Մարգո Սարգսյան. Նամակ Ավրորայի հերոսին - Mediamax.am

1910 դիտում

Մարգո Սարգսյան. Նամակ Ավրորայի հերոսին



Mwaramutse կամ Բարև ձեզ, հարգելի՛ մադամ Բարանկիցե,

Թույլ տվեք առաջին հերթին շնորհավորել Ձեզ` «Ավրորա» մարդասիրական մրցանակի առաջին դափնեկիրը լինելու կապակցությամբ: Այն իրավմամբ հավաստումն է այն բանի, որ հայ ազգը ոչ միայն կարողացել է գոյատևել և բարգավաճել ազգային ճակատագրի ծանր հարվածներից հետո, այլ նաև ոտքի է կանգնել, և, ի զարմանս մարդկության, այժմ շնորհակալություն է հայտնում նրանց, ովքեր հիմա, հենց այս պահին փրկում են միլիոնավոր կյանքեր: Կյանքեր, որոնք անմեղ են և մեղավոր. մեղավոր այնքանով, որ ծնվել են սխալ վայրում և միգուցե սխալ ժամանակ, և անմեղ նրանով, որ իրենք չեն ընտրել և չեն կարողացել փոխել իրենց աշխարհ գալու տեղն ու ժամանակը: Եվ ես ուրախ եմ , որ ինչպես այն ժամանակ, երբ հայի վերջին մարող կանչին ականջալուր եղան այլոք, հիմա էլ կան մարդիկ, ի դեմս Ձեզ, ում համար կարևոր է ոչ միայն սեփական, այլ նաև համամարդկային բարօրությունը, համամարդկային սրտի բաբախյունը:

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել նրա համար, որ Դուք կաք այստեղ ու հիմա: Իմ կաղապարային աշխարհի համար այնքան խորթ էր այն գաղափարը, որ այն մարդը, ում ընտանիքն ու հայրենիքը լուծարվել են իր իսկ աչքի առաջ, կարող է իր մեջ գտնել ու հոգու չիմացյալ ամբարից դուրս բերել այդքան ուժ ու կորով` կարեկցելու այլ մարդկանց, երբ ունի սեփական տառապանքը: Քանի՛ կյանքեր են փրկվել, և քանի՛ աչքեր են դեռ վառվում շնորհիվ ձեր նվիրվածության ու սիրո: Քանի անգամ եք Ձեզ զոհաբերել հանուն փրկության նրա, ում չգիտեք, կտրել Ձեր մասից և տվել նրան, ում չեք ճանաչում, և սիրել նրան, ով թշնամի է: Ինձ համար դեռևս հանելուկ է, թե ինչպես է կարելի սիրել հակառակորդին, պաշտպանել նրա սերունդը, խնամել նրա վերքերը: Միգուցե թշնամության մոլուցքը կլանել է մեզ ամբողջությամբ, և թշնամին դադարել է որպես մարդ ընկալվել, ում մեր դեմ է հանել ճակատագիրը, քաղաքական խաղը, փառքի ծարավը, սակայն ես ուրախ եմ, որ մնացել են հատուկենտ մարդիկ, ում մոտ մարդկության գենը դեռ չի մուտացվել, և ում համար չկա տարբերություն «սեփականի» և «օտարի», «իմ» ու «քո»-ի, քանի որ մենք բոլորս մարդկության խճանկարի մի կտորն ենք: Իհարկե, ես չեմ վիճի, որ այս աշխարհում, իմ ու Ձեր արևի տակ կան լավ ու վատ մարդիկ, բայց ես ուրախ եմ, որ ի դեմս Ձեզ, ճանաչում եմ ևս մեկ լավի, ով փորձում է իր տաքությամբ վարակել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը կամ ում կարիքը որ ունեն այլոք:
  
Թույլ տվեք շնորհակալություն հայտնել այն բոլոր երեխաների անունից, ում Դուք փրկել եք, փրկում եք և կփրկեք: Անսահման քաջություն ու անմնացորդ նվիրում է պետք տալու համար անձդ նրանց, ովքեր մանուկ հասակում չեն մեծանում այնպես, ինչպես մենք, ում համար արևի տակ խանձված ու կոշտացած հողը կորանում է ու մահճակալ դառնում, իսկ տանիք դառնում է հույսը: Ում համար ամեն օրը պայքար է իր տեղի համար, այն իրավունքի համար, որ անքակտելի է համարվում`մարդ կոչվելու իրավունքը, ապրելու, շնչելու իրավունքը: Ես տեսնում եմ այդ երեխաների ժպիտներն ու աչքերի եռանդը, լսում նրանց աղմուկը, հետևում նրանց շարժմանը և հասկանում, որ Դուք կարողացել եք փրկել մարդկությունը նրանց մեջ այնպես, որպեսզի նրանք զգան մարդասիրության փոքրիկ ոլոռի հատիկը ցավի և անարդարության ծանր ու մեծ ներքնակների տակից: Ձեզ հաջողվել է պահպանել սերն ու ներումը և ցանել դրանց սերմերը սրտերում նրանց, ում մինչ Ձեզ հանդիպելը գրեթե անհայտ են եղել այդ բառերի բացատրությունները, և ես շնորհակալ եմ, որ Ձեր օրինակով Դուք բացատրում եք այդ բառերը նրանց, ովքեր ունեն դրա կարիքը:

Իմ վերջին շնորհակալությունը հայտնում եմ իմ ժողովրդի անունից, ում սերունդները կան Ձեր ու Ձեզ նման մարդկանց շնորհիվ, Ձեր աշխատանքի, մեջքով վտանգին և սրտով մարդկությանը դառնալու շնորհիվ: Եվ իմ կարծիքով` ճիշտ էր Ձեր պապը, երբ փոխեց Ձեր ազգանունը*, քանի որ Ձեր կարիքը զգում են և ունեն դեռ շատերը, անգամ նրանք, ովքեր Ձեզ դեռ չգիտեն, որպեսզի վարակվեն մարդ տեսակի հանդեպ Ձեր անխտրական սիրով ու բարությամբ:

Անկեղծորեն`
Մեկ փրկված հայ

*Բարանկիցե թարգմանաբար նշանակում է «ինձ ուզում եք»։




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին