Նաիրուհի Սաֆարյան. Նամակ Մարգարիտ Բարանկիցեին - Mediamax.am

3719 դիտում

Նաիրուհի Սաֆարյան. Նամակ Մարգարիտ Բարանկիցեին



Սիրելի Մեգգի, ճակատագրական 1993թ-ի հոկտեմբերին ես երեքամյա փոքրիկ աղջիկ էի, ով անհոգ վազվզում էր հայրենի գյուղի դաշտերում ու պատկերացում անգամ չուներ, որ աշխարհում իր հասակակից բազմաթիվ երեխաներ որբանում են, սովից ու ցրտից մահանում, դաժանաբար սպանվում, նա նույնիսկ չէր էլ պատկերացնում, թե ինչ է պատերազմը, և ինչ է կատարվում իր հայրենի երկրում: Մինչդեռ Դուք, միևնույն պահին, փրկում էիք ինձ նման փոքրիկների:

Անցել է արդեն քսաներեք տարի, և այս ընթացքում կյանքն ինձ ցույց տվեց նաև իր մռայլ գույները: Ընտրելով սոցիալական աշխատանք մասնագիտությունը՝ հանդիպեցի ինչպես բազմաթիվ որբացած, անտուն, սոված ու բռնության ենթարկված երեխաների, այնպես էլ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց երեխաների, որոնք վախենում են իրենց ծնողների կյանքի համար կամ հենց իրենք են ապրում ՄԻԱՎ-ով և անորոշություն են տեսնում իրենց ապագայում: Նման դեպքերում շատ դժվար է նայել նրանց աչքերին և մնալ պրոֆեսիոնալ մասնագետ և պարզապես չգրկել, չհամբուրել ու չսփոփել: Այդ ամենը Դուք հրաշալի գիտեք: Եվ ես այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ որպես երեքամյա անհոգ աղջիկ, որպես մայր, ով դժբախտություն է ունեցել կորցնել զավակի, և ով այսօր ունի երջանկություն դարձյալ մայրական սեր տալու, որպես մասնագետ, ում համար միշտ Դուք, Թոմ Քաթինան, Բերնարդ Կիվին, Սայիդա Ղուլամ Ֆաթիման օրինակ եք ծառայելու:

Շնորհակալ եմ Ձեզ  հազարավոր երեխաների համար մայր, փրկություն, սեր ու ընտանիք լինելու համար, շնորհակալ եմ նրանց երջանկացնելու և անմնացորդ նվիրվելու համար:

Միայն այն միտքը, որ աշխարհում որևէ  երեխա մրսում է, սոված է, բռնության է ենթարկվում, անտուն է, ստիպում է մեզ դուրս գալ մեր տաքուկ անկյուններից և գործել՝ ոգեշնչված Ձեզանով: Շնորհակալություն Ձեզ՝ մերօրյա Ավրորա:

Հ.Գ. Շնորհակալ եմ Ավրորա մրցանակաբաշխությանը՝ մեր քարացած սրտերը հալեցնելու համար:





Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին