Լճի սոնատը, բնության ձայներն ու Էզերայի վեպի ինքնատիպ հերոսները - Mediamax.am

Հունվար 09, 2026
exclusive
1047 դիտում

Լճի սոնատը, բնության ձայներն ու Էզերայի վեպի ինքնատիպ հերոսները


Ռեգինա Էզերան
Ռեգինա Էզերան
Գոհար Ասլանյանը
Գոհար Ասլանյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` «Վերնատուն»


«Վերջին հաշվով, ամբողջ կյանքը միայն ինչ-որ բան ձեռք բերելու եւ այն պահպանել չկարողանալու պայքար չէ՞ր արդյոք»,- մտորում է Ռեգինա Էզերայի «Լճի սոնատ» վեպի հերոսուհին՝ Լաուրան։ Մարդու ներաշխարհը, կյանքն ու հարաբերությունները բացահայտող այս ստեղծագործությունը ընթերցողին է ներկայացնում «Վերնատուն» հրատարակչությունը «Կարդալիք» մատենաշարով։ 

Մեդիամաքսը զրուցել է գրքի թարգմանիչ Գոհար Ասլանյանի հետ։ 

- Ինչպե՞ս կատարվեց գրքի ընտրությունը։ Ինչո՞ւ Ռեգինա Էզերա, ինչո՞ւ «Լճի սոնատ»։

- Ռեգինա Էզերան լատվիական դասական գրականության նշանավոր հեղինակներից մեկն է։ Դեռ ուսանողական տարիներին եմ ծանոթացել նրա ստեղծագործություններին։ Այսօր կյանքն այնքան մեծ արագությամբ է առաջ ընթանում, շուրջ բոլորը քաոս է, մարդիկ անդադար ինչ-որ տեղ են շտապում, ժամանակը փախչում է, խորհելու, մարդու հոգեվիճակի մասին մտածելու ժամանակ չկա։ Եվ ցանկացա Ռեգինա Էզերայի վեպի օգնությամբ հայ ընթերցողին հնարավորություն ընձեռել՝ մի պահ կանգ առնելու, մտածելու, բնության ձայները լսելու ու գույները զգալու եւ վերջապես լռությունը լսելու համար։ 

- Տպավորություն ունեմ, որ «Լճի սոնատը» արտացոլում է իրական կյանքը՝ լուսանկարի պես։ Հեղինակը ոչինչ չի պակասեցրել-չի ավելացրել։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է առանձնանում Էզերայի լեզուն, ոճը։ 

- Այո՛, կյանքի իրական առօրյան է արտացոլում, որում, հերոսը՝ Լաուրան, կարծես վանդակում լինի։ Ճիշտ է, նա թվում է՝ հարմարվել է ծանր կյանքի պայմաններին, մոխրագույն առօրյային, բայց իրականում կապանքներում է իրեն զգում, ինչ-որ բան կաշկանդում է միշտ։ Սակայն Ռուդոլֆը՝ ռիգացի բժիշկը, նրա մեջ ազատության, գեղեցկության, կին լինելու մասին զգացմունքներն է արթնացնում, որոնք տարիներ շարունակ խորը թաքնված, խեղդված են եղել Լաուրայի մեջ։ Վեպը կարծես բազմագույն երանգներով մի լուսանկար է։ Գուցե հեղինակը ոչինչ չի ավելացրել, բայց իր հարուստ ոճի շնորհիվ՝ կարողացել է բառերի միջոցով վերարտադրել բնության ձայները, գույները, մարդու ներաշխարհի նրբերանգները։ 

Ձայները կարեւոր դեր են խաղում վեպում։ Թե՛ կենդանի էակների, թե՛ առարկաների յուրաքանչյուր շարժում ձայներով է ուղեկցվում։ Հեղինակն ասես ընթերցողին առաջարկում է մտովի փակել աչքերը եւ լսել բառերով նկարագրված ձայնային բազմաշերտ երանգները։

Լուսանկարը` «Վերնատուն»


Ռեգինա Էզերայի ոճի շնորհիվ է նաեւ, որ վեպի հերոսները ինքնատիպ են, ազդեցիկ ու գունազարդ։ Իսկ հեղինակի նուրբ հումորը ավելի հմայիչ է դարձնում նրանց։ Հետաքրքրության արժանի են Ռուդոլֆի զրույցները վեպի վառ կերպարներ Էյդիսի եւ Լաուրայի որդի Մարիսի հետ։

- Լճի սոնատն անցում է այս պատմության միջով։ Լիճը մատնանշում է տեղա՞նքը՝ Լատվիայի այդ փոքրիկ գյուղակը, որտեղ կատարվում են իրադարձությունները, թե՞ մարդկային կյանքը, մարդու ներաշխարհը։

- Լիճը եւ ընդհանրապես բնությունը վեպում պարզապես նկարագրություններ չեն։ Այո՛, հեղինակն այդ ամենի միջոցով ներթափանցում է մարդու ներաշխարհի խորքերը։ Ռեգինա Էզերայի վեպի վերնագիրը «Ջրհոր» է։ Այն 1972 թվականին է տպագրվել եւ միանգամից սիրվել է ընթերցողների կողմից։ 1976 թվականին վեպի հիման վրա «Լճի սոնատ» վերնագրով ֆիլմ է նկարահանվել։ «Վերնատուն» հրատարակչության խմբագիր Արմեն Սարգսյանի հետ որոշեցինք հայերեն թարգմանված տարբերակում «Լճի սոնատ» վերնագիրը թողնել։ Լիճը կարեւոր նշանակություն ունի՝ իր խորությամբ, անհանգիստ ալիքներով եւ հայելու նման հարթ մակերեսով։ Այն խորհրդանշում է գյուղակում ապրողների եւ, հատկապես, Լաուրայի ապրումներն ու ներաշխարհը։ Ջրհորը նույնպես կարեւոր տեղ է գրավում վեպում։ Պատահական չէ, որ վեպի սկզբում Ռուդոլֆը մոտենում է ջրհորին, ներքեւ նայում, ցանկանում խմել ջրհորի խորքում փայլփլող սառը ջրից, բայց չի կարողանում։ Ջրհորի խորությունը կարծես Լաուրայի հոգու խորությունն է խորհրդանշում։ Այն Ռուդոլֆին անհասանելի է։

- Ռուդոլֆը վախենում էր, որ Լաուրան կհեռանա իրենից, բայց նաեւ հասկանում էր, որ առանց Լաուրայի մեջ մի բան կոտրելու նրան պահելն անհնար է։ Երկընտրանք ունե՞ր Լաուրան, թե՞ փակուղում էր։ Կարծում եմ՝ նուրբ հոգիներին են հատուկ այս ապրումները։

- Այո՛, հենց Լաուրայի նուրբ հոգու մասին է խոսում վեպը։ Ռուդոլֆը հասկանում էր, որ հեռացնելով Լաուրային իր միջավայրից՝ կարող էր կոտրել, դժբախտացնել նրան։ Ռուդոլֆի հեռանալու որոշումը թեեւ ծանր էր, բայց դրա հիմքում ընկած էին Լաուրայի հանդեպ ունեցած նուրբ զգացմունքները։ 
Գոհար Ասլանյանը Գոհար Ասլանյանը

Լուսանկարը` անձնական արխիվ


Իսկ Լաուրան կապանքներում էր, թեեւ Ռուդոլֆի հետ անցկացրած այդ կարճ պահերը, որոնք իրականում կարելի է համարել չնչին, նրան երջանկացրել էին, արթնացրել եւ թեւեր տվել։ Ժամանակներն այլ էին, երկընտրանք ունենալու մասին Լաուրան չէր էլ կարող մտածել․ այդ փոքրիկ գյուղակում ինքը եւ՛ ուշադրության կենտրոնում էր, եւ՛ Ալվինեի՝ ամուսնու մոր կապանքներում․․․

- Վիյան Լաուրայի հակապատկերն է, եւ փորձում է սթափեցնել նրան՝ այս ընթացքում արձակուրդները կավարտվեն, շուտով ամառը կավարտվի․․․ հետո էլ կյանքը։ Բայց մի՞թե Վիյան նույնքան դժբախտ չէ։ 

- Վիյան նույնպես դժբախտ է, նա նույնպես ցանկանում է դուրս պրծնել գորշ իրականության կապանքներից, բայց Վիյայի մեջ չկա Լաուրայի նրբությունն ու խորությունը։ Վիյան ձգտում է նմանվել Լաուրային, բայց․․․։

- Գուցե Լաուրայի «Ինչո՞ւ ենք բոլորս այսքան դժբախտ» հարցի պատասխանը գրքի վերջին տողերո՞ւմ է՝ Տոմարիներում, որոնք լուսնի լույսի տակ՝ երկնքի ֆոնին սեւ ավերակ էին թվում։ 

- Նրանք դժբախտ են ու հուսահատ, որովհետեւ կյանքի պայմանները ծանր են, ազատության ոչ մի զգացողություն չկա, կյանքը տարիներ շարունակ նույն ռիթմով է ընթանում, փոփոխություններ չկան։ Այդ ամենը գուցե հետաքրքիր է դրսից եկած մարդու համար, Ռուդոլֆը կողքից նայում է այդ իրականությանը եւ փոքր-ինչ հմայվում, որովհետեւ քաղաքում նրա կյանքն էլ հետաքրքիր չէ, քաղաքում խզված է մարդու եւ բնության կապը։ 

Ալվինեն ձմռանը լճի վրայով է հեռանում Տոմարիների տնից։ Մարդկային հարաբերությունից զատ՝ ընդգծվում է մարդու եւ բնության խորհրդանշանակ ու անտեսանելի կապը։

Արմինե Սարգսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին