ԱՄՆ եւ Իրանի ուղիղ բախումն ավելի հավանական է դառնում - Mediamax.am

7669 դիտում

ԱՄՆ եւ Իրանի ուղիղ բախումն ավելի հավանական է դառնում


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք ամերիկացի քաղաքագետ, Eurasia Group-ի նախագահ Իեն Բրեմերի հոդվածի հայերեն թարգմանությունը:

Իեն Բրեմեր

Ինչպես ես եւ «Եվրասիական խմբի» գործընկերներս կանխատեսել էինք «2024 թվականի գլխավոր ռիսկերը» զեկույցում, Մերձավոր Արեւելքում պատերազմը շարունակում է ընդլայնվել։ Մենք նշել էինք, որ հակամարտությունն անխուսափելիորեն կտարածվի Գազայի սահմաններից դուրս եւ կարող է վերածվել ավելի լայն տարածաշրջանային հակամարտության, քանի որ չափազանց շատ խաղացողներ եւ փոփոխականներ կան, որոնք ԱՄՆ-ն զսպելու հնարավորություն չունի:

Մենք տեսնում էինք, թե ինչպես է այս ռիսկը դրսեւորվում Եմենի հութիների կողմից Կարմիր ծովում առեւտրային նավերի վրա շարունակվող հարձակումներում, ինչպես նաեւ Իրաքում եւ Սիրիայում Իրանի կողմից աջակցություն ստացող զինյալների կողմից հոկտեմբերի 7-ից ի վեր տարածաշրջանում ԱՄՆ-ի օբյեկտների վրա իրականացված ավելի քան 150 հարձակումներում։ ԱՄՆ-ն մինչ այժմ չի կարողացել զսպել այդ գործողությունները, չնայած դիվանագիտական խիստ  նախազգուշացումներին, խստացված տնտեսական պատժամիջոցներին, բազմազգ ծովային աշխատանքային խմբի ստեղծմանը եւ նույնիսկ սահմանափակ հարվածներին այդ խմբերի ռազմական ներուժին:

Վաշինգտոնի զսպման ռազմավարությունը մասամբ ձախողվել է այն պատճառով, որ իրանական պրոքսիները (այսպես կոչված՝ «Դիմադրության առանցքը») օգտվում են Թեհրանի մշտական ռազմական եւ հետախուզական աջակցությունից՝ չնայած համեմատաբար ինքնավար գործելուն եւ ամերիկացիներին դիմակայելուց միայն հեղինակության եւ քաղաքական օգուտներ են տեսնում: Ձախողումը մասամբ պայմանավորված էր նաեւ նրանով, որ Թեհրանը հասկանում է, որ նախագահ Ջո Բայդենն իրականում չի ցանկանում ուղիղ հակամարտություն Իսլամական Հանրապետության հետ (հատկապես ընտրական տարում) եւ, համապատասխանաբար, գործելու ավելի մեծ ազատություն է տալիս իր պրոքսիներին՝ չվախենալով Միացյալ Նահանգների հետ լիարժեք պատերազմ սկսելուց, ինչը բացարձակապես չեն ցանկանում նաեւ Վաշինգտոնում։

Լուսանկարը` REUTERS


Այնուամենայնիվ, նրանից բանից հետո, երբ Թեհրանի կողմից հովանավորվող զինյալները անօդաչու թռչող սարքով հարվածեցին Սիրիա-Հորդանան սահմանին տեղակայված ԱՄՆ դիրքերի վրա՝ սպանելով 3 եւ վիրավորելով 40 ամերիկացի զինվորականների, մենք շատ ավելի մոտ ենք հենց այդ տարբերակին: Այս զոհերը նյութականացնում են այն մղձավանջային սցենարը, որից Սպիտակ տունը խուսափում էր ամիսներ շարունակ. հարձակում տարածաշրջանում, որի արդյունքում զոհվում են ամերիկացի զինծառայողներ, եւ Բայդենը ենթարկվում է ինտենսիվ քաղաքական եւ ռազմավարական ճնշման՝ վճռական պատասխան քայլեր ձեռնարկելու համար: Այս ամենից շատ առաջ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներն այս սցենարը ինձ նկարագրում էին որպես «կարմիր գիծ»:

Այնպես որ, վստահ եղեք. Սպիտակ տունը շուտով պատասխան կտա: Հարցն այն է, թե արդյո՞ք նա կարող է դա անել այնպես, որ հաջողությամբ զսպի Իրանին եւ նրա կամակատարներին՝ առանց էսկալացիայի ավելի մահացու պարույր սադրելու: Բայդենի տարբերակները տատանվում են անարդյունավետից մինչեւ ծայրահեղ վտանգավորը: Ավելին, Մերձավոր Արեւելքում ամերիկյան զինվորականների մահը քաղաքական բեռ կդառնա նախագահի համար՝ անկախ նրանից, թե նա ինչպես կարձագանքի։

Այն ժամանակ, երբ Բայդենի  հանրապետական որոշ ընդդիմախոսներ հանդես են գալիս իրանական ուժերի դեմ ուղիղ հարվածների օգտին եւ հիշեցնում Թրամփի վարչակազմի կողմից 2020 թվականին Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը, ես ակնկալում եմ, որ ԱՄՆ-ի գործողությունները կլինեն աստիճանական, յուրաքանչյուր քայլն՝ ավելի ագրեսիվ եւ նպատակաուղղված ուժեղացնել ճնշումը Իրանի վրա՝ միաժամանակ նվազագույնի հասցնելով լայնածավալ էսկալացիայի ռիսկերը։

Լուսանկարը` REUTERS


ԱՄՆ-ի նախնական պատասխանը կներառի ավելի հաճախակի եւ ագրեսիվ հարվածներ Սիրիայում եւ Իրաքում գրոհայինների դեմ՝ թիրախավորելով ավելի մեծ եւ զգայուն օբյեկտներ, ինչպես նաեւ այդ խմբավորումների հետ կապն իրականացնող Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչների դեմ: Թեեւ Իրանի տարածքի վրա ուղղակի հարձակումներն ավելի քիչ հավանական են, չեմ զարմանա, եթե ԱՄՆ-ն հարձակվի նաեւ երկրի սահմաններից դուրս տեղակայված Իրանի ռազմածովային եւ հետախուզական օբյեկտների վրա:

Մեկ այլ ճակատ, որի վրա պետք է ուշադրություն դարձնել, ԱՄՆ պատժամիջոցներն են իրանական նավթի արտահանման վերաբերյալ: Սակայն այստեղ Բայդենը քիչ բան կարող է անել՝ առանց այլ տարածաշրջաններում դիվանագիտական եւ տնտեսական լուրջ կորուստներ կրելու:

Արդյո՞ք այդ միջոցները բավարար կլինեն Իրանի պրոքսիների կողմից ամերիկյան օբյեկտների վրա հարձակումները կանխելու համար: Միգուցե դա կստիպի նրանց ավելի ընտրողական լինել թիրախներ ընտրելու հարցում։ Բայց ավելի հավանական է, որ Իրաքում եւ Սիրիայում զինյալները «կմարսեն» ԱՄՆ-ի առաջիկա հարվածները եւ կակտիվացնեն իրենց հարձակումները ամերիկյան թիրախներին մոտակա շաբաթների ընթացքում:

Լուսանկարը` REUTERS


Երբ պարզ դառնա, որ նախնական պատասխանը չկարողացավ զսպել (կամ հրահրել) Իրանի աջակցությամբ ձեռնարկվող հետագա հարվածները, Բայդենն այլ ելք չի ունենա, քան անցնել այնպիսի գործողությունների, ինչպիսիք են հարվածները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարներին, իրանական ռազմական օբյեկտներին եւ, ամենադաժան սցենարի դեպքում, իրանական նավթի գնման նյութական սահմանափակումները: Այս գործողություններից որեւէ մեկը կառաջացնի Իրանի ուժեղ արձագանքը եւ երկրներին կմոտեցնի ուղիղ առճակատման։

Իհարկե, դեռեւս կան հիմնավոր պատճառներ, թե ինչու չպետք է ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ լիարժեք պատերազմ ակնկալենք։ Դրանցից ամենակարեւորն այն է, որ ոչ ամերիկացիները, ոչ էլ իրանցիները տոտալ առճակատում չեն ցանկանում։ Իրանցիները նաեւ չեն ցանկանում փչացնել հարաբերությունները Պարսից ծոցի երկրների հետ, որոնց հետ նրանք այժմ ֆունկցիոնալ կապեր ունեն երկար տարիների սառը (երբեմն էլ՝ թեժ) պատերազմից հետո:

Լուսանկարը` REUTERS


Այնուամենայնիվ, որքան մոտենում ենք ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ պատասխան հարվածներին, այնքան ավելի մեծ է դժբախտ պատահարների, սխալ հաշվարկների եւ ոչ միտումնավոր էսկալացիայի հավանականությունը։

Որքան էլ որ անհավանական թվա, այս պահին դեէսկալացիայի ամենահավանական ուղիրն բեկումն է Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հրադադարի շուրջ բանակցություններում: Իրանի հետ կապված զինյալների մեծ մասը ասում է, որ իրենց հարվածները Գազայի հատվածում պաղեստինցիների ծանր վիճակին համերաշխություն ցույց տալու միջոց են: Դա խոսում է այն մասին, որ Գազայում մարտերը դադարեցնելու ջանքերը կարող են օգնել զսպել կոնֆլիկտի տարածումը այլ տեղերում։

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին