«Սահմանից հարավ, արեգակից արեւմուտք». առեղծվածներով լի Մուրակամիի վեպը - Mediamax.am

3203 դիտում

«Սահմանից հարավ, արեգակից արեւմուտք». առեղծվածներով լի Մուրակամիի վեպը


Հարուկի Մուրակամին 2023 թվականին
Հարուկի Մուրակամին 2023 թվականին

Լուսանկարը` REUTERS

Լիլիթ Խանսուլյանը
Լիլիթ Խանսուլյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` Անտարես


«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիի 1992-ին լույս տեսած «Սահմանից հարավ, արեգակից արեւմուտք» վեպը։

Մեդիամաքսը զրուցել է գրքի թարգմանչի՝ Լիլիթ Խանսուլյանի հետ։

- Գրքի գլխավոր հերոսը՝ Հաջիմեն, ծնողներին այսպես է բնութագրում․ «Նրանք երկար պատերազմից վիրավոր սերունդ էին։ Բայց երբ ես ծնվեցի, պատերազմի վերհուշը համարյա չէր մնացել»։ Նրանց ընտանիքը տարբերվում էր նրանով, որ Հաջիմեն միակ երեխան էր։ Սա իսկապե՞ս թերարժեք զգալու պատճառ էր։ Իզումին, օրինակ, երազում էր միակ երեխա լինել։ Գուցե Մուրակամին փորձում է վեպի հենց սկզբից ցույց տալ, որ միշտ ինչ-որ բան պակասո՞ւմ է մարդուն։

-Հաջիմեն ծնվել է 1951 թվականին հետպատերազմյան Ճապոնիայում։ Սա մի շրջան է, երբ Ճապոնիայում խաղաղություն էր հաստատվել, երկիրը աստիճանաբար սկսում էր տնտեսական վերելք ապրել եւ ծնելիությունն էլ իր հերթին աճել էր, այսպես ասած՝ բեյբի բում էր։ Հաջիմեն չէր ճանաչում գեթ մեկին, որը միակ երեխա լիներ։

Սովորաբար մարդիկ, հատկապես երեխաները, չեն սիրում տարբերվել շրջապատից եւ տանել չեն կարողանում, երբ իրենց մատնացույց են անում այդ տարբերությունը։ Այն էլ, երբ տարբերությունը բացասական ընկալումով է կարծրացած հասարակության մեջ։ Էլ չասած ճապոնական հասարակության մասին, որտեղ դուրս ցցված մեխը խփում եւ հավասարեցնում են մնացածին։ «Միակ երե¬խան երեսառած է, թույլ, ահավոր եսասեր. սա անխախտելի, ընդունված տեսություն էր իմ ապրած աշխարհում», - ասում է Հաջիմեն։ Թերեւս տարբերվող լինելու գիտակցությունն էլ որոշակի թերարժեքության բարդույթ էր ձեւավորել նրա մեջ։ Կարծում եմ՝ Մուրակամին ցույց է տալիս հերոսի՝շրջապատից տարբերվելու սկզբնապատճառներն ու Շիմամոտոյի հետ ընդհանրությունները, որոնց շնորհիվ էլ նրանք մտերմացան եւ նրանց սրտերը միացան։

- Երաժշտություն եւ առեղծվածային կամ որոշակի խնդիրներ ունեցող կանայք կային նաեւ նրա «Նորվեգական անտառ» վեպում։

- Երաժշտությունը կարեւոր դերակատարում ունի Մուրակամիի ստեղծագործության մեջ։ Ճիշտ է, ես ծանոթ չեմ նրա բոլոր գործերին, բայց արդեն երեք գիրք եմ թարգմանել, որոնք, կարելի է ասել, շաղախված են երաժշտությամբ։ «Նորվեգական անտառում» հնչում է Բիթլզի «Norwegian wood»-ը, «Սահմանից հարավ, արեգակից արեւմուտք»-ում «South of the Border»-ը (հեղինակներ՝ Ջիմի Քենեդի եւ Մայքլ Քար)։

Վերջին թարգմանությանս մասին դեռ կլռեմ։ Այսինքն, նույնիսկ վերնագիրը կապված է վեպում հիշատակվող երգի հետ։ Երաժշտությունը հնչում է նաեւ նրա մյուս գործերում։ Ջազ, ռոք, փոփ, դասական… Մուրակամին իր ընթերցողներին բազմատեսակ երաժշտությամբ է պարուրում։ Սա որոշակի մթնոլորտ է ձեւավորում, որոշակի երանգ է հաղորդում նրա գործերին։ Ընթերցողը կարող է նույնիսկ միացնել նրա առաջարկած երաժշտությունն ու լիովին ընկղմվել այն իրականության մեջ, որ ստեղծում է Մուրակամին։

Լուսանկարը` Անտարես


Ինչ վերաբերում է «Նորվեգական անտառին», միգուցե հիշողությունս ինձ դավաճանում է, բայց այնտեղ առեղծված չեմ հիշում։ Օրինակ՝ կային խնդիր ունեցող կանայք, կար անսպասելի բացահայտում Կիձուկիի անձի վերաբերյալ, նրա բնավորության մասին պատկերացումների եւ տեսանկյունի փոփոխություն, բայց՝ ոչ առեղծված։ Իսկ «Սահմանից հարավ, արեգակից արեւմուտքը» տոգորված է առեղծվածով։ Ինձ համար նույնիսկ ավարտն է առեղծված մնում։ «Մինչեւ ինչ-որ մեկը կգար ու ձեռքը կամացուկ մեջքիս կդներ, ես անվերջ ծովի մասին էին մտածում»:

Ինչո՞ւ է Մուրակամին գրում «ինչ-որ մեկը», ինչո՞ւ ոչ «Յուկիկոն/կինս» կամ «երեխաներս», այլ ինչ-որ մեկը։ Իսկ միգուցե այն ընթացքում, երբ ինքը նստած էր խոհանոցի սեղանի մոտ՝անկարող վեր կենալ, ինչ-որ բա՞ն էր պատահել։ Կամ միգուցե նորի՞ց էր խախտվել իրականության եւ պատրանքի սահմանը։ Ո՞վ գիտի։

- Հաջիմեն իր կյանքի բոլոր կանանց Շիմամոտոյի հետ էր համեմատում։ Այս տեսանկյունից վեպը թերեւս մի սիրո պատմություն է։

- Այո, վեպը սիրո պատմություն է։ Սիրո, կրքի, մարդկային հարաբերությունների, հաջողության, ցավի ու կորստի։ Ճիշտ է, այնքան բազմաշերտ չէ, որքան «Նորվեգական անտառը», բայց պատկերում է մարդկային այնպիսի հարաբերություններ, կյանքի այնպիսի վայրիվերումներ, ինչպիսիք կարող են պատահել յուրաքանչյուրի կյանքում։ Մուրակամիի գործերը կյանքից են վերցված, հագեցած են գեղեցիկ նկարագրություններով, պարզ, բայց դիպուկ ու խորիմաստ խոսքով, նրբաճաշակ երաժշտությամբ, եւ թերեւս սա է պատճառներից մեկը, որ այդքան հարազատ են շատերին։

-«Հենց նա (Շիմամոտոն) իջավ մեքենայից, աշխարհն ասես մի ակնթարթում դատարկվեց»։ Բայց եթե Հաջիմեն թողներ իր ունեցածն ու միանար նրան, մի՞թե նույն զգացողությունը չէր ունենալու՝ դատարկության։

-Հաջիմեի աշխարհը դատարկվում է առանց Շիմամոտոյի, եւ դատարկությունը լցվում է նրա ներկայությամբ։ Նրանք լիարժեք են միասին։ Պատանեկության տարիներին Շիմամոտոյից բաժանվելուց եւ նոր տեղ տեղափոխվելուց հետո Հաջիմեն միշտ ձգտել է փախչել ինքն իրենից, նոր «ես» ձեռք բերել, նոր կյանքով ապրել։ Ցավ է պատճառել իր կյանքում պատահած կանանց եւ դրանով ցավ պատճառել ինքն իրեն։ Եվ միայն Շիմամոտոյի հետ է եղել բնական, անկաշկանդ, այնպիսին, ինչպիսին կա։ Միայն Շիմամոտոյի հանդեպ զգացմունքներն են եղել հաստատուն, չեն կոտրվել անողոք ժամանակի անիվի տակ։ Նա սիրում է իր կնոջը, երեխաներին, հաջողակ գործարար է, բայց, միեւնույն է, այնպիսի զգացողություն ունի, ասես դա իր կյանքը չլինի։ Մյուս կողմից՝ հնարավոր է Շիմամոտոյի հանդեպ զգացմունքը պայմանավորված էր նրանով, որ առաջին սերն էր՝ մաքուր, անաղարտ եւ անհասանելի մնացած։

-Ի վերջո, Հաջիմեն ընտրում է ընտանի՞քը։

-Իմ կարծիքով՝ Հաջիմեն արել էր իր ընտրությունը։ Նա ընտրել էր Շիմամոտոյին։ Իսկ այս մի ընտրությունն արդեն համակերպումից էր բխում։ Նա ասում է «...խավարի մեջ ծովում տեղացող անձրեւի մասին մտածեցի։ Լայնարձակ ծովում, բոլորին աննկատ, մեղմ տեղացող անձրեւի մասին։ Կաթիլներն անձայն ծեծում էին ծովի մակերեւույթը, եւ նույնիսկ ձկներն էին անտեղյակ դրանից»։ Այսինքն, կարելի է ենթադրել, որ անձրեւը մեղմ ու բոլորին աննկատ, բայց շարունակում էր ծեծել իր հոգին։

- Հաջիմեն ասում է՝ ինչո՞ւ են մարդիկ գալիս բար, խմում, երաժշտություն լսում, որովհետեւ ամեն ոք քիչ թե շատ մտացածին տեղ է փնտրում։ Իսկ գուցե Շիմամոտոյի հետ նրա հանդիպումները նո՞ւյնպես մտացածին էին։

-Երեւակայությունը ապաստան է իրականությունից փախչողների համար։ Յուրաքանչյուր մարդ էլ ժամանակ առ ժամանակ ձգտում է կտրվել իրականությունից, առօրյա հոգսերից ու մտքերից։ Իր վառ երեւակայության շնորհիվ Հաջիմեին հաջողվել էր այնպիսի վայր ստեղծել, ուր մարդիկ կգային, կկտրվեին իրենց առօրյայից, կտրվեին պատրանքին, կլիցքաթափվեին եւ հաճելի ժամանակ կանցկացնեին՝ դրսում թողնելով իրենց հոգսերն ու մտատանջությունները։ Երեւի, հենց սա էր նրա հաջողության գրավականը։ Վեպում իրոք շատ են առեղծվածները, որոնք բազում ենթադրությունների ու հետեւությունների տեղիք են տալիս։
Լիլիթ Խանսուլյանը Լիլիթ Խանսուլյանը

Լուսանկարը` անձնական արխիվ


Շիմամոտոն ամբողջովին առեղծվածով է քողարկված։ Հաջիմեին, ինչպես եւ ընթերցողին, նրա կյանքից միայն մի քանի պատառիկ է հայտնի դառնում, որոնք էլ իրենց հերթին ոչ թե բացահայտում, այլ առեղծվածի ավելի հաստ շերտով են պատում Շիմամոտոյի կերպարը։ Միգուցե նրանց հանդիպումը մտացածին էր, միգուցե վրեժխնդրություն էր՝ ծրագրված Շիմամոտոյի եւ Իզումիի կողմից, որոնք միգուցե ծանոթացել էին որոշ հանգամանքների բերումով։ Միգուցե Շիմամոտոն լքում է Հաջիմեին՝ հիվանդ լինելու կամ պարզապես ընտանիքը կործանել չցանկանալու պատճառով։ Կարելի է շատ ու շատ միգուցեներ թվարկել...

-Կարո՞ղ ենք ասել, որ գրքի վերնագիրը ամփոփում է ասելիքը՝ «Սահմանից հարավ, արեգակից արեւմուտք»․․․

- Կարծում եմ՝ այո։ Ե՛վ ամփոփում է ասելիքը, եւ՛ բանալի է տալիս առեղծվածը որոշ չափով լուծելու համար։ Վերնագիրը բաղկացած է երկու մասից։ Մի կեսը վերցված է «South of the Border» երգից։ Եթե ընթերցողը ծանոթանա երգի բառերին, որոշակի նմանություններ կնկատի վեպի հետ։ Իսկ թե ինչ կա «արեգակից արեւմուտքում», իմանում ենք Հաջիմեի եւ Շիմամոտոյի երկխոսությունից։ Շիմամոտոն պատմում է «սիբիրյան տենդ» կոչվող մի հիվանդության մասին, որով Սիբիրի հողագործներն են հիվանդանում։ «Օրեր շարունակ նայելիս, թե ինչպես է արեգակը բարձրանում արեւելյան հորիզոնից, անցնում երկնակամարով եւ սուզվում արեւմտյան հորիզոնում, քո մեջ ինչ-որ բան խը՛րթ, կտրվում է, մեռնում։ Եվ դու բահդ գցում ես գետնին ու առանց մտածելու անդադար քայլում դեպի արեւմուտք։ Արեգակից արեւմուտք»։ Հիվանդության անունը թերեւս Մուրակամին է հորինել, բայց այն վերաբերում է «պիբլոկտո» կամ «արկտիկական համախտանիշ» կոչվող հիվանդությանը, որը հաճախ հանդիպում է Բեւեռային շրջանում ապրող ազգերի մոտ։ Մեծամասամբ՝ կանանց։ Քանի որ Վիքիպեդիայում նաեւ հայերեն հոդված կա այս հիվանդության մասին, ես բաց կթողնեմ դրա նկարագրությունը։ Եթե ինչ-որ մեկին կհետաքրքրի, կարող է բացել եւ ծանոթանալ հիվանդության եւ դրա ախտանիշների հետ։

Կարծում եմ՝ մշտապես մենության եւ միօրինակության մեջ գտնվելով՝ Շիմամոտոն նմանատիպ մի հիվանդություն էր ձեռք բերել։ Եվ երբ ծանոթանում ենք «պիբլոկտո» հիվանդության ախտանիշներին, նմանատիպ դրսեւորումներ ենք նկատում նաեւ Շիմամոտոյի վարքում։ Դա հատկապես արտահայտված է վերջում՝ նրանց սեռական հարաբերության նկարագրության մեջ։ Բայց սա ընդամենը իմ կարծիքն է, յուրաքանչյուր ընթերցող յուրովի կբացահայտի եւ կմեկնաբանի առեղծվածներով լի այս վեպը։

Արմինե Սարգսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին