«Ծովափում». Շունչը պահած պատմությունը եւ «կիսաեփ» սեռական տեսարանները - Mediamax.am

Փետրվար 14, 2026
exclusive
160 դիտում

«Ծովափում». Շունչը պահած պատմությունը եւ «կիսաեփ» սեռական տեսարանները


«On Chesil Beach» ֆիլմի պաստառը
«On Chesil Beach» ֆիլմի պաստառը
Արտաշես Էմինը
Արտաշես Էմինը

Լուսանկարը` անձնական արխիվ

Իըն Մքյուըն գիրքը
Իըն Մքյուըն գիրքը

Լուսանկարը` «Ակտուալ արվեստ»


«Նրանք երիտասարդ էին, կրթված, եւ երկուսն էլ՝ կույս, հարսանեկան այս գիշերը՝ ապրելով մի ժամանակաշրջանում, երբ սեռական խնդիրների մասին զրուցելը պարզապես անհնար էր»։ Այս տողերով է սկսվում բրիտանացի գրող Իըն Մքյուընի «Ծովափում» վիպակը։ 

Գիրքը լույս է ընծայել «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը՝ Արտաշես Էմինի թարգմանությամբ։ 

«Առաջին կամ երկրորդ կուրսի ուսանող էի, երբ Մքյուընի «Ցեմենտ այգին» կարդացի։ Շատ տպավորվել էի՝ համոզվելով, որ առաջնակարգ գրող է։ Հետո մոռացել էի դրա մասին։ 

«Քավություն» ֆիլմը թարմացրեց հիշողությունս։ Նրա վեպերի մեծ մասը էկրանավորված է, ներառյալ՝ այս վիպակը,- Մեդիամաքսի հետ զրույցում ասել է Արտաշես Էմինը՝ նշելով, որ «Քավությունը» այն եզակի ստեղծագործություններից է, որ կինոյի փոխադրվելիս չի տուժել։

Արտաշես Էմինը Արտաշես Էմինը

Լուսանկարը` անձնական արխիվ


«Ֆիլմի դիտումը համընկավ իմ թարգմանելիք գրքերի ցանկի սպառվելու հետ։ Ընտրությունը երկու գործի միջեւ էր՝ «Ամստերդամ» եւ «On Chesil Beach»։ Քանի որ լողափի անունը հայ ընթերցողին ոչինչ չէր ասի, թարգմանեցի «Ծովափում»։ Այդ գործը նախընտրեցի, քանի որ ավելի հանդարտ է ու պակաս վիճելի, չնայած ոմանք, իհարկե, կհամարեն, որ վիճահարույց է»։ 



Երկու հերոսներից մեկը՝ Էդվարդը, ծնվել է 1940-ի հունիսին՝ Բրիտանիայի ճակատամարտի մեկնարկի օրը։ Հետագայում հայրը՝ Լայընելը, նրան ասում է, որ ամռան առաջին երկու ամսվա ընթացքում պատմությունը շունչը պահել էր, քանի դեռ պարզ չէր՝ Էդվարդի առաջին լեզուն գերմաներե՞ն է լինելու, թե՞ ոչ։ Վիպակում Էդվարդի ու Ֆլորենսի պատմությանը զուգահեռ հեղինակը անդրադառնում է պատմական կարեւորագույն իրադարձությունների, ժամանակակից կյանքի հիմնախնդիրներին։ 

Արտաշես Էմինի խոսքով՝ դա Մքյուընին բնորոշ գիծ է, ինչը շատ ավելի ցայտուն երեւում է «Քավություն» վեպում։ 


22 տարեկան Ֆլորենսը կասկած չուներ, որ ցանկանում էր մնացած կյանքն անցկացնել Էդվարդ Մեյհյուի հետ։ Սակայն ամուսնական կյանքի հաջորդ օրն իսկ քայլերն ուղղելու էր ծովափ։ Այստեղ նա ինքն իր հետ էր, իր միայնության հետ։ Այստեղ էր որոշվելու կյանքի ընթացքը։ 

Թարգմանիչն ասում է, որ Անգլիայի Դորսեթի ծովափը մեր չափանիշներով ցուրտ ու անհյուրընկալ տեղ է։ Այդ մռայլ, անորոշ տրամադրությունը շարունակվում է մինչեւ պատումի ավարտը։ 

Արդյո՞ք ստեղծված վիճակի պատճառը յուրաքանչյուրի մանկության տրավման չէր (որին հեղինակը մեկի դեպքում բացահայտ, իսկ մյուսի դեպքում հպանցիկ հղում է անում)։ Ֆլորենսը ակնարկում է, որ իրեն թերևս հոգեվերլուծաբան է պետք։ 
Իըն Մքյուըն գիրքը Իըն Մքյուըն գիրքը

Լուսանկարը` «Ակտուալ արվեստ»


«Այն ժամանակ ընդունված չէր հոգեվերլուծաբանների դիմել, այդ բառացանկը նույնիսկ դեռ չկար։ Մքյուընը բավական թափանցիկ ակնարկում է հոր կողմից աղջկա հանդեպ ոտնձգության մասին։ Իր հարցազրույցներից մեկում անթաքույց ասել է դրա մասին։ Տղայի ընտանիքի տիպարն էլ առանձնապես մի բան չէր։Կար նաեւ դասակարգային տարբերություն։ Տղան, այսպես ասած, ուրիշ խավից էր, ինչ-որ առումով՝ անտաշ, բռի․․․»։ 

Հարց է առաջանում՝  ի՞նչ կլիներ, եթե դեպքերը հակառակ ընթացք ունենային, եւ նրանք իրավիճակը հաղթահարեին։ Արտաշես Էմինը նկատում է, որ ժամանակը դարմանող հատկություն ունի, բայց անշնորհակալ գործ է այդպիսի կռահումներ անելը․ «Թե ուզեր մի բան ասել, կասեր գրողը։ Հենց էդ որոշակիության պակասն է ինձ գրավում (նախկինում կոնկրետ, կարճ ու որոշակի բաներ էին դուր գալիս)։ Սահուն ընթերցում ես, բայց հարցերը մնում են, ընդ որում՝ անպատասխան։ Դա լավ գրականության հատկանիշն է»։

 
 Կհետաքրքրի՞ գիրքը մեր ընթերցողին. 

«Բնականաբար, ես նույնիսկ արդեն մի քանի արձագանք եմ ստացել, ասում են՝ ոնց որ մեր կյանքից լիներ։ Փաստորեն նման դեպքեր կան նաեւ մեր իրականության մեջ»:

«Թարգմանության ընթացքը հեշտ էր, որովհետեւ լավ գրող է, միաժամանակ՝ դժվար, քանի որ վիպակը լի է 60-ականների Անգլիայի իրողություններով։ Կամ պիտի համատեքստը երկար-բարակ ծանոթագրես կամ հույս դնես, որ ընթերցողը տնային աշխատանք կանի, կամ էլ, պարզապես, այնքան պերճախոս նկարագրես ժամանակը, որ ինքնին ասելիքը տեղ հասնի։ Դժվար էր նաեւ կիսաեփ սեռական տեսարանները թարգմանելը. հայերեն բնական հնչեցնելը հեշտ գործ չէ, թեև փորձել եմ։ Թող կարդան, տեսնեն, որքանով է հաջողվել», - եզրափակում է Արտաշես Էմինը: 

Արմինե Սարգսյան



Մեր ընտրանին