«Բորխեսն ակտուալ է». փորձառու եւ սկսնակ թարգմանիչների նախաձեռնությունը - Mediamax.am

exclusive
394 դիտում

«Բորխեսն ակտուալ է». փորձառու եւ սկսնակ թարգմանիչների նախաձեռնությունը


Բորխեսի տուն-թանգարանի որմնանկարը Բուենոս Այրեսում
Բորխեսի տուն-թանգարանի որմնանկարը Բուենոս Այրեսում

Լուսանկարը` TravelMag.com/Roy Duffield

Սամվել Թավադյանը եւ Հասմիկ Ամիրաղյանը
Սամվել Թավադյանը եւ Հասմիկ Ամիրաղյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Հասմիկ Ամիրաղյանը
Հասմիկ Ամիրաղյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Սամվել Թավադյանը
Սամվել Թավադյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Սկսնակ եւ փորձառու թարգմանիչների՝ Սամվել Թավադյանի եւ Հասմիկ Ամիրաղյանի համագործակցության արդյունքում ստեղծված «Բորխեսն ակտուալ է» նախագիծը նպատակ ունի հայ ընթերցողի համար բացահայտել 20-րդ դարի հսկաներից մեկի՝ արգենտինացի գրող Խորխե Լուիս Բորխեսի պոեզիան։

«Բորխեսն ակտուալ է» նախագիծը լույս կընծայի նրա բանաստեղծությունների երկլեզու ժողովածու՝ իսպաներեն բնագրով եւ հայերեն թարգմանությամբ։ Ժողովածուն լույս ընծայելու համար նախագծի հեղինակները դրամահավաք են սկսել են ռեԱրմենիա հարթակում։

Սամվելը եւ Հասմիկը Մեդիամասքին պատմել են, թե ինչո՞ւ է բորխեսյան պոեզիան ակտուալ եւ ինչպես սկսվեց դրա շուրջ իրենց համագործակցությունը։

Թարգմանություններ 11 բանաստեղծական գրքերից

Սամվել. «Բորխեսն ակտուալ է» նախագծի գաղափարը ծնվել է 2022 թվականին՝ Արցախի շրջափակման օրերին։ Այդ ժամանակ պատմության ուսուցիչ էի աշխատում Շուշիի շրջանի Մեծ Շեն համայնքում՝ «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի ուսուցիչների առաջնորդության ծրագրով։ Հասմիկի հետ առաջին անգամ հենց այդ ժամանակ ծանոթացա՝ Երեւանի, Ստեփանակերտի ու Բարսելոնայի միջեւ թարգմանիչների նամակագրության արդյունքում։ 

Հասմիկը իսպանալեզու հեղինակների՝ այդ թվում Խորխե Լուիս Բորխեսի ստեղծագործությունները թարգմանելու մեծ փորձ ուներ։ Քանի որ ես էլ արդեն մի քանի գործ թարգմանել էի Բորխեսից, որոնք հրապարակվել էին «Գրանիշ» գրական հարթակում եւ «Ակտուալ արվեստ» ամսագրում, որոշեցինք միմյանց ուղարկել մեր թարգմանությունները։ Պարզեցինք, որ թարգմանած գործերում համընկնումներ չկան։ Որոշեցինք նոր գործեր էլ թարգմանել ու կազմել, այսպես ասած, Բորխեսի բանաստեղծությունների ամբողջական ժողովածու։ 

Սամվել Թավադյանը Սամվել Թավադյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Բորխեսին թարգմանելու ճանապարհին Հասմիկն ինձ շատ է օգնել, որովհետեւ նա իսպաներենի փայլուն մասնագետ է եւ շատ խորն է ընկալում իսպանալեզու գրականությունը։

Հասմիկ. Բորխեսի պոեզիայի հայերեն առաջին ժողովածուի համար ընտրել ենք բանաստեղծություններ 1923-ից 1985 թթ․ լույս տեսած 11 բանաստեղծական գրքերից, ինչի շնորհիվ ընթերցողները կկարողանան ծանոթանալ կյանքի տարբեր ժամանակաշրջաններում արգենտինացի հեղինակին հուզող հարցերին եւ ամբողջական պատկերացում ստանալ տարիների ընթացքում նրա պոեզիայի գեղարվեստական զարգացման մասին։ 

Բորխեսի ժողովածուներն աչքի են ընկնում ոճական մեծ բազմազանությամբ եւ անդրադառնում տարատեսակ նյութերի՝ իմացական հարցերի, հուզական ապրումների, հայրենիքին, հավերժական համամարդկային խնդիրների, տարբեր մշակույթների, առասպելաբանությունների, խորհրդանշանների։ Անփոփոխ է, սակայն, բանաստեղծությունների բարձր արժեքը. Բորխեսը սիրում էր կրկնել, որ պոեզիան երջանկության մի ձեւ է, եւ իր սեփական գործերը դրա վկայությունն են։ 
Սամվել Թավադյանը եւ Հասմիկ Ամիրաղյանը Սամվել Թավադյանը եւ Հասմիկ Ամիրաղյանը

Լուսանկարը` անձնական արխիվ


Նրա բանաստեղծություններն աչքի են ընկնում երկու կարեւոր առանձնահատկությամբ, մի կողմից՝ տաղաչափական բազմապիսի լուծումների առատությամբ, մյուս կողմից՝ Բորխեսի արձակի հետ բազմաթիվ ընդհանրություններով օժտված բովանդակությամբ, որը հագեցած է փոխաբերություններով, պատմական եւ մշակութային տարբեր իրադարձությունների եւ կերպարների հղումներով։ Թարգմանության մեջ այդ ամենը ճշտությամբ արտացոլելու համար տարվել է երկարատեւ խմբագրական աշխատանք, մի քանի անգամ շտկվել են բնագրի հետ բովանդակային եւ տաղաչափական անհամապատասխանությունները։ 

Ժողովածուի թարգմանությունը տեւել է մեկ տարի (2022–2023թթ․)։

Լրացնել բացը եւ զարգացնել թարգմանիչների միջեւ համագործակցությունը

Հասմիկ․ Բորխեսը 20–րդ դարի համաշխարհային գրականության ամենահայտնի, ընթերցվող ու մեջբերվող հեղինակներից մեկն է։ Բորխեսին ընդունված է համարել բոլոր մշակույթների հանրագիտակ, եւ նրա յուրահատուկ իմացական ոճը խոր ազդեցություն է թողել հետագա գրական գործիչների, այդ թվում՝ Ումբերտո Էկոյի, Մարիո Վարգաս Լյոսայի երկերի վրա։ Բորխեսի արտասովոր կերպով հարուստ գրական ժառանգության մեջ մեծ տեղ են զբաղեցնում բանաստեղծությունները, որոնց հայերեն թարգմանությունները երբեք չեն հրատարակվել, մինչդեռ հեղինակի արձակ գործերը մեծ համարում են վայելում հայ ընթերցողների մեջ։ 
Հասմիկ Ամիրաղյանը Հասմիկ Ամիրաղյանը

Լուսանկարը` անձնական արխիվ


«Ակտուալ արվեստ» հրատարակչության հետ մեր նախագիծը նպատակ ունի լրացնելու այդ բացը եւ ընթերցողներին նվիրելու Բորխեսի աշխարհահռչակ պոեզիան հայերեն ուղիղ թարգմանությամբ ներկայացնող անդրանիկ գիրքը։

Սամվել. «Բորխեսն ակտուալ է» նախագիծն ինձ համար կարեւոր նշանակություն ունի նաեւ այն առումով, որ նպաստել է թարգմանչական աշխատանքի եւ թարգմանիչների միջեւ համագործակցության զարգացմանը։ 

Կոնկրետ մեր պարագայում ես սկսնակ թարգմանիչ էի, Հասմիկը՝ փորձառու, ով արդեն թարգմանել էր Բորխեսի «Հավերժության պատմությունը» գիրքը։ Այսինքն՝ այսպիսի նախաձեռնությունները նաեւ միտված են զարգացնելու թարգմանիչների միջեւ համագործակցությունը։

Նախագիծը ռեԱրեմնիա հարթակում

Սամվել. Նախագիծը ներկայացրել ենք «Ակտուալ արվեստ» հրատարակչությանը, որն էլ ձեռք է բերել հեղինակային իրավունքը։ Բայց գրքի էջադրման եւ դիզայնի, ինչպես նաեւ 300 տպաքանակով լույս տեսնելու համար մեզ ֆինանսական աջակցություն էր պետք, ինչի համար էլ որոշեցինք դրամահավաք մեկնարկել ռեԱրմենիա հարթակում։ Հուսով ենք, որ մինչեւ 2026 թվականը կկարողանանք լույս ընծայել ժողովածուն։

Նախագիծը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է հավաքել 480 000 դրամ: 2025թ. հուլիսի 25-ի դրությամբ հավաքագրվել էր 52 000 դրամ: Եթե ցանկանում եք աջակցել, դա կարող եք անել այս հղումով.

https://rearmenia.com/hy/fundraisers/borges-is-relevant 

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին