«Անոմալիա». իրական «անիրական» աշխարհն ու անօրինակ թռիչքը - Mediamax.am

exclusive
1629 դիտում

«Անոմալիա». իրական «անիրական» աշխարհն ու անօրինակ թռիչքը


Էրվե Լը Տըլյեն
Էրվե Լը Տըլյեն

Լուսանկարը` Joel Saget/AFP/dpa

Լուսինե Մուսախանյանը (աջից)՝ գրքի շնորհանդեսին
Լուսինե Մուսախանյանը (աջից)՝ գրքի շնորհանդեսին

Լուսանկարը` «Զանգակ»

Լուսանկարը` «Զանգակ»


Բոլոր խաղաղ թռիչքները նման են իրար։ Յուրաքանչյուր մրրկային թռիչք մրրկային է յուրովի։

Գոնկուրյան մրցանակակիր Էրվե Լը Տըլյեի «Անոմալիա» վեպում ներկայացված 11 ուղեւորների պատմությունները միավորում է անօրինակ երեւույթի թիրախում 2021 թվականի ապրիլին հայտնված Փարիզ-Նյու Յորք չվերթի ինքնաթիռներից մեկը։ Թռիչքուղիում կանգնած ինքնաթիռն ամբողջովին նույնական է մարտի 10-ին վայրէջք կատարած «Բոինգ-787»-ին։

«Անոմալիան» լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը Լուսինե Մուսախանյանի թարգմանությամբ։ Թարգմանչի խոսքով՝ «Անոմալիան» պոլիֆոնիկ վեպ է, որ կարող է ընթերցվել որպես դետեկտիվ վեպ, սոցիալական երգիծավեպ, հոգեբանական վեպ, սիրավեպ, փիլիսոփայական նկրտումներ ունեցող թրիլեր եւ գիտաֆանտաստիկական վեպ։

- Էրվե Լը Տըլյեն բարձրագույն կրթությունը ստացել է մաթեմատիկայի, ապա լրագրության բաժնում, լեզվաբանության դոկտոր է։ Այս գրքում կարծես երեւում է եւ՛ գրող Էրվե Լը Տըլյեն, եւ՛ գիտնականը։

-Էրվե Լը Տըլյեն ՈՒԼԻՊՈ-ի անդամ է։ Այն մաթեմատիկոսներից բաղկացած խմբավորում է («Պոտենցիալ գրականության արհեստանոց» ), որը նպատակ ունի գրականությունն ու գիտությունը իրար մոտեցնել, ասելիքը հնարավորինս կրճատելով, տառերը վերադասավորելով, շրջագրելով եւ այլ ձեւերով ասել ավելին։ Գրքի վերջին հատվածում հեղինակը գրական հնարքների միջոցով փորձում է շարժել ընթերցողի տրամաբանությունը։

Տեքստի մեջ նույնպես հիմնականում կարճ նախադասություններ են, քիչ բառերով արտահայտում է շատ իմաստ։ Լը Տըլյեն հաճախ է իր վեպերում դիմում ՈՒԼԻՊՈ-ի գեղագիտական սկզբունքներին, որի նախագահն է 2019-ից։

- Ինչո՞ւ է վեպը սկսվում Բլեյքի պատմությամբ, ով իր կյանքը կառուցում էր ուրիշների մահերի վրա, ապրում երկակի կյանքով։

-Իրականում սա էլ է մարտահրավեր ընթերցողին, գրել վեպ, որտեղ կա 11-ից ավելի գլխավոր հերոս եւ սկսել հենց Բլեյքից։ Կարծես ուզում է ասել, որ մեր շուրջը ապրում են նաեւ այսպիսի մարդիկ եւ ամեն ինչ այդքան էլ լավ չէ մեր հասարակության մեջ։ Բայց հետաքրքիր է, որ Բլեյքն իրեն մոլագար չէր համարում, նրա նպատակը սպանելը չէր, նա անում էր դա, քանի որ իր մոտ սպանելը լավ էր ստացվում։ Այդ նույն սկզբունքով, եթե լավ ստացվեր քար տաշելը, նա քարտաշությամբ կզբաղվեր։ Բլեյքի համար մարդկային կյանքն արժեք չէր, որի համար պետք է դողալ կամ որը չպետք է խլել։

Լուսանկարը` «Զանգակ»


Հերոսներից հաջորդը գրողն է՝ Վիկտոր Միզելը, ով ինչ-որ իմաստով հեղինակն ինքն է։

-Անոմալիայի զոհերին հետաքրքրում է՝ ո՞վ է իրենցից բնօրինակը։ Մարդկային էությանը շատ բնորոշ զգացում է՝ չլինել երկրորդը։

- Այս իմաստով տարբեր են ապրումները։ Նրանք, ովքեր առաջինն էին վայրէջք կատարել, մեծ հաշվով, ավելի շատ իրավունքներ ունեին իրենց ինքնությունը վերցնելու, քան երկրորդ ինքնաթիռի ուղեւորները՝ կրկնակները։ Թռիչքից հետո նրանց կյանքերը բաժանվում են, որովհետեւ երեք ամիսների ընթացքում նրանց հետ կատարվել են այնպիսի իրադարձություններ, որոնց մյուսները տեղյակ չեն, այսինքն՝ արդեն իսկ ուրիշ ինքնություն ունեն, արդեն իրենց հիշողությունների մեջ այդ երեք ամիսը բացակայում է։

-Բարձրացվում է նաեւ գաղտնիության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խնդիրը. դու ապրում ես քո կյանքը, պարզվում է՝ մեկ ուրիշն էլ է նույնն ապրում:

- Իրականում սա ամենանուրբ պահն է. առերեսվում ես ինքդ քեզ հետ ու ոչ քո պատերի ներսում։ Չէ՞ որ մենք բոլորս ունենք հասարակական դիմակներ, կան բաներ, որ ցույց չենք տալիս ոչ ոքի, չենք ուզում գիտակցել, ընդունել կամ փորձում ենք փախչել, հաղթահարել։ Ու այս 100 տոկոսանոց անկեղծությունը շատ վախեցնող է։ Ի վերջո, շատ ցավոտ է առերեսվելը ինքնությանդ վատթար կողմերին։

- Հերոսներից Ադրիանա Ջունն ասում է. «Հարկավոր է՝ յուրաքանչյուրը փորձի պատկերացնել այն, ինչ ապրում ենք մենք։ ...Այն, ինչ կատարվում է մեզ հետ, կարող էր կատարվել այս դահլիճում ներկա ցանկացածի հետ»։ Սրանք հասարակական, հոգեբանական խնդիրներ են, որոնց բախվում ենք տարբեր առիթներով։

- Այո, իհարկե, վեպի ուղերձներից մեկն էլ դա է․ ցանկացած մեկը կարող էր հայտնվել նման իրավիճակում։ Ավելին, եթե ուշադրություն դարձնենք, վեպի հերոսները հասարակական տարբեր շերտերից են՝ օդաչու, ճարտարապետ, գրող, երաժիշտ, իրավաբան։ Սրանով հեղինակը ցույց է տալիս, որ եթե մենք ապրում ենք համակարգչային սիմուլյացիայի մեջ, բոլորս ենք սիմուլյացված, ու որեւէ մեկը, հասարակական ինչ շերտում էլ լինի, չի խուսափելու դրանից։

- Բնաբանում ասվում է․ «Կա սքանչելի մի բան, որ միշտ գերազանցում է ճանաչողությունը, ինտելեկտը, անգամ՝ հանճարը․ անըմբռնումն է»։ Կյանքն ինքնին անըմբռնելի չէ՞, իրականում, չենք կարող ասել՝ ինչպես է, որ գոյություն ունենք։

- Իհարկե, կան երեւույթներ, որ ինչքան էլ փորձենք բացատրել Աստծով, գիտությամբ, մեծ հաշվով, մեզ հասու չեն։ Հնարավոր է՝ հենց դա է կյանքի իմաստը ու դա է, որ մենք չենք կարող ըմբռնել։

Անօրինակ երեւույթի հայտնաբերումից հետո գիտնականները երեք տեսությամբ են փորձում բացատրել կատարվածը, եւ երբ ներկայացնում են երրորդը՝ համակարգչային սիմուլացիայի տեսությունը, ասում են, որ հազարից մի հավանականություն կա, որ մենք սիմուլյացված չլինենք, այսինքն՝ մնացած 999 դեպքերում սիմուլյացված ենք, եւ այն, ինչ ապրում ենք, գուցե այնքան էլ իրական չէ։

- «Սիմուլյացիան սպասում է ամբողջ մարդկության արձագանքին։ Չի լինի գերագույն փրկիչ։ Պետք է ինքներս փրկենք մեզ»։ Ըմբոստություն կա՞ Աստծո դեմ։ Մի տեսակ հեգնանքով քննվում է այն, ինչ ստեղծվել է, նաեւ քննության է դրվում «ոգու էության» հարցը։

- Երբ կրոնական տարբեր ներկայացուցիչների հանդիպում է կազմակերպվում, այդ հատվածում բավական հեգնանք կա, բայց չեմ կարծում, թե կա ըմբոստություն Աստծո դեմ։ Մենք հանգում ենք նրան, որ մեծ հաշվով մարդն ինքն է ընտրում իր արժեքային համակարգը եւ բարոյական նկարագիրը։ Եվ այս համատեքստում կա մի բան, որ ինձ ամենաշատն է մտածելու տեղիք տվել․ ասվում է, որ եթե սա փորձարկում է, եթե մենք փորձադաշտ ենք, ուրեմն այստեղ հարց է՝ կհաջողենք, թե չենք հաջողի փորձը, որովհետեւ եթե չհաջողենք, սիմուլյացիայի պատասխանատուները կարող են անջատել ծրագիրը, ու մենք էլ չենք լինի։
Լուսինե Մուսախանյանը (աջից)՝ գրքի շնորհանդեսին Լուսինե Մուսախանյանը (աջից)՝ գրքի շնորհանդեսին

Լուսանկարը` «Զանգակ»


Այստեղ նաեւ փորձարկվում է մարդու բարոյական արժեհամակարգը․ հայտնվել էին նույնանման արարածներ, ու ԱՄՆ նախագահը եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները, կարելի է ասել, Աստծո դերում էին, իրենք պետք է որոշեին՝ այդ մարդկանց թողնել մարդկային աշխարհ, թե ոչ։ Եթե վերացնեին, ոչ ոք չէր իմանա, քանի որ նրանք պատճեններ էին։ Այ, հենց այստեղ է փորձարկման պահը, արդյոք աշխարհը բարոյականության ու մարդասիրության առումով՝ պատրա՞ստ է ընդունել այլ արարածների։

- Հաճախ է վեպում գրվում վեպ գրելու մասին, բայց այս դեպքում տեսնում ենք նաեւ գրողի կամ ճիշտ կլինի ասել՝ գրողի կրկնակի մահը։
 
- Գրողի կերպարը շատ հետաքրքիր է, քանի որ երբ գրքի միջի «Անոմալիան» տալիս են երկրորդ Վիկտոր Միզելին, որ ընթերցի, նա չի ճանաչում իր գիրը։ Սա նաեւ այն մասին է, թե որքան անկանխատեսելի ենք մենք, ու որքան բազմաֆունկցիոնալ է մեր ուղեղը։ Երկրորդ Միզելը օդանավարանում գրում է ու անընդհատ ասում է, որ տանել չի կարողանում փոխաբերությունները, իսկ առաջին Միզելը գրում էր փոխաբերություններով։ Ասես «Անոմալիայի» հեղինակը եռակի կոդավորում է ստանում․ բայց, ի վերջո, ինքը գոյություն ունի բոլոր Վիկտոր Միզելների մեջ։ Հետաքրքիրն այն է, որ «Անոմալիան» իրատեսական, առանց  շատ պատկերավորման միջոցների ստեղծագործություն է, բայց դրա մեջ կա մի ուրիշ գիրք, որտեղ հենց փոխաբերություններն են։ Ասես հայելիներ են դրված, ու անընդհատ այդ գրքերը ու դրանց հեղինակները իրար մեջ են նայում։

- Ինձ թվում էր՝ գրողը պետք է պարզապես տարբերվեր մյուս հերոսներից։

- Մի կողմից ուներ միտում տարբերվելու, մյուս կողմից՝ չէ։ Առաջին Միզելը ինքնասպան է լինում, որովհետեւ չստացված գրող է, երկրորդ Միզելը հեգնանքով է մոտենում փառքին․ մենք տեսնում ենք ինչքան տարբեր կարող է լինել նույն գրողի տրամադրվածությունը ընթերցողի ու աշխարհի նկատմամբ։ Էրվե Լը Տըլյեն տարբեր դեմքեր կարող է ունենալ, ինչպես մենք բոլորս, միանշանակ հստակորեն սահմանված անձինք չենք, անընդհատ փոփոխվում ենք, ու ինչպես տեսնում ենք, ընդամենը երեք ամիսը կարող է ահռելի բան փոխել մարդու մեջ։

- Գրքի վերջում հեղինակի առաջադրած գլուխկոտրուկը (ի վերջո, այս ողջ պատմությունը) ունի՞ լուծում եւ ինչպե՞ս է հնարավոր թարգմանել այն։ Առհասարակ, թարգմանական ի՞նչ դժվարությունների եք հանդիպել։

- Թարգմանական առումով դժվարն այն էր, որ հեղինակը անդրադառնում է տարբեր ոլորտների, բացի այդ, կային հատվածներ բանաստեղծություններից, երգերից, նաեւ այդ պոետիկ տեքստերն էին որոշակի դժվարություն առաջացնում։ Ամենաբարդը վերջաբանն էր, քանի որ հեղինակը այդպես էլ չի բացել վեպի վերջում ներկայացված գլուխկոտրուկը։

Էրվե Լը Տըլյեն եւ մի քանի թարգմանիչներ հրավիրված էին հարցազրույցի, ամեն թարգմանիչ ներկայացնում էր գլուխկոտրուկի լուծման իր տարբերակը։ Հեղինակն այդպես էլ չբացեց իր տարբերակը։ Ու նպատակը շատ պարզ էր. սա պոստմեդեռնիստական գրականություն է։ Յուրաքանչյուր ընթերցող պետք է իր վերջաբանն առաջարկի։ Այսինքն՝ այս դեպքում ես՝ որպես թարգմանիչ ու ընթերցող, իմ տարբերակն եմ առաջարկել՝ փորձելով ֆրանսերեն տեքստը վերծանել ու դրա հիման վրա «հավաքել» հայերեն տեքստը։ Բայց ես խորհուրդ կտայի ընթերցողին՝ գտնել իր տարբերակը, այդպես մենք կունենանք ստեղծագործության բազմաթիվ ավարտներ, ու ամեն ընթերցող կկերտի իր վեպը։

Արմինե Սարգսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին