«Սերն ապրում է երեք տարի». Բեգբեդերի գիրք-փորձությունն ու քիմիական բանաձեւումը - Mediamax.am

exclusive
1863 դիտում

«Սերն ապրում է երեք տարի». Բեգբեդերի գիրք-փորձությունն ու քիմիական բանաձեւումը


Ֆրեդերիկ Բեգբեդերը`Կաննի փառատոնում
Ֆրեդերիկ Բեգբեդերը`Կաննի փառատոնում

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` «Անտարես»


«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Ֆրեդերիկ Բեգբեդերի «Սերն ապրում է երեք տարի» գիրքը՝ Անուշ Գեւորգյանի թարգմանությամբ։

Բեգբեդերը արդի ֆրանսիական գրականության ամենաճանաչված դեմքերից է, արձակագիր եւ գրաքննադատ, մի շարք վեպերի, պատմվածքների  ժողովածուների, էսսեների գրքերի եւ կոմիքսների հեղինակ։

***
 
«Իմ միջավայրում մինչեւ երեսուն տարեկանը ինքն իրեն հարցեր տալն ընդունված չէ, իսկ երեսունից հետո արդեն շատ ուշ է դրանց պատասխանելու համար»։

Բաց երբ հարցնում են՝ ինչու ես տխուր, ստիպված ես պատասխանել՝ որովհետեւ հայտնաբերել ես, որ սերն ապրում է երեք տարի։ Մոծակը մի օրվա կյանք ունի, վարդը՝ երեք, կատուն տասներեք տարվա կյանք ունի, սերը՝ երեք… քիմիայի տեսանկյունից։ Այս տեսությամբ է Ֆրեդերիկ Բեգբեդերի «Սերն ապրում է երեք տարի» վեպի հերոսը՝ լրագրող Մարկ Մառոնյեն բացատրում Աննի հետ իր ամուսնության եւ դրան հաջորդող ամուսնալուծության պատճառը։ «Լքեցինք իրար ինչպես որ ամուսնացել էինք՝ առանց իմանալու, թե ինչու»։

Մառոնյեն իր պատմության հենց սկզբից ասելու էր՝ ես որոշել եմ լինել գրքիս գլխավոր հերոսը, սերն էլ ի սկզբանե տանուլ տված մարտ է։

«Երեք տարին» գրեթե դասական ձեւաչափ ունի։ Սկզբում ամեն ինչ հրաշալի է, տիեզերքը ժպտում է։ Մի տարի շարունակ կյանքն իրար հաջորդող պայծառ առավոտների շարան է միայն, նույնիսկ մռայլ եղանակին, նույնիսկ երբ ձյուն է գալիս։ Դու գրքեր ես գրում այդ թեմայով, ամուսնանում հնարավորինս արագ․ ինչո՞ւ մտածել, երբ երջանիկ ես։ Երկրորդ տարին ինչ-որ բան փոխվում է․․․ Երրորդ տարին մի վատ ու մի լավ նորություն է բերում։ Լավ նորությունը․ կինդ զզված լքում է քեզ։ Վատ նորությունը․ նոր գիրք ես սկսում։

Պարզվում է, տեսությունը՝ տեսություն, բայց ամուսնալուծությունը երբեք հեշտ չի լինում, որովհետեւ «ուրիշին ցավ պատճառելով՝ ամենամեծ ցավն ինքդ քեզ ես պատճառում»։ Եվ սա ասում է Մառոնյեն՝ մագնատը, գլամուրի արքան, ով ձգտում է նման լինել իր ստեղծած կերպարին՝ մակերեսային, բռի, անտաշ, չար։ Նա կրկնում է, որ մեռած է, բայց շարունակում է ապրել, վստահեցնում է, որ սերը միակ ծրագրված հիասթափությունն է, բայց ձգտում է դրան էլի ու էլի։ Ալիսը․․․ Նորից ամուսնություն կոչվող փորձություն ու հետհաշվարկ։ Մինչ նա գրում է իր երեք տարվա փորձության մասին, միանգամից զգուշացնում է՝ հաստատ չի, որ էս պատմությունը երջանիկ ավարտ կունենա։

Այստեղ Կոնֆուցիոզն է օգնության հասնում՝ կարեւոր է ջանքը, քան դրա դիմաց ստացած պարգեւը։

Լուսանկարը` «Անտարես»


Իսկ լրագրողն այդ ընթացքում դառնում է քննադատ, ժամանակակից հասարակության դեղատոմսն է դուրս գրում․ քննում է սոցիալական խնդիրներից մինչեւ բարոյահոգեբանականը։ «Հասարակությունը, որտեղ ծնվել ենք, հիմնված է եսասիրության վրա։ Սոցիոլոգները դրան անհատականություն են ասում, մինչդեռ ավելի պարզ բառ կա դրա համար․ մենք ապրում ենք մենակյաց հասարակության մեջ»։

Եթե Բեգբեդերն իր «99 ֆրանկ» աղմկահարույց գրքում գրում է սպառողական հասարակության ու գովազդային աշխարհի մասին այնպես, որ գովազդային գործակալությունն իրեն հեռացնի աշխատանքից, ապա «Սերն ապրում է երեք տարի» գրքում փորձում է կոտրել հավերժական սիրո առասպելը։ 99 ֆրանկը գրքի արժեքն է՝ նյութական։ Երեք տարին՝ սիրո «պիտանելիության ժամկետը»։ Թե ինչ է լինում այս պատմության վերջում՝ կպարզեք գիրքն ընթերցելիս։ Բայց գիրք- փորձությունն ապրելու- գրելու ընթացքում փոխվում են հեղինակի սահմանումները՝ «պետք է իմանաս ով ես եւ ում ես սիրում», «պետք է ինքդ սպառվես անսպառ սեր ապրելու համար»։ «Ի վերջո, ծնունդից մահ մեր կյանքն ինքնահոսում է, եւ պետք է օժտված լինել անմարդկային քաջությամբ դրա ընթացքը փոխելու համար»։

Արմինե Սարգսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին