«Մեր ժողովուրդը երբեք Չարենցի կարիքն այսքան չի ունեցել» - Mediamax.am

Հունվար 24, 2026
exclusive
332 դիտում

«Մեր ժողովուրդը երբեք Չարենցի կարիքն այսքան չի ունեցել»


Արքմենիկ Նիկողոսյանը
Արքմենիկ Նիկողոսյանը

Լուսանկարը` Արքմենիկ Նիկողոսյանի արխիվից

Լուսանկարը` Արքմենիկ Նիկողոսյանի արխիվից

Լուսանկարը` Արքմենիկ Նիկողոսյանի արխիվից


Եղիշե Չարենց երկերի ակադեմիական հրատարակության II հատորում զետեղված են 1915 թվականից մինչեւ «Դեկլարացիա Երեքի»-ն (1922թ. հունիս) եւ Standard-ից (1924թ. մայիս) հետո մինչեւ 1931 թվականը գրված եւ հեղինակի կենդանության ժամանակ հրատարակված պոեմներն ու բալլադները: 

Բնագրերը պատրաստել եւ ծանոթագրել է Արքմենիկ Նիկողոսյանը։ Հատորի խմբագիրը Դավիթ Գասպարյանն է։ 

Լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը` ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Եղիշե Չարենցի տուն-֊թանգարանի և «Անտարես» հրատարակչության միջև կնքված հուշագրի շրջանակում։

Մեդիամաքսը զրուցել է Արքմենիկ Նիկողոսյանի հետ։

- Չարենցի «Երկերի ժողովածուի» ակադեմիական հրատարակության 13 հատորի առաջին հատորը լույս է տեսել 2023-ին, երկրորդն՝ այս տարի։ Հնարավո՞ր է կանխատեսել հետագա հատորների հրատարակման ժամանակացույցը։

-Ամենասկզբում, երբ միայն գաղափարը կար եւ որոշել էինք քանի հատորով է իրականացվելու այս աշխատանքը եւ ինչ բովանդակությամբ, կարծես թե նաեւ հստակ կանխատեսումներ էինք արել, թե որքան ժամանակում կավարտենք աշխատանքը։ Մանավանդ որ՝ գոնե Չարենցի կենդանության օրոք տպագրված գործերի մեծագույն մասն արդեն իսկ ունեցել էին ակադեմիական հրատարակություն, եւ վեցհատորյակի բնագրեր կազմողն ու ծանոթագրողը՝ վաստակաշատ չարենցագետ Ալմաստ Զաքարյանը, ահռելի մեծ աշխատանք էր կատարել։ Բայց նոր ակադեմիականի առաջին իսկ հատորի հետ կապված աշխատանքները սկսելուն պես բազմաթիվ դժվարությունների բախվեցինք։ Ճիշտ է, այն մեծ հաշվով կրկնում էր նախորդ ակադեմիական հրատարակության առաջին հատորի բովանդակությունը՝ որոշ բանաստեղծությունների համալրմամբ, այդուհանդերձ, արդեն իսկ երեւան բերեց խնդիրներ, որոնք էլ ավելի բնորոշ են հաջորդ հատորներին։ Ընդհանուր առմամբ, այդ խնդիրները բովանդակային են, կապված են բառերի հետագա ուղղումների եւ տարընթերցումների հետ, կամ, այլ խոսքով՝ միջամտություն են Չարենցի բնագրին, կետադրական եւ ուղղագրական հարցերի շուրջ, ծանոթագրության սխալներ են, որոնք հետագայում սխալ մեկնաբանությունների առիթ են տվել, պակասող ծանոթագրություններ են կամ ժամանակի գաղափարական ոգով արված ծանոթագրություններ են եւ այլն։ 

Երկրորդ հատորի պատրաստման ընթացքում այս խնդիրներն առավել ընդգծվեցին, եւ դա է պատճառը, որ հստակ ժամկետներ դժվար է մատնանշել։ Երբեք չես իմանա, թե որ հատորը ինչ նոր մարտահրավերների առջեւ կկանգնեցնի։ Մանավանդ որ՝ Չարենցի ստեղծագործական ժառանգությունը մեր աշխատանքներին զուգահեռ հարստանում է նորանոր պատառիկներով։ Կարող եմ ասել միայն այն, որ շատ շուտով հրատարակության կհանձնվի III հատորը, պատրաստ է IV հատորի մեծագույն մասը, V հատորի միայն ծանոթագրական մասն է մնացել, եւ զուգահեռ հնարավոր աշխատանքներ կատարվում են մյուս հատորների վրա։

- II հատորում ընդգրկված բալլադների եւ պոեմների բնագրերը կազմելիս ի՞նչ տեքստերի, աղբյուրների վրա եք հիմնվել։

- Ընդհանրապես ակադեմիական հրատարակություններում բնագրերը կազմելիս նկատի են առնվում նախ՝ պահպանված ինքնագրերը, եւ ապա հեղինակի կենդանության ժամանակ լույս տեսած գրքերը։ Մասնավորապես՝ II հատորի բնագրերը կազմելիս նախեւառաջ հիմք է եղել նախ՝ Չարենցի 1932 թվականի «Երկեր»-ը, նաեւ՝ այդ ժողովածուի՝բանաստեղծի անձնական օրինակը, որում կան բազմաթիվ ուղղումներ եւ փոփոխություններ:Մնացած դեպքերում հիմք ենք ընդունել 1922 թվականին Մոսկվայում հրատարակված «Երկերի ժողովածուի» երկրորդ հատորը, 1927 թվականին Թիֆլիսում հրատարակված պոեմների ժողովածուն, ինչպես նաեւ «Բոլորին, բոլորին, բոլորին (Երեքռադիոպոեմ)» (1920), «Երեք փոքրիկ պոեմ «Լենին» շարքից» (1925) եւ «Չորս բալլադ» (1929) ժողովածուները։ Ցավոք, պահպանվել են միայն «Լենինն ու Ալին» եւ «Սո՛մա» պոեմների ինքնագրերը։

-Ինչո՞վ են պայմանավորված անհարկի միջամտությունները, բացթողումները։ 

- Պատճառները շատ տարբեր կարող են լինել։ Առաջին հայացքից հեշտ է մեղադրական կամ քննադատական խոսքեր հնչեցնել։ Բայց երբ ինքդ ես խորանում տեքստաբանական աշխատանքի մեջ, հասկանում ես, որ երբեմն այդ միջամտություններն ու բացթողումները պատահաբար կարող են ստացվել։ Թեպետ, մյուս կողմից, բնականաբար կան գիտակցված միջամտություններ։ Իհարկե, դրանք միտված են ի շահ բնագրերի ու Չարենցի, բայց երբեմն իսկապես անհարկի են ստացվել։ Խոսքը հատկապես որոշ բառերի այսպես ասած՝ «ուղղման» կամ «սրբագրման» մասին է։ Հատորի տեքստային տարբերություններում եւ ծանոթագրություններում այդ ամենն արտացոլվել է։ 

Լուսանկարը` Արքմենիկ Նիկողոսյանի արխիվից


Ինչ վերաբերում է բացթողումներին, դրանք պայմանավորված են նրանով, որ ժամանակին Ալմաստ Զաքարյանը ձեռքի տակ չի ունեցել բազմաթիվ նյութեր ու աղբյուրներ, որոնք այսօր, բարեբախտաբար, մեզ հասանելի են։ Խոսքը վերաբերում է մանավանդ Չարենցի 1932 թվականի «Երկերի» անձնական օրինակին, որի վրա բանաստեղծը բազմաթիվ էական փոփոխություններ է կատարել հատկապես «Դանթեական առասպել» պոեմի տեքստում։ 

-Խմբագրական խորհրդում պատկառելի վաստակ ունեցող գրականագետներ են ընդգրկված։ Ի՞նչ է ենթադրում մասնագիտական խմբի հետ աշխատանքը, ինչպե՞ս են հարթվում տարակարծությունները։

-Բնականաբար, նրանցից յուրաքանչյուրն իր փորձն ու գիտելիքն է ի նպաստ բերում, յուրաքանչյուրը հաճախ իր պատկերացումն ունի Չարենցին վերաբերող այս կամ այն հարցի նկատմամբ։ Իհարկե, լինում են նաեւ տարակարծություններ, փոքրիկ վեճեր, անհամաձայնություններ, բայց ի սկզբանե բոլորս որդեգրել ենք «Հանուն Չարենցի» սկզբունքը, եւ չենք դավաճանում այդ սկզբունքին, եւ այդ տրամաբանության մեջ էլ հարթվում է ամեն բան։

-Սպասելի՞ են հակադարձումները։ Առհասարակ ի՞նչ արձագանքներ կան հատորի լույս ընծայումից հետո։

- Ճիշտն ասած՝ հատորները բավական հիմնավոր քննարկվում են խմբագրական խորհրդի տարբեր անդամների հետ, հատորների խմբագիր Դավիթ Գասպարյանը շատ ուշադիր է ամեն տառի նկատմամբ, գրականագետ Սեյրան Գրիգորյանի հետ եմ մշտապես քննարկում տարբեր հարցեր եւ նա էլ անչափ շատ է օգնում, մյուսներն էլ։ 

Այնուամենայնիվ, օրինակ՝ առաջին հատորից հետո եղան որոշ քննադատություններ, նաեւ՝ տեղին դիտարկումներ, որոնք հաշվի ենք առել երկրորդ հատորը կազմելիս։

- Ի՞նչ է տալու չարենցագիտությանը «Երկերի ժողովածուի» II հատորը։

-Թերեւս՝ ամենակարեւորը՝ այս հատորում ընդգրկված չարենցյան բնագրերը երբեք այսքան մաքուր, ճիշտ, ստույգ չեն հրատարակվել, որքան այստեղ։ Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Եվ դա հրաշալի հենք է Չարենցի տեքստերի ամենաթաքուն խորքերը առավել համարձակորեն ուսումնասիրելու համար, մանավանդ որ՝ տեքստային տարբերություններն էլ անհամեմատելիորեն շատ են նախորդ հրատարակության համեմատ, եւ ծանոթագրություններն էլ բավական հանգամանալից են ու շատ տեղերում՝ մեկնակետային։

-Պատմական իրադարձությունները, հուշագրությունները, գրականագիտական ուսումնասիրությունները համադրելիս հնարավո՞ր է զերծ մնալ սուբյեկտիվ մոտեցումից։ 

- Դժվար է՝ անկեղծ ասած։ Ամենատարբեր պատճառներով։ Բայց թերեւս ամենաէականը Չարենցի այդպես էլ ամբողջապես չընկալվող կերպարն է։ Ուղղակի անպատկերացնելի մեծություն է նա, եւ դա բերում է տարբեր բարդությունների, այդ թվում՝ սուբյեկտիվության վտանգի։ Ամեն դեպքում՝ ձգտել ենք ամեն ինչ անել դրանից խուսափելու համար։

-Չարենցի կատարած տեքստային շտկումները համեմատելիս՝ պարզվո՞ւմ էր ձեզ համար գրողի ստեղծագործական ընթացքը, կատարած տեքստային փոփոխությունների պատճառը։

- Դա թերեւս աշխատանքի ամենահետաքրքիր ու այսպես ասեմ՝ անձամբ ինձ ամենաօգտակար մասն է։ Անշուշտ, բնագրերը կազմելիս առավել խոր պատկերացում է ձեւավորվում Չարենցի աշխատանոցային յուրահատկությունների մասին, մանավանդ՝ հիացնում է ապշեցնող բծախնդրությունը յուրաքանչյուր բառի, տառի, կետադրական նշանի վերաբերյալ։ Ի դեպ, հենց այդ հանգամանքով է պայմանավորված, որ տեքստային տարբերությունների բաժնում ներկայացված են ոչ միայն բառերի, տառերի, տողերի փոփոխություններն ու տարբերակները, այլեւ հնչերանգային կետադրական նշանների փոփոխություններն էլ դիտարկվել եւ ներկայացվել են որպես տեքստային տարբերություն։

-Հետադարձ հայացքով՝ ինչպե՞ս կգնահատեք ձեր կատարած աշխատանքը։ Ի՞նչն էր ամենաբարդը, ի՞նչն է, որ նկատի եք ունենալու հաջորդ հատորները կազմելիս։

- Այսպես ասեմ՝ շնորհակալ եմ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրինությանը եւ Եղիշե Չարենցի տուն-թանգարանին այս աշխատանքը ինձ վստահելու համար։ Սա մեծագույն պատիվ է, բախտ, որին վիճակվեց արժանանալ։ Բայց եւ չեմ կարող չխոստովանել, որ տառապագին աշխատանք է եւ ֆիզիկական ու հոգեւոր մեծ լարում է պահանջում, նվիրվածություն, համբերատարություն, երբեմն՝ հարաբերությունները խզելու աստիճան անմարդամոտություն, ներփակվածություն… 

Լուսանկարը` Արքմենիկ Նիկողոսյանի արխիվից


Բարդ է եւ ապրել սովորականի պես, եւ աշխատել այս հատորների վրա։ Դեպքեր են եղել, երբ նույն պոեմը կարդացել եւ մյուս տարբերակների հետ համեմատել եմ 50 եւ ավել անգամ, երբեմն՝ որեւէ կետադրական նշան ճշտելու համար նույն գրքի մի քանի օրինակ եմ նայել եւ այլն։ Գիտեմ, որ առջեւում ամենաբարդն է, եւ ինձ վարժեցնում եմ այնպիսի համբերության, որ գուցե երբեք չեմ ունեցել։

-Ժամանակի հետ փոխվում է ընթերցողի ընկալումը։ Կա՞ն գործեր, որ ինչ-որ առումով կորցրել են իրենց կարեւորությունը, եւ գործեր, որոնք այսօր վերարժեւորման կարիք ունեն, ավելի էական են, ավելի ընկալելի։ 

-Իհարկե։ Եվ ոչ միայն ընթերցողի ընկալումը։ Անկախ ամեն ինչից՝ Չարենցն էլ ունի գործեր, որոնք այսպես ասեմ՝ «սպասարկել» են ժամանակի ինչ-ինչ պահանջներ, եւ բնականաբար, այս հատորում էլ այդպիսիք կան։ Ավելի կարեւոր են այն ստեղծագործությունները, որոնք տարբեր պատճառներով ժամանակին այնքան էլ ուշադիր չեն ընթերցվել կամ այնքան էլ բարձր գնահատականի չեն արժանացել։ 

Մասնավորապես՝ «Հատված» շքեղ գործը, «Ազգային երազ» պոեմը, բնականաբար՝ «Խմբապետ Շավարշը» հանճարեղ պոեմը, որոնք նորանոր ընթերցումների կարիք ունեն։

- «Ազգային երազ», «Խմբապետ Շավարշ» պոեմներում նախատիպերի բացահայտումը թերեւս փոխում են տեքստի ընկալումը։ Կլինե՞ն ընթերցողներ, որոնք գուցե չարանան Չարենցի դեմ՝ թեկուզ գաղափարական անհամաձայնությունից ելնելով։ Ի վերջո գրականությունը, պոեզիան երեկ եւ այսօր զերծ չեն քաղաքականությունից։ 

- Ճիշտ է, նախորդ ակադեմիական հրատարակության ծանոթագրություններում խոսք չկա, որ, օրինակ, «Ազգային երազ» պոեմի Ահոն Ավետիս Ահարոնյանն է, իսկ պոեմի տեքստը կառուցված է Ահարոնյանի տարբեր տեքստերի իրոնիկ ոճավորումներով, բայց գրականագիտության մեջ այդ մասին արժեքավոր հոդվածներ գրվել են մինչ այս հատորի հրատարակումն էլ։ Նույնը՝ «Խմբապետ Շավարշի» մասին։ Այլ հարց է, որ չարենցասեր ընթերցողները գուցե ծանոթ չեն այդ հոդվածներին, իսկ Չարենցի հատորի ծանոթագրությունների միջոցով կիմանան։ Չեմ կարծում, թե չարանալու կամ այլ դրսեւորումներ լինեն, գուցե մեկնաբանման ինչ-որ դիտանկյուններ փոխվեն։ Բայց դա էլ է նորմալ, համենայն դեպս՝ Չարենցը դրանից չի տուժի։

-Ակադեմիական հատորների կազմումը ենթադրում է նաեւ նոր իմացություն ու բացահայտումներ։ 2022-ին հրատարակվեց ձեր «Չարենց․ երեք ուսումնասիրություն» գիրքը։ Նոր մենագրություն սպասվո՞ւմ է։

- Թերեւս՝ այո։ Նախատեսել եմ, որ յուրաքանչյուր հատորի հրատարակումից հետո հանդես կգամ հոդվածով, որտեղ մանրամասն կներկայացնեմ, թե ինչ սկզբունքներով է պատրաստվել տվյալ հատորը եւ ինչեր են արվել։ 

Առաջին հատորի մասին գրվածը արդեն լույս է տեսել, երկրորդինը՝ շուտով լույս կտեսնի։ Այդպես մտադիր եմ 13 հոդված առնվազն գրել Չարենցի մասին, որոնք ի վերջո կամփոփվեն գրքով։

- Չարենցի երկերի ակադեմիական նոր հրատարակությունը ուշացա՞ծ է, թե՞ ճիշտ ժամանակին։

- Այն, ինչ կապված է Չարենցի հետ, միշտ էլ մի քիչ ուշացած է, բայց զարմանալիորեն՝ նաեւ միշտ ճիշտ ժամանակին։ Իմ կարծիքով՝ մեր ժողովուրդը երբեք Չարենցի կարիքն այնքան չի ունեցել, ինչպես որ հիմա։ Մնում է, որ կարդան։ Եվ ուշադիր կարդան։ Եվ ճիշտ կարդան։

Արմինե Սարգսյան 




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին