես բարեկամ կորցնելու համար։ Մինչեւ հիմա ամեն ինչ անում ենք, որպեսզի Ռուսաստանը լինի մեր հավատարիմ բարեկամը։ Եվ ես շատ կուզենայի, որ այն մարդիկ, որոնք Մոսկվայում ամեն շաբաթ իրենց ելույթներով, հարցազրույցներով, ասուլիսներով սրում են իրավիճակը, վիրավորում են Հայաստանին՝ մեղադրելով թշնամանքի մեջ, ասեին. «Մենք պատրաստ ենք օգնել ձեզ, ահա մեր ճանապարհային քարտեզը»:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին