«Մոռացված երկրի զանգերը». դատարկված Նախիջեւանն ու կրկնվող պատմությունը - Mediamax.am

exclusive
848 դիտում

«Մոռացված երկրի զանգերը». դատարկված Նախիջեւանն ու կրկնվող պատմությունը


Դավիթ Սամվելյանը
Դավիթ Սամվելյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Ցղնա գյուղը
Ցղնա գյուղը

Դավիթ Սամվելյանի «Մոռացված երկրի զանգերը» վեպի հերոսը՝ Արամը, Նախիջեւանի Ցղնա գյուղից է։ Վեպի հերոսի ճակատագիրը կապվում է հայ ժողովրդի պատմության հետ. 20-րդ դարում Նախիջեւանում տիրող իրավիճակ, Երկրորդ համաշխարհային պատերազմին հայերի մասնակցություն ու մոտեցող 80-ականներ։

Վեպը գրված է կենսագրական հիմքի վրա։ Արձակագրի խոսքով՝ փորձել է  ներկայացնել պատմական մի ժամանակաշրջան եւ միջավայր, որում ապրում էր հայ ժողովրդի մի փոքրիկ հատված։ Վեպը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը։

- Դավիթ, տպավորություն ունեմ, որ քեզ քաջ ծանոթ պատմություն ես ներկայացրել ընթերցողին։

- Տարիներ շարունակ լսել եմ այդ պատմությունները, նաեւ գրի է առնվել հում նյութը․ հորս հոր պատմությունն է։ Պատերազմական հուշերին փորձել եմ շատ չմիջամտել, օրագրային գրառումների ձեւով եմ ներկայացրել։ Ու դրա համար գրքի երկրորդ մասում տեքստի մեջ որոշակի սյուժետային թռիչք կա, որը փորձել եմ լրացնել ժամանակ առ ժամանակ գյուղի վիճակն ու գյուղացիների հոգեվիճակը ներկայացնելով։ Վերջիվերջո, որքան էլ տարածքի, պատմականության թեմաները վեպի անբաժանելի մասն են, առաջին հերթին սա մեկ մարդու կյանքի պատմություն է։ Ընդհանուր առմամբ՝ վեպը երեք տարվա աշխատանքի արդյունք է։ Դժվար էր սկիզբն ու մուտքը այնպես կառուցել, որ միանգամից կլանի ընթերցողին․ տեղագրական նյութը շատ էր, ուզում էի գյուղի այնպիսի նկարագրություն տալ, որ լիներ ամփոփ, ամբողջական ու արժեքավոր՝ գեղարվեստական տեսակետից։

- Ի՞նչ աշխատանք, ուսումնասիրություններ են պահանջվել Նախիջեւանի պատմությունը հնարավորինս օբյեկտիվ ներկայացնելու համար։ Թե՞ գեղարվեստականությունը ազատում է ճշգրտությունից։

- Գեղարվեստական գիրք գրելիս միշտ այդ գայթակղությունը կա, որ կարող ես շատ բաներ հաշվի չառնել, քեզ ազատություն տալ՝ ի շահ գեղարվեստի։ Բայց այս գրքի պարագայում ես գիտեի, որ Նախիջեւանի մասին գեղարվեստական գրքեր չկային (որքան ցույց են տալիս ուսումնասիրությունները), հետեւաբար նախիջեւանցիների ժառանգները, ուսումնասիրողները կարող էին փաստերի մեջ խորանալ՝ հասկանալ, թե ինչն է, որ արտացոլում է իրականությունը, ինչն է չափազանցված։


Անկախ այդ հանգամանքից՝ ինքս էլ ցանկանում էի հնարավորինս արժանահավատ պատմություն ներկայացնել: Պետք է պահպանվեին հատկապես տեղանունները, ժամանակագրությունը, որ ոչ միայն Նախիջեւանին, նաեւ Երեւանին է վերաբերվում։

- Ընդհուպ Իեն Գիլանի երեւանյան համերգը…

- Գիլանի համերգը, Քոչարի գիպսե Դավիթը… Խնդիր ունեի ճշտելու, թե օրինակ, երբ գրքի գլխավոր հերոսը (Արամը) գալիս է Երեւան սովորելու, այդ տարվա այդ ամսին կա՞ր քանդակը, թե արդեն քանդել էին, որովհետեւ «մերկացրած սրով հեծյալը» նայում էր դեպի «բարեկամ» Թուրքիա։

-Իսկ եթե խոսենք Նախիջեւանում տիրող մթնոլորտի, մարդկանց կենսակերպի, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին։

- Դժվար չէր ներկայացնելը. յուրաքանչյուր ազգին բնորոշ գծեր կան, որ ուզենք- չուզենք ծայրահեղ պահերին դրսեւորվում են։ Բայց ես հերոսական պատմավեպ կամ ողբերգական արտասվախառը վեպ չեմ գրել՝ հային բարձրացնելու կամ իբրեւ զոհ ներկայացնելու միտումով։ Շատ լավ գիտեմ մեր եւ՛ թերությունները, եւ՛ առավելությունները։ Կերպարները հակասական կարող են լինել, քեզ թվում է՝ հերոսին ճանաչում ես, ուզում ես մի մարդու նկարագրով՝ ամբողջ ազգին բնորոշել, բայց միշտ սխալ է լինում, որովհետեւ մարդիկ շատ տարբեր են, սերունդները նույնպես կարող են միանգամայն տարբեր լինել։
Ցղնա գյուղը Ցղնա գյուղը


Օրինակ, Գուլիեւը 18-ը չլրացած Արամին ուղարկում է ռազմաճակատ, նրա որդին այլ էր. իհարկե պետք է կատարեր ի պաշտոնե տրված հրամանները, բայց եւ գութ է ցուցաբերում․ «...հեռացեք անարյուն»։

Վեպը սկսվում է կարեւոր դրվագով. դարավոր կաղնու բնին փարված՝ մեկը ծնկաչոք հեկեկում է. հրամայված էր ծառից իջեցնել գյուղի խորհրդանիշ զանգը ու ջարդոնի վերածել։ Ու պարզ չէ՝ նա ինքնասպա՞ն է լինում, թե՞ կատարում է «վերեւից» եկած կարգադրությունը։ Գիրքը ավարտելուց հետո ընթերցողը հետադարձ հայացքով երկու ենթադրություն է անելու. եթե երկմտողը զանգը կտրում է, հեռանում է իր նկարագրից, որ դրսեւորել է այս ողջ պատմության ընթացքում, չի բացառվելու նաեւ ինքնասպանության վարկածը…

-Հայերի նկատմամբ ատելության, խտրականության դրսեւորումները, որ ներկայացրել ես վեպում, գուցե դիտարկվի իբրեւ միակողմանի մոտեցում, թշնամության սրում։

- Իսկ որեւէ մեկը չգիտի՞ ոնց են վերաբերվել Նախիջեւանում հայերին։ Ես արխիվներ չեմ գաղտնազերծել։ Գրել եմ այն, ինչ եղել է։ Ի վերջո, մինչեւ 80-ականները հայերն ու ադրբեջանցիները իրար հետ լավից-վատից ապրել են թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում։

-Մուրադի (Մամեդի) կերպարը ներկայացնում ես, որ ցույց տաս հայի ու ադրբեջանցու հնարավոր բարեկամությո՞ւնը։

-Ընդամենը ներկայացրել եմ այն, ինչ կա։ Մուրադը իրական կերպար է, լքված է եղել իր բարեկամների կողմից, անգամ հալածվել է հայերի հետ ընկերություն անելու համար. հայ է ստանձնել նրա խնամակալությունը։ Նույնիսկ նրանից շատ հուզական նամակ կար դատարկված գյուղի մասին, որը սակայն չեմ ընդգրկել գրքում։

- Գրքի ավարտին, իբրեւ հետգրություն, ներկայացված է Արամի մոր՝ Աստղիկի մահը։ Թվում է՝ ամենակենտրոնական կերպարն է վեպի։

-Իրականում այդ խայծը կար, ես հասկանում էի՝ որ երկրորդ պլանի հերոսը ոչ պակաս առաջնային դերակատարում ունի եւ գրեթե ամենուր հանդես է գալիս, կարծես շեղում է քեզ պատմության գլխավոր հերոսից, կարող է նույնիսկ թվալ, որ հենց մայրն է գլխավոր հերոսը։
Դավիթ Սամվելյանը Դավիթ Սամվելյանը

Լուսանկարը` անձնական արխիվ


Գլխավոր հերոսը, իհարկե, հայրական պապս է։ Աստղիկը պապուս մայրն է։ Ուժեղ կին է եղել, ուժը ինտելեկտի հետ համադրված, եւ ուրախ եմ, որ նրա կերպարը «հորինելու» կարիք չեմ ունեցել, բայց բնականաբար որոշակիորեն խտացրել եմ։ Երբեմն կանանց ասում են՝ թույլ սեռ, բայց՝ ոչ, կինը կարող է լինել շատ ուժեղ, մանավանդ երբ գիտակցում է իր դերը։ Ու եթե նկատել ես՝ թե՛ ընտանիքում, թե՛ընտանիքից դուրս իր ուժը չի գործադրել ինչ-որ մեկին ճնշելու համար, այլ միայն ի նպաստ կամ թե՝ ճշմարտության հաղթանակի համար։

-Նախիջեւանը դատարկվում էր հայերից իշխանությունների հետեւողական քաղաքականությա՞ն արդյունքում, թե՞ որովհետեւ միշտ կա ձգտում գյուղից քաղաք գնալու, քաղաքից՝ ավելի մեծ քաղաք։

-Երկու պատճառն էլ կա։ Առանց կողմնակի ազդեցության նույնը կատարվում է մեր երկրի ներսում։ Ամեն բան կենտրոնացած է Երեւանում։ Գյուղերում, առհասարակ շրջաններում զարգացած չեն ենթակառուցվածքները, եւ մարդիկ ձգտում են գալ Երեւան, ձգտում են ավելի լավ կյանքի։ Նախիջեւանի պարագայում դեր ուներ նաեւ պետական քաղաքականությունը։

-Այսինքն՝ արդարացվա՞ծ էր հայերի հեռանալը բնօրրանից։

-Դժվար է միանշանակ պատասխանել, մանավանդ, որ անցել է երեսունյոթ տարի. անգամ համեմատաբար խաղաղ ժամանակներում հայերն աստիճանաբար հեռացել են Նախիջեւանից լավ ուսում ստանալու, լավ աշխատանք գտնելու համար: Նրանց, ովքեր ասում են՝ Նախիջեւանը պետք է հետ բերենք, խորհուրդ կտայի բնակչության մարդահամարի վիճակագրությունը նայել. 1800-ականների վերջից մինչեւ 1988 թվականը ընդամենը մեկ տարի է եղել, երբ հայ ու ադրբեջանցի (ի սկզբանե՝ թաթար) բնակչությունը գրեթե հավասար են եղել, մնացած դեպքերում հայերը թվաքանակով զիջել են։ Պատկերացրու, որ Նախիջեւանի բնակչության 80 տոկոսը հայեր լինեին… Իսկ երբ թելադրողը դու չես, երբ ուժ չունես, միշտ էլ ենթարկվելու ես ուրիշի հրամաններին։ Ընթերցողը կարող է «մեղադրել», թե պայքար չկա պատմության վերջում։ Եվ չի եղել իրականում։ Հայտնի է, որ միայն Ազնաբերդում է ինքնապաշտպանական դիմադրություն եղել, սակայն Հայաստանից սպասվող կազմակերպված օգնության բացակայությունը, խորհրդային բանակի ադրբեջանամետ կեցվածքը, ինչպես նաեւ մայր Հայաստանին հասած անսպասելի մեծ արհավիրքը հուսալքեցին ազնաբերդցիներին։ 1988-ի դեկտեմբերին նրանք թողեցին հայրենի եզերքը:

-Գլխավոր հերոսը նույնպես լքում է բնակավայրը համեմատաբար խաղաղ ժամանակներում։ Սա հատկանշակա՞ն է։

-Արամը «կինոյի տղա» չէր, ես չեմ փորձել իդելականացնել նրա կերպարը կամ նրանից հերոս կերտել։ Սովորական մարդ է՝ իր թուլություններով, համառությամբ, էքզիստենցիալ կարիքներով։

- Ի՞նչն էր ամենակարեւորը քեզ համար այս գիրքը գրելիս։ Գլխավոր շարժառիթը։

- Առաջնային էր ընտանեկան պատմությունն արձանագրելը, անկախ նրանից՝ վեպ կդառնար, թե մի մեծ պատմվածք, բայց նաեւ հասկանում ես, որ ասելիքիդ ծավալները մեծանում են, շեշտադրումեր են ավելանում. ես չէի կարող գրել մի կյանքի պատմություն՝ առանց անդրադառնալու տարածաշրջանի, գյուղի պատմությանը, մարդկային հարաբերություններին, միջէթնիկ խնդիրներին եւ այլն։ Ամեն մարդ իր ապրած միջավայրի եւ ժամանակաշրջանի կրողն է։

- Գուցե գիրքը ազդակ դառնա ու նոր պատմություննե՞ր վեր հանվեն։

- Գուցե: Լավ կլիներ։ Իրականում պատմության որեւէ դրվագի կամ ժամանակաշրջանին անդրադառնալը մոռացումից փրկելու միջոց է նախեւառաջ (եթե իհարկե պատվերով կամ քարոզչական նպատակով չի գրվում), որի միջոցով հետո միայն զուգահեռներ են անցկացվում ներկայի ու անցյալի միջեւ: Եվ այդ համեմատականի ընթացքում, ցավոք, պարզվում է, որ պատմությունը կրկնվում է, շատերը կարող են ասել՝ այսօր էլ նույնն է կատարվում, իսկ եթե մի բան կրկնվում է, ուրեմն ամբողջ ընթացքում չես իմաստավորել։

Արմինե Սարգսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին