Հասմիկ Գրիգորյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

3288 դիտում

Հասմիկ Գրիգորյան. Նամակ «Ավրորայի» հերոսին



Փորձող աղջկա նամակը գործող մարդուն
 
Բարև Ձեզ։ Գրում է Ձեզ մի աղջիկ, ով ապրում է գեղեցիկ մի երկրում, ուր  տարվա 4 եղանակները հաջորդում են իրար։ Մեզ մոտ հիմա ձյուն է, Ձեզ մոտ՝ երևի արև։ Ես տաք թեյ եմ խմում, իսկ  Դուք երևի հերթական վիրահատությունն եք անում․ասել եք, որ չորեքշաբթին ձեր հիվանդանոցում վիրահատությունների օր է։ Դուք հերթական մարդու կյանքն եք փորձում փրկել, իսկ ես մտածում եմ՝ ինչ լավն է թեյս։ Ինձ ու Ձեզ բաժանում է արդեն եղողի ու փորձողի սահմանը։

Շատերս մտածում ենք, որ բարի ենք, կարեկցող, օգնող, իսկ Դուք չեք մտածում, Դուք՝ ԵՔ։ Սա ամենևին էլ ձեզ գովերգող  ձոն-նամակ չէ, այլ փաստերի պարզ արձանագրում։ Անգամ  հարմարավետ հիվանդանոցներում ապրող բժշիկներին բաժին չի հասել հեշտ աշխատանք, ուր մնաց Ձեզ։ Իսկ  Դուք աշխատում եք, ոչ թե հերոսություն անում, քանի որ  ճոռոմ բառերը  խեղաթյուրում են իրականությունը։ Բոլոր կաթնասուններից  միայն մենք ՝ հոմոսապիասներս ունենք գիտակցված ընտրության հնարավորություն, ու թերևս դա մեր միակ առավելությունն է  ամբողջ կենդանական աշխարհի նկատատմամբ, բայց միայն մենք ենք ամեն  հարմար առիթով հղում անում ճակատագրին, երկնքին, աստծուն, բախտին ու  էլի մի հազար այդպիսի բաների մեր պարզ ընտրությունն ու անգործությունը արդարցնելու համար։ Դուք արդարացման կարիք չուենք, Ձեր ընտրությունը շատ բնական է, անգամ բնազդային՝ օգնել ու փրկել քո տեսակին ։ Հնարավոր է Դուք աշխարհիս լավագույն բժիշկը չեք, բայց Դուք այդտեղ եք, իսկ մնացածս այստեղ ու այնտեղ նստած թեյ, սուրճ կամ ինչ որ բան խմելով ու ծամելով խոսում ենք Ձեր/նրանց հերոսությունների մասին՝ մեծարելով Ձեզ/ նրանց։ Էլի ճոռոմ ստացվեց չէ՞։ Իսկ հնարավոր է Ձեզ ոչ հերոսացում է պետք, ոչ մեծարանք, ոչ էլ խոսքեր, այլ այս պահին օգնող մի ձեռք, որ  օգնի վիրակապել հերթական հիվանդին ու վիրավորին։

Այս նամակը գիտակցությանս ազատ հոսքն է ու եթե Ձեզ տարօրինակ բառերի շարան թվա՝ հոգ չէ՝ ավելի կարևոր գործեր ունեք, քան նամակս հասկանալն է։

Տեսնես ես կկարողնամ մի օր վեր կենալ և գալ հենց Ձեզ մոտ ու օգնել ՝ թեկուզ ջուր բերելով։ Համենայն դեպս արդեն մոտ մի 10 ամիս անցել է, ինչ գիտեմ Ձեր մասին, բայց էական ոչինչ չեմ արել։Սակայն ինձ կամ մեկ ուրիշին սպասելու կարիք չունեք, քանի որ վիրավորներն ու հիվանդները չեն սպասում, պատերազմները չեն հետաձգվում մինչև աշխարհի մյուս ծայրում մեկը որոշում կայացնի։

Միակ բժիշկը․․․ Ծնունդ տվողը, մահը արձանագրողը, հույս տվողն ու  վերցնողը։  Ի դեպ ես չգիտեմ Նուբայի  լեռներում մարդիկ մահը ինպես են ընկալում։ Երնեկ իմ պես ընկալեին ՝ այսինքն չընկալեին, նրանց համար մարդիկ չմահանային, այլ  լեռներից գնային հեռու տեղեր, դաշետր ու անտառներ․․․

Զգում եք՝ միտքս անըդհատ  կտրտվում է, կորում, ինչպես երբեմն Ձեր հիվանդների կյանքն  կտրտվում ու կորում․․․․ Էլի պետք է մահվան մասին հարցնեմ, ինչպե՞ս եք այդքան մահերի մասին ասում ու պատմում, հետո նորից  գնում վիրահատարան՝  կյանք տալու մեկին կամ մահ ընդունելու։ Երբ տեսանյութում խոսում էիք հասկացա, որ հավատացյալ եք, իսկ ես ՝ ոչ։
Ինչպե՞ս եք աստծո հետ հաշտ ու խաղաղ ՝ այդ ամենը տեսնելով ու ապրելով։

Ձեզ էլի միլիոն ու  մեկ հարց ունեմ, բայց անիմաստ է այստեղ գրել, եթե չեմ կարող գալ Ձեզ օգնել, ավելի է լավ չծանրաբեռնեմ, իսկ ամենայն հավանականությամբ Դուք այս նամակս չեք էլ կարդա, իսկ այդ դեպքում կրկնակի անիմաստ է այսքան երկար շարադրանքը։

Ըստ իս կյանքի իմաստը շարունակականությունն է, լավ ու վատ գործերին էլ։ Կուզեի ոչ թե փորձող լինել, այլ գործող, գայի հասնեի Սուդան ու ջուր բերեի Ձեր ու հիվանդների համար։

Հասմիկ Գրիգորյան՝ աղջիկ, ով նույնպես լեռներից է։




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին