Խանութի դիմաց, հենց սրճարանի աթոռների կողքին նաեւ մեծ ցուցանակ կար, որի վրա Արամի ձեռագրով գրված էր. «Վանի հող, Սասունի հող, Անիի հող, Բիթլիսի հող, Կարինի հող, Մշո հող, Արարատի ստորոտի հող, Արարատի լանջի հող…
Այս ցուցակի ամենավերեւում կարմիր կավիճով գրված էր. «Նորույթ՝ Կաղնու գյուղի հող»։
Ընթերցողի սեղանին Հովիկ Աֆյանի «Խոզի տարի» վեպն է։ Լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը։ «Խոզի տարին» արձակագրի յոթերորդ գիրքն է։
Մեդիամաքսը զրուցել է Հովիկ Աֆյանի հետ։
-Վեպն ունի չորս գլուխ։ Ներկայացնում է տարվա եղանակների պայմանական շրջափուլերը՝ ձմեռ, գարուն, ամառ, աշուն, եւ նորից ձմեռ։ Կարելի է նաեւ հասկանալ ժամանակագրությունը՝ 1983-ից մինչեւ մեր ժամանակներն ու անդին։ Իսկ ինչո՞ւ Խոզի տարի, ա՞յլ կլիներ պատմությունը, շեշտադրումները, եթե ներկայացնեիք, ենթադրենք, Վիշապի տարում 12 տարին մեկ կատարվող իրադարձությունները։
-Գրողին, նույնիսկ հեքիաթներ գրողին, եթե անկեղծ, ապա մանավանդ նրանց, հատուկ է եսասիրությունը: Որովհետեւ յուրաքանչյուր մարդ գրում է, որպեսզի սիրեն իրեն: Գոնե ես համոզված եմ, որ դա այդպես է: «Խոզի տարի», քանի որ ինքս ծնվել եմ խոզի տարում, ավելին՝ Սովետական Հայաստանում, ու ինչը տարօրինակ է, ամռանը: Սա տարօրինակ է, քանի որ մի հանդիպման ժամանակ ներկաներից մեկը հարցրեց. «Ինչո՞ւ է ցուրտ, երբ Դուք խոսում եք»:

Չիմացա՝ ինչ պատասխանել, հիշում եմ, որ ասացի՝ երեւի տարածքի օդորակիչները լավ են աշխատում, բայց հաստատ պետք է ասեի՝ իսկ Դուք մոտ եկեք... Պատմությունն, իհարկե, այլ կլիներ, եթե խոսեինք կոնկրետ Վիշապի տարիների մասին, թեկուզ միայն այն պատճառով, որ Վիշապը հենց այն հոգեվիճակն է, որ մեզ շատ հաճախ պակասում է ձմռանը, ամռանը, աշնանը եւ նորից ձմռանը:
-Միշտ էլ ընթերցողին հետաքրքիր է իմանալ՝ ինչ եղավ հերոսների հետ տարիներ հետո։ Գրական այս հնարքը լարում է առաջացնում։ Եվ իհարկե այս վեպը կարդալով՝ վերանայելու ենք մեր անցած ճանապարհը։ Ի՞նչը կարող է հետաքրքրել դրսի ընթերցողին։
- Դրսի ընթերցողի նախասիրություններով վերջին հերթին եմ հետաքրքրվում: Բա ես ի՞նչ իմանամ, ավելի ճիշտ՝ ինչո՞ւ իմանամ: Կարծում եմ, եթե արվեստը (ներողություն՝ անհամեստ բառի համար) ծնվի մարդկանց նախասիրություններից կամ հետաքրքրություններից, ոչ մեկը զարմացած չի կանգնի որեւէ կտավի առաջ կամ աչքերը չի փակի՝ երաժշտություն լսելիս: Իսկ զարմանալը հենց այն է, ինչը մեզ դեռ պահում է այս մոլորակի վրա: Բայց եթե ուրիշ կողմից մոտենամ հարցին, ապա մի՞թե, օրինակ, իմ սիրելի պորտուգալացուն, որ Ատլանտյան օվկիանոսի մեջ մխրճված Սետուբալ քաղաքի սրճարաններից մեկում ուշադիր հետեւում է մայրամուտին՝ փորձելով ոչինչ բաց չթողնել՝ անհետացած ժամանակների մասին իր հիշողությունների ծովում, հետաքրքրական չէ, թե ի՞նչ է լինում մարդու հետ, որին խոզի սիրտ են տալիս: Ինչերի՞ է նա ընդունակ:
-Հայ հեղինակների՝ վերջին շրջանում գրված շատ վեպեր չէին գրվի կամ բոլորովին այլ կերպ կգրվեին, եթե չլիներ 2020 թվականն ու դրանից հետոն։ Ո՞րն է գրողի առաքելությունը՝ վկայե՞լ, թե՞ կանխատեսել՝ առաջ ընկնելով ժամանակից։
-Հետաքրքիր է: Հետաքրքիր է, որովհետեւ կա կարծիք, թե 2020 թվականը լռեցրել է հայ գրողներին՝ «Չենք կարողանում գրել» դեմքի արտահայտությամբ, եւ կամ՝ «Թողնենք կուտակվի, նոր»: Միշտ ժպտում եմ այս արտահայտությունները լսելիս: Գիտեք՝ այդ «կուտակվողը» դանայան տակառ է, եթե ստեղծագործող մարդն սպասի, թե երբ է այն պռնկե պռունկ լցվելու, կարծում եմ՝ ոչինչ էլ չի ստեղծվի: Խոսքս ամենեւին էլ մակերեսային մոտեցման մասին չէ, այլ դնջության, էն որ ամռանը, ենթադրենք գրելիք չունենալով, պատուհանի մոտ կանգնած սպասում ես, թե երբ պետք է աշունը գա, որ Տերյանին տաս-անցնես:
Իսկ գրողի առաքելությունը... Երբեք չեմ հասկացել, թե դա ինչ է: Ես զարթնում եմ, գրում եմ, հետո քնում եմ, հաջորդ օրը՝ նորից: Արանքում, իհարկե, այլ բաներ էլ եմ անում, օրինակ, ապրում եմ, բայց այս եռամիասնությունը երբեք չի խախտվում: Գրում եմ, որ մարդիկ իմանան, թե ինչ է նրանց սպասվո՞ւմ, չէի պնդի: Գրում եմ, որ պատմեմ հաջորդ սերնդին, թե ինչպես ենք մենք ապրե՞լ, կրկին չէի պնդի: Հա, գրում եմ, որ ինձ սիրեն:
-Ի՞նչ կտա ընթերցողին «Խոզի տարին»։
-Սա ամենաբարդ հարցն է՝ անհնարին պատասխանով: Մի սիրուն բառ կա: Աշխարհի բոլոր լեզուներում այն կա, ու երբ հանկարծ, Աստված չանի, վերանա այս բառը կամ մոռանանք այն, աշխարհի հետ մի վատ բան տեղի կունենա: Այդ բառն է՝ «չգիտեմ»: Ես իսկապես չգիտեմ, թե ինչ կտա «Խոզի տարին» հայ ընթերցողին: Հուսամ՝ անմոռանալի ընթերցանություն ու գիրքը նորից բացելու ցանկություն՝ այն պատին նետելուց հետո:
-Ի՞նչ տվեց վեպը ձեզ։
- Դատարկվելու հաճույք: Սա՝ նախեւառաջ: Կարդում ու լսում ենք, չէ՞, ո՞ւր են գրողները, ինչո՞ւ չեն խոսում, մի՞թե ասելիք չունեն: Ունե՛ն: Ունե՛մ: Ասե՛լ եմ: Ավելի ճիշտ՝ գրե՛լ եմ: Իսկ ո՞ւր են ընթերցողները, հա, երկիր են փրկո՞ւմ...
- Վեպի հերոսները նախատիպեր ունե՞ն, թե՞ խտացրել եք, տիպականացրել։
- Կոնկրետ մարդկանց մասին գրել երբեք չեմ սիրել, ուրեմն նաեւ չեմ արել: Գրելու ընթացքում (բայց ի՜նչ սիրուն բառ է՝ «ընթացք») ամենասիրելի բաներից մեկն ինձ համար տարբեր մարդկանցից մեկին ստեղծելն է: Ոչ թե որովհետեւ մեզ ծանոթ մարդիկ գրելու բան չեն, այլ քանի որ իմ կարծիքով յուրաքանչյուր մարդու ինչ-որ բան պակասում է: Նկատի չունեմ՝ անտես երջանկության կամ անհնարին կատարելության հասնելու համար. նկատի ունեմ մարդը, մեզ ծանոթ մարդը, օրվա մեջ ունենում է առնվազն մի պահ, երբ մտածում է. «Իսկ ի՞նչ կլիներ, եթե ես կանաչ խնձոր սիրեի»: Այ այդ «կանաչ խնձորի» հանդեպ սերն եմ փորձում տալ մարդկանց եւ անշուշտ, տեղավորել նրանց իմ ուզած ժամանակում, տեղում, միջավայրում:
- Գլխավոր հերոսի ծնունդը, այլակերպումն ու հետագա քաղաքական գործունեությունը առիթ են տալիս տարատեսակ եզրահանգումներ անելու, նախատիպեր փնտրելու, ի վերջո, քաղաքականացնելու վեպը։ Մյուս կողմից՝ գոմում ծնված Հուսիկը (Գոճին) կարո՞ղ է խորհրդանշել առհասարակ երկիրը «փրկողներին»:
- Ես դեմ չեմ, որ մարդիկ քաղաքականացնում են «Խոզի տարին»՝ այնտեղ գտնելով ինչ-որ մարդկանց կամ մարդու նախատիպեր: Ավելին, ես ուզում եմ, որ տեսանելի լինի, թե քաղաքականությունն ինչ է վերջապես եւ ինչ տեսակ սիրտ է պետք ունենալ, որպեսզի հանգիստ զբաղվես դրանով: Այս վեպը գրելու շարժառիթներիցս մեկն այն էր, որ հանկարծ նկատեցի, թե որքան երիտասարդ տղաներ ու աղջիկներ են նետվում ոչ թե իրար, այլ քաղաքականության գիրկը: Լավ, բա այս ամեն ինչ տեսած աշխարհում այլ հետաքրքրություններ չկա՞ն, մի ծով չկա՞, որ հոգիդ ու մարմինդ հանձնես նրան ու փրկես ինքդ քեզ՝ դրանով իսկ երկիրդ ու աշխարհը: Հա, «երկիր փրկողները»... Գիտե՞ք, երկիրը ու ոչ միայն մերը, երբեք չի փրկվում, քանի որ շատ մարդկանց համար փրկությունը ափ դուրս գալն է, իսկ ուրիշների համար՝ անափ ծովը:
- Վեպում տեղական ու միջազգային լրահոսի առկայությունը «հնարովի» պատմությունների վավերագրական բնույթն ընդգծելու համա՞ր է։
- Չէի ասի: Ամեն դեպքում՝ այդ լրահոսն ապահովելով՝ ես ընդամենը փորձել եմ ավելի առարկայական դարձնել վեպում հանդիպող խմբագրության աշխատանքը:

Լուսանկարը` Աղվան Ասոյան
Ու շնորհակալ եմ՝ «հնարովի» բառը չակերտում առնելու համար, քանի որ մեծ հարց է, թե ի՞նչն է այս գրքում հնարովին՝ այն, ինչը գրված է թերթերո՞ւմ, թե՞ այն, ինչը պատահում է կյանքում:
- Գոճին սիրում է միայնակ ուտել։ Շատ տիպական է։ Իսկ նա բռնակալ լինելուց զատ նաեւ զոհ չէ՞։
- Իսկ դուք գիտե՞ք մեկ բռնակալ, որը նաեւ զոհ չէ: Ես չգիտեմ: Քանի դեռ մարդկանց՝ այս աշխարհ գալը կազմակերպվում է այնպես, որ նրանք սկզբում երեխա են լինում, հետո մեծանում են, ցանկացած բռնակալ առաջին հերթին զոհ է: Ու հա, բռնակալներն էլ, զոհերն էլ, միայնակ են ուտում:
- Որ դառնաս «մարդակեր» ու «երազակեր» պարտադի՞ր պայման է սեփական պատմություն չունենալը, երազներ չտեսնելը։
- Հա: Անպայմա՛ն: Ես համոզված եմ, որ մարդը, որ հիշողություն ունի ու երազներ է տեսնում, չի կարող մարդ ուտել: Մարդ կամ երազ: Օրինակ իմ սիրելի Ռոբինզոնը հիշողություն ուներ՝ ծովի այն կողմերի մասին, իսկ Ուրբաթը չէր էլ տեսել ծովի այն կողմը. նրա հիշողությունը երեկվա կերած միսն էր: Դրա համար էլ Ռոբինզոնն ասաց աշխարհի պատմության ամենակարեւոր նախադասություններից մեկը. «Չուտե՛լ մարդու միս, խմե՛լ այծի կաթ»:
- Իսկ գուցե խոզի սիրտը պարտադիր հանգամա՞նք է ապրելու համար նոր ժամանակներում: Վեպում տեսնում ենք, որ համատարած է խոզացումը, սառցակալումը:
-Նոր ժամանակներում պարտադիր չէ քաղաքականությամբ զբաղվե՛լը՝ թեկուզ հանուն Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այ դրանով զբաղվելու համար պարտադիր չէ մարդկային սիրտը, նույնիսկ ցանկալի չէ: Դե՝ խանգարում է, ընդ որում՝ հաճախ: Եվ քանի որ մենք համատարած զբաղվում ենք քաղաքականությամբ, տպավորություն է (փաստորեն կարողացել եմ անել դա), որ այդ սառցակալումն էլ համատարած է: Բայց՝ ամենեւին: Ասում եմ, աշխարհում այնքան հետաքրքիր բաներ կան, հատկապես երեկոյան ժամերին: Հա, աշխարհում ասելով՝ նկատի չունեմ անպայման Սարյան փողոցում:
- Ժողովրդին հրամայելու էր, որ եթե չեք կարողանում ճիշտ երազներ տեսնել, ուրեմն առհասարակ երազներ մի տեսեք: Շատ մերօրյա է թվում։ Բայց հենց այնպես չենք հանգել այս կետին։ Վերադառնում ենք զրույցի սկզբին, որ իզուր չեն ներկայացվել վերջին տասնամյակների շրջափուլերը։
- Խոսքը մեր մեջ, ես հասկանում եմ, որ այստեղ մի քիչ չափն անցել եմ: Բայց մյուս կողմից, դուք կզարմանա՞ք, եթե մի՝ խորհրդանշական տասներկու տարի հետո ինչ-որ մեկը մեզ հրամայի ճիշտ երազներ տեսնել կամ առհասարակ չտեսնել: Ու մենք ենթարկվենք այդ հրամանին: Ես չեմ զարմանա: Եվ այո, դա մի կետ է, դեպի որը գնում ենք: Լավն այն է, որ ոչ միայն հայերով. մեզ հետ են իտալացիները, հունգարացիները, իռլանդացիները... նույնիսկ նորզելանդացիները եւ անպայման՝ արհեստական բանականությամբ ու խոզի սրտով:
- Սեդան փորձում է մաքրել անցյալը, հասնել մինչեւ Կաղնու գյուղ, բայց չի հասցնում անգամ դուրս գալ Երեւանից։ Անցյալը վերանայելու, սրբագրելու կարի՞ք ունենք, դա՞ եք փորձել ընդգծել, թե՞ այն, որ արդեն ապրածն այլեւս անուղղելի է։
-Փորձել եմ ընդգծել այն, որ մենք այն ժողովուրդն ենք, որն ամենաշատ հիշողություններն ունի, բայց ոչինչ էլ չի հիշում: Նկատի ունեմ՝ անգիր արածի պես: Դպրոցում ինչպե՞ս է. դասատուն հանձնարարում է անգիր անել «Չարի վերջը», անում ենք, ու շատերս մինչեւ կյանքի վերջ հիշում ենք: Մենք՝ որպես ժողովուրդ, չենք հիշում: Կամ գուցե համոզված ենք, որ Թումանյանը հենց կկվի մասին է գրել, դրա համար էլ չենք հիշում: Գրքում գրված բառը շատերիս համար ուղղակի բառ է, երեւի դրա համար էլ շատերն ասում են՝ «Բա ո՞ւր են գրողները»:

Լուսանկարը` Աղվան Ասոյան
Իսկ արդեն ապրածն անուղղելի չէ: Իհարկե չես կարող տեղափոխվել տասներկու տարի առաջ ու փոխել ենթադրենք... սանրվածքդ, բայց կարող ես վաղը ու, ինչն ամենակարեւորն է՝ այսօ՛ր հիշել, թե որտեղից ես գալիս ու այդ ճանապարհին քանի փուշ ես տեսել եւ կոնկրետ որտեղ էին դրանք եւ ինչու էին դրանք: Առաջ քայլելով է հնարավոր ուղղել արդեն ապրածը: Միա՛յն այդպես:
- Հուսիկի երեխաների անունները հատկանշական են՝ Սասուն, Վանուհի, Կարին, Տարոն, ու պատահական չէ, որ նրանք բոլորն ուզում են շուն պահել։ Գոճին վախենում էր միայն շնից։ Թվաց՝ «Ժողովրդի հայրեր»-ին եք հղում տալիս այս ակնարկով։
-Սիրում եմ իմ գրքերում հղում անել իմ նախորդ գրքերին: «Ծովից ծով»-ում, օրինակ, ավելի հեռուն եմ գնացել ու հղում եմ արել իմ հաջորդ գրքին, այսինքն՝ հենց «Խոզի տարուն»:
Հա, ինչպես ասում են՝ սուրճի բաժակ նայող եւ երազներ մեկնաբանող մասնագետները (հիմա ասում են՝ փորձագետ)՝ շունը հավատարմություն է: Ու բնականաբար պետք է լինեն մարդիկ, որոնք դրանից վախենում են՝ չնայած Սասունից Տարոն ու Կարին ամենաշատը դա էին ուզում:
-2031-ին էլ կարծես շատ բան չի փոխվում։ «Ես ինձ ինչ հիշում եմ՝ մեր երկիրը կործանվում է» արտահայտությունը այդ ժամանակ էլ է արդիական։ Բայց կա սեր, վերադարձ, հոսանքին հակառակ լողացող Եղիշն ու գոմերում որդու հետ ապրող Սոնան։ Սա գրողական երազա՞նք է, թե՞ համոզմունք։
-Ասում եք՝ «Բայց կա սեր»... Ու ես հասկանում եմ, որ փաստորեն իզուր չեմ գրել այս պատմությունը: Դա գրողական երազանք է, կամ համոզմունք... Սակայն՝ ի՞նչ տարբերություն:
Արմինե Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: