Երբ գրական երեկոն սկսվում է «նավարկության» հրավերով, պարզ է դառնում, որ դա պարզապես արարողակարգային հանդիպում չէ։ Այդ երեկո քաղաքային խենթերը, ֆանտաստիկ հերոսները, հիշողությունները եւ իրական մարդիկ միախառնվել էին նույն տարածքում՝ ստեղծելով կենդանի խոսակցության եւ ազատ մտածողության մթնոլորտ։ Գրականությունը այստեղ ոչ միայն ընթերցվում էր, այլ ապրում՝ հարցերով, հումորով, հիշողություններով ու անկեղծ խոստովանություններով։
Լուսանկարը` Մեդիամաքս
2026թ. հունվարի 15-ին կայացել է արձակագիր, մանկագիր, ֆանտաստ գրող Ռուսլան Սաղաբալյանի հետ հանդիպումը՝ նվիրված նրա ծննդյան 75-ամյակին։
Միջոցառմանը ներկա էին հեղինակի մտերիմները, ընկերները, ընթերցողները եւ ստեղծագործությունները գնահատողները։ Newmag & Friends ծրագրի շրջանակում ներկայացվեց հեղինակի ռուսալեզու պատմվածքների ժողովածուն՝ «Городской сумасшедший. Поучительные истории о ереванцах и других жителях Земли»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանը, շնորհավորելով հեղինակի հոբելյանը, ընդգծեց, որ վերջին տարիներին հրատարակչությունը նպատակ ունի ակտիվացնել մանկական եւ պատանեկան գրականության դաշտը։
Արտակ ԱլեքսանյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Հենց այդ տրամաբանության մեջ է լույս տեսել Սաղաբալյանի «Յոթ գալակտիկաների դպրոցը» գրքի հայերեն թարգմանությունը։ Թարգմանությունը կատարել է Հայկ Հարությունյանը, իսկ նկարազարդումները՝ Ավստրալիայում բնակվող Սոնա Բաբաջանյանը։ Արտակ Ալեքսանյանը նշեց, որ գիրքը ջերմ ընդունելություն է ստացել փոքր ընթերցողների շրջանում, եւ հույս հայտնեց, որ այն շարունակություն կունենա։
Լուսանկարը` Մեդիամաքս
Երեկոյի առանցքային թեմաներից մեկը «Քաղաքային խենթ» կերպարն էր։ Հարցին՝ ո՞վ է «խենթը» Սաղաբալյանը պատասխանում է՝ «Թեկուզ ես...»։ Գրողի մեկնաբանությամբ՝ խենթը հասարակության մեջ այն մարդն է, ով չի հարմարվում մեծամասնության մտածողությանը եւ համարձակվում է գնալ հոսանքին հակառակ։
Ռուսլան ՍաղաբալյանըԼուսանկարը` Մեդիամաքս
«Գրողը պարտադիր պետք է հակառակվի մեծամասնությանը, թեկուզ փոքր չափով։ Դա գրողի պարտավորությունն է», - վստահ է նա: Ռուսլան Սաղաբակյանը հավելելում է, որ գրականությունը դաստիարակչական ուղղակի նպատակ չունի՝ գրողի խնդիրը ոչ թե քարոզելն է, այլ մարդու մեջ զգացմունք առաջացնելը՝ սեր, ցավ, զայրույթ, ուրախություն, կասկած, որպեսզի ընթերցողը ներքին շարժում ապրի եւ մտածի։
Լուսանկարը` Մեդիամաքս
Այս մոտեցման շուրջ հնչեցին նաեւ գործընկերների դիտարկումները։ Տեսաուղերձով գրողին շնորհավորեց Ելենա Չեռնիկովան անդրադառնալով Սաղաբալյանի արձակի նրբությանը, կանացի կերպարների զգայունությանը եւ այն հուզական շերտին, որն ընթերցողի մեջ երկար հետք է թողնում։ Նրա շեշտեց, որ «Քաղաքային խենթը» ոչ միայն պատմությունների շարք է, այլեւ մարդկային հարաբերությունների, սիրո, հավատարմության եւ ներքին ազատության մասին մտածելու առիթ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ռուսլան Սաղաբալյանի խոսքով՝ ֆանտաստիկան իր համար պարզապես ժանր չէ, այլ մտածողության ազատ տարածք, որտեղ կարելի է իրականությունը տեսնել այլ անկյունից։ Նրա համոզմամբ՝ մաքուր ռեալիզմը սահմանափակում է երեւակայությունը, իսկ ստեղծագործության մեջ պետք է միշտ որոշակի «խելագարություն» լինի, որպեսզի այն կարողանա զարմացնել, շարժել եւ ներգործել ընթերցողի վրա։
Լուսանկարը` Մեդիամաքս
Երեկոյի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ հեղինակի «Նոյ» պատմվածքին, որտեղ աստվածաշնչյան կերպարը վերաիմաստավորվում է ժամանակակից մարդու ներքին կասկածների եւ պատասխանատվության կոնտեքստում։ Ռուսլան Սաղաբալյանն ասում է, որ այդ կերպարում յուրաքանչյուր ընթերցող կարող է տեսնել ինքն իրեն՝ իր ուշացումների, կորսված հնարավորությունների եւ ներքին հարցադրումների հետ։
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: