Պետք է լավ իմանաս նաեւ այն, որ բոլոր նրանք, որոնցից դու պահանջում ես հնազանդվել, իրենց հերթին քեզնից կսպասեն հոգատարություն իրենց հանդեպ։ Գիշերը մտածիր, թե քո ենթակաները ի՞նչ պետք է անեն ցերեկը, իսկ ցերեկ ժամանակ հոգ տար, որ գիշերը ամեն ինչ կարգին լինի։
Ով այրեր, ես հաճախ նկատել եմ, որ լավ տիրակալը ոչնչով չի տարբերվում լավ հորից։
Ձեզ եւս, որդիներս, սկզբից եւեթ դաստիարակել եմ այնպես, որ հարգանք մատուցեք ավագներին ու վայելեք կրտսերների հարգանքը։
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել Ք․ա․5-4-րդ դդ․ հույն դասական պատմիչ Քսենոփոն Աթենացու «Կյուրոպեդիա» երկը։ Աշխատության հիմնական բովանդակությունը պարսից միապետության հիմնադիր Կյուրոս Մեծի կյանքն ու գործունեությունն է (Ք․ ա․ 600-530 թթ․): «Կյուրոպեդիան» հին հունարենից թարգմանել է Սիմոն Կրկյաշարյանը։ Գրքի նոր հրատարակությունը նվիրված է թարգմանչի ծննդյան 100-ամյակին։
Լուսանկարը` «Էդիթ Պրինտ»
«Քսենոփոնի մասին խոսելիս միշտ նշում են, որ հույն պատմիչն իր «Անաբասիս» աշխատության մեջ գրել է հայերի մասին, բայց աչքաթող է արվում «Կյուրոպեդիան», որտեղ ականատեսի ձեռքով գրված եզակի, այլ աղբյուրներում չհանդիպող հավաստի տվյալներ կան Հայաստանի մասին,- Մեդիամաքսի հետ զրույցում ասաց «Էդիթ Պրինտ» հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանը։
«Կյուրոպեդիան» համարվում է առաջին պատմավեպը համաշխարհային գրականության պատմության մեջ, որի հիմքում ընկած են պատմական հավաստի դեպքեր։ Գիրքն ունի նաեւ գեղարվեստական բարձր արժեք։
«Քսենոփոնը հիացած է եղել Կյուրոսով, նրա անձի իդելականացման խնդիրն է իր առջեւ դրել եւ շատ դեպքերում շեղվել է զուտ տեղեկություն փոխանցողի գործառույթից։ Կա գլխավոր հերոս, որի շուրջը հյուսվում է ամբողջ պատմությունը, կան ուրիշ հերոսներ, երկխոսություններ, այսինքն՝ «Կյուրոպեդիան» ստեղծագործություն է, ոչ թե զուտ պատմական աղբյուր,- ասում է Դավիթ Սամվելյանը, նշելով, որ մեզ համար առաջնահերթ է աղբյուրագիտական նյութը, թեեւ չեն բացառվում պատմական անճշտությունները, մոտեցումների, գնահատականների սուբյեկտիվությունը։ Իբրեւ օրինակ, Կյուրոսի մահվան տեղի ու ձեւի հետ կապված անհամաձայնություն կա։ Պարսից միապետության հիմնադիրը Քսենոփոնի նկարագրածի պես չի մահացել։ Սակայն թարգմանիչը ծանոթագրություն է տվել նաեւ որպես պատմաբան, ով լավ գիտի հունական գրականությունը, Հին Հունաստանի պատմությունը, ի վերջո, հունարենի կրողն է, մինչ հայրենադարձվելը ապրել եւ կրթություն է ստացել Հունաստանում։
Գրքի առաջաբանում թարգմանիչը ընդգծում է, որ այս երկի նկատմամբ առկա են երկու մոտեցում: Ոմանք կասկածի տակ առնելով դրա արժանահավատությունը՝ լիովին ժխտում են պատմագիտական արժեքը, ուսումնասիրողների մեկ ուրիշ խումբ նշում է, որ «Կյուրոպեդիայի» մի շարք հատվածներ, հատկապես Հայկական լեռնաշխարհի բնակիչների եւ քաղաքական դեպքերին վերաբերող մասերը հիմնված են պատմական ստույգ տվյալների վրա եւ միանգամայն արժանահավատ են։
«Կյուրոպեդիայի» տվյալները Ք․Ա․ 6-րդ դարի կեսերի Հայաստանի մասին շատ դեպքերում համահունչ են Մովսես Խորենացու «Պատմությանը». այս երկու սկզբնաղբյուրները փոխադարձաբար լրացնում են իրար։
Դավիթ Սամվելյանը ընդգծում է, որ Խորենացու «Պատմության» մեջ կա, օրինակ, ժամանակագրական անճշտություն: Նա խառնել է Տիգրան Երկրորդի ու Տիգրան Երվանդյանի կերպարները՝ մեկի հատկանիշները մյուսին վերագրելով։ Ծանոթագրություններում հանգամանալից ներկայացված է նաեւ այս մասին։
Լուսանկարը` «Էդիթ Պրինտ»
Ի վերջո, ինչո՞վ էր առանձնանում Կյուրոսն իբրեւ առաջնորդ, միապետ, աշխարհակալ։
«Քսենոփոնը Կյուրոսին աշխարհակալական հատկանիշներով զուգադրել է ավելի շատ Ալեքսանդր Մակեդոնացու հետ… վեհանձնություն, արդարամտություն, ռազմական փայլուն միտք,- ասում է մեր զրուցակիցը։ - Հաղթող պետությունների ու նրանց առաջնորդների փառքը, առաքինությունները տարածվել են, ու նրանք շատ դեպքերում համարվել են ոչ թե նվաճողներ, այլ ազատագրողներ։ Քսենոփոնը գրում է, որ Կյուրոսին հաջողվել է այդ ազգերին հաճոյանալու այնպիսի ցանկություն ներշնչել, որ բոլորը ձգտում էին մշտապես նրա իշխանության տակ գտնվել։ Նույնը կարող ենք ասել Տիգրան Մեծի մասին։ Գուցե զարմանալի թվա, որ հույն պատմիչը պարթեւ արքային է մեծարում, բայց դա էլ նախապատմություն ունի»։
Ինչպիսին ղեկավարն է, այնպիսին ժողովուրդն է՝ ասվում է գրքում։ Պատահական չէ, որ գիրքը վերնագրված է «Կյուրոպեդիա»՝ Կյուրոսի դաստիարակությունը։ Ք․ա․ 5 -րդ դարում խոսվում է ռազմական արվեստի, դիվանագիտության, կրթության, հոգեբանության, պատերազմին պատրաստ լինելու, անգործության չտրվելու, էթիկայի, առողջ ապրելակերպի, անժամանակ օգուտների հետեւից չընկնելու, անգամ ճիշտ եւ չափավոր սնվելու մասին։
Բավական է ասել, որ երեխաները դպրոց հաճախելով՝ ժամանակն անցկացնում էին արդարություն սովորելով, խաղաղ ժամանակ որսորդությունը պատերազմին վարժվելու եղանակ էր, ճարտասանութունը անհրաժեշտ էր, որ համոզեն մարդկանց բազում լավ գործեր կատարել, իշխանավորները պետք է գերազանցեին ծառաներին պատկառանքով, հմայքով։
«Գրքում հորդորներն ուղղված են պարթեւներին, որովհետեւ դու այդ հատկանիշներով ես իշխում,- նկատում է Դավիթ Սամվելյանը։- Հույն պատմիչը ներկայացրել է՝ ինչպես է հայ արքան հարկից խուսափում՝ օգտվելով խառնակ իրավիճակից եւ ինչպես է բարեկամից վերածվում ավելի մեծ բարեկամի։ Կարող ենք ասել, որ օբյեկտիվ գնահատական է տվել։ Լեռնցու աննկուն կամքը, ազատության, խաղաղասիրության ձգտումը, հայ կնոջ առաքինությունն ու վեհությունը մատնանշող ուշագրավ պատմություններ կան գրքում։ Այսօրվա ընթերցողը զուգահեռներ կարող է տանել, վերանայել իր արժեհամակարգը․դու որպես հայ ի՞նչ ավանդույթներ ես կրում եւ ին՞չ ավանդույթներ ես պահպանում ու տարածում։ Չես կարող միշտ անցյալի վրա շեշտադրումներ անել, եթե ինքդ կրողը չես բարձր արժեքների։ Այս գրքում էլ հայի կերպար է ներկայացվում, ու պետք է ինքդ քեզ հարցնես՝ ո՞վ եմ ես այսօր, ի՞նչ կգրեն իմ մասին այսօր եւ վաղը»։
Արմինե Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: