«Կաղ վկան»․Գարսուի խտախոս վեպն ու բազմադեմ հերոսի թափառումները - Mediamax.am

exclusive
121 դիտում

«Կաղ վկան»․Գարսուի խտախոս վեպն ու բազմադեմ հերոսի թափառումները


Գարսուն
Գարսուն

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` Անտարես


Գարսուի «Կաղ վկան» վեպը ապրած հիշողությունների եւ պատառների յուրօրինակ համադրություն է։ «Ես չեմ կարող քայլել, Հայր, երկար ու անընդմեջ, բոլոր ճամփաներով, որ սարքել են քո որդիները, սնվելով դուստրերիդ ձվաբջիջների հոսուն իմաստնությամբ»,- գրում է արձակագիրը։ 

Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը։ 

- «Վկայություն՝ Ինչ-Որ Մեկի ու Կաղ Վկայի հանդիպման մասին։ 27.07.2018, 18.11.2022»։ Գիրքը սկսվում է այս տողերով։ Թավիշ, հետպատերազմ. նշած ամսաթվերն այս զուգորդումներն են առաջացնում։ 

- Այս գիրքը շատ տարբեր ժամանակներում, տարբեր հոգեվիճակներում է գրվել։ Հատուկ շեշտադրումը, այո, թավշյա հեղափոխության ու հետպատերազմական իրողության մասին է։ Բայց մի կարեւոր նրբություն կա. 2018-ին գրված տողերը պատերազմից հետո՝ 2022-ին, վերանայեցի, եւ 4 տարի առաջ գրված տեքստի մեջ ներառվեց հիշողություն, որը գրական ձեւաչափի մեջ դարձավ կանխատեսում։ Երբ Ջուլիկ տատիկը խաչ է նվիրում պատերազմ գնացող հերոսին, այդ տեսարանը բնականաբար 2018-ին չի գրվել, հետո է այդ ամեն ինչը տեղի ունեցել։ Ամսաթվերը նշել եմ, որ ընթերցողի համար պարզ լինի՝ 2018-ին գրվածը 2022-ին ամփոփվել է։ 

- Ջուլիկ տատիկի «Բարի գիշեր, տղես, ես քեզ շատ եմ սիրում, նայի հա» խոսքերը լսելու էր նաեւ պատերազմ գնալուց՝ արծաթե խաչելությունը ընդունելիս։ Ծխախոտի թափանցիկ տոպրակը հանելը համեմատելու էր նռնակի օղակը քաշելու հետ՝ կտրուկ ու արագ։ Այս պատկերներով փորձում ես ցույց տալ պատերազմի ու խաղաղության կա՞պը, թե՞ հակասությունը։

- Պատմության հերոսը կամ հակահերոսը (ինձ համար ինքը եւ՛ հերոս է, եւ՛ հակահերոս), ամեն ինչում է դա տեսնում։ Իրական պատերազմը խաղաղութան ներսում է, ու երբ մարդը ճանաչում է այդ պատերազմը, զգոն ու արթուն է լինում՝ աստվածաշնչյան գրառման համաձայն՝ արթո՛ւն կացեք, որովհետեւ չգիտեք, թե ո՛ր ժամին կգա ձեր Տերը։

Իմ գրվածքներում ես ոչ մի նոր բան չեմ հայտնաբերում, ինձ համար կարեւոր է՝ իմ արածը ինչքանով է մարդուն մոտեցնում Աստծուն, Լույսին, իմ սիրո չափաբաժինը դրա մեջ հաշվարկվա՞ծ է, թե՞ անմնացորդ , մնացածը՝ գրական տեխնիկան, ձեւը, ոճը, անգամ սյուժեն, այդ թվում՝ պատերազմի հիշատակումը խաղաղության մեջ, կարեւոր են, բայց առաջնային չեն։

- Թավիշ, պատերազմ, հետպատերազմ, համավարակ, Նախիջեւանի ոչնչացված խաչքարեր, Ջուղա... Շատ ընդգրկուն է ասելիքդ, թվում է՝ մի գրքից կարելի էր հինգ գիրք ստանալ։ 

- Ես մի գործ ունեմ՝ դեռ անտիպ, կոչվում է «Որձ առյուծ»։ Մոտավորապես 10 տարի առաջ եմ գրել։ Խտախոս բնութագրումն էի տվել վեպին։ Միշտ մտածել եմ գրել այնպիսի գիրք, որ ինքս կուզեի կարդալ։ Խտախոսության հիմքը այն ժամանակվանից դրվեց։

Այդ հարցին էլի եմ առնչվել, որ կարող էր մի քանի գիրք դառնալ։ Գուցե ինչ-որ տեսանկյունից ալարկոտությունն է պատճառը, բայց իրականում դա անսահման վստահությունն է ընթերցողի հանդեպ, որ այս արագ ընթացող կյանքում գնահատելու ու հասկանալու է, թե ինչու է մի գիրք կարդալով՝ հինգ գիրք կարդում։ Կարծում եմ, որ իմ ընթերցողը ինտելեկտուալ, ասելիքի խորությունը տեսնող ու զգացող մարդն է։

- Կաղ Վկան, Ինչ-որ մեկը, Սիրող մեկը, Հարբեցող մեկը, Հիասթափված մեկը, Քաղաքացի մեկը, Մենակ մեկը, Գրող մեկը, Մի քանիսյան մեկը… սրանք ընդհանրացվա՞ծ կերպարներ են, թե միեւնույն մարդու տարբեր ես-երը։

- Էլի անդրադառնամ գիրքը գրելու պատմությանը։ Գրքի առաջին հատվածում Մի քանիսյան մեկի արկածներն էին։ Այս ժամանակ ես ուրիշ հոգեվիճակում էի, մեր երկիրը լրիվ ուրիշ իրականության մեջ էր ապրում, հեղափոխություն էր եղել, շատերս մտածում էինք՝ ծաղկումը սկսված է։ Գիրքը ինքնակենսագրական ու փաստավավերագրական տարրեր ունի, հստակ երեւում են իմ հայացքներն ու ապրումը։ Ու որպեսզի շատ անձնական չլինի, ես ասում եմ՝ Գարի՛կ, դու ո՞վ ես, Ինչ-որ մեկն ես, ապրում ես այս իրականության մեջ՝ քո ընկալումներով՝ ճիշտ, սխալ։ Ու այդպես Մի քանիսյան մեկից, որ Ինչ-որ մեկն է, շատ ընդհանրացված կերպար ձեւավորվեց։ 

Լուսանկարը` Անտարես


Մի կարեւոր բան կա․ 2009 թվականին ես էլի մի աշխատանք գրեցի՝ «Դեղին մարդը» (դեռեւս անտիպ է), որտեղ ինչ-որ Մեկի կերպարը կա։ Հպանցիկ կերպար է ու առնչվում է մարտի մեկի դեպքերին։ Եվ փաստորեն Ինչ-որ մեկի կերպարը եկավ այս տեքստի մեջ, դարձավ Մենակը, Կաղ վկան․․․ հասունացավ կերպարը․ եւ՛ շատ ընդհանրացված դարձավ, եւ՛ կոնկրետացավ։

Իրականում հատուկ մտածված է, որ իրենք տարբեր անուներ ունենան, բայց բոլորը մի մարդու մասին է։ Այստեղ նաեւ մարդու բազմադեմ, բազմակերպար լինելն է ընդգծվում, որ կարող է ինչ-որ մի օր լինել հարբեցող, ինչ-որ մի օր սուրբ, գրող, քաղաքացի եւ այլն։

Ու այդ բազմադեմությունից հետո սկսվում է հերոսի թափառումները։ Ամբողջ այդ պատմության ընթացքում նա փորձում է գտնել ինքն իրեն, իսկ պատերազմը դառնում է սթափեցնող ապտակ։ 

- Կաղ վկան նո՞ւյնպես հեղինակն է։ 

-Կաղ վկա անունը ինքնաբերաբեր ու մի քիչ էլ ծիծաղելի դրվագի հետ է կապված, գրքում երբ խոսում են վայրէջքի, ոտքը վնասելու մասին, ինձ հետ դա իրականում տեղ է ունեցել։ Անգամ ձեռնափայտով նկարահանումների եմ մասնակցել։ 

Գրքում ներկայացված է Կաղ ճամփորդության ընթացքը․ կաղությունը ենթադրում է, որ դու հավելյալ հենարանի կարիք ունես, եւ ես փորձում եմ այդ հարցը նախ ինքս ինձ տալ՝ ո՞րն է իմ կյանքի հավելյալ հենարանը։ Ինձ համար պարզ է, որն է այդ հենարանը, բայց չգիտեմ գրքում որքանով է դա արտահայտվել։

Հետո անդրադարձա այն հանգամանքին, որ Աստվածաշնչում կաղերի եւ կույրերի մասին հիշատակումներ կան․․․

- Ընտանեկան կյանքին վերաբերող դրվագներից մեկում կերպարին կոչում ես Հերոս։ Կարծես հեգնանք, ինքնաքննադատություն կա դրանում։ 

- Ապրված, իրական դրվագ է։ Այո, հեգնանք կա դրանում, նաեւ ցավ կա, տխրություն։ Մենք միշտ ձգտում ենք հերոսանալ՝ մոռանալով պարզ ու կարեւոր բաների մասին։ Իրական հերոսությունը պարզ բաների մեջ է, իրական հերոսությունը հոգեւոր խիզախումների մեջ է, եւ այդ հոգեւոր խիզախումն էլ բացարձակ կապ չունի արտաքին ըմբոստության հետ։ Հերոսությունը Բացարձակ ճշմարտության՝ Աստծո նկատմամբ ունեցած մեր խոնարհությունն ու բացարձակ վստահությունն է։ 

Ասեմ, որ «Կաղ վկան» նախատեսված է որպես վիպաշարի առաջին գիրք, այլ վեպեր եւս պետք է լինեն՝ որպես շարունակութուն, լրացում։ «Որձ առյուծ» վեպի (ինչի մասին խոսեցի զրույցի սկզբում) հերոսի անունը նույնպես Հերոս է։

- Ինչ-որ առումով գիրք խոստովանությո՞ւն է, գիրք աղո՞թք, մանավանդ որ «Հայր» դիմելաձեւն անցնում է գրքով։

- Ցանկացած ստեղծագործություն այդպիսի հատկություն պետք է իր մեջ ունենա։ Ես դրան եմ եկել տարիների ընթացքում։ Հիմա էլ, երբ աշխատանք եմ անում, խաչքարեր կերտելու մասի է խոսքը, միշտ մտածում եմ որ սա հերթական խոստովանությունն է , ապաշխարության փորձը, քանի որ Աստված մեզանից ընդամենը մի բան է ուզում՝ մաքուր հոգի։ Եթե ինչ-որ շնորհ է տալիս՝ ստեղծագործական եւ այլն, տալիս է նրա համար, որ օգնես մյուսներին գնալ մաքրագործման։ Գրքում տեղեր կան, որ անկեղծության չափն անցել եմ, բայց ես դրա համար բոլորովին չեմ զղջում, ավելին ասեմ՝ հաջորդ գրքում, որ հիմա գրվում է («Կույր վկան»), անկեղծության չափաբաժինն ավելի մեծ է։ Կարծում եմ` իմ գրականությունը նման գործառույթ ունի՝ օգնել, որ ընթերցողն ինքն իր համար բացի իր անկեղծության դռները։ 

- «Վկան իմաստնացել է այնքան, որ էլ չի խոսում ոչինչ, որ նրա լռությունն ամեն ինչ ասում է այս աշխարհի աղմուկի մասին», «Բաբելոնում հենց հիմա խոսում են մի քանի լեզուներով»։ Մեր իրականությունից անցում ես կատարում համընդհանո՞ւր խնդիրների։

-Լռության ու բազմալեզվության հետ կապված հետաքրքիր մի բան ասեմ․ Երեւանում «Բաբելոն» անունով թատրոն կա, որտեղ ես ներկայացումներ եմ խաղացել։ Այդ հատվածը նույնպես իրական հիմք ունի ու ամբողջությամբ գրվել է «Բաբելոն» թատրոնում։ Տարբեր ներկայացումներ, միջոցառումներ էին լինում այնտեղ, տարբեր ազգության մարդիկ էին հավաքվում։ Այդ պատկերները հավաքվել են այնտեղից՝ ուղղակի եւ անուղղակի ձեւով զուգորդվելով Բաբելոնի աստվածաշնչյան պատմությանը։ Ու այդ ամենի մեջ էլի պատերազմ կա, որն ինչ-որ պահի դարձավ ոչ թե հայ-ադրբեջանական կամ Արցախի համար պատերազմ, այլ ընդհանրացավ։ 

- Գրքի վերջում խոսում ես սիրո մասին․ «Ուժ չունեմ այլեւս չսիրելու, Հայր։ Խնդրում եմ, օգնիր ինձ վկայել Սիրո մասին»։ Բալենին ծաղկում է մոխիրներից, իսկ Մենակը քայլում է հնգամյա որդու հետ։ Սա փրկությա՞ն ճանապարհն է։

- Գիրքն արդեն տպարան էր գնում, վերջաբանն ուրիշ էր, հետո եմ ավելացրել այդ դրվագը։

Ես անընդհատ մտածում էի, որ պետք է այնպիսի վերջաբան լինի, որ կարդամ վերջացնեմ, ապրելու ցանկությունն ավելի շատ լինի, քան չապրելու։ Վառարանի մոխիրներից աճող բալենու պատկերն ինձ շատ դուր եկավ, շատ ուզեցի, որ այդպես լինի։ Իսկ շրթհարմոնով նվագելու դրվագը իրականում եղել է․ տղայիս հետ քայլում էի գյուղի փողոցներով, ասես ֆրանսիական Նոր ալիքի կինոյի նկարահանումից լիներ․ ժամանակ առ ժամանակ շրթհարմոնը գրպանից հանում էր նվագում։ Շատ գեղեցիկ էր այդ տեսարանը ցուրտ եղանակին գյուղի լռության մեջ։ Ուզեցի, որ վերջաբանն այդպես լինի։

«Ես իմ սիրելի որդու հետ քայլեցի Ուրծաձորի փողոցներով պաղ, եւ նա ձմռան կեսին շրթհարմոն էր նվագում ժամանակ առ ժամանակ, հետո դնում գրպանը, հետո նորից հանում ու նվագում ժամանակ առ ժամանակ»։ 

- Իրականությունը մտնում է գրքիդ մեջ, շատ դեպքերում հորինելու կարիք էլ չկա։ 

-Ինչ հորինեմ, ամեն ինչ արդեն ստեղծված է, մնում է մեր վերաբերմունքը, մեր անդրադարձը։ 

Արմինե Սարգսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին