Առեղծվածն ու դրա բացահայտումը Յու Նեսբյոյի «Ձնեմարդը» վեպում - Mediamax.am

exclusive
157 դիտում

Առեղծվածն ու դրա բացահայտումը Յու Նեսբյոյի «Ձնեմարդը» վեպում


Լուսանկարը` REUTERS

Հրաչյա Սարիբեկյանը Նորվեգիայի Թրունհայմ քաղաքում
Հրաչյա Սարիբեկյանը Նորվեգիայի Թրունհայմ քաղաքում

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` Անտարես


Յու Նեսբյոյի՝ 2007 թվականին լույս տեսած «Ձնեմարդը» դետեկտիվ վեպը պատմում է Օսլոյում ու մերձակայքում կանանց տարօրինակ եւ աղմկահարույց անհետացումների մասին, որոնց հետաքննությունն իրականացնում է հայտնի քննիչ Հարի Հոլեն։ 

Գիրքը լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը։ Նորվեգերենից թարգմանությունը Հրաչյա Սարիբեկյանինն է։ Նրա խոսքով՝ «Ձնեմարդը» սկանդինավյան դետեկտիվի օրինակ է, եւ ընթերցողին տագնապալի լարվածության մեջ է պահում սկզբից մինչեւ վերջ։

- Ինչո՞վ է առանձնանում սկանդինավյան դետեկտիվը դասական դետեկտիվից։ Եվ ի՞նչ տեղ ունի ժանրի այս բազմատեսակության մեջ «Ձնեմարդը»։

- Դետեկտիվ վեպն, ըստ իս, առաջացել է գոթական վեպից եւ դետեկտիվի տարրեր կան արդեն գոթական վեպերի հեղինակ Ուլյամ Գոդվինի «Քալեբ Ուիլյամս» (1794) վեպում։ Թե՛ գոթական, թե՛ դետեկտիվ վեպում կա առեղծված եւ կա առեղծվածի բացահայտում։ Հաճախ դետեկտիվի սկզբնավորումը կապում են նորվեգացի գրող Մորից Քրիստոֆեր Հանսենի «Ինժեներ Ռոլֆսենի սպանությունը» (1839) վեպի հետ։ Այսինքն՝ դետեկտիվի ավանդույթները Նորվեգիայում դեռ շատ վաղուց են դրվել։ Բայց ավելի հաճախ դետեկտիվի հիմնադիր համարվում է Էդգար Պոն, որ 1841-1843 թթ․ գրում է իր «տրամաբանական» նովելները, ինչպես ինքն է անվանել։ 

Ըստ էության, Պոն է հենց գրականություն բերում իսկական դետեկտիվի պայմանները՝ հանցագործությունը պետք է բացահայտվի ոչ թե մատնությամբ, խոստովանությամբ եւ նույնիսկ հանցանշանների օգնությամբ, որքան խուզարկուի զուտ տրամաբանությամբ։ Հետաքրքիր է, որ ամերիկացի Պոյի այս կարեւորագույն ներմուծումը յուրացնում են ավելի շատ դետեկտիվի անգլիացի հեղինակները, իսկ որոնցից ամենախոշորները թերեւս Չեսթերթոնն ու Դիքսոն Քարն են, իսկ ամերիկյան դետեկտիվը գերազանցապես այլ ուղղությամբ է ընթանում, այն, ինչ անվանում են «hardboiled» դետեկտիվ, խոսքը Դեշիլ Համեթի, Ռայմոնդ, Չանդլերի, Ջեյմս Քեյնի, Հադլեյ Չեյզի գռեհիկ ռեալիզմի ոճով գրված վեպերի մասին է, որոնցում քիչ չեն բռնության տեսարանները։ Եթե Պոյի հերոսը հանցագործությունը բացահայտելու համար անգամ տնից դուրս գալու կարիք չուներ, ապա այս վեպերի խուզարկուները ներքաշված են գլխապտույտ արկածների մեջ, որոնք էլ վերջիններիս օգնում են հետքի վրա ընկնել, եւ սրանք էլ հաճախ սպանությունը բացահայտում են ավելի շատ ապավինելով իրենց ինտուիցիային, քան տրամաբանությանը։ Նեսբյոյի վեպը,  ինչպես եւ ժամանակակից սկանդինավյան դետեկտիվը, ավելի շատ դետեկտիվի թրիլլեր տեսակին է պատկանում։ 

Հրաչյա Սարիբեկյանը Նորվեգիայի Թրունհայմ քաղաքում Հրաչյա Սարիբեկյանը Նորվեգիայի Թրունհայմ քաղաքում

Լուսանկարը` անձնական արխիվ


Այն ազդված է նաեւ ամերիկյան «hardboiled» դետեկտիվից, «սարսափի» ժամանակակից վեպերից։ Եթե անգլիական դետեկտիվում ընդգծված է քաղաքային կոլորիտը, սկանդինավյան դետեկտիվին յուրահատկություն է հաղորդում սկանդինավյան դաժանորեն գեղեցիկ ու սառնաշունչ բնապատկերը։ Սկանդինավյան դետեկտիվին եւ Նեսբյոյի վեպին բնորոշ են նաեւ սոցիալական հարցադրումներն ու հոգեբանականությունը, ինչը մեծ մասամբ հատուկ չէ ո՛չ ամերիկյան, ո՛չ անգլիական դետեկտիվին, թերեւս ֆրանսիականին էլ են բնորոշ․․․

- Եվ այսպես Հարի Հոլեն ավելի շատ ինտուիցիայով է կողմնորոշվում։ Ինչո՞վ է գրավում այդ կերպարը ընթերցողին, եթե ոչ իր անսխալ, երկաթյա տրամաբանությամբ։ 

- Անգլիական դետեկտիվի հերոսը մաթեմատիկական մարդն է, «մարդն առանց հատկությունների», կարեւորը կերպարի մեջ նրա տրամաբանությունն է։ Հարի Հոլեն մարդկային բնավորությամբ օժտված կերպար է, նա ոչ միայն կարող է տրամաբանական սխալներ գործել, ձախողվել, ուշանալ, փորձել նորից հետքի վրա ընկնել, այլեւ մարդկային թուլություններ ունի, ոգելից խմիչքի հանդեպ անդիմադրելի հակում, խճճված է անձնական հարաբերությունների մեջ, մենք նրան տեսնում ենք անկողնում, թափանցում նրա մղձավանջների մեջ։ Եվ վերջապես հումորի զգացում ունի։ Այս ամենը նրան մարդկային հատկանիշներով են օժտում, ինչն էլ, կարծում եմ, գրավում է ընթերցողների մեծամասնությանը։

- Գրքում կան բռնության տեսարաններ...

- Եվ դրանք երբեմն սահմռկեցնող են եւ խորշանք են առաջացնում մարդասպանի ու նրա սառնասիրտ ու մանրակրկիտ գործողությունների հանդեպ, կարծում եմ՝ հեղինակը այդկերպ փորձում է ազատագրել մարդուն այն ամենից, ինչը նիրհում է շատերի մեջ, թեեւ չի դրդում մարդասպանության։ Չէ՞ որ սարսափելի է նաեւ տեսնել դիմացինի մեջ այն, ինչ կա նաեւ մեր մեջ, եւ տեսնելով, թե ինչ ծայրահեղ արարքների է դրդում այն դիմացինին, մենք սկսում ենք մերժել ու մաքրվել։ 

- Մարդը գալիս է մանկությունից, մանկական տրավմաներն են որոշիչ նաեւ այս գրքի հերոսի պարագայում։ Այս առումով ի՞նչ ասելիք ունի վեպը մեծահասակներին։ 

- Իր գրքում Նեսբյոն խոսում է ենթագիտակցական բնույթի խնդիրների մասին, շոշափում հարցեր, որոնց մասին խոսելն ու մտածելն անգամ ներքին արգելքի տակ է, ներկայացնում է շվեդական ինչ-որ հետազոտության արդյունքներ, ըստ որի, իբրեւ թե, երեխաների տասնհինգից-քսան տոկոսի կենսաբանական հայրը նա չէ, ում համարում են։ Ինչը կարող է դառնալ նաեւ մոր՝ ամուսնուն դավաճանելով զավակին արատավոր գեներ փոխանցելու պատճառ։ Երեխան մանուկ հասակում ականատես է լինում մոր անհավատարմությանը, եւ այդ ցնցումը խորը հետք է թողնում նրա հոգում ու դարձնում անողոք։ Հետագայում ո՛չ զղջում է ունենում, ո՛չ ներողամտություն։ Եվ հավակնում է աշխարհի անարդարությունն ամենաանողոք կերպով վերականգնողի ու պատժողի դերն ստանձնել։ Թեպետ հետո ինքն էլ ստանում է իր պատիժը․ դետեկտիվում կարեւոր է նաեւ արդարության վերականգնումը։ Նեսբյոյի վեպն այս իմաստով, երեւի թե պատասխանատվության կոչ է։

- Մի տեսակ կրկվող, կանխատեսելի չե՞ն սերիական մարդասպանների մասին պատմությունները։ «Ձնեմարդը» կարդալու առաջին դրվագներից պարզ էր՝ ինչպես են թիրախավորվում զոհերը։ 

 - Մարկեսն իր «Հայտարարված սպանության խրոնիկան» սկսում է՝ «Այն օրը, երբ պետք է սպանեին նրան, Սանտյագո Նասարը արթնանում է առավոտյան 5-ն անց 30-ին...»։ Իր հարցազրույցներից մեկում ասում է, թե այդ դեպքում կարեւորություն է ստանում այն, թե ինչպես են սպանում Սանտյագո Նասարին։ Դետեկտիվի տեսակ էլ կա, որում հենց սկզբում գիտենք՝ ով է հանցագործը եւ մենք հետեւում ենք, թե նա ինչպես է փորձում կոծկել սպանության հետքերը, կամ ինչպես է ոստիկանությունը մերկացնելու նրան, կամ էլ սկզբում գիտենք, որ ինչ-որ մեկն սպանվելու է, եւ մեզ մնում է հետեւել, թե ինչպես է կատարվելու սպանությունը։ 

Լուսանկարը` Անտարես


Ուզում եմ ասել, որ դետեկտիվի կարեւորագույն պայմանը՝ այսպես կոչված անցյալի ռեկոնստրուկցիան, շատ դետեկտիվներում առհասարակ չի էլ առաջադրվում, եւ այդ վեպերում սյուժեն կամ կերպարի՝ դասական դետեկտիվին բնորոշ տեսանկյունը շրջված են։ Այսինքն, կարեւորագույնը «ով է հանցագործը» խնդրի լուծումը չէ, այլ հանցագործի առաջադրած խնդրի լուծման եղանակները, այդպես է նաեւ սերիական մարդասպանների մասին պատմություններում։ 

- Եվ մի վերջին հարց․ նորվեգերենից թարգմանությունները մեզանում մեծ տարածում չունեն։ Ի՞նչ դժվարություններ են եղել թարգմանելիս։

- Առանձնակի դժվարութան չեմ հանդիպել, վեպը գրված է պարզ նորվեգերենով։ Դժվար էր հաղթահարվում նյութը, հատկապես բռնության տեսարանները։ Ընթերցողը կարող է արագ կարդալ-անցնել, բայց թարգամանելիս, երբ ավելի երկար ես կանգ առնում նախադասությունների ու տեսարանների վրա, հայտնվում ես այդ ամենի ներսում, եւ ապրումները շատ սուր են։ Իսկ ես դիտավորյալ նախապես չէի կարդացել վեպը, որ գոնե թարգմանության ընթացքում հետաքրքրությունը պահեմ։

Արմինե Սարգսյան 




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին