ԽՍՀՄ փլուզումը, հայերն ու ադրբեջանցիները՝ վրացի գրողի «Բունկեր»-ում - Mediamax.am

1276 դիտում

ԽՍՀՄ փլուզումը, հայերն ու ադրբեջանցիները՝ վրացի գրողի «Բունկեր»-ում


Իվա Փեզուաշվիլին
Իվա Փեզուաշվիլին

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` «Անտարես»

Անի Աստատուրյանը
Անի Աստատուրյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Իվա Փեզուաշվիլին
Իվա Փեզուաշվիլին

Լուսանկարը` Իվա Փեզուաշվիլին


«Գենա՝ Սպիտակ, Գենա՝ Ղարաբաղ, Գենա՝ մահ Բաքվում, Գենա՝ քարկոծում Երեւանում, Գենա՝ կռիվ-կռիվ Թբիլիսում...»։ Գենան վրացի երիտասարդ արձակագիր Իվա Փեզուաշվիլու «Բունկեր» (2022) վեպի հերոսն է։ «Բունկերը» Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Թբիլիսի փախած Սիմոնյանների ընտանիքի մասին է։ Գիրքը վրացերենից թարգմանել է Անի Աստատուրյանը։ Նրա խոսքով՝ վեպի հերոսները սովորական մարդիկ են՝ Գենան, Միլան, նրանց զավակները, Մամուկան։

Ընթերցողներից շատերը գրքում կգտնեն իրենց կամ շրջապատի մարդկանց։

Թարգմանիչը նշում է նաեւ, որ  փորձել է հնարավորինս պահպանել Փեզուաշվիլու հախուռն, ոչ բռնազբոսիկ ոճը։ Նա համաձայն չէ այն կարծիքին, որ թարգմանիչը համահեղինակ է, ասում է. «Ես չեմ ուզում պատմել վեպը, հեղինակը պետք է երեւա, սովետի հոտը զգացվի... հույս ունեմ, որ հաջողվել է»։

Անի Աստատուրյանը Անի Աստատուրյանը

Լուսանկարը` անձնական արխիվ


Անի Աստատուրյանի օժանդակությամբ զրուցել ենք Իվա Փեզուաշվիլու հետ։

-Երբ գիրքը կարդացի, թվաց՝ հեղինակը առնվազն վերապրել է խորհրդային ու հետխորհրդային մղձավանջը։ Իրական հիմք ունի՞ պատմությունը։

-Բարեբախտաբար, չհասցրի Խորհրդային Միությունում ապրել. մեկ տարեկան էի, երբ Վրաստանը անկախացավ։ Վերջին սերնդի ներկայացուցիչն եմ, որ ունեմ «սովետական» ծննդյան վկայական։

Գրքի վրա աշխատելիս հիմնական նպատակս ինչ-որ կերպ հասկանալն էր ծնողներիս սերնդին՝ մորս, հորս եւ այն մարդկանց, որոնք հայտնվեցին Խորհրդային Միության փլատակների տակ, եւ որոնցից երկար ժամանակ պահանջվեց նոր ժամանակներին հարմարվելու համար, հասկանալ նրանց, ովքեր կարծում են, թե իրենց գիտելիքները, մասնագիտությունը, նաեւ աշխարհայացքը այլեւս չեն համապատասխանում կապիտալիստական միջավայրին։

Ուզում էի գրել այն մարդկանց մասին, որոնք ո՛չ զենք վերցրին, ո՛չ էլ հանձնվեցին զինվածներին, ովքեր փրկվեցին, բայց էնքան բան կորցրին, որ իրենք իրենց ուրվականները դարձան։

Գրքի սկիզբը, երբ Սիմոնյանների ընտանիքը Բաքվից փախչում է Երեւան, Երեւանից էլ՝ Թբիլիսի, հիմնված է իրական պատմության վրա։ Ճիշտ նույն ճանապարհն է անցել իմ երեխայի դայակը՝ իսկական Միլան։

Ազգությամբ հայ կինը ութսունականների վերջին փախչում է Ադրբեջանից ու թշնամական շրջապատից։ Այդ ժամանակ Սումգայիթի դեպքերն արդեն եղել էին։ Միլայի ընտանիքը Երեւանում չի մնում. Երեւանից Թբիլիսի գալու պատմությունը գրքում դրամատիզացված է, ինչպես նաեւ Սիմոնյանների՝ Թբիլիսի տեղափոխվելու դրվագները։

-Հետխորհրդային երկրները յուրովի ապրեցին ԽՍՀՄ փլուզումը, անցումային շրջանը։ Ամեն երկիր, ինչպես եւ ամեն ընտանիք, անհատ իր դրաման ունի։ Այս գրքում կարծես փորձ եք արել միավորելու, խտացնելու պատմությունները։

-Այս գիրքը գրելիս հասկացա, թե ինչքան քիչ բան գիտեմ Հայաստանի մասին, նրա անցյալի ու նույնիսկ ներկայի մասին, Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած ցնցումների, կռիվների ու հակամարտությունների մասին։

Լուսանկարը` «Անտարես»


«Բունկերը» պատմական վեպ չէ, թեեւ շատ են պատմական փաստերն ու իրադարձությունները: Մեկ ընտանիքի շուրջը տեղի ունեցած դրամաներով եւ նրանց անցած ճանապարհով ուզում էի ցույց տալ, որ անկախության ձեռքբերումը նույնքան դժվար ու ցավագին էր Հայաստանի համար, որքան Վրաստանի: Չէ՞ որ մեր երկու երկրներին, մյուս բաների հետ մեկտեղ, միավորում է հետգաղութային տրավման՝ չար «մեծ եղբոր» ստվերը, որից չենք կարողացել ձերբազատվել ո՛չ անցյալում, ո՛չ էլ այժմ։

-Գրում եք. «Որ սովետական քաղաքացիներ էին կոչվում, ոնց դարձան հայեր, ադրբեջանցիներ ու վրացիներ, աբխազներ ու օսեր, ու ինչ հրաշալիորեն ու քսանական թվականներին գրված ռուսական պիեսի համաձայն սկսեցին սպանել ու ջարդել, ու որ սկզբում պատերազմում էին սպանում միմյանց, հետո փողոցներում շարունակեցին, ու եթե սկզբում զինվորներն էին կրակում, հետո շարքային քաղաքացիները սկսեցին, ու ադրբեջանցին հային էր սպանում, որովհետեւ հայ էր, ու հայը՝ ադրբեջանցուն...»։

- Գրքի այս հատվածում գլխավոր հերոս Գենան, որն անձամբ վերապրել է Խորհրդային Միության փլուզման սարսափները, մեղադրում է Ռուսաստանին բոլոր պատերազմների եւ հակամարտությունների համար, որոնք տեղի են ունեցել ութսունականների վերջին եւ իննսունականների սկզբին: Նա կարծում է, որ ազգային հակամարտությունները ծագել են ԿԳԲ-ի նախապես ականապատած դաշտում եւ ԿԳԲ-ի աշխատակիցների դրդմամբ։

Գուցե միամիտ վերաբերմունք կթվա, բայց որպեսզի Գենան գոյատեւի, նա պետք է տեսնի թշնամուն, իսկ նրա համար թշնամին հակամարտություն սերմանողն ու հրահրողն է եւ այս հակամարտությունը ի շահ իրեն օգտագործողը: Իհարկե, նկատի ունեմ Ռուսաստանը։

- Վրաստանում Ձեր գիրքը մրցանակների է արժանացել։ Մտածել եք՝ ինչպե՞ս կընկալվի այն հարեւան երկրներում։

-Երբ «Անտարեսից» գիրքը թարգմանելու առաջարկ ստացա, շատ անհանգստացա, մեծ պատասխանատվություն զգացի, հասկացա, որ գրքում մեկ պատմական անճշտությունը կարող է շատերին ցավեցնել։ Հուսով եմ՝ հայ ընթերցողը հաշվի կառնի, որ սա պատմավեպ չէ, եւ ինձ կների փոքր սխալների համար։

Հարեւան երկրների մասին էլ ձեզ անկեղծ կպատասխանեմ. հանդիպել եմ թուրք հրատարակիչներից մեկի հետ, նա ինձնով հետաքրքրվել է եվրոպական մրցանակը ստանալուց հետո, բայց հենց նշեցի, որ գիրքը հայ ընտանիքի մասին է, նրա հետաքրքրությունը անմիջապես մարեց, համոզված եմ՝ նույնը կլինի Ադրբեջանում։
Իվա Փեզուաշվիլին Իվա Փեզուաշվիլին

Լուսանկարը` Իվա Փեզուաշվիլին


Իրականում «Բունկերն» ու Սիմոնյանները ճանապարհորդում են Եվրոպայում։ Գիրքն արդեն թարգմանվել է յոթ լեզուներով, մինչեւ տարեվերջ սպասում եմ իսպաներեն եւ բուլղարերեն թարգմանություններին։

- «Օհ, գիտե՞ք միայնակ մայրերի վլոգները ինչքան դիտում ունեն...»։ Սա նոր ժամանակների դիմագիծն է... Ինստագրամ, փոստեր, վլոգներ.... ուր ամուսնությունը, հղիությունը, բաժանումն անգամ դիտումների քանակ են ապահովում։ Շա՞տ է տարբերվում սովետական երկրի քաղաքացու «Դեսնա 2» հեծանիվ ունենալու ցուցամոլությունից։

- Շնորհակալություն այս հարցի համար, ինձ շատ դուր եկավ: Ես նախկինում այս զուգահեռը չեմ անցկացրել: Միգուցե սոցիալական ցանցերում մենք փորձում ենք ավելի խելացի, գեղեցիկ ու համարձակ երեւալ, քան կանք իրականում։ Իսկ Instagram-ի ֆիլտրերի տակ իրական կյանքն է, իսկական մենքը:

- Գիրքն ավարտվում է անկումային տրամադրությամբ, իսկ գուցե չի էլ ավարտվո՞ւմ, շարունակությո՞ւն է ենթադրում։

-2020 թվականին, երբ ավարտեցի գիրքը, ես էլ այնպիսի տպավորություն ունեի, որ գիրքը բացասական ավարտ ունի, բայց հիմա, երբ Վրաստանը կանգնած է Եվրոպայի եւ Ռուսաստանի խաչմերուկում, երբ մենք պետք է հաշվի առնենք անկախության հետագա տարիներն ու տասնամյակները, ես չեմ կարող ինձ թույլ տալ վատատես լինել։ Էս պահին նախընտրում եմ ասել, որ ամենակարեւորն այն է, որ Գենան հասկացավ, որ ոչ միայն իր անցյալը, այլեւ ներկան է նեխած, հասկացավ, թե որտեղից է գալիս այդ նեխածությունը, եւ մի՞գուցե այս ամենը հասկանալուց հետո գոնե ապագայում նա կվերացնի այդ նեխածության հիմքերն ու պատճառները։

Արմինե Սարգսյան

Վրացերենից թարգմանեց Անի Աստատուրյանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին