Հուսիկ Արայի «Երբ արեւ էին արքաները» պոեմը «Սասնա ծռեր» էպոսի անդրանիկ ճյուղի հեղինակային մշակումն է։ Սանասարի եւ Բաղդասարի առասպելական պատմությունը ներկայանում է նոր շեշտադրումներով։
Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը։
Մեդիամաքսի հետ զրույցում Հուսիկ Արան ասաց, որ Էպոսին որոշել է անդրադառնալ 44-օրյա պատերազմից հետո։
«90-ականների սկզբին՝ Արցախյան առաջին պատերազմից հետո գրականություն եկավ Փոքր Մհերի կերպարը, ասում էին՝ Ագռավաքարից դուրս է եկել Մհերը։ Ես ներկայացրի Սանասարին ու Բաղդասարին՝ որպես պետություն, պետականություն կառուցողների։ Գիրքը բոլորին է ուղղված, բայց առաջնահերթ՝ պատանիներին։ Պետք է դպրոցական տարիքից պատանիների մեջ ներարկվի պետություն կառուցելու գաղափարը»։
Լուսանկարը` «Անտարես»
Էպոսի համահավաք բնագրում Սանասարն ու Բաղդասարը զորություն են ստանում ու հաղթում են Խալիֆային։ Պոեմում Սանասարը խմում է Կաթնաղբյուրի ջրից՝ Աստվածամոր հրաշքով զորանում, ծովից հանում է Քուռկիկ Ջալալին, Թուր Կեծակին ու Խաչ պատերազմին, պետություն են կառուցում, հետո են Խալիֆային հաղթում։
«Եթե չունեցար պետականություն, ուժ, մեկ է, հաղթես էլ, պարտվելու ես, ինչպես որ եղավ մեզ հետ 2020-ին։ 44-օրյայից հետո հասկացա, որ մեր պետականությունը խարխլված է, մենք ռազմավարական ծրագիր չունենք»,- ասում է հեղինակը։
Պոեմում ներկայացվում է՝ ինչպես են երկու արքաները կառուցում պետությունը՝ արքաների ոստանն ու ժողովրդի քաղաքը, եկեղեցին, թատրոնը, հրապարակը, կամուրջները, ճանապարհները, դպրանոցը, գրադարանը, ստեղծում պետական խորհրդանիշները՝ դրամ, զինանշան, դրոշ, օրհներգ, եւ ի վերջո բանակը, որտեղ զինվոր են երկրի բոլոր տղամարդիկ։
Էպոսի անդրանիկ ճյուղը մշակելիս Հուսիկ Արան օգտվել է համահավաք բնագրից, ինչպես նաեւ հարակից բանահյուսական նյութից, որոշ նրբերանգներ էլ վերցրել է «Էպոսի տասը ընտիր պատումներից», զրուցել է ճարտարապետների հետ, պարզել՝ քաղաքաշինության համար միջնադարում ինչ շինանյութ ու տեխնիկա է օգտագործվել։
«Երբ արեւ էին արքաները» շարադրված է պոեմի պես, սակայն պահպանվել է էպոսի շնչառությունը, դինամիկան, խաղացկուն ոճը։ Հուսիկ Արան նշում է, որ ե՛ւ գրական հայերենով է շարադրել պոեմը, ե՛ւ պահպանել է ժողովրդական լեզուն, համապատասխանեցրել է նաեւ ժամանակակից բանաստեղծության ձեւային պահանջներին. կան հանգավորված, վանկավորված տողեր, բայց հիմնականում ազատաչափ է։
Հուսիկ ԱրանԼուսանկարը` Սոնա Ադամյանի
«Ինձ օգնել է գյուղում ապրելը, մորս լեզուն, հորեղբորս լեզուն։ Իրականում մեր ժողովուրդը էպոսի լեզվով է խոսում, էպոսի պատկերներով է մտածում»,- ասում է բանաստեղծը: Հուսիկ Արան կարծում է, որ այսօր մեր առաջ ծառացած հարցերի պատասխանները՝ ինչպես պահել երկիրը, ինչպես կառավարել ժողովրդին, ինչպես վարվել թշնամու հետ, կարելի է գտնել ալեհեր ծերունու՝ Սանասարին տված խորհուրդների մեջ։ Թիրախը հենց այդ խոսքերն են։ Շատ կարեւոր է նաև Սանասարի աղոթքը Տիրամորը, որ պետության կարեւորությունը գիտակցողի խոսք է։
«Իսկ առհասարակ, Սանասարն ու Բաղդասարը մեր էպոսի ամենամաքուր, ամենաբյուրեղյա կերպարներն են», - շեշտում է Հուսիկ Արան:
Հնարավոր է պոեմը եռագրության վերածվի. Հուսիկ Արան միտք ունի անդրադառնալ նաեւ պետություն պահելու ռազմավարությանն ու ընտանիքի գաղափարին։
Իսկ Փոքր Մհե՞րը։ Մենք, ի վերջո, հասել ենք Ագռավաքարին…
«Ես վատ վերաբերմունք ունեմ Փոքր Մհերի նկատմամբ։ Հողը սիրողին է պահում, հողը Փոքր Մհերին չպահեց։ Մենք Արարատը չսիրեցինք՝ կորցրինք, Վանը չսիրեցինք՝ կորցրինք, Արցախը չսիրեցինք՝ կորցրինք։ Պոեմում Ծովինարը Արցախի սիմվոլն է…»,- պարզաբանում է հեղինակը:
Գրքի նկարազարդումները ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանինն են։ Գրքի շապիկի պատկերը 1964 թվականի աշխատանք է։
Արմինե Սարգսյան












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: