Հերմինե Գ. Կարապետյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

2597 դիտում

Հերմինե Գ. Կարապետյան. Նամակ «Ավրորայի» հերոսին



Նյու Յորք,  որտեղ վերջին անգամ եղել է 2014 թվականին, իր ծնողների հետ  անցկացնելու Երախտագիտության օրը ․․․

Սա նախադասության մի հատված է, որով ես՝ Հայաստանում ապրող երիտասարդս,  ճանաչեցի Ձեզ Թոմ Քաթինա։ Իմ շրջապատում շատերն են  երազում  տեսնել Նյու Յորքը։ Այո նրանք երազում են, բայց ես չէ։ Ես մեր լեռներն եմ սիրում, ուր այցելող օտարերկրացիները համեմատում են այն աշխարհի ամենաբարձր լեռների, նույնիսկ Շվեյցարիայի լեռների գեղեցկության  հետ։

Իմ երկիրը լեռնային է։  Երկրամաս ունենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումով։ Ես ինքս էլ ծնվել եմ լեռնային քաղաքում, բայց հետո ավելի ուշ, երբ սկսեցի հետաքրքրվել լեռնային արշավներով, հասկացա,  որ լեռները ավելին են տալիս մարդուն, քան միայն դրանց բնությամբ հիանալն է։ Ու թեև լեռնային Ղարաբաղը հակամարտության գոտի է, այդ լեռները տեսնելու ու այնտեղ գտնվելու ցանկությունը երբեք չի պակասում ինձ ու շատ հայ երիտասարդների մոտ։ Իզուր չէ, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ իրականացված ամենաֆանտաստիկ օպերացիայի անվանումը ևս կապված է լեռների հետ՝ Հարսանիք լեռներում։ Լեռներում մարդն հաղթում է ինքն իրեն, լեռներում մարդիկ միշտ երկխոսության մեջ են իրենք իրենց հետ․․ լեռներում մարդիկ ներդաշնակ են իրենք իրենց, շրջապատի և բնության հետ, լեռներում մարդը երբեք միայնակ չէ։

Գիտեմ, Ձեզ հարցրել են, ինչու՞  եք թողել Նյու Յորքը։ Թույլ տվեք ինձ այդ հարցն այլ կերպ ձևակերպել։ Ի՞նչ եք գտել Սուդանում, ապրելով Նուբայի «լեռնեցիների» հետ։ Ի՞նչ կարող են գտնել լեռներում մարդիկ, ովքեր նախընտրում եմ խոշոր քաղաքները և երբեք դրանցից դուրս չլինելով հանդերձ, կարծում են, որ լեռներում ոչինչ չկա։ Ինչպիսի՞ն են լեռնային գոտու մարդիկ։ Կարծում եմ, այս հարցերի պատասխանը կձևավորի այն մեխանիզմը, որը կբավարարի մարդկանց հետաքրքրությունը և թույլ կտա հաղթահարել, այն լարվածությունը, որին նրանք հանդիպում են քաղաքներում։ Խնդրում եմ պատմեք Նուբայի լեռներում ապրողների մասին, գիտեմ դուք էլ ինձ նման մտածում եք, որ մարդկանց լեռներն են պակասում։ Պատմեք նուբացիների տեսակի, նրանց առօրյայի մասին ինձ և աշխարհին։ 

Դուք հայտնվել եք Սուդանում քաղաքացիական պատերազմի կիզակետում և ոչ պատահաբար, այլ  Ձեր սեփական ընտրությամբ։ Դուք նշում եք նաև,  որ երբեք Ձեզ չէիք ների,  եթե թողնեիք   750 000 բնակիչ ունեցող տարածաշրջանի միակ հիվանադանոցը։
Դա  այդպես էլ կլիներ, որովհետև հաստատ հիմա տանջում է այն մարդկանց խիղճը, ովքեր չեն վարվել այդ օրը այնպես, ինչպես Դուք եք վարվել։

Այն օրը, երբ Դուք հեռուստաէկրանից  պատմում էիք Ձեր մասին ինձ ու աշխարհին՝ ներկայացնելով Նուբան, այդ պահին հիվանդանոց էին բերել  երկու բեռնատարներով տանկից վնասվածքներ ստացած մարդկանց, որոնց Դուք և ևս երկու (ենթադրում են սուդանցիներ) պետք է վիրահատեիք։ 3 հոգով այդքան մարդու վիրահատել։ Այստեղ մենք մեզ հարց կտանք, ինչպես է դա հնարավոր, մյուս կողմից էլ ոչ մի կերպ չընդունելով,  որ անհնարինությունը մեր մեջ է թաքնված։ Մենք ստացել ենք բարձրագույն կրթություն, բայց չգիտենք ինչին ծառայեցնել այն ու թեև Ձեզ միայնակ թողած բժիշկները բժիշկ են, սակայն հաստատ առողջ չեն ու հիմա ապրում են այն զգացումով, որ չեն հասել անհնարինին և հատել այդ սահմանը, թեև ունեցել են դրա հնարավորությունը։ Դուք սովորեցնում եք  մեզ հատել այդ սահմանները։

Ինչու՞ է Ձեզ ներակայացնելու հենց այն հատվածը տպավորվել իմ մեջ, որը պատմում է Նյու Յորքում վերջին անգամ Ձեր լինելու օրվա մասին․․․ Երախտագիտության օր․․․ Որը դուք անց եք կացրել Ձեր ծնողների հետ։ Իմ երկրում ընտանեկան տոներն են Ամանորը, Սուրբ Ծնունդը, Սուրբ Զատիկը և այսպես շարունակ։ Մենք՝ հայ երիտասարդներս մեծամասամբ  ապրում ենք մեր ծնողների հետ  ու մեզ դժվար ենք պատկերացնում նրանցից հեռու ապրելիս։ Սովորում ենք, երազում կրթության, լավ ապագայի մասին, միևնույն ժամանակ առօրյայում էական նշանակություն չունեցող խնդիրներն անգամ տեղափոխում ենք մեր բնակարաններ ու մեր ծնողների կյանք։ Ձեր այդ քայլով դուք սովորեցնում եք մեզ հայերիս,  ամեն օր ընտանիք տանել  մեր  ժպիտը  և ընտանիքի հետ մեր ամեն օրը անցկացնել ուրախության առիթները կիսելով, սովորեցնում եք մեզ ինքնուրույնություն և կամք հաղթահարելու թվացյալ անհաղթահարելին։  Դուք սովորեցնում եք, բոլորիս մեր  հոգու խորքում՝ հարազատաների կամ մեզ շրջապատող մարդկանց հանդեպ եղած բարությունը հանել  լույս աշխարհ, որպեսզի այն լինի տեղին և ճիշտ ժամանակին։

Հայտնում եմ Ձեզ իմ երախտագիտությունը։  




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին