2025թ. հուլիսի 30-ին Երեւանում կայացել է քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանի «Ազգայնականության մուրճի ու ազատականության սալի արանքում» գրքի շնորհանդեսը: Գիրքը 1998-ից 2025 թվականները հրապարակված հոդվածների եւ հարցազրույցների ընտրանին է: Շնորհանդեսը վարել է լրագրող, առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանը:
Բացման խոսքում հեղինակը խոստովանել է, որ չնայած ընկերների հորդորներին, երկար ժամանակ դիմադրում էր ժողովածուն հրատարակելու գաղափարին` համարելով, որ դրա անհրաժեշտությունը չկա։
«Դիմադրությունս կոտրվեց այն բանից հետո, երբ գիտակցեցի, որ Հայաստանում հրատարակված կամ Հայաստանին առնչվող իմ հոդվածներն ու հարցազրույցներն ընդհանուր տրամաբանություն ունեն, ինչը կարող է տեսանելի դառնալ միայն դրանք որպես ժողովածու հրատարակելու դեպքում եւ ինչը լրացուցիչ հրատապություն ունի Հայաստանում մեր օրերում տիրող քաղաքական ու մտավորական մթնոլորտի պայմաններում», - ասել է Արման Գրիգորյանը:
«Այդ տրամաբանությունը, ինչպես գրքի վերնագիրն է հուշում, մերժումն է Հայաստանում ու հայկական աշխարհում տիրապետող դարձած մի պարզունակ մտավորական երկատման, որտեղ գործ ունենք մի կողմից ավանդական, այսպես կոչված «ռոմանտիկ» ազգայնականության, մյուս կողմից` պարզունակ, մակերեսային, կարգախոսների մակարդակը չգերազանցող ազատականության հետ։ Մտավորական ու քաղաքական այս բարիկադի մի կողմում դիրքեր են զբաղեցրել մարդիկ, որոնք քաղաքականությունը շփոթել են նժդեհական պաթոսով հայրենիքին ձոնված ներբողների եւ հայդատական պատրանքների, իսկ մյուս կողմում` ժողովրդավարության, մարդու իրավունքների ու «արեւմտյան արժեքներին» նվիրվածության վերաբերյալ անբովանդակ շատախոսության ու արեւմտյան դրախտում հայտնվելու պատրանքների հետ», - նշել է հեղինակը:
Արման Գրիգորյանը նկատել է, որ «անլսելի ու անտեսանելի է դարձել այն փաստը, որ չնայած ամբողջ շիկացածությանը, այս հակամարտության կողմերն իրականում երկվորյակներ են իրենց հիմնարար փիլիսոփայական ու մեթոդաբանական դիրքորոշումներում»։
«Անտեսանելի ու անլսելի է դարձել նաեւ այն փաստը, որ օբյեկտիվորեն գոյություն ունի մի երրորդ դիրքորոշում, որը դրանց արմատական մերժումն է, որը խարսխված է ռացիոնալիզմի ու ռեալիզմի ուսմունքների վրա եւ որն այսօր, ցավոք, մեծ ժողովրդականություն չի վայելում Հայաստանում։
Այդ երրորդ դիրքորոշումը հիմնված է իրականությունը որպես այդպիսին ընդունելու, իրականությունը մեր կամքին ենթարկելու սահմանափակությունները գիտակցելու եւ մեր գործողությունները իրականության պարտադրած օրինաչափություններին համապատասխանեցնելու անհրաժեշտության ընկալման վրա։ Դա մերժումն է այն մտայնության, որ իղձերը կարող են անկախ լինել կարողություններից եւ որ «հաղթանակը տրվում է նրան, ով այն իր հոգում կրում է մինչեւ վաղը», ինչպես սիրում են Նժդեհին ցիտել նրա երկրպագուները։ Դա մերժումն է այն մտայնության, որ Սարդարապատում մեր հաղթանակի միակ բացատրությունը հաղթանակի նկատմամբ հավատն էր, ինչպես պնդում էր Նիկոլ Փաշինյանը։ Դա մերժումն է այն մտայնության, որ Սեւրի պայմանագիրն իրականություն չի դառնում զուտ այն պատճառով, որ մենք դրան հետամուտ չենք լինում։ Դա մերժումն է այն մտայնության, որ Եվրոպական Միության անդամ դառնալու համար ընդամենը պետք է ռուսներին գրողի ծոցն ուղարկել ու եվրոպացիներին տեղյակ պահել, որ մենք նման ցանկություն ունենք», - ասել է քաղաքագետը:

Լուսանկարը` Անտարես
Եզրափակելով խոսքը, Արման Գրիգորյանն ասել է.
«Մտածելու կարողությունը չկորցրած մարդիկ հիմա առավել քան երբեւէ պարտավոր են չլռել, որպեսզի, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց մի առիթով` ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի։ Ես հույս ունեմ, որ այս ժողովածուն այդ ճրագին ավելացրած մի կաթիլ յուղ կլինի»։
Գիրքը բաղկացած է 5 մասից.
1. Արցախյան հիմնախնդիր եւ հայ-թուրքական հարաբերություններ
2. Գաղափարախոսական ու քաղաքական բանավեճեր
3. Հայաստան, Արեւմուտք, ժողովրդավարություն
4. 44-օրյա պատերազմը
5. Դեպի Արեւմուտք շրջադարձի փորձերն ու դրանից բխող վտանգները
Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն իր խոսքում նշել է, որ Արման Գրիգորյանի գիրքը հատկապես կարեւոր է այսօր, երբ «անորոշություն է տիրում ամեն ինչում» եւ «կարգախոսային քաղաքականություն է» վարվում: Ուշադիր ընթերցելով գիրքը, կարելի է գտնել բոլորիս հուզող «ինչո՞ւ այսպես եղավ» հարցի պատասխանը, ասել է նա:

Լուսանկարը` Արամ Կարախանյան
Լրագրող Կարպիս Փաշոյանի խոսքով, Արման Գրիգորյանի գիրքը շատ կարեւոր քայլ է Հայաստանում իրական քաղաքական տեքստերի բացը լրացնելու համար: Նա նկատել է, որ վերջին 200 տարվա ընթացքում գրեթե միշտ փորձում ենք մեր պարտությունների պատճառները «արտապատվիրակել» մեծ տերություններին, իսկ Արման Գրիգորյանի գիրքը վկայում է, որ խնդիրն իրականում մեր մեջ է:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն էլ առանձնացրել է «Ազգայնականության մուրճի ու ազատականության սալի արանքում» գրքի երեք կարեւոր առաքելությունները.
1. Օգնում է վերաիմաստավորել պատմությունը
2. Վերակառուցում է քաղաքական մշակույթը
3. Ապագայի ուղեցույց է հանդիսանում եւ զգուշացնում է պատրանքներով առաջնորդվելու քաղաքականության վտանգների մասին:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: