«Անտարես» հրատարակչության լույս ընծայած «Բրուտի երկրորդ աշակերտը» ժողովածուն ընդգրկում է Հովհաննես Երանյանի նոր պատմվածքներն ու «Դաշնակից կանայք» վիպակը։ Հեղինակի կենսափորձի, ապրած ժամանակի, իրականության եւ երեւակայականի սահմանի մասին է մեր զրույցը Հովհաննես Երանյանի հետ։ «Բրուտի երկրորդ աշակերտը» նրա տասնմեկերորդ գիրքն է։
- «Մետրո-քավարանի» հերոսները նախատիպեր ունե՞ն։ Կերպարները, իրադարձությունները ժամանակի՞ց են ծնվում, թե՞ միջոց են ժամանակն արտացոլելու։
- Ոչ բոլոր կերպարները, բայց մեկ-երկուսն ունեն նախատիպեր։ Պատմվածքի հիմքում ինքնասպանության մի իրական դեպք է, որը եղել է տասնամյակներ առաջ Երեւանի մետրոյում։ Ուսանողական տարիների ընկեր էր, Սփյուռքից էր եկել։ Այսքանն է իրականը։ Չգիտես, թե որ հուշը երբ ենթագիտակցությանդ մեջ կարթնանա, մոռացված ապրումդ երբ կբորբոքվի ու կստիպի վերապրելով՝ գրիչ վերցնել։ Բայց դու կարող ես օգտվել ժամանակի հարաբերական լինելուց, հետուառաջ տանել քեզ ներշնչում տված դեպքերը։ Այդպես երեսուն-քառասուն տարի առաջ տեղի ունեցածը բերեցի, տեղավորեցի այսօրվա մեջ։
- «Լինում է, որ չես հասկանում՝ կորցրե՞լ ես, կորե՞լ, թե՞ կորսվել»․ այս տողերով է սկսվում պատմվածքը։ Երբ թվում է՝ ամեն բան վերջացած է, կյանքը կարծես ստիպում է շարունակել ապրել։ Նախախնամությունն ուժե՞ղ է մարդուց։
- Չեմ պնդի, որ մետրոյի կայարանում կանգնած գնացքի սպասելիս երբեւէ գայթակղություն եմ ունեցել նետվելու գնացքի տակ, ինչպես նա արեց։ Ոչ էլ ամեն անգամ մետրո մտնելիս հիշել եմ նրան ու այդ դեպքը, բայց կաշկանդող, անբացատրելի մի զգացողություն մինչ օրս ունենում եմ։ Բացահայտումը, որ Վահանի (պատմվածքում՝ Քրիստիան) մահը ենթագիտակցությանս շերտերում նստվածք է թողել, հանկարծակի եղավ։ Թվում է, թե մարդու կյանքը ձեռքբերումների պատմություն է, բայց նաեւ, գուցե առաջին հերթին՝ կորուստների իրողություն է։ Կորցնում ես կարեւոր մեկին, ինքդ ես մոլորվում, կորչում մարդկություն կոչվող բազմության մեջ, եւ վերջապես՝ քեզ են կորցնում, այլեւս չկաս ինչ-որ մեկի կամ շատերի համար, թեեւ դեռ ապրում ես ու գլխի էլ չես ընկել, որ նրա կամ նրանց համար էլ չկաս։
Լուսանկարը` Անտարես
Նախասահմանվածի մասին շատ երկար մտածելը կարող է խելագարության հասցնել, ընկճել, հուսահատեցնել։ Անհնար է, որ մարդուն տրված չլինի ազատ գործելու տարածք ու հնարավորություն։ Պետք է ունենալ ազատ զգալու եւ ապրելու կամք եւ թույլ չտալ, որ ունայնության քամին՝ «թոհուբոհուն», մտասեւեռում դառնա։ Բայց արժե, որ մարդը երբեմն-երբեմն վերհիշի դա։
- Կյանքը կազմված է քողարկված ճշմարտություններից, կեսճշմարտություններից... Ի՞նչ կլիներ, եթե «Պահպանի՛ր ինձ, իմ թալիսմա՛ն»-ի հերոսուհին ամբողջ ճշմարտությունն իմանար։
- Գուցե եւ աշխարհի մեկ այլ երկրում կամ քաղաքում մի աղջիկ իմացել է իր մասին ամբողջ ճշմարտությունն ու այլեւս պատմվածքի հերոսուհի չի դարձել։ Պատմվածքի ավարտի համար եւ հատկապես՝ որպես վերջին նախադասություն, որը կամփոփեր պատմվածքը, կամուրջ կդառնար հոսող բոլոր ջրերի վրա, միանգամայն այլ իմաստ կհաղորդեր ստեղծագործությանը, շատ հրապուրիչ էր։ Տրվեցի այդ գայթակղությանը։ Հեղինակի բերանով չասել ճշմարտությունը, բայց ընթերցողին գլխի գցել ամեն ինչի մասին։ Տատ, մայր եւ դուստր։ Ըստ էության երեք սերնդի կանանց մասին մի պատմություն, որոնց միջով նույն գաղտնիքն անցնում է։ Մեկն անմասն է դրան, մյուսը գիտի, բայց թաքցնում է, եւ երրորդը այդպես էլ չի իմանալու իր ով լինելու մասին գաղտնիքը։ Թե այս պատմվածքում, թե առհասարակ գրքի բոլոր պատմվածքներում ինձ համար կարեւորը եղել է չասվածը, չգրվածը։
Ասացի, որ երեք սերնդի կանանց մասին է պատմվածքը, բայց ինձ համար գլխավոր հերոսը պատից կախված սեւ շրջանակով նկարում պատկերված կերպարն է՝ գնչուհու պատերազմում զոհված որդին։ Եվ նրա նկարն է որոշում սյուժեի զարգացման ընթացքն ու պատմվածքի ավարտը։
- «Ամենազարմանալին այն էր, որ ես արդեն ոչ մի բանից չէի զարմանում»։ Իրականությունը, միստիկան ու հումորը միախառնված են «Դելտա շտամ»-ում։ Սահմանագծի (կյանքի ու մահվան) երկու կողմերի մասին գրելու համար ի՞նչ փարձառություն է պետք։
- Մի հարցազրույցում ասել եմ, հիմա էլ կկրկնեմ, որ գրողը ամենամեծ սահմանախախտն է։ Ինձ այդ գրականությունն է հետաքրքիր։ Երբ գրողը խախտում է կյանքի ու մահվան սահմանը։ Լարախաղացության է նման, բայց հետաքրքիր է։ Ձողը ձեռքիդ անցնում ես այդ աներեւույթ լարի վրայով, փորձում ես սահմանի այն կողմից լուր բերել այս կողմ՝ ապրողներին՝ կյանքը մահվան մասին մտածումներով հավասարակշռելու։ Բայց պահապանները՝ դրախտի հրեղեն հրեշտակները կամ դժոխքի դռան կերբերոսները հենց նրա համար են, որ թույլ չտան անդրաշխարհից ոչ մի արտահոսք։ Ուրեմն գրողը պիտի անսահման զգույշ ու նրբորեն անցնի այդ սահմանը ու հետ գա, որ նրանց հետ մարտի բռնվելով չանցնի աստվածանարգության շեմը, կամ չկործանի սեփական հոգեկան աշխարհի ներդաշնակությունը։
«Դելտա շտամ» վերնագիրն հուշում է, որ պատմվածքը գրելու հուզական շարժառիթները Քովիդի շրջանի սարսափելի ապրումներն են՝ համավարակին զոհ գնացած մտերիմների կորստի ցավը։
Լուսանկարը` REUTERS
Անդրանցումային, մետաֆիզիկ մտածումները զուգադրվում էին էլի մի իրական պատմության հետ, որը դարձյալ երկու տասնամյակ առաջ էր տեղի ունեցել։ Արտերկրում մահացած ու թաղված մի ընկերոջ ծնողներին ցավակցելու գնացի, օղորմաթաս խմեցինք, խորհրդանշական գերեզմանին խունկ վառեցինք, բայց քսան տարի անց «հանգուցյալը» զանգ տվեց, թե ուզում է հանդիպել։ Դելտա շտամը մեր երկրում մահվան հունձ էր սկսել։ Այդպես խառնվեցին իրականը, միստիկն ու զավեշտալին։ Ճիգ չեմ թափել այս երեքը համադրելու։ Իրենք իրենց եկան միախառնվեցին։
- «Բրուտի երկրորդ աշակերտը» նաեւ գրքի վերնագիրն է։ Բազմաթիվ պատմություններ կան մեր օրերում, որոնք ուղղակի ծնունդն են 2020-ի, 2023-ի... Այնուամենայնիվ, ո՞վ էր բրուտի երկրորդ աշակերտը, իրակա՞ն էր, թե՞ երեւակայական։
- Սա գրքի այն քիչ պատմվածքներից էր, որ ամբողջությամբ երեւակայության արդյունք էր: Ոչ կերպարների կոնկրետ նախատիպեր կային, ոչ բուն սյուժետային գծի նախադեպ։ Բայց իրականում հազարավոր որդեկորույս մայրեր էին նախատիպերը, եւ պատերազմն ու ծանր պարտությունն էր նախադեպը։ Դրանք ամենուր էին։ Դրա ու նրանց մեջ էինք ապրում։ Ինձ հուսահատության մատնեց փաստը, որ պատմվածքում նկարագրված դեպքերը մասամբ իրականացան այն հրապարակելուց ամիսներ հետո։ Մի անուն էի դրել հերոսին, ոչ շատ հաճախ հանդիպող անուն, եւ կորցրեցի այդ անունով մոտ ազգական պատանուն 2022 թվականին՝ Հայաստանի սահմանների վրա ադրբեջանական հարձակման ընթացքում։ Սա թեեւ հերթական դեպքն էր, որ գրողական ինչ-ինչ նախազգացման հետեւանքով ժամանակից առաջ էի ընկել, բայց միստիկ վախի մեջ հայտնվեցի։ Միամտորեն կարծում էի, որ նա չէր զոհվի, եթե այդ պատմվածքը գրած չլինեի։
Բրուտի երկրորդ աշակերտին պատմվածքի վերջին նախադասության մեջ փրկիչ բառով էի օծել, որովհետեւ ուզում էի, որ Աննան՝ գլխավոր հերոսուհին, ապրի, որ չհաջողվի ինքնասպանության նրա փորձը։ Այդպես երկրորդական կերպար բրուտի երկրորդ աշակերտը ակամա դառնում էր գլխավոր գործող անձը, ու փրկում էր իմ հերոսուհուն, որին շատ, անչափ շատ էի սիրում, եւ չէի ուզում, որ մեռնի հենց այն պահին, երբ արդեն գիտի, որ որդին չի զոհվել, որ ողջ է, որ վերադառնում է գերությունից։ Ափսոս, որ իրական կյանքում այդպես չեղավ։ Բայց իմ պատմվածքում թե որդին, թե մայրը պիտի փրկվեին։ Համատարած մահերի ու ողբերգությունների համապատկերում ինձ համար մեծ, շատ մեծ գայթակղություն ու գրողական բավարարվածություն էր այդպիսի լուծումը։
- Ինչո՞ւ է նյարդաբանը հերոսուհուն խորհուրդ տալիս կարդալ «Նորվեգական անտառը»։ Իրականում դա կարող էր լինել ցանկացա՞ծ գիրք՝ սահմանային իրավիճակում գտնվող հերոսների մասին։
- Դեռ մինչեւ գրքի տպագրությունը՝ «Գրանիշում» հրապարակվելուց հետո, պատմվածքի այդ հատվածը փոքրիկ բանավեճի առիթ տվեց, թե ինչի՞ հենց այդ գիրքը։ Գուցե այն պատճառով, որ պատմվածքը գրելու օրերին հենց այդ գիրքն էի կարդում, ինքս նյարդաբանի կարիք ունեի ու շատ դժգոհ էի իմ բժշկից։
Ենթագիտակցորեն սխալ գիրք խորհուրդ տալով էի նրա դեմ դժգոհությունս պարպել։ Բայց եւ չէի ուզում սեւացնել պատմվածքում այդ բժշկուհուն եւ բավարարվեցի այդքանով։
- Դժվար չէ՞ այդ ամենը վերածել գրականության, թե՞ անհնար է գրել՝ շրջանցելով դրանք։
-Նախանձում եմ, երանի եմ տալիս այն ստեղծագործողներին, որոնք կարողանում են շրջանցել մեր շուրջը, մեր երկրում ու ժողովրդի հետ կատարվածն ու կատարվողը։ Ինքս չեմ կարողանում։ Դուք ճիշտ եք, հոգեբանորեն ու ֆիզիկապես չափազանց դժվար է այդ ամենը վերածել գրականության։ Չափազանց դժվար է վերածել արժեքավոր գրականության։ Հեշտ գրվող ցավի, ողբի ու պաթոսի տեքստերն են տիրապետողը։ Ցավը դրանցում հաղթահարված չէ արվեստով։ Ամենամեծ բարդությունն այստեղ է։ Ինչպես վարվել ցավի հետ, որ արվեստի ամոքիչ լույսը չմարի։ Կեղծ լավատեսության արհեստական լույսի մասին չեմ ասում, այլ տրոփող սրտով կենդանի, շնչող տեքստի գրական լուսավոր արժեքի։ Ինձ ու էլի մարդկանց համար, որոնք ցավը վերապրելով են գրում, անհնարինության չափ ծանր է այդպիսի տեքստի հասնելու ճանապարհը, առողջության ու նյարդերի քայքայումով տրվող մի բան։
- «Երկնքում մի նախասահմանված ժամ կա քեզ համար երկրի վրա... Եվ մի վայր որտեղ դա տեղի կունենա» («Տեղը»): Նորից նախախնամության մասին է խոսքը։
-Հավանաբար, ճիշտ եք գնահատում, թե ինչի մասին է։ Երեւի այդպես ստացվել է։ Երբեք տեքստը նախօրոք չեմ սահմանում, թե ինչի մասին է լինելու։ Նաեւ միշտ դժվարանում եմ պատասխանել, երբ հարցնում են, թե ինչի մասին է, որովհետեւ հենց փորձում եմ մասինի մասին խոսել, մի կարեւոր բան փլվում է։ Ներքին մի բովանդակություն, որ ավելի շատ զգացողությունների, հույզերի ամբողջություն է, եւ հենց դրանով է գեղագիտությունը փոխանցվում ընթերցողին։ Պարզաջրել տեքստը եւ բարձրաձայնել գրողական ասելիքը, միշտ դժվարացել եմ։
Հովհաննես ԵրանյանըԼուսանկարը` Yerevan Today
Այո, նախասահմանվածի դեմ գուցե անօգուտ, բայց ոչ անիմաստ պայքարի փորձը կյանքի իմաստներից մեկն է։ Անօգուտ, որովհետեւ այնքան անպաշտպան է մարդը մոլորակի վրա ու անծայրածիր տիեզերքում, բայց ոչ անիմաստ, որովհետեւ հանձնվելը փրկություն չէ։ Ամեն մեկս մեր չափով, ավել կամ պակաս, բայց անվերջ փորձում ենք հասկանալ մեզ համար ինչ է գրված։ Հատկապես, երբ փորձության մեջ ենք հայտնվում, ուզում ենք պարզել՝ պատահականությունների արդյունքն էր դա, թե՞ կանխորոշված դեպքերի շղթա։
- «Փոսի սուրբը» ինձ հիշեցրեց Կալվինոյի «Ծառաբնակ բարոնը» վեպը։ Այլաբանութունը իրականությունը ծռելո՞ւ, թե՞ իրականությունը փրկելու համար է։
- Միայն Կալվինոյի այդ գործը չէ, որին կարող ենք նմանեցնել։ Հատկապես լատինամերիկյան գրականության մեջ շատ են դեպքերը, երբ հերոսը հասարակությունից, իրականությունից, մարդկանցից կամ նույնիսկ ընտանիքից փախուստի ու միայնության վայր է փնտրում՝ մեկը շարունակում է իր կյանքն ապրել գետի վրա լողացող նավակի մեջ, մյուսը՝ քարանձավում կամ ծառի վրա, ինչպես Ծառաբնակ բարոնը։ Կան կերպարներ էլ, որ ապրում են իրենց երեւակայության մեջ բուսնած ծուռ մի շիվի վրա, առանձնանում սեփական անառողջ մտքի ծայրին, եւ դա ամենավտանգավոր մեկուսացումն է։ Բայց ցանկացած մեկուսացում ճգնակեցություն է։ Նրանք յուրովի Սիմոն Սյունակյաց են, սյուների վրա ապրող միջնադարյան սրբերի հետնորդներ։ Նրանց այդ զոհողությունը երբեմն պարգեւատրվում է անիմանալի գաղտնիքների բացահայտմամբ, իմացություն, որին առանց միայնության հասու չեն լինի։ Եթե Ձեր բառով փորձեմ բացատրել, ապա ուրեմն իրականությունը ծռելու, քան փրկելու մասին է խոսքը։ Ավելի շուտ սովորականը ծռելու, անսովորի մեջ ճշմարտությունը գտնելու ջանքի մասին։
- «Դաշնակից կանայք». ճակատագիրը միացնում է երկու կանանց։ Նրանք շարունակում են ապրել՝ մեռելների մեջ փնտրելով նրանց, ում կորցրել են։ Վերապրելո՞ւ, թե՞ ապրելու անհնարինության մասին է։
- Դաշնակից երկու կանայք՝ ռուսը եւ հայը, թեեւ հանգամանքների բերումով շարունակում են որոնել կորցրած հարազատներին, բայց մեկը դեռ կամք ու վճռականություն ունի չհանձնվելու, մյուսն արդեն ակամա է ապրում, խանգարված մտքով ու խաթարված, անբնական ներաշխարհով։ Կորուստները նրան արդեն սպանել են։ Այսինք՝ն մեկը դեռ կարողանում է վերապրել, մյուսն արդեն չի պայքարում։ Նրա օրերն ինքնըստինքյան են, ժամանակը կանգ է առել։ Բայց այն, ինչ չարեց դաշնակից երկիրը, ուզեցի որ անի դաշնակից կինը։ Տանի իր հետ դեպի անանուն ու անհիմն հույսի մի ծվենը, փրկի, հանի ցավի անդունդից։ Չգիտեմ՝ կհաջողի, թե՝ չէ։
- Մեր իրականությունից են ծնվել գործերը, բայց կարծում եմ՝ օտարազգի ընթերցողին էլ ընկալելի ու հետաքրքիր կլինեն։ Խոսք կա՞ գրքի թարգմանության մասին։
- Չէ, դեռ թարգմանության մասին խոսք չի եղել։ Ուրիշ, նախկինում հրատարակված գրքերիցս թարգմանվում են, հույս ունեմ, որ մի օր այս մեկին էլ հերթը կհասնի։ Թե այս գրքի, թե նախորդ երկու պատմվածքների ժողովածուների ոչ այնքան թարգմանության միտքն եմ փայփայել, որքան կինոյի սցենար դարձնելու հեռանկարը։
Երեք ժողովածուներում էլ ընդգրկված գործերի մեջ լավ կինո դառնալու պոտենցիալով մի շարք պատմվածքներ կան։ Մեծամտություն չեմ անում։ Ուրիշներն էլ են ասում՝ ծանոթ, անծանոթ ընթերցողներ։ Կինոյի մարդկանցից դեռ ոչ մի արձագանք չունեմ։
Արմինե Սարգսյան












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: