Իսպանացի գրող, լրագրող, քաղաքական գործիչ Վիսենտե Բլասկո Իբանյեսի «Սեր եւ մահ» ժողովածուի մասին զրուցել ենք թարգմանչի՝ ԵՊՀ դասախոս, բ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Պետրոսյանի հետ։
Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը։
-«Սեր եւ մահ» ժողովածուն կազմե՞լ եք, թե թարգմանել նույնությամբ։ Եվ առհասարակ, ինչպե՞ս է կատարվել հեղինակի ընտրությունը։
- Ժողովածուն թարգմանել եմ նույնությամբ, այսինքն՝գիրքը կազմված, թարգմանված չէ՝ ելնելով իմ՝ զուտ թարգմանչի գրական ճաշակից, թեեւ շնորհակալ եմ մտահղացման համար, քանի որ Իբանյեսն իսպանացի այն գրողներից է, որի ստեղծագործություններից հաստատ արժե ընտրանի կազմել եւ հրամցնել ընթերցասեր հասարակությանը:
Ինչ վերաբերում է հեղինակի եւ գրքի ընտրությանը, ապա շատ բան չի փոխվել, իմ սիրելի հրատարակչությունն ինձ՝ որպես թարգմանչի, որը մշտապես լավ գրականության փնտրտուքներում է, այս անգամ էլ հնարավորություն ընձեռեց ընտրելու թե՛ գրողին, թե՛ թարգմանվելիք գիրքը/ստեղծագործությունները, իսկ ընտրել եմ հենց Վիսենտե Բլասկո Իբանյեսին, որովհետեւ նրան հայ ընթերցասեր հասարակությունը լավ չէր ճանաչում: Նա բավական հայտնի եւ սիրված գրող է Իսպանիայում եւ իր ուրույն հետքն է թողել իսպանական գրականության վրա:
-Ի՞նչ կասեք գրողի լեզվի, ոճի եւ թարգմանության ընթացքի մասին։
- Չի կարելի ասել, որ Իբանյեսը «ամենահեշտ թարգմանվողներից» է, թեեւ թարգմանության ընթացքը բավականին սահուն է անցել: Թարգմանական մարտահրավերները շատ չէին, իսկ հիմնական խութերը պայմանավորված էին ածական-մակդիրների առատությամբ, երբեմն էլ դրանց երկիմաստությամբ: Նույնիսկ հիմա, երբ գրքի ծնունդն այլեւս իրականություն է եւ շոշափելի, հատվածներ կան, որ ընթերցելիս ինքս ինձ հարց եմ տալիս՝ արդյոք կկարողանայի՞ նորից նույնչափ գեղեցիկ եւ բնագրին համահունչ թարգմանություն իրականացնել, որովհետեւ իսկապես հեշտ թարգմանվող հեղինակներից չէ:
Լուսանկարը` «Անտարես»
Հատկապես տպավորված էի «Կատաղությունը» պատմվածքի թարգմանության ժամանակ, երբ ի զարմանս եւ հուրախություն ինձ հանդիպեցի իսպաներեն mare բարբառային բառին, որի համարժեքը հայերենում նույնպես բարբառային մարե բառն է, այսինքն՝ մայր բառի կոչական ձեւը «Տղան ծիծաղեց խեղճ կնոջ վախերի վրա. «Լռի՛ր, մարե, լռի՛ր»»։
- «Լունա Բենամոր» վիպակը Ջիբրալթարի, ինչպես նաեւ հրեա ժողովրդի կենցաղը, ավանդույթներն ու պատմությունն է ներկայացնում։ Հիմքում սիրո պատմությունն է։ Ի՞նչն է առաջնայինը վիպակում։
-«Լունա Բենամորը» կարճ, սակայն, ըստ իս, փայլուն պատմվածք կամ վիպակ է, որը գրվել է Առաջին համաշխարհային պատերազմից տարիներ առաջ: Վեպի հիմքում այն ժամանակների համար չափազանց արդիական համարվող հակասեմականությունն է՝ չմոռանանք, որ մեծ թվով հրեաներ պատմամշակութային կապեր ունեն Պիրինեյան թերաղզու հետ: Հրեաները հաշտ եւ խաղաղ ապրում էին Իսպանիայում մինչեւ 15-րդ դարի ավարտը, երբ քրիստոնեության տարածմանը զուգահեռ իսպանացիները սկսեցին հալածել եւ վտարել նրանց: Վիպակում մենք այդ ցավագին ապրումների ականատեսն ենք դառնում հատկապես Լունայի պապի զրույցների ընթացքում, Լունայի եւ երիտասարդ հյուպատոսի երկխոսությունների միջոցով:
- Լուիս Ագիռեն «թափառական է մասնագիտության բերումով», Լունան պատկանում է մի ժողովրդի, որ «թափառական կյանք է վարել առաջ եւ հիմա»։ Ագիռեն փորձում է ընդհանրության եզրեր գտնել, ի վերջո, նրանց միացնում է սերը։ Բայց հեղինակը կարծես ցույց է տալիս որքան անհնար է նրանց միությունը։ Կարո՞ղ ենք պատկերացնել այլ ելք պատմության։
-Ագիռեի եւ Լունայի «թափառականությունները» իրենց բնույթով լիովին տարբեր իրականություններ են: Մեկը, ինչպես իրավացիորեն նշեցիք, «թափառական է մասնագիտության բերումով», քանի որ այդպիսին է դիվանագետի՝ հյուպատոսի գործունեությունը: Մյուսը «թափառական» ի բնե, քանզի թափառականությունն այդ շրջանում նրա ժողովրդի հիմնական բնորոշիչն է: Ցանկացած պատմություն, ինչպես եւ այս մեկը, կարող է ունենալ տարբեր ելքեր, սակայն կարեւոր է, անշուշտ, հեղինակի նպատակադրումը:
Ռուզաննա ՊետրոսյանըԼուսանկարը` անձնական արխիվ
Արդյո՞ք նա ուզում էր ցույց տալ այդ երկուսի սիրո եւ միասնության անհնարինությունն ու դրանց միաբանման խոչընդոտներն ու պատճառները՝ դրանով իսկ վերհանելով երկու ժողովուրդների իրականում ունեցած խնդիրները, թե՞ պարզապես նպատակ ուներ հյուսելու տխուր, անավարտ սիրո մի չտեսնված գեղեցիկ պատմություն: Ինչ էլ որ լինի, Իբանյեսին հաջողվել է միայն իր գրականությանը բնորոշ հատընտիր ածական-մակդիրներով, գտնված բառերով, բանաստեղծական պատկերներով եւ անսահման գեղեցիկ թախիծով լի սիրային երկխոսությունների միջոցով ներկայացնել սիրային մի իսկական ողբերգություն:
- Լունայի հաստատակամությունը հավատարմությա՞ն, սկզբունքայնությա՞ն, թե՞ քարացած մտածողության արդյունք է։ Նաեւ տեսնում ենք՝ ինչպես է ժողովրդի պատմությունը, վերապրումները, միջազգային ու աշխարհաքաղաքական հակամարտությունները դրոշմ թողնում սերունդների մտածողության ու ճակատագրի վրա։ Եվ արդյոք մեզ հետ աղերսներ չունի՞ պատմությունը։
- Ըստ իս՝ Լունայի հաստատակամությունը եւ՜ իր ժողովրդի հանդեպ հավատարմության եւ սկզբունքայնության, եւ՜ քարացած մտածողության արդյունք է, որոնց աղջիկը զոհաբերում է ոչ միայն իրեն, այլեւ երիտասարդ սիրահար Ագիռեին եւ իրենց սերը: Չմոռանանք, որ վիպակի հիմքում ընկած հակասեմականության գաղափարը պարզապես միֆ չէ, այլ իրականության արտացոլում: Հետեւաբար միջազգային եւ աշխարհաքաղաքական հակամարտությունները չեն կարող իրենց ազդեցությունն ու դրոշմը չթողնել ժողովուրդների մտածողության եւ ճակատագրի վրա:
Փորձենք պատկերացնել հայ եւ թուրք/ադրբեջանցի աղջիկ տղայի միջեւ սիրային հարաբերություն կամ սիրո պատմություն: Առավել քան վստահ եմ, որ երկու ժողովուրդների մեջ գրեթե չի գտնվի մեկը կամ մի քանիսը, ովքեր կօրհնեն այդ միությունը կամ գոնե մարդկային կհամարեն, այնպես որ այդ առումով աշխարհում շատ բան չի փոխվել:
- «Սեր եւ մահ». գրքի վերնագիրը համանուն պատմվածքից է։ Այս պատմվածքի փիլիսոփայական մտորումները կարո՞ղ ենք ասել, որ կյանքի թերեւս ամենակարեւոր երեւույթների մասին են։
-Անշուշտ: Առհասարակ մարդն իր գոյության ամբողջ ընթացքում ապրում է երկու սարսափի սահմանագծին՝ մենության եւ մահվան, եւ միայն սերն է, որ թեկուզ ժամանակավորապես, բայց եւ այնպես, մեր ներսում լռեցնում, խեղդում է այդ երկուսին: Եվ այո, ուզենք, թե ոչ, մենք ձգտում ենք սիրել, սիրահարվել մեկին նախեւառաջ մեր ներսի հավերժական մենությունը լցնելու համար, եւ մահից չենք վախենում եւ չենք մտածում այդ մասին, քանի դեռ սիրում ենք, եւ ընդհանրապես, իրար համար մեռնել պատրաստ են միայն սիրահարները:
- «Այն ի՞նչն է, որից կյանքի ընթացքում մենք ՝ մարդիկս, վախենում ենք՝ ձգտելով միաժամանակ»․ այս տողերով է սկսվում «Ծերությունը» պատմվածքը։ «Մարդիկ կան, որ երեսուն տարեկանում արդեն անկարողունակ են եւ մեռնում են դանդաղ։ Փոխարենը՝ ութսուն տարեկանները վայելում են ապրելու սուրբ բերկրանքը։ Մարկեսի խոսքերը հիշեցի՝ «Տարիքն ապրածդ տարիները չեն, այլ այն, թե ինչ ես զգում»:
-Ես էլ ակամայից Մարկեսին հիշեցի: Հիրավի, տարիքն ապրածդ տարիները չեն, այլ այն, թե ինչ ես զգում: Բայց կա մի բան, որն անդրդվելի է. որքան էլ փորձենք ապավինել մարկեսյան հայտնի ձեւակերպմանը, որքան էլ փորձենք ծերությունը դրական լույսի տակ դիտարկել, միեւնույն է, երիցս իրավացի է Իբանյեսը՝ ասելով, որ ծերությունը թուլության, տապալման նշան է, մունետիկ, որը հայտնում է մոտալուտ վախճանի, կործանման եւ ոչնչի մասին:
- «Մայր հողը» պատմվածքում ասվում է, որ ապշելու երեւակայության տեր է հաց հայտնագործողը։ Ի՞նչ կասեր Իբանյեսն այսօր։ Այսօր երեւակայությունները ոչ թե տանում են դեպի մայր հող, այլ շատ հաճախ կտրում նրանից։
- Իբանյեսի կարծիքով՝ մեծագույն գովեստի եւ դրվատանքի խոսքեր պետք է հղել ոչ թե ժամանակակից սարքեր, մեխանիզմներ ստեղծող գյուտարարներին, որոնք իրենց հայտնագործություններով ոչ կարողացան երկարացնել մարդկանց կյանքը, ոչ ավելի երջանիկ դարձնել մարդուն, եթե չասենք, որ պարզապես ավելի հարմարավետ դարձրին նրա կյանքն ու կենցաղը, այլ Մայր հողի մեջ ցորենի հասկ ցանողին, հնձողին, ցորենից հաց սարքողին, որի ստեղծագործ եւ սուրբ արարման շնորհիվ ծնվեց սերը, ծնվեցին ընտանիքներ եւ չորքոտանու պես գազանաբարո ապրող մարդը հղկվեց, մեղմացավ եւ մարդկայնացավ: Ակամայից հիշեցի նաեւ Ֆեդերիկո Գարսիա Լորկային եւ նրա պիեսներից մեկի գլխավոր հերոս խավարասերներին, որոնք մարդուց ավելի շատ ու ավելի մաքուր սիրել գիտեին, քանզի ամուր կպած էին հողին, նաեւ նրա հերոսուհի Երմային, որը երբ չէր կարողանում հղիանալ, տեղի մեծերը խորհուրդ էին տալիս հողի վրա բոկոտն շատ քայլել, որպեսզի մայր հողին բաց ոտքերը հաճախ դիպչեն, եւ շուտ հղիանա:
Արմինե Սարգսյան












