Արմենակի, Ռոբերտի, Քյարամի ու Անդրանիկի վրեժը լուծած հետախույզը - Mediamax.am

exclusive
115128 դիտում

Արմենակի, Ռոբերտի, Քյարամի ու Անդրանիկի վրեժը լուծած հետախույզը


Մայոր Գարիկ Մնացականյանը (անունը փոխված է)
Մայոր Գարիկ Մնացականյանը (անունը փոխված է)

Լուսանկարը` Մեդիամաքս

116 մարտական դիրքը
116 մարտական դիրքը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սպանված ադրբեջանցի հատուկ ջոկատայինը
Սպանված ադրբեջանցի հատուկ ջոկատայինը

Լուսանկարը` PAN Photo


Արցախի հյուսիսարեւելյան հատվածի N զորամասի հետախուզության պետ, մայոր Գարիկ Մնացականյան (անունը փոխված է-հեղինակ): 2016 թվականի ապրիլի լույս 2-ի վաղ առավոտյան մասնացել է 116 մարտական դիրքը վերադարձնելուն: Սա այն դիրքն է, որտեղ հերոսի մահով ընկել էին կապիտան Արմենակ Ուրֆանյանը, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը, գնդացրորդներ Քյարամ Սլոյանը եւ Անդրանիկ Զոհրաբյանը:

Մեդիամաքսին տված հարցազրույցում հետախույզը պատմել է 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվա ընթացքում հակառակորդի ձեռնարկած գրոհի եւ դիրքը հետ բերելու գործողության մասին:

***

Ապրիլի լույս 2-ի գիշերը, նկատելով հակառակորդի ակտիվությունը, վերադաս հրամանատարության համաձայնությամբ, իմ ենթակայության տակ գտնվող հետախուզական վաշտը բերել եմ մարտական առաջին աստիճանի պատրաստության:

Հակառակորդի կողմից ձեռնարկած հրետանային հարվածների եւ մարտական դիրքերից մեկի վրա ձեռնարկած բացահայտ գրոհի ընթացքում եղել եմ օպերատիվ խմբի ավագ եւ տեղյակ եմ եղել բոլոր միջոցառումներին, մշտական կապի մեջ եմ եղել 116 դիրքում գտնվող կապիտան Արմենակ Ուրֆանյանի հետ:

Մայոր Գարիկ Մնացականյանը (անունը փոխված է) Մայոր Գարիկ Մնացականյանը (անունը փոխված է)

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարտը ղեկավարվել է ըստ անհրաժեշտության: Հակառակորդի գրոհը կասեցման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականցվել են տղաների կողմից: Երկու գրոհ տղաները կասեցրեցին ու հետ մղեցին հակառակորդին, բայց երրորդ փորձի ժամանակ, որը բերեց ուժերի ու տեխնիկայի գերակշիռ ճնշման, զոհվեցին կապիտան Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը, տղաներից երեքին հաջողվեց հետ քաշվել ու սպասել թիկունքից օգնության եկող խմբին, իսկ Ռոբերտ Աբաջյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը շարունակեցին մարտը:

Այդ ընթացքում հակառակորդը ներխուժեց մեր դիրք: Աբաջյանն ու Զոհրաբյանը վիրավորվել էին, հասել էին կացարանի մոտ, վիրավոր Անդրանիկ Զոհրաբյանն արնահոսությունից մահացել էր: Սերժանտ Աբաջյանը դիրքավորվել է մարտական խրամախորշում ու շարունակել կռիվը` միաժամանակ հեռախոսային կապի մեջ մնալով գումարտակի հրամանատարի հետ ու հաղորդելով իրավիճակի մասին: Տեսնելով իրեն մոտեցող խմբին` Աբաջյանը կրկին կապի է դուրս եկել ու ասել, որ վերջին նռնակի օղակն արդեն հանել ու պատրաստ սպասում է` հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց…

***

Առավոտյան ժամը 6-ի սահմաններում հրամանատարի կողմից խնդիր եմ ստացել անձամբ լինել այնտեղ: Գործակցելով տանկային դասակի հետ` զորամասի հետախուզական վաշտի ստորաբաժանման ուժերով հասել ենք տեղ ու Էդիկ Մալոյանի խմբի հետ դուրս «հրավիրել» հակառակորդին մեր տարածքից:
116 մարտական դիրքը 116 մարտական դիրքը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հակառակորդն այդ ընթացքում հրետակոծում էր տարածքը: 4-5 կիլոմետր երկարությամբ ճանապարհը անցանք գյուղի մեջով, միաժամանակ փորձելով պաշտպանվել հրետանու հարվածներից:

Աբաջյանի զոհվելուց մոտ երեսուն րոպե հետո մենք հասանք դիրք: Հակառակորդի հատուկ ջոկատայինների մի մասն արդեն լքել էին տարածքը, իսկ մյուս մասը դիրքում փորձում էր տեղավորել իր բանակի զինծառայողներին:

Մեր դիրքում տեղավորվել փորձող հակառակորդն այդ պահին մեր կողմից հակագրոհի չէր սպասում, սակայն տեխնիկական առումով պատրաստ էր մարտին:

Մարտը տեւել է մոտ 30 րոպե: Թշնամուն հետ շպրտելուց ու դիրքում ամրանալուց որոշ ժամանակ անց մեր հետախուզական վաշտի անձնակազմը հակառակորդի եւս մեկ գրոհ է կասեցրել, որը կրկին ձեռնարկվել էր նրանց հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից: Դրան հաջորդել է մեր ուղղությամբ շուրջ տասը ժամ տեւած հրետակոծությունը, բայց չթողեցինք, որ մոտենան դիրքին:

***

Մեր կատարած ուսումնասիրությունների համաձայնˋ վայրենությունները, որ մեր դիրքում կատարել էին հակառակորդի հատուկ ջոկատայինները, եղել էին գրոհի ընթացքում: Պետք է եւս մեկ անգամ շեշտեմ, որ դիրքը գրոհել էին ոչ թե Ադրբեջանի կանոնավոր բանակի զինծառայողները, այլեւ պայմանագրային ու վարձական հիմունքով մարտի մեջ մտցված անձնակազմը:
Սպանված ադրբեջանցի հատուկ ջոկատայինը Սպանված ադրբեջանցի հատուկ ջոկատայինը

Լուսանկարը` PAN Photo


Միաժամանակ հպարտությամբ պետք է նշեմ, որ ոչ միայն մեր, այլեւ շփման գծի մյուս ուղղություններում 18-20 տարեկան հայ զինծառայողները կարողացել էին մեծ վնաս պատճառել հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումներին ու տեխնիկային:

Վերոնշյալ դիրքի վրա կատարած առաջին երկու գրոհի ժամանակ, երբ  փորձում էր ճեղքել մեր պաշտպանությունը, հակառակորդը մեծ թվով կորուստ էր ունեցել, ինչի համար էլ վերջում նման վայրագությունների էր դիմել…

***

Խոնարհվում եմ այն զինծառայողների շիրիմներին, ովքեր հակառակորդի հինգից ավելի անգամ գերազանցող, լավ պատրաստված ու հատուկ նշանակության ստորաբաժանումներին կարողացել են այդչափ վնաս հասցնել ու պահել մեր հողըˋ այն սրբագործելով իրենց թափված արյամբ ու կիսատ թողած երազանքներով, որը շարունակելը մեր պարտքն է…

Մեդիամաքս

/>




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին