Հուսիկ Արայի նոր ժողովածուն. անհաշտ աղոթքից մինչև բովանդակ սեր - Mediamax.am

exclusive
2158 դիտում

Հուսիկ Արայի նոր ժողովածուն. անհաշտ աղոթքից մինչև բովանդակ սեր


Հուսիկ Արան
Հուսիկ Արան

Լուսանկարը` Սոնա Ադամյանի

Լուսանկարը` Անտարես


«Երբ սիրում եմ քեզ» գիրքը Հուսիկ Արայի 12-րդ բանաստեղծական ժողովածուն է։ Լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը։ Գիրքը բաղկացած է յոթ բաժիններից։ Բանաստեղծի խոսքով՝ նոր ժողովածուն համընդհանուր, բովանդակ սիրո պատմություն է։
 
- Մեր նախորդ զրույցը Հայաստանի Հանրապետության 30 տարիները վավերագրող «Կորած սերունդ» գրքի մասին էր։ Ազգային զարթոնք, պատերազմ, հեղափոխություն, հետպատերազմական շրջան… Եկե՞լ է պահը սիրո մասին խոսելու։

-2016-ին հրատարակված «Եվ սերը ասաց» ժողովածուս ամբողջությամբ սիրո մասին էր եւ մեծ հաջողություն ունեցավ, մոտ տասն անգամ վերատպվել է։ Սիրային պոեզիան ավելի շատ են կարդում: Պատանի տարիքից սկսած` ինքս էլ սիրային բանաստեղծություններն ավելի սիրով եմ կարդացել։ Ինձ թվում է աշխարհում ամենից շատ երկու թեմայով են գործեր գրվել՝ սիրո եւ պատերազմի։ Ինչո՞ւ սեր, որովհետեւ համընդհանուր երեւույթ է սերը: Չկա մարդ, որ չսիրի. ամենանուրբ, ամենավառ, ամենաբուռն զգացմունքն է սերը։


Բոլոր ժամանակներն են սիրո ժամանակ, սիրում են անգամ մարտադաշտում, կյանքի ամենատարբեր, ամենածանր իրավիճակներում, ինձ թվում է՝ դժոխքում էլ են սիրում։ Երկպառակություն, հետպատերազմյան ընկճախտ… այդ ամենն առկա է եւ հասկանալի։ Հատկապես հիմա, երբ այդ փորձության միջով ենք անցնում, համընդհանուր սիրո մասին եմ խոսում. սերը կարող է մեզ դեպի լույսը առաջնորդել։ Ես սիրելով եմ հաղթում ատելությանը: Տիեզերքի կոդն է սերը։ Աստծու սիրուց ծնվեց երկիրը, մարդը. Աստված մարդու նկատմամբ ունեցած սիրուց իր որդուն ուղարկեց երկիր խաչվելու։ Ոնց նայում ես՝ ամեն ինչի հիմքում սերն է։ «Ավե Մարիա» շարքում տող ունեմ. Հայրը՝ լույս, Որդին սեր ասաց…

- Շապիկին զետեղված տողերը («Ես սեր եմ համակ, բովանդակ. եւ չկա ո՛չ ես, ո՛չ դու իմ մեջ») հուշում են, որ միայն սիրային պոեզիա չէ դրված ընթերցողի սեղանին։

- Առաջին` ամենաստվար բանաստեղծական շարքն է միայն սիրային։ Ընդհանուր առմամբ՝ խաբկանքի շղարշ չկա, մնացած բաժինները էլի սիրո խոստովանություն են. սիրո խոստովանություն Երեւանին, Տիրամորը, Աստծուն, անգամ կատվիս… Իմ բանաստեղծական լեզուն, հայացքն ու ոճը սեր է եւ աղոթք՝ անհաշտ աղոթք եւ՛ երկնքին, եւ՛ երկրին, եւ՛ մարդուն, եւ՛ սիրեցյալին։

-«Ես սիրում եմ հատ- հատ բոլոր տառերը քո անվան,
եւ այբուբենը ունի հենց այդքան էլ տառ…»։
Սիրային պոեզիան հասցեատե՞ր ունի թերեւս…

- Անշուշտ: Սիրային բանաստեղծությունը, եթե դիտարկում ենք իր բուն հասկացության մեջ, չի կարող հասցեատեր չունենալ։ Հակառակ դեպքում՝ չի կարող գրվել։ Ցնցում պետք է լինի ցանկացած գործ․ պետք է ցնցվես, որ գրես։ Ջուրը պիտի փոթորկի քամին, որ ալիք տա։ Նկարիչը, որ նկարում է, բնորդ ունի, չէ՞. պոետն էլ, որ գրում է՝ նույնպես բնորդ ունի։

- Գրքում Երեւանին նվիրված շարքը մի տեսակ երաժշտական է, ջազային։

- Ես Երեւանին սիրահարված պոետ եմ, իմ ամբողջ բանաստեղծական աշխարհագրությունը Երեւանն է։ Իմ բոլոր գրքերում Երեւանին նվիրված բանաստեղծական շարքեր եմ ունեցել։ 2016-ին «Երեւան քաղաք» ժողովածուում հավաքեցի Երեւանին նվիրված բոլոր բանաստեղծություններս, բայց սոցիալական շերտը` ինչ-որ տեղ գորշ ու մռայլ, մի քիչ շատ էր։ Ուզեցի, որ ավելի լուսավոր, ավելի պայծառ գործեր լինեն եւ գրեցի այս շարքը։ 2018-ին եմ գրել` Երեւանի 2800- ամյակի առիթով։ Դիտարկել եմ քաղաքի սիրելի վայրերը. Կինո Մոսկվա` Ազնավուրի հրապարակ, Կասկադ, Վերնիսաժ… Կան նաեւ կերպարներ. օրինակ, «Վերնիսաժ» բանաստեղծությունն առանց Լեւոն Ջավախյանի` վերնիսաժյան կոլորիտի, չէր կարող լինել: Եթե «Երեւանյան ջազ» է, Ջազ Մալխասը կա, եթե «Քաղաքային բոհեմ» է, ուրեմն Ռուբեն Հախվերդյան, քանի որ մեր քաղաքը մենք սիրել ենք նաեւ նրա երգերով։

-էրեբունի Երեւանից գալիս հասնում ենք Ազատության հրապարակ։ Ո՞ւր է տանում այս նոր ու միակ հասցեն (Ձեր բնորոշումն է)։

- Մարտակառքի ջախջախված անիվը թանգարանում` Երեւանի պատմությունն է. ուզում եմ ասել՝ դու այդքան հին ես։ Անդրադառնում եմ քաղաքի պատմականությանը` Էրեբունի։ 88-ի Ազգային զարթոնքից սկսած` մեր նոր հասցեն, հատկապես իմ սերնդի, Ազատության հրապարակն է՝ օպերայի բակը։ Ես իմ սերնդի կենսագրությունը, իմ ժամանակի հասցեն եմ վավերացրել։ Իմ ամբողջ գիտակցական կյանքը, իմ պայքարը անցել է այդ հասցեում։

- Անընդհատ անդրադարձները Երեւանին չե՞ն նեղացնում մեր երկրի սահմանները։

- Միշտ ասել եմ, քիչ առաջ էլ ասացի՝ իմ բանաստեղծական տարածքը Երեւանն է։ Մեր քաղաքը շատ եմ սիրում, Երեւանի բնակիչ չեմ, Երեւանի գրանցում երբեք չեմ ունեցել, բայց դպրոցը Երեւանում եմ ավարտել. բուհ, աշխատանք, առաջին կին, սեր, սիրահարվել եւ այլն, եւ այլն։ Հավելեմ, որ 2015-ին տպագրված «Տան դուռը» ժողովածուում, որտեղ «Նոր Հայաստան» շարքն է, «Ազատության հրապարակը» եւ այլն, բանաստեղծական աշխարհագրությունը Երեւանից աճեց եւ ամբողջ Հայաստանը ընդգրկեց։ Երեւանի մասին կխոսես, թե Հայաստանի, գրեթե նույնն է. բնավ մեկը մյուսին չի խանգարում։

-Երեւանն ինչո՞ւ է նռնագույն Ձեր բանաստեղծություններում։

- Մենք միշտ վարդագույն ենք ասում, բայց նռնագույնը նույնպես կա` չքնաղ շղարշի պես, երբ ուշադիր ես նայում։ Պիտի զգաս, հատկապես Հրապարակի փոստատան շենքի մոտով անցնելիս, որ նայեք, նռնագույնը կտեսնեք։ Հրապարակը, ամբողջ քաղաքն է այդ շղարշի մեջ, գուցե երկնքի ու մեր արեւի անդրադա՞րձն է: Եվ ընդհանրապես՝ քաղաքը նռան հետ համեմատելը շատ սիրուն է ու խորհրդավոր ու կենսական, եւ՛ շոշափելի է, եւ՛ վերացական, եւ՛ գեղեցիկ։
«Ելման կետ» բանաստեղծության մեջ ասում եմ.
Քաղաք՝ նռան բաց կեղեւի մեջ
նարնջե թաղանթով
ու հատիկ-հատիկ կարմիր…

- Իսկ եթե խոսենք մեր քաղաքի կարեւորության մասին։
Մեր երկրուղին ես,
որ պտտվում է ու դառնում
նույն տեղը՝ միշտ ելման կետ։

- Փորձեմ պատճառաբանել, թե ինչու է Երեւանը մեզ համար այդքան սիրուն ու սիրելի։ Ամբողջ աշխարհի հայությունը, մի ուրիշ ձեւով է սիրում մեր մայրաքաղաքը։ Ցեղասպանություն տեսած ժողովուրդը 1915-ից հետո եկավ ծվարեց մի տեղ, մի քաղաքում, սկսեց կառուցել, ու Երեւանը դարձավ իր համար հոգեւոր ու ֆիզիկական ապաստարան, խորհրդանիշ։

Բացի այդ, Երեւանը մշակութային, ակադեմիական քաղաք է: Ե՛վ թամանյանական Երեւանը, եւ՛ հետագա ճարտարապետներն այնպես են կառուցել, որ դարձել է քաղաք, որտեղ դու ճախրում ես երկրի վրա` ինչպես երկնքում։ Քայլում ես, մի կողմում օպերան է, մյուսում՝ կոնսերվատորիան, կոմպոզիտորների միությունը, գրողների միությունը, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը, Կամերային երաժշտական տունը, Համալսարանը, մյուս բուհերը, Հրապարակը` պատկերասրահով, գրախանութները (գրախանութները պակասել են…), մշակութային իմաստ կրող սրճարանները՝ «Կազիրոկ», «Պապլավոկ» (էլի փոխվել ու պակասել են…): Երեւանը հետաքրքիր է իր մշակութային կոլորիտով, եթե մշակույթը քանդեն, շենքերը տեղափոխեն, կդառնա քարեղեն տոնավաճառային կառույց։ Եվ ո՛չ ես այլեւս բանաստեղծություն կձոնեմ քաղաքին, ո՛չ էլ այդ բանաստեղծությունները կկարդան, որովհետեւ կասեն` սերը չկա, սրտից հանված է, սիրտն էլ չկա։

- Ինչո՞ւ է մարդը մոռանում եւ՛ Աստծուն, եւ՛ սատանային ու երկրպագում գարունը։ Միշտ մի բան պակասո՞ւմ է, մի՞ բան փնտրում է, ի՞նչ է սա։

- «Գարնան եւ սիրո ջարդը» շարքից է այդ բանաստեղծությունը. բնությունը մարդուն տալիս է ամեն ինչ, իսկ մարդը ավերում է բնությունը: Բայց երբ մարդը տեսնում է գարունը, ուզում է հավերժ ապրել։ Կարծես տիեզերքը գարնան միջոցով երկինքը ծաղկեցնում է երկրի վրա։ Աստված այդքան գեղեցիկ է ստեղծել աշխարհը, իսկ սատանան մարդու միջոցով ավերում է. դաժան ռեալիզմ է։ Բայց երբ մարդը ծաղկած ծառը տեսնում է, ամեն ինչ մոռանում է՝ եւ՛ Աստծուն եւ՛ սատանային. երկրպագում է գարունը։

- Մարդը անցողիկ է, մարդը ավերում է, բայց նաեւ մարդն է իմաստ տալիս ու իմաստավորում աշխարհն ու բնությունը։ Սա հակասությո՞ւն է, թե՞ օրինաչափություն։

- Այդպես է, ստեղծագործողը, պահպանողը ես եմ, դու ես,մեր պես մարդն է` մեղվապահը, այգեգործը, բայց կողքից կա նաեւ ավերողը. հանքեր են փորում, պատերազմներ հրահրում… մեկը առանց մյուսի չի կարող լինել. անտանելի հավասարակշռություն։ Մարդու մեջ ամեն ինչ կա՝ եւ՛ լավը, եւ՛ վատը, հենց դրանով է մարդը հետաքրքիր։ Անվերջ բացահայտվում է ու մնում է անվերջ չբացահայտված։ Նոր բացահայտումների կարիք եթե չլիներ, արվեստը կսապռվեր։ Հանկարծ ու մեկ էլ քո ժամանակակիցը մի պատմվածք է գրում, տեսնում ես՝ մարդկային մի նոր նրբություն է բացահայտել, որ մինչ այդ չի եղել ո՛չ Տոլստոյի, ո՛չ Դոստոեւսկու, ոչ մեկ այլ գրողի գործերում։

- Այստեղ՝ երկրում
երկու մարդ կա ընդամենը,
մեկի անունը միշտ Կայեն է,
իսկ մյուսի անունը Աբել է միշտ.
մենք փնտրում ենք երրորդ մեկին
ու չենք գտնում։

Մարդկության պատմության մեջ ոչինչ չի փոխվել, սրա՞ մասին է խոսքը։ Տարբեր կերպ է մեկնաբանվում այս պատմությունը, երբեմն էլ հակառակ կողմից՝ թե արդյոք Աբելը չէր մեղավորը, որ բորբոքեց Կայենի նախանձը։ Ո՞րն է Ձեր մոտեցումը։

- Դրա համար էլ Աբելի ու Կայենի պատմությունը երբեք չի դադարում լինել արդիական, անվերջ կարելի է խոսել այդ մասին։ Թեմաներ կան, որ մի անգամ ասում ես, անցնում, գնում են։ Տեսեք, ասում եք՝ արդյոք չգայթակղե՞ց Աբելը… Իսկ արդյոք ճի՞շտ էր Կենաց ծառը, Բարու եւ չարի իմացության ծառը դնել դրախտի կենտրոնում ու Ադամին ասել՝ մի կեր պտղից։ Հազարամյակներով այս թեման կարող է արծարծվել, մեկնաբանվել… Ինչպես ասացի՝ մեկը պահպանում է, մյուս՝ ավերում։ Հիմա, երկու մարդ կա, մեկը մորթում է, մյուսը մորթվում է, ինչպես Գազայում, Ուկրաինայում, Լիբանանում, երեկ՝ Արցախում… երրորդը փնտրում ես՝ չես գտնում։

- «Ե՛վ տեր, եւ՛ ժողովուրդ» բանաստեղծությունը՝ «Պարզապես» շարքից, մեր քաղաքական ներկայիս իրավիճակի վավերագրումն է։ Սիրո թեմայից չե՞նք հեռանում։

- «Պարզապես» շարքում խառը բանաստեղծություններ են, որ չեն ընդգրկվել մյուս շարքերում։ Ասենք` Pandemia-ն, որ նույնպես սիրո խոստովանություն է մարդուն համաճարակի օրերին։ Համավարակը եղավ ու անցավ, բայց քո անցած կյանքն է, ապրել ենք, մեր պատմությունն է։

«Ե՛վ տեր, եւ՛ ժողովուրդ» բանաստեղծությունը վերջին ու միակ սիրո խոստովանություն է բոլորի կողմից լքված անկարող ու խոցված հայրենիքին, որին իշխանությունն ու ժողովուրդը ձեռք- ձեռքի տված պայմանավորվում են, թե ինչ գնով ծախեն։

Գրականությունն, ի վերջո, ի՞նչ է. ամեն ինչ կարող է մոռացվել աշխարհում, միակը, որ չի մոռանում, հիշում է ու առաջ մղում, գրականությունն է, արվեստը, մշակույթը։ Պատմության մոռացված էջն է գրականությունը։

Լուսանկարը` Անտարես


Այսօր հանիրավի մոռացնել են տալիս Ցեղասպանությունը, պատմական հայրենիքը, բայց գրականությունը պարտավոր է հիշել եւ հիշեցնել։ Գրականության ուժը հենց դա է, եւ դրա համար են բռնակալները միշտ եւ հատկապես վախեցել գրողներից։
Աշխարհի մասին պատկերացում ենք կազմում` դատելով գրավոր մշակույթից, արձանագրություններից, սկսած «Գիլգամեշից» ու շումերական սալիկներից, սեպագրերից։ Թե դրանից առաջ ինչ է եղել, չենք կարող ասել, հստակ չէ։ Ճիշտ է, մի ժանգոտ նիզակը կարող է մեծ բան պատմել, բայց ոչ այնպես, ինչպես շումերական սալիկները, գիրը։ Ինչո՞ւ Արգիշտին արձանագրություն թողեց։ Որ չմոռացվի։ Եթե չլիներ այդ արձանագրությունը, ոչ ոք չէր իմանա Էրեբունի Երեւանի ստեղծման պատմությունը։

- Երբ գրում եք, ակնկալո՞ւմ եք, որ ընթերցողը պիտի անպայման տողատակը զգա, հասկանա, թե՞ կարող է նաեւ յուրովի մեկնաբանել, բոլորովին այլ բան տեսնել։

-Դու պիտի այնպես մատուցես, որ ինքը զգա, հասկանա։ Խորքային գործեր կան, որ ավելի լուրջ, պատրաստված, ընթերցողի համար են, կամ հաճախ մշակութային հղումներ եմ տալիս, բայց ընթերցողը պարտավոր չէ իմանալ հին հունական մշակույթի մանրամասները կամ քո իմացածը. պիտի այնպես մատուցես, որ հասկանալի լինի։ Եթե ընդհանրապես չհասկանա, ուրեմն դու ձախողվել ես։

Արմինե Սարգսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին