Իրականությունը, պատրանքն ու ազգային հարցերը՝ Լեւոն Շանթի «Երազ օրեր» եւ «Կինը» վիպակներում - Mediamax.am

exclusive
1148 դիտում

Իրականությունը, պատրանքն ու ազգային հարցերը՝ Լեւոն Շանթի «Երազ օրեր» եւ «Կինը» վիպակներում


Արքմենիկ Նիկողոսյանը
Արքմենիկ Նիկողոսյանը

Լուսանկարը` Աշոտ Ստեփանյանի

Լուսանկարը` Անտարես


«Անտարես» հրատարակչությունը մեկ գրքով լույս է ընծայել Լեւոն Շանթի «Երազ օրեր» (1892) եւ «Կինը» (1912) վիպակները։ «Երազ օրերը» սիրո պատմություն է, նաեւ ազգային դիմագիծը վերգտնելու պատմություն։ Շանթը վիպակի նյութը քաղել է ժամանակակից հայ կյանքից, բարձրացված հարցերը, դիտարկումները սակայն արդիական են նաեւ այսօր։

«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով՝ Լեւոն Շանթի հենց այդ վիպակի ընտրությունն ու հրատարակությունը դրանով էլ պայմանավորված են։

- Ընդհանրապես, հատկապես հիմա մեզանում շատ են սիրում խոսել կրկնվող պատմության ու դրանից այդպես էլ չքաղվող դասերի մասին, բայց քչերն են ասում, թե կոնկրետ ինչ դասեր պետք է քաղել կամ նախկինում ինչ լուծումներ են առաջարկվել, որոնք անտեսել ենք կամ լիարժեք չենք կիրառել։ Շանթի այս վիպակն ահա այդտեսակ կոնկրետությունների մասին է, այդտեսակ դասերի։ Եվ չմոռանանք՝ «Երազ օրերը» գրվել է 1892 թվականին՝ ազգային լուրջ մարտահրավերների պայմաններում, երբ մեր ժողովրդի երկու հատվածներում էլ գոյաբանական լուրջ խնդիրներ էին ծառացած՝ լեզվական, հոգեւոր կորուստներից մինչեւ ֆիզիկական բնաջնջման վտանգներ։ Այդ առումով՝ վիպակը նաեւ յուրօրինակ գաղափարական դասագիրք է, եւ հերոսուհին՝ Վարդուհին, այդ դասագիրքը սերտած լավագույն աշակերտ։

Արքմենիկ Նիկողոսյանը Արքմենիկ Նիկողոսյանը

Լուսանկարը` Աշոտ Ստեփանյանի


Բայց մյուս կողմից՝ այն հանգամանքը, որ վիպակը գրված է օրագրի ձեւով, թելադրում է մտածել, որ այն նաեւ դասագիրք է հերոսի՝ Երվանդի համար։ Ըստ ամենայնի՝ դառնալով ոգեւորության ու վերափոխման ազդակ, հենք ու ներշնչանք Վարդուհու համար, ինքն էլ անցնում է ինքնամաքրման կարեւոր մի ճանապարհ։ Եվ է՛լ ավելի պատահական չէ, որ «Երազ օրերը» երջանիկ ավարտ ունի, եւ մեր գրականության այն հազվադեպ երկերից է, որի ավարտաբանությունը ոչ թե բաժանում է իրար սիրող հերոսներին, այլ միացնում։ Շանթը դրանով ուզում է ընդգծել, որ մայրենի լեզուն, ազգային ոգին, իդեալներն ու գաղափարները, նվիրվելը դրանց նաեւ անձնական երջանկության նախապայման են։

- Իդեալական կնոջ կերպարը, սիրելու ու աշխատելու կարեւորությունը, որ առկա են «Երազ օրերում», ավելի որոշակիորեն հանդիպում են նաեւ «Կինը» վիպակում։ Թերեւս պատահակա՞ն չէ այս երկերի լույսընծայումը մեկ գրքով։

- Անշուշտ, պատահական չեն, թեպետ այդ երկու վիպակները գրվել են 20 տարվա հեռավորությամբ։ ««Կինը»» վիպակում, թերեւս, բացակայում է «Երազ օրերի» հերոսներին բնորոշ երիտասարդական խանդավառությունը, սակայն հերոսներն էության մեջ նույնն են, հատկապես՝ Սուրենը։ Այստեղ պարզապես գործ ունենք մի փոքր ավելի ընդգծված հեռադրության հետ․ ի տարբերություն «Երազ օրերի» Վարդուհու, որ հեռացել էր հայերենից, հայությունից եւ այլն, Մարգրիտ Ստեկընը նաեւ ազգությամբ հայ չէ, եւ այս հանգամանքը, անկախ վիպակում շատ խորությամբ քննարկվող արվեստի ու արվեստագետի հոգեբանության, կնոջ հոգեբանության հարցերի, ընդգծում է նաեւ ազգային հատույթի հարցեր, եւ Սուրենի կերպարն էլ այդ համատեքստում պետք է դիտարկել։ Նա էլ է անցնում ինքնամաքրման ուղի, եւ հենց այդ տեսանկյունից։

-«Կինը» վիպակի հերոսներն են Սուրենը, Մաքսը, Մարգրիտ Ստեկընը... Վերնագիրը՝ «Կինը»։ Մարգրիտ Ստեկընը իդեալակա՞ն կերպար է, թե՞ պատրանք։ Սուրենը ուզում է կնոջ մեջ գտնել «ավելի խոր բան մը, ավելի բարձր ու ավելի ազնիվ, քան կինը»։ Ի դեպ, նման բանաձեւում կա նաեւ «Հին աստվածներ» դրամայում՝ լինել ավելին, քան մարդը:

- Շանթի վիպակի վերնագիրը իրականում Սուրենի նկարի վերնագիրն է, եւ որպես վիպակի վերնագիր գրելիս ինքս նախընտրում եմ կրկնակի չակերտներ օգտագործել։ Գալով՝ Մարգրիտին՝ նա ոչ իդեալական կերպար է, ոչ պատրանք։ Ամեն դեպքում սովորական կին է, բայց որի սովորականությանը հասնելու համար նրան եւ պետք է իդեալականացնել, եւ ընկալել որպես պատրանք։ Ըստ ամենայնի՝ այդ ճանապարհով էլ գնում է Սուրենը։ Դա մյուս կողմից՝ արվեստի ճշմարտությանը հասնելու ուղին է։

Լուսանկարը` Անտարես


Բայց ամենակարեւոր հարցադրումը վիպակում, ըստ իս, պատրանքաթափությունն է, որը խորքում վերաբերում է հենց ազգային խնդիրներին։ Պատահական չէ, որ ցուցահանդեսի ժամանակ Սուրենի նկարում, որտեղ պատկերված էր Մարգրիտը, շատ քննադատներ նաեւ հայկական կոտորածների արձագանքն են տեսնում։

- «Աղջիկը ՝ աշխատանքի պաշտամունքով, անձնվիրութունն ու գութը կյանքի հիմք ընդունող լավատես մը, իտեալիստ մը։  Տղան՝ նիցչեյան հովերով, ուժն ու ռեալիզմը կյանքի հիմք բռնած, ուրիշ ամեն բան հեգնող հոգի մը»։ Սուրենը այս պատմության վերջում վերգտավ ապրելու, արարելու իմաստը, իսկ Ստե՞կընը։

- Ես չեմ կարծում, որ Ստեկընի կերպարի հոգեբանական ավարտաբանությունը Շանթը առանձնակի կարեւորել է վիպակում։ Կարեւորը Սուրենն է, նրա՝ որպես արվեստագետի, ավելին՝ որպես հայ արվեստագետի հոգեբանական ընթացքի ներկայացումն է։ Ստեկընը մարտահրավեր է այդ ճանապարհին։ Թեպետ շատ կարեւոր մարտահրավեր։ Սուրենի ինքնահաղթահարումը, մեծ հաշվով, գաղափարական հաղթահարում է, որը պետք է դիտարկել առավել լայն համատեքստերում։

- Նրանք ցանկացած հարցի շուրջ հակառակ կարծիքներ ունեն, բայց եւ հասկանում են՝ ինչքան նման են իրար իրենց հոգիները։ Գուցե խոսքը միեւնույն մարդու երկու եսերի՞ մասին է։

- Շանթի ստեղծագործությանը բնորոշ են այդպիսի հակադրամիասնությունները։ Հանրահայտ գործերից հիշենք թեկուզ Աբեղային եւ Վանահորը՝ «Հին աստվածներից», Օհան Գուրգենին եւ Հաննային՝ «Կայսր» դրամայից․․․ Նման հարաբերությունները, ըստ ամենայնի, կարեւոր են ճշմարտությանը կամ դավանած իդեալներին հասնելու համար։

- Ու դարձյալ երկփեղկում... «Կենդանի արձան մը իր կենդանի պատկերին դիմաց»։ Աղջիկը պատռում է նկարը, որովհետեւ բախվում է իր երկրորդ եսի՞ն, սեփական հոգու մերկությա՞նը, թե՞ որովհետեւ հասկանում է, որ զուտ մոդել է եղել նկարչի համար։

- Շանթի կերպարների հոգեբանություններն այնքան հարուստ են, որ մի կողմից՝ կարող են մղել ամենատարբեր մեկնաբանությունների, մյուս կողմից՝ ուղղակի մնալ առեղծվածային։ Իմ կարծիքով՝ Մարգրիտը նկարը պատռեց՝ հասկանալով, որ ինչ-որ առումով օգտագործվել է։ Նա չհասկացավ այդ օգտագործվելու կարեւորությունը։

- Սուրենը հասկանում է, որ այն, ինչ եղել էր աղջկա հոգում, պատռվածք չէր, այլ ամենագեղեցիկ, ամենանուրբ ու ներդաշնակ կապը։ «Այդ կապը պետք է մնար, պետք է մնար այս օրերեն էլ անդին, իր կյանքի օրերեն էլ անդին, դարերեն էլ անդին պետք մնար»։ Շանթը գրում է հավերժի մասին, այնուամենայնիվ, ընթերցողին հետաքրքրելու է ամենապարզ հարցը՝ փոխադա՞րձ էր արդյոք Մարգրիտի սերը։

- Չափազանց ակնհայտ է, որ փոխադարձ էր։ Այլ հարց է, որ երկուսն էլ պատրաստ չէին այդ փոխադարձության սովորականությանը։

- Բոլոր դեպքերում, կարո՞ղ ենք ասել, որ, ըստ Շանթի, ելքը մե՞կն է՝ բախտավոր են նրանք, որ հավատ ունեն ապագայի հանդեպ, մարդկության, «ազնիվ» բաների, իրենց գործի, դերի, իդեալի... «Երազ օրերում» գրեթե նույնն է ասվում․ «Սիրե՜լ ու աշխատի՜լ․ աս թող ըլլա մեր կանքը»։

- Կարող ենք ասել, բայց բացի ձեր թվարկածներից՝ կավելացնեմ նաեւ խորքում չափազանց ընդգծվող շատ կարեւոր հասկացություններ՝ հայոց լեզուն, հայ ժողովուրդը, հայոց պատմությունը, հենց հայ ժողովրդի իդեալներն ու ձգտումները․․․

Արմինե Սարգսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին