Հայաստանում ֆանտաստիկ գրականությունը խթանելու եւ հայկական դիցաբանության հանրահռչակմանը նպաստելու համար 2023 թվականին Armcon նախաձեռնությունը հայտարարել էր ֆանտաստիկ ժանրի պատմվածքների չորրորդ մրցույթը, որն անցկացվել է «Դիցային» խորագրի ներքո:
Թե ինչպես ժամանակակից հայ ստեղծագործողները տեսան եւ պատկերացրին հայկական դիցային էակներին, կարելի է իմանալ մրցույթի արդյունքում «Բուկինիստ»-ի հրատարակած «Դիցային» ժողովածուի միջոցով, որում տեղ է գտել 19 պատմվածք:
Փետրվարի 20-ին Common Ground Books & Spirits գրախանութում տեղի է ունեցել ժողովածուի շնորհանդեսը, որին ներկա էր նաեւ Մեդիամաքսը:
Դիցային պատմվածքներ եւ բառգիրք
Armcon-ի համահիմնադիր Ֆրունզ Հարությունյանի խոսքով՝ 2023-ին հայտարարված մրցույթի նպատակներից մեկը հայոց դիցաբանության հանրահռչակումն էր նաեւ որպես պատասխան առկա մարտահրավերներին:
«Վերջին շրջանում շատ բաներ հարցականի տակ դրվեցին, թեեւ որոշ մասն իրավացիորեն, սակայն այդ հարցականի ալիքը սկսեց դիպչել նաեւ շատ կարեւոր հիմքերի: Ցանկացանք մեր նախաձեռնության միջոցով անդրադառնալ դրան՝ ձգտելով լինել ոչ միայն պարզապես ֆանտաստիկ ժանրի մրցույթ, այլեւ ավելացված արժեք գեներացնել»,- նշել է Ֆրունզ Հարությունյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Նա մանրամասնել է, որ մրցույթի շրջանակում կազմակերպել են հայկական դիցաբանության եւ սյուժեների ստեղծման մի շարք դասախոսություններ: Ստեղծագործողներին օգնելու համար հնագետ Միքայել Բադալյանի ուղղորդմամբ կազմվել է նաեւ գրականության ցանկ:
Գրական մրցույթին նման թեմատիկ ուղղություն տալը մի կողմից բարդացնում է ստեղծագործողի աշխատանքը, սակայն մյուս կողմից մղում է բացահայտելու հայկական հարուստ դիցաբանությունը, տեսնելու այլը եւ գտնելու մարտահրավերների պատասխաններն ազգային ակունքներում:
Գրքում նախաբանի փոխարեն հնագետ Միքայել Բադալյանի էսսեն է հայկական դիցաշխարհի մասին, որտեղ նա իրար է հյուսել է հնագույն ժամանակներից սկիզբ առնող հայոց հավատալիքները:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Այսօր շատերը փորձում են տարանջատել հայոց նախաքրիստոնեական ժամանակաշրջանը քրիստոնեականից: Մինչդեռ, քրիստոնեության ընդունումը նաեւ ընկալվել է որպես «հայոց դարձ»: Այսօրվա հայ քրիստոնեության Կենաց ծառը չէր կարող աճել եւ ծաղկել առանց նախաքրիստոնեական արմատների: …. Պետք է գիտակցել, որ հայոց կրոնը, հավատալիքները, պաշտամունքը համամարդկային են: Խիստ կարեւոր է պահպանել մեր Կենաց ծառն ու վերարտադրել նախնիների վարքը, չհեռանալ մեր պարզ, բայց խորը էությունից, եւ ամենակարեւորը, չհեռանալ Աստծուց»,- գրել է Միքայել Բադալյանը ժողովածուի նախաբանում:

Լուսանկարը` Մեդիամաքս
Մրցույթին ներկայացված պատմվածքներում ամենաշատ կրկնվող կերպարների շարքում վիշապներն էին եւ Փոքր Մհերը: Վերջինը նախաձեռնողների համար անսպասելի էր.
«Գուցե դրանում պետք է տեսնել այն խորհուրդը, որ մեր փակված պոտենցիալը պետք է բացվի, ինչպես Մհերի դուռը պետք է բացվի»,- նշել է Ֆրունզ Հարությունյանը:
Հեքիաթներ՝ մեծերի համար
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ֆանտաստիկ ժանրի վերաբերյալ այն մտայնությանը, որ այն մեծերին հեքիաթներ է պատմող գրականություն է, մինչդեռ մեծերին ռեալիզմ է անհրաժեշտ:

Լուսանկարը` Մեդիամաքս
Դրան հակադարձելով՝ մրցույթի ժյուրիի անդամ Մհեր Մանուկյանը նշել է, որ հեքիաթներն ամենաիրականն են մեր իրականության մեջ, պարզապես մենք դա, հաճախ, չենք հասկանում:
«Ժամանակակից քաղաքակրթության մեծագույն ողբերգություններից մեկն այն է, որ մենք չենք հասկանում, թե որքան իրական են հեքիաթները՝ խորքային առումով իրական: Դրանք խորագույն ճշմարտություններ են պատմում մարդու մասին: Ճիշտ ֆենթզին (թեեւ սա անորսալի բնորոշում է) արմատներով ձգվում է այնտեղ, որտեղից աշխարհի ժողովուրդները ժամանակին դուրս են բերել իրենց հեքիաթները»,- նշել է Մհեր Մանուկյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Նա նաեւ մեջբերել է Ֆենթզի ժանրի հիմնադիր համարվող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի այն բնորոշումը, որ ֆենթզին ենթաարարչագործություն է, այն է՝ աշխարհարարում, բայց մարդկային մակարդակում:
Ի՞նչ անել ավելի լավ արդյունքի համար
Մհեր Մանուկյանը կարեւորել է Armcon նախաձեռնության կատարած աշխատանքը հայ ֆանտաստիկ գրականության կայացման գործում եւ ողջունել հեղինակների ջանքերը: Նրա խոսքով՝ բնական է, որ միանգամից չենք կարող ունենալ կատարելության հասնող բովանդակություն:
«Կուզենայի մի քանի ընդհանուր միտում ընդգծել, որոնց ուղղությամբ պետք է աշխատել: Առաջինն այն է, որ պետք է ավելի շատ ջանք թափել ու չգնալ հեշտ ճանապարհով: Օրինակ՝ Անահիտի կամ Փոքր Մհերի կերպարը վերցնելիս մեր պատմվածքի մեխը չդարձնենք այն, ինչ առաջինն է մտքով անցնում, եւ փոխարենը ջանք թափենք այնքան, մինչեւ գտնենք այն, ինչն ուրիշ ոչ ոքի մտքով չի անցնի»,-նշել է Մհեր Մանուկյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Նրա խոսքով՝ շատ ցանկալի է, որ հեղինակները շարունակաբար աշխատեն լեզվի վրա, իսկ դրա համար պետք է շատ կարդալ եւ շատ գրել:
«Ինձ համար ցավալի էր նաեւ տեսնել ֆիլմերի՝ մասնավորապես հոլիվուդյան ֆիլմերի ակնհայտ ազդեցությունը պատմվածքների վրա: Հաճախ, ստեղծագործողի եւ ստեղծագործվողի միջեւ արհեստականորեն հայտնվում է մի հավելյալ շերտ, եւ ստեղծագործողը ընկնում է թակարդը՝ ելնելով ոչ թե իր ներքին իրականությունից, այլ արդեն իսկ ինչ-որ մեկի ստեղծած իրականությունից: Օրինակ, եթե հոլիվուդյան ֆիլմում կան վամպիրներ, եւ նրանք պահում են իրենց կոնկրետ ձեւով, ստեղծագործողը սկսում է ելնել ոչ թե իր մեկնակետից, այլ հոլիվուդյան մեկնակետից: Ստացվում է, որ հայկական դիցաբանության հիմքով ստեղծագործության մեջ դիցաբանական էակները պահում են իրենց, օրինակ, վամպիրների նման»,- մանրամասնել է Մհեր Մանուկյանը՝ հավելելով, որ սյուժեի զարգացումները դիտարկելիս հոլիվուդյան ֆիլմերի ազդեցությունը նորից ակնհայտ է:

Լուսանկարը` Մեդիամաքս
Նախաձեռնությունը շարունակական է: Շուտով Armcon-ը կհայտարարի նոր մրցույթի մեկնարկի մասին, որն այս անգամ կլինի հայկական քաղաքային հավատալիքների թեմայով:
Ֆրունզ Հարությունյանը, որը նաեւ ֆենթզի ժանրի մեծ սիրահար է, ապագայում մրցույթին մասնակցել ցանկացողներին հմտությունները զարգացնելու համար խորհուրդ է տալիս կարդալ երեք աշխարհահռչակ հեղինակների՝ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին, Պատրիսիա Մակքիլիպ եւ Գայ Գեվրիել Կեյ:
Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ հեղինակի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: