«Հանրապետություններից երրորդը». 90-ականների սերունդն ու պատերազմը - Mediamax.am

exclusive
1875 դիտում

«Հանրապետություններից երրորդը». 90-ականների սերունդն ու պատերազմը


Նորայր Սարգսյանը
Նորայր Սարգսյանը

Լուսանկարը` Անի Տոնոյան

Լուսանկարը` «Անտարես»

Լուսանկարը` «Անտարես»

Նորայր Սարգսյանը
Նորայր Սարգսյանը

Լուսանկարը` Անի Տոնոյան


«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Նորայր Սարգսյանի «Հանրապետություններից երրորդը» վեպը։ 2018-ին, երիտասարդ արձակագիրը ներկայացել էր «Չինական պատ» պատմվածքների ժողովածուով, արժանացել ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի։

- 2020-ի պատերազմից մի առ ժամանակ հետո մեկը մյուսին հաջորդում են պատերազմին առնչվող վեպեր՝ տարբեր դիտանկյուններից։ Գրողն ավելի շատ ինքն իրե՞ն է հարցեր ուղղում, փորձում հասկանալ՝ ինչ կատարվեց, թե՞ ընթերցողին։

-Իրականում անհնար էր չանդրադառնալը։ Մինչ այդ ուրիշ գիրք էի գրում, պատերազմից հետո, մի տեսակ, անիմաստ դարձավ շարունակելը։ Սկզբում չէի մտածում, որ վեպ եմ գրում, ուղղակի գրում էի՝ ինչ գալիս էր մտքումս, հետո հասկացա, որ իրար հետ կապված են ու մեկտեղեցի։

Լուսանկարը` «Անտարես»


Ինչ վերաբերում է հարցին՝ պատերազմին անդրադառնալիս ավելի շատ ինքդ քեզ ես հարցեր ուղղում, թե հասարակությանը, իմ կարծիքով՝ հավասարաչափ։ Ամեն մեկն իր ձեւով, գրողն էլ՝ իր, փորձում են անդրադառնալ այս թեմային։ Այս վեպն ավելի շատ անդրադարձում է, պատում պատերազմից հետո ապրող մարդկանց մասին, քան համակարգված միտք, գաղափարախոսություն։ Պատերազմն ինքնին այնքան մեծ տեղ չունի վեպում, որքան դրանից հետո տեղի ունեցող իրադարձությունները։

-Ու կարծես ասելիքն ուղղված է հիմնականում ներսի ընթերցողին։ Դեռ պիտի հասկանանք՝ ինչ կատարվեց մեզ հետ, հետո նոր ասելու բան ունենանք ուրիշներին։

-Չեմ մտածել՝ ում համար եմ գրում, բայց կան արձագանքներ, շատերը վեպում գտնում են ընկերներին, ծանոթներին, իրենք իրենց։ Վեպն իրականում հորինվածք է, բայց փաստորեն դիպչում է մարդկանց սրտին։

- Վերջին շրջանում տարբերակումներ են առաջ քաշում՝ պետությո՞ւն թե՞ հայրենիք։ Ի՞նչ է ասում Ձեր գրքի վերնագիրը՝ «Երրորդ հանրապետություն»։

-Սկզբնական վերնագիրն ավելի երկար էր՝ «Հանրապետություններից երրորդը՝ հերթական գլխակերը»։ Անհատի ու պետության փոխհարաբերությունն է։ Ի վերջո, մենք բոլորս, հատկապես՝ 90-ականների սերունդը, այս հանրապետության ծնունդ ենք, մի տեսակ, տպավորություն կա, որ Երրորդ հանրապետությունն էլ էր գլխակեր։ 2020-ին բախվեցինք իրականության հետ, ու պարզվեց որ չունենք բավականաչափ ուժ։ Այս թեմայով խոսել եմ ընկերոջս հետ, ով մասնակցել է քառօրյա ու քառասունչորսօրյա պատերազմներին, նա ասաց, որ այլեւս չի ուզում լինել ինչ-որ մեծ խաղի հասարակ զինվոր, որն ուղղակի մահվան բերան է ուղարկվում։ Չնայած եթե պատերազմի ավարտը հաղթական լիներ, վերաբերմունքն այլ կլիներ։

-Գրքում պատմողը զենքի սպառնալիքի տակ է պատումը ներկայացնում։ Սա քաղաքակա՞ն գնահատական է։

-Դա շատ նման է այն իրավիճակին, որում հայտնվել ենք։ Երբ մարդիկ ինչ-որ միտք են արտահայտում, որ պետք է այս հանրապետությանը, ասես զենքի սպառնալիքի տակ լինեն։ Քանի որ ցանկացած միտք, կարծիք, գնահատական, որ կարող ես ունենալ, հիմա շատ ավելի լուրջ է։ Մինչ պատերազմը ամեն ինչ ավելի հեշտ էր․ ամեն մեկը կարող էր ունենալ իր գաղափարախոսությունը, լինել սոցիալիստ, պացիֆիստ, աշխարհաքաղաքացի, ռուսամետ կամ եվրոպամետ, ու այդ ամենն այդքան լուրջ չէր ընկալվում։ Պատերազմից հետո ինչ-որ բան ասելուց առաջ դու ավելի երկար ես մտածում, ու կարծես թե քեզնից արդեն ինչ-որ բան կախված է․դա է զենքի սպառնալիքը։ Նախկինում գրականությունը շատ չէր անդրադառնում պետականության թեմաներին, Երրորդ հանրապետությանը, բայց ինչպես տեսնում եք, մեկ տարվա ընթացքում 5-6 գիրք է հրատարակվել, բոլորն այդ ուղղվածության են։

-Պատումի հեղինակը, ում վրա զենք են պահում, դո՞ւք եք։ Ձեր անունն էլ նշվում է։

-Այո, ընկերոջս անունն էլ կա։ Երոն ընկերս է՝ Երվանդ Վարդանյանը, ում անունը նրա թույլտվությամբ պահպանել եմ։ Իսկ առհասարակ, հավաքված կերպարներ են ավելի շատ․դեմքը, աշխատանքի բնույթը մի մարդուց կարող է լինել, մտքերն՝ ուրիշի։

Լուսանկարը` «Անտարես»


Օրինակ՝ ձկնավաճառի կերպարն իրականում կա, բայց ես իրեն չեմ ճանաչում, չգիտեմ ինչ է արել պատերազմի ժամանակ, հետո իր կերպարի մեջ տարբեր մարդկանցից եմ խտացրել ու տպավորություն է ստեղծվում, որ իրական կերպար է։ Կան կերպարներ, որ ընկերներիցս եմ «ծաղկաքաղ» արել։

-Սամվելյանը խաբում է տղաներին, Սաքոն ծեծում է Սամվելյանին, որ իրեն ժամանակին համոզել էր, թե ինքը Ռոնալդոյից ավելի լավ տեխնիկա ունի։ Այստեղ 90-ականներին վերաբերող պատմություններ են։ Սաքոն ու նրա ընկերները Հայաստանի ու սպանված երազանքների խորհրդանի՞շն են։

-Ես կասեի՝ ավելի շատ ոչ թե Հայաստանի, այլ այն սերնդի, որ մեծացել է 90-ականներին, 2000-ականների սկզբին, որին կարծես թե շատ հարցերում խաբել են։ Եվ հիմնականում այդ սերունդն է, որ 2016-ին, 2020-ին ու հիմա էլ ստիպված է ամեն ինչին դիմագրավել։

-«Կարծես ինչ-որ թաքուն ոստիկանություն հսկում էր, որ ոչ ոք չժպտա այս՝ ազգի համար փաստորեն ողբերգական շրջանում»։ Բնական վիճակ չէ՞ր, այն, որ չկար ուրախություն, գույներ։

-Իմ կարծիքով՝ արհեստական էր այդ ամեն ինչը։ Տղաներից մեկը դիրքերից եկել էր, նստեցինք մի տեղ, խոսեցինք, ծիծաղեցինք ու կողքից խիստ հայացքով էին նայում։ Ամենածանր վիճակում գտնվող մարդը կարող է ծիծաղել ու դա էլ օգնում է տանել ցավը, սթրեսը։ Չեմ ընդունում այդ գաղտնի ոստիկանությունը՝ մեկը ծիծաղեց, մյուսը ծնունդ արեց։ Կամ երբ ուզում ես ուրախանալ, բայց զսպում ես քեզ։

-Ինչո՞ւ է վեպի առանցքային հերոսը դարձել Պետրոսը։ Արդյոք սա այն է, ինչ ունի, ստեղծել է Երրորդ հանրապետությունը՝ հակահերոս։

-Իրականում Պետրոսի կերպարը շատ դանդաղ է հավաքվել, ինչ-որ իմաստով կարելի է համարել հնարք. պատերազմին առնչվող բոլոր այն բացասական երեւույթները, որոնց մասին լսում էի կամ տեսնում, հավաքել եմ այդ կերպարի մեջ։ Պետրոսը հավաքածու է, ում հատկանիշների մեծ տոկոսը առկա է հասարակության մեջ։

-Հետո Պետրոսը դառնում է կեղծ մարգարե, ով ունի երրորդ աչք։

-Այո, կարող ես շուրջդ հավաքել մարդկանց մի խումբ, որ քեզ վստահում է ու կեղծ մարգարեութուններ անել։ Բացի այդ, շատերը պատերազմից հետո կարծում էին, որ պետք է հստակ ձեւակերպել՝ ինչ է պետք անել։ Քանի որ այդ սպասումը ժողովրդի մեջ կար, հայտնվեցին կեղծ մարգարեներ, որ օգտվեցին իրավիճակից։ Վայելում էին մարգարե կոչվելու հաճույքն ու ֆինանսական օգուտը, հասարակությանը խաբում ու շարունակում ապրել։ Երրորդ աչքի գաղափարն էլ սա է։

-Պատերազմի մասնակիցները, որ «նահանջել էին առանց երգի, առանց հույսի ու իմաստի», փորձում են մոռացության տալ ամեն բան։ Մանավանդ որ բոլորն էլ ունեին մոռանալու բաներ։ Խեղված է նաեւ նրանց ապագան։ Մեկը վիրաբույժ չդարձավ, մյուսը՝ ծրագրավորող... Հետաքրքիր կերպար է անձնազոհ գնդապետը, բայց նա էլ պաշտոնաթող է, ներսում՝ ցավ ու պարտություն։ Որտե՞ղ լույս փնտրել։

-Մենք փորձում ենք ինչ-որ կերպ ապրել այս իրականությունը։ Լուսավոր կետեր ինքս չեմ տեսնում ու միտք էլ չունեմ հորինել, ներկայացնել։ Մարդն ինչքան էլ իրեն խաբված, դառնացած զգա, ի վերջո, պետք է ուժ գտնի իր մեջ ու դեմ գնա այդ ամենին։ Իմ հերոսները չեն անում դա։ Ես չեմ տեսնում մեր հասարակության մեջ այն անհատներին, որոնք ամեն ինչ հաղթահարելով գնում են առաջ։ Անընդհատ անցյալից կախվելու փորձեր են անում։ Նույնը քաղաքականության մեջ է, սոցցանցերում նախորդ երեք նախագահները, ներկայիս ղեկավարն էլ, ֆան ակումբներ ունեն, ու տեսանյութեր են պտտվում, թե ով ինչ արեց։ Կարծես ամեն բան ճիշտ են արել, բայց չգիտես ինչու մենք հանգեցինք այս կետին։ Օբյեկտիվութուն չեմ տեսնում։
Նորայր Սարգսյանը Նորայր Սարգսյանը

Լուսանկարը` Անի Տոնոյան


Գնդապետի կերպարը հորինված է։ Բայց փոքր ինչ հումորային մոտեցմամբ՝ հակադրվում է Մարկեսի «Գնդապետին ոչ ոք չի գրում» վիպակին։ Մեր գնդապետին, ընդհակառակը, հոգնեցնում են ամեն կողմից։ Երեւի թե ամենասիրածս կերպարն է։ Գրքի վերջում գնդապետը երեխային փորձում է օգնել, բայց իրականում չունի փրկելու ձեւ, եթե ինքն էլ փորձի ինչ-որ կերպ փրկել կորսված սերնդին կամ հանրապետությանը, դա էլ լավ բանի չի տանի։

-Երազի վարորդի օգնականը՝ տղեկը, երկրի՞ խորհրդապատկերն է։

-Երրորդ հանրապետությունն է խորհրդանշում։ Դու փոքր ես, անպաշտպան, տատիկը՝ պատմության ուսուցչուհին, անցյալն է, մայրը ներկան է ու անկարող է ձայն հանել, օգնել տղային, ու խորթ հայրը (դրսի ուժերը) մտնում է տունդ, ճնշում քեզ։

-Իսկ եթե ուղիղ նայենք պատումին, ի վերջո, մեր հասարակության մեջ քիչ չեն ծանր մանկություն ունեցող երեխաները։

-Մի քանի շերտ կա՝ որպես ռեալ պատում, որպես ընտանիքի մոդել եւ Երրորդ հանրապետության խորհրդապատկեր, թեեւ վերջինս շատ չի բացվում եւ ամեն մեկը կարող է յուրովի ընկալել։ Ավելի էական է, որ ընդհանուր պատումը հասկացվի։ Իմ գրականության դրական կողմերից մեկը համարում եմ այն, որ կարող է հետաքրքրել ե՛ւ մեծ բազա ունեցող ընթերցողին, ե՛ւ նրանց, ովքեր առաջին կամ երկրորդ անգամ են գիրք վերցնում ձեռքը։

- «ԵրԱզ» մակնիշի մեքենան հատո՞ւկ է ընտրված։

- Հա, իհարկե, «ԵրԱԶ»-ը  հայկական արտադրության մեքենա է (հապավումը՝ ռուսերենից. Ереванский автомобильный завод), բայց զուգորդվում է երազի հետ, ու դրա մեջ էլ հետաքրքիր բան կա. խորհրդային տարիներին է արտադրվել, հաջող չի եղել ու «կորսվել է»։

Արմինե Սարգսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին