Նարեկ Նիկողոսյան. Պատերազմ տեսած ու կռիվ տված զինվորը - Mediamax.am

exclusive
12244 դիտում

Նարեկ Նիկողոսյան. Պատերազմ տեսած ու կռիվ տված զինվորը


Նարեկ Նիկողոսյանը
Նարեկ Նիկողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է ներկայացնել 2016թ.-ի ապրիլի լույս 2-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկած նախահարձակ գործողության ու ապրիլյան պատերազմի մասնակիցների պատմությունները: Այսօր ներկայացնում ենք ՊԲ հյուսիսարեւելյան ուղղության N զորամասի զինծառայող, շարքային Նարեկ Նիկողոսյանին:

***

Ապրիլի լույս 2-ի գիշերը դիրքում մարտական հերթապահության էի: Հակառակորդը դիվերսիոն փորձ կատարեց մեր ուղղությամբ, կանխեցինք ու հետ մղեցինք նրանց, դրանից հետո հրետանին սկսեց աշխատել մեր դիրքի ու ողջ ուղղության վրա:

Լուսաբացին էլ շարունակում էին ծանր տեխնիկա կիրառել: Վաղ առավոտյան նկատեցինք, որ նրանց դիրքերից չորս ուղղաթիռ առաջ են գալիս. միջդիրքային հատվածում դիրքավորվեցին եւ սկսեցին կրակել մեր դիրքերի ու Թալիշի վրա:
Մեր զորքին հաջողվեց խոցել ուղղաթիռներից մեկը, որից հետո մյուս երեքը իջան ու հետ քաշվեցին:

***

Մեր դասակի հրամանատարը, նկատելով, որ հակառակորդը բացահայտ հարձակում է սկսում մեր դիրքի վրա, խնդիր տվեց բացազատել մեր պաշտպանության տարածքը` շարունակելով կռիվը:

Այդ ընթացքում դասակի հրամանատար Մերուժան Ստեփանյանը եւ մեր երեք ընկերները` Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանն ու Վիկտոր Յուզիխովիչը զոհվեցին:

Ես եւ երկու տղա վիրավորվեցինք, որից հետո նահանջեցինք հարեւան դիրք ու որոշ ժամանակ շարունակեցինք մարտը, մինչ մեզ օգնություն եկավ: Դրանից հետո ինձ իջեցրեցին հոսպիտալ, քանի որ ոտքից վիրավորվել էի:

***

Մենք պատրաստ էինք կռվին: Մեր տղաները մի ակնթարթ անգամ չեն մտածել կամ վարանել. մենք գիտեինք, թե ինչի համար ենք կռվում ու ինչ ենք ուզում, հիմա ավելի լավ գիտենք: Թշնամուց մեր ուզածը մեկն ա` չմոտենալ մեր ունեցածին, մենք պահում ենք այն, ինչ մերն է ու դա կանենք արյան գնով, ոնց արեցին մեր ընկերները:

Թշնամին ոչ մի օգուտ չունեցավ իր ձեռնարկածից: Ճիշտ է, մեր հենակետը կարողացան մի քանի ժամով վերցնել, քանի որ մենք ստիպված էինք հետ քաշվել, բայց թիկունքից օգնության հասած զորքին հաջողվեց շատ արագ հետ վերցնել այն:

Մենք սկզբում էլ չէինք թողի մեր դիրքը, եթե այդքան կորուստ չունենայինք ու մենք էլ չվիրավորվեինք…

***

Մեր վրա գրոհի եկածները կանոնավոր բանակի զինծառայողներ չէին, տարիքով մեծ մարդիկ էին, երկուսի դեմքն ու մորուքը մոտս տպավորվել են… բայց դա զորքի համար նշանակություն չուներ, մեր տղաներն իրենց գործն արել են ու էլի կանեն:
Պատերազմը մեզ դաս տվեց` իրականում հասկանալ, թե ով է մեր թշնամին ու ինչ է կռիվը… իսկ էդ դասը մոռանալ չի լինի, ոչ էլ դրա հետեւանքը, ինչը ամեն պահ պատրաստ ենք կանխել:

Մեդիամաքս

/>




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին