Մարդկության երկու դեմքը, պատերազմն ու ցավը Դյուրասի վեպում - Mediamax.am

353 դիտում

Մարդկության երկու դեմքը, պատերազմն ու ցավը Դյուրասի վեպում


Լուսանկարը` Patrick Duport, Winslow Martin

Լուսանկարը` «Ակտուալ արվեստ»

Մարգրիտ Դյուրասը 1960 թվականին
Մարգրիտ Դյուրասը 1960 թվականին
Լուսինե Մուսախանյանը
Լուսինե Մուսախանյանը

Լուսանկարը` Զանգակ


Մարգրիտ Դյուրասի «Ցավը» գիրքը սկսվում է նույնանուն խորագիրը կրող օրագրային գրառումներով, ավարտվում է մի լքված հրեա փոքրիկ աղջկա մասին պատմությամբ։ Գիրքը լույս է ընծայել «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը։

Ֆրանսերենից թարգմանել է Լուսինե Մուսախանյանը։

«Հայ ընթերցողին Դյուրասը ծանոթ է Գոնկուրյան մրցանակի արժանացած «Սիրեկանը» վեպով, Ալեն Ռընեի «Հիրոսիմա, իմ սեր» ֆիլմով, որի սցենարի հեղինակն է ու «Moderato cantabile» վեպով, թերեւս այսքանը,- Մեդիամաքսի հետ զրույցում ասաց Լուսինե Մուսախանյանը։ -Հրատարակչական նախագիծը, որ ղեկավարում է Նունե Ղարիբյան-Բիգոն, ներառում է Դյուրասի հինգ երկերը, որոնցից յուրաքանչյուրը առանձին ժանրի է պատկանում, ինչը հնարավորություն կտա այս ստեղծագործությունների միջոցով քիչ թե շատ պատկերացում կազմել Դյուրասի մասին»։

- Օրագրային գրառումները կրում են «Ցավը» խորագիրը։ Գործ ունենք գեղարվեստական հնարքի՞ հետ, թե՞ միանգամայն իրական պատմություն է ներկայացնում հեղինակը։

- Գրականագետների շրջանում միշտ քննարկվում է՝ Դյուրասի ստեղծագործությունները համարել ինքնակենսագրակա՞ն, թե՞ ինքնակենսագրական ֆիկցիա։ Ինձ թվում է՝ ավելի շատ երկրորդ տարբերակն է բնորոշ հեղինակի ստեղծագործություններին, որովհետեւ նրա գրեթե բոլոր գործերում ինքնակենսագրական տարրեր կան։

Լուսանկարը` «Ակտուալ արվեստ»


«Ցավ»-ում հեղինակը նկարագրում է սպասման ցավը, երբ ամուսինը՝ Ռոբերտ Լ-ն (իրականում՝ Ռոբեր Անթելմ), գտնվում էր համակենտրոնացման ճամբարում, եւ ինքը երկրորդ ամուսնու՝ Դ.-ի (իրականում՝ Դիոնիս Մասկոլո) հետ փնտրում էր Ռոբերտ Լ.-ին։ Սա իրական պատմություն է, ժողովածուի ամենասկզբում ասում է, որ նոթագրությունն արել է պատերազմի ժամանակ, հետո մոռացել դրա մասին։

Տարիներ անց, երբ  հրատարակիչը խնդրել է մի նոր  բան տրամադրել,  փոքր-ինչ մշակելուց հետո, համարյա 40 տարի անց, որոշել է տպագրության հանձնել նոթագրությունը։

-Անցորդները միշտ կքայլեն այն պահին, երբ ես իմանամ, որ նա այլեւս չի վերադառնա։

Նրա մահն իմ մեջ է...
Այս պահին Փարիզում կան մարդիկ, որոնք ծիծաղում են, հատկապես երիտասարդները։
Մեռնելով ես չեմ միանում նրան, դադարում եմ նրան սպասելուց։

Հայ ընթերցողին անծանոթ չէ «սպասումների» այս պատմությունը, արդյոք ի՞ր ցավը, թե՞ համընդհանուր խնդիր է բարձրացրել Դյուրասը «Ցավը» գործով։

- Իրականում դժվարությամբ եմ թարգմանել «Ցավը» եւ «Ալբերը «Կապիտալից»» գործերը, որովհետեւ հասկացել եմ, որ պատերազմի միջով անցնող մարդը հասնում է մարդկայնությունը կորցնելու բարձրակետին՝ատելության ու մարդասիրության սահմանագծին։ Իսկ ամենացավոտն ինձ համար հենց փոսի տեսարանն է՝զգում ես, որ բոլոր այն մարդիկ, որոնք հարազատ են կորցրել, որոնք անցել են պատերազմի ցավի միջով, ամեն Աստծո օր պառկել են այդ փոսի մեջ՝ իրենց հարազատի կողքին։

Պատերազմի միջով անցած ցանկացած անհատ, ժողովուրդ, այս գործերը կարդալով, կարող է շոշափել սեփական ցավի ուժգնությունը։
Մարգրիտ Դյուրասը 1960 թվականին Մարգրիտ Դյուրասը 1960 թվականին


Զարմացած եմ՝ Դյուրասն ինչպես է կարողացել ուղղակի գրառել, տողերի վերածել ցավը, որն այդքան շոշափելի էր, այդքան սուր ու դեռ ամբողջովին չապրված։

Այլ է, երբ հետահայաց ես փորձում զգացածդ հասկանալ, նկարագրել, փիլիսոփայորեն մոտենալ ապրածիդ,  բայց այստեղ նա կենդանի ցավն է նկարագրում, ամենօրյա, գիշերը քեզ հետ պառկող-քնող ու առավոտյան արթնացող ցավը։

- Այդպես էլ ասում է. «...չեմ հիշում ինձ այն գրելիս։ Ե՞րբ եմ գրել, ո՞ր տարում, օրվա ո՞ր ժամին, ո՞ր տանը»։

- Առհասարակ Դյուրասի ոճի մեջ հետաքրքիր մի բան կա, որ ուրիշ գրողների մոտ չեմ նկատել. երբ կարդում ես նրա գործերը, տպավորություն է, որ այս պահին նկարագրվող իրադարձությունը քո աչքի առաջ է կատարվում, տեսնում ես, որ հեղինակը ոչ թե երկու ժամ, երեք օր կամ ամիսներ շարունակ աշխատել է ստեղծագործության վրա, մշակել տեքստը, այլ գրում է հենց հիմա՝քո աչքի առջեւ, դու ես առաջին մարդը, որ տեսնում, շոշափում ու հաղորդակցվում է այդ տեքստի հետ։

- «Ալբերը «Կապիտալից»»-ում նկարագրվող կտտանքի տեսարանները կարդալիս հարց է առաջանում՝ ինչո՞վ են տարբերվում նացիստներն ու Դիմադրության շարժման ներկայացուցիչները։

- Այդ հարցն ինձ էլ է անընդհատ հուզում, որովհետեւ եթե դու տանջանքների եւ ցավերի միջով անցած մարդ ես, թվում է՝գիտակցել ես, որ մարդասիրության տեսանկյունից բռնությունն անընդունելի է, ինքդ էլ չպետք է տանջես ուրիշներին։ Բայց փաստ է, որ տառապյալ մարդը շատ հաճախ կարեկցանք քիչ է ունենում ուրիշների հանդեպ։ Գուցե այդ պահին ցավն ավելի խորն է լինում, անջատում է գիտակցությունն ու ստիպում դառնալ դաժան։ Կամ գուցե անհնար է չատել, երբ քեզ են պատրաստվում վերացնելու։

- Գուցե ինքնախոստովանությո՞ւն է։ Չէ՞ որ Դյուրասը Դիմադրության շարժման անդամներից էր եւ գրում է, որ մատնիչին տանջանքների ենթարկողը ես եմ։

- Մի ՞գուցե նաեւ խոստովանանք է, դրան զուգահեռ մեկ ուրիշ պատմվածք ունի («Օրելիա Փարիզ»), որտեղ ներկայացնում է միանգամայն հակառակ զգացական աշխարհայացք ունեցող կնոջ, որը պատրաստ է իր կյանքը վտանգելով պաշտպանել հրեա աղջկան։

Այսինքն՝ պատերազմի միջոցով մարդկության երկու դեմքն է ցույց տալիս՝ մարդասիրությունը, կարեկցանքը, մյուս կողմից դաժանությունը՝ մարդու մեջ ապրող գազանին, որ չունի ոչ մի զգացմունք եւ պատրաստ է հնարավորության դեպքում հոշոտելու դիմացինին։

Իհարկե, «Օրելիա Փարիզում» չի ասում՝ ով է այդ կինը, որ ատրճանակը ձեռքին սպասում է դռան մոտ, բայց իմ պատկերացմամբ՝ նա էլ հեղինակի ներսում ապրող մարդկանցից մեկն է։ Պատահական չէ, որ այդ գործով է ավարտել գիրքը։ Վերջում տեսնում ենք 18 տարեկան Օրելիային, որը նույն պահին գիրք է գրում։ Ցավերը, արհավիրքները, որոնց միջով անցնում են հերոսները, ի վերջո պետք է տանեն լուսավոր մի բանի, կենսական մի ուժի, ու այս դեպքում գիրը երեւի թե լավագույն միջոցն է։ Հարցազրույցներից մեկում Դյուրասին հարցնում են՝ եթե մայրդ հարուստ լիներ, ինքդ կարիքի մեջ մեծացած չլինեիր, արդյոք կգրեի՞ր, պատասխանում է՝ կգրեի ցանկացած դեպքում, քանի որ գրելը մորիցս էլ զորեղ է։ Այսինքն՝ Դյուրասի համար գրելը ամեն բանից առավել էր, ապրելուն հավասար երեւույթ էր։ Նրա ստեղծագործություններում երեւում է դա. թեեւ շատ պարզ է գրում, առանց ավելորդ, ուռճացրած նախադասությունների, սակայն զգում ես, որ մարդը, որը գրել է այդ ամենը, կենսական կարիք է զգացել գրելու։

- «Ցավը» գործում ասվում է, որ դարի մեծագույն իրադարձությունն է նացիստական Գերմանիայի ջախջախումը։ Բայց բռնությունների, պատերազմների պատմությունը մեր մոլորակում այսքանով չի ավարտվում։ Եվ Դյուրասը գրում է.«Ռոբերտ Լ.-ն չմեղադրեց ոչ ոքի, ոչ մի ռասայի, ոչ մի ժողովրդի, նա մեղադրեց մարդուն»։

- Ցավալի մի բան եմ զգացել, դարեր շարունակ մարդասիրական, ժողովրդավարական արժեքներ են մշակվում, բայց այս աշխարհը հակված է հակաուտոպիային, ու ցանկացած մեկը, որ գալիս է իշխանության եւ ունի հնարավորություն, օգտվում է առիթից։ Շղթան շարունակական է, ցավոք, մարդկությունը դեռ չի հասել մի գիտակցական մակարդակի, որ վերջնականապես արմատախիլ անի ցանկացած բռնապետություն։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Լ.-ի դիտարկմանը, այո, ի վերջո, անկախ քաղաքական հայացքներից, կրոնական, ռասայական տարբերություններից՝ մարդն ինքն է ծուղակներ լարում իր առաջ, անընդհատ տրվում այդ ծուղակներին ու հիմնովին քանդում իր ստեղծած արժեքները։

- Դյուրասը պատմական անցքերին, քաղաքական իրադարձություններին այլ կողմից նայելու հնարավորություն է ընձեռում։ Օրինակ՝ երբ ասում է՝ Դը Գոլը անտեսում է ժողովրդի ցավը՝ սեփական դերը չնվազեցնելու համար։ Գիրքը նաեւ քաղաքակա՞ն բնույթ ունի։

- Որեւէ ստեղծագործություն՝ հղում տա քաղաքականությանը, թե չտա, ուղղակիորեն անդրադառնում է քաղաքականությանը։ Եվ այստեղ Դը Գոլին քննադատելը շատ տիպիկ է, որովհետեւվերաբերում է աշխարհի բոլոր տիրակալներին։ Մեր շուրջն անընդհատ պատերազմներ են տեղի ունենում, ու մենք տեսնում ենք, որ մարդկային կյանքը, որ թվում է՝ ամենաբարձր արժեքը պիտի լիներ, երկրորդային է դառնում, ճակատագրեր են խեղվում, հոգեբանություն է քանդվում... Ցանկացած մեկը, որ պատերազմ է վերապրել, անկախ նրանից՝ եղել է պատերազմի դաշտում, թե ոչ, երբեք էլ նույնը լինել չի կարող։ 2020 թվականից հետո մեզնից ոչ ոք նույնը չէ։ Բոլորս ուրիշ մարդիկ ենք. Պատերազմից հետո ամեն օր 2020 թվականն է։

- «Թերեզը ես եմ, մատնիչին տանջանքների ենթարկողը ես եմ։ Նմանապես աշխարհազորային Տեռի հետ սիրով զբաղվել կամեցողը նույնպես ես եմ»։ «Ցավին» հաջորդող գրառումներում հանկարծ ներկայանում է որպես Թերեզ։ Գուցե եղելություններին կողքից նայելո՞ւ համար։

- Գուցե նաեւ, բայց դերանվան խաղը Դյուրասի ոճի առանձնահատկություններից է։ «Սիրեկան»-ում էլ սկզբից խոսում է նա-ով, հետո ինչ-որ մի պահի ասում՝ ես նրան սիրում էի... Անընդհատ այս խաղն է։ Մի կողմից՝ երեւի ավելի հեշտ է քո անունից խոսելը, մյուս կողմից, երբ, օրինակ, ուզում ես «թաքնվել», անցնում ես նա-ի, հետո կրկին դառնում ես-ին։

- Գործակալ Ռաբյեն կարող էր մոր ներկայությամբ որդուն ձերբակալել, բայց երեխայի նկարած գունանկարը տեսնելով՝ խնայում է հրեա ընտանիքի կյանքը։ Նա մատնում էր մարդկանց, բայց երազում էր արվեստագիտական խանութ բացելու մասին։ Ո՞վ էր ի վերջո Ռաբյեն։

- Մարդ էր, որ խեղում էր ուրիշների ճակատագրերը, միաժամանակ սիրում էր արվեստ, գրականություն։ Թվում է՝ անհամատեղելի են նրա երկու ես-երը։ Տարօրինակ է նաեւ, որ դատարանում հերոսուհին ցուցմունք է տալիս հօգուտ նրա։ Սկզբում օգնում է բռնել նրան, ցուցմունք է տալիս նրա դեմ, ապա փորձում փրկել մահապատժից։ Այսինքն՝ նրա համար էլ Ռաբյեն հակասական կերպար է։ Քարը նետվում է պատերազմին. եթե չլիներ պատերազմը, Ռաբյեն երբեք չէր մտածի գեստապոյում աշխատելու ու հրեաներին ձերբակալելու մասին։

- Աշխարհազորային Տեռի նկատմամբ համակրանք են տածում նրան դատողները։ Ընթերցողն էլ անմասն չի մնում։ Դասական մատնիչի կերպար չէ կարծես Տեռը։ «Տեռը գոռոզամիտ չէր, ոչինչ չկար նրա գլխում, ոչինչ, միայն մանկությունն էր»։

- Ամենալուսավոր կերպարն է։ «Տեռն անուղղելի էր։ Եթե նույնիսկ նա մեռներ հաջորդ օրը, չէր կորցնի ապրելու առիթը»։
Լուսինե Մուսախանյանը Լուսինե Մուսախանյանը

Լուսանկարը` Զանգակ


Տեռի կերպարը շատ հետաքրքիր է, նա շատ տարբեր է Ռաբյեից։ Մատնիչ էր դարձել, բայց ասես ակամա էր ներգրավվել այդ գործում, մատնելը գիտակցված որոշում չէր, հպարտանում էր, որ ամենալավ մեքենաներն է վարել, ամենալավ զենքերն է ունեցել։ Երբ Տեռին ատրճանակ են տալիս՝ խաղալիք ատրճանակ, նրա մտքով չի էլ անցում ստուգել, տեսնել, թե  արդյոք աշխատո՞ւմ է, գուցե խաբո՞ւմ են իրեն. սա ցույց է տալիս նրա պարզամտությունը, եւ որ ատրճանակը նրա համար սպանության գործիք չէ։

«Ջարդված եղինջում» արդեն տեսնում ենք Տեռին կերպարանափոխված։ Նման էր պատերազմի միջով անցած մռայլ մարդու, որ իբրեւ հանդիսատես նայում է երեխաներին, զինվորականներին։ «Անծանոթը կարծես Տեռն է, որ փախել է Ռիշելիե կենտրոնից ու մեռնելու համար հարմար տեղ է փնտրում»։

- Գրքում պատմությունները առանձին են, բայց փոխկապակցված։

-Այո, ասես մի մեծ վեպի պատառիկներ լինեն։

- Գրքի առաջաբանում նշել եք, որ «Դյուրասի ձեռագիրն ու ոճը ժամանակի ընթացքում շարունակաբար փոխվել են», «լեզուն նրա գործերում արարող նյութ է»։  Դժվար չէ՞ այդ ինքնատիպությունը ընթերցողին փոխանցելը։

- Իմ սպասումներին հակառակ՝գործընթացը բավականին բարդ էր։ Բուն թարգմանության ընթացքը շատ արագ անցավ, բայց հետո, երբ կարդում էի հայերեն տեքստը, տպավորություն էր, որ նախադասություններն իրար հետ կապ չունեն։

Դյուրասի ստեղծագործություններում կա ինչ-որ ռիթմ, պոետիկ մի բան, անհարկի ստորակետներ, կրկնություններ, որոնք հայերեն դժվար էր փոխանցելը։ Ժամեր շարունակ շարադասությունը փոխում էի, Նունե Ղարիբյան-Բիգոյի հետ անընդհատ ընթերցում էինք, խմբագրում, որ ի վերջո «դյուրասերեն» հնչի նախադասությունը։ Փորձել ենք Դյուրասի մտքի ճկունությունը, բառախաղերը, ոճական բոլոր հնարները փոխանցել հայերեն։ Շատ բարդ գործընթաց էր, բայց երեւի ամենահաճելիներից մեկը։

Արմինե Սարգսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին