ՀԱՕԿ-25. Հայաստանի դերի բարձրացումն ու առաջիկա Օլիմպիական խաղերը - Mediamax.am

exclusive
14124 դիտում

ՀԱՕԿ-25. Հայաստանի դերի բարձրացումն ու առաջիկա Օլիմպիական խաղերը


Լուսանկարը` insidethegames.biz

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` olympic.org

Լուսանկարը` olympic.org

Լուսանկարը` olympic.org

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Այսօր Հայաստան են ժամանելու ԵՕԿ-ի, տարբեր ԱՕԿ-ների նախագահները, ովքեր մինչեւ սեպտեմբերի 30-ը մասնակցելու են ՀԱՕԿ-ի հիմնադրման 25-ամյակի միջոցառումներին:

Mediamax Sport-ը ՀԱՕԿ-25 հոդվածաշարի վերջին մասում խոսելու է մեր կոմիտեում այսօր կատարվող աշխատանքներից, խնդիրներից, նվաճումներից ու, բնականաբար, ապագայից: Մեր զրուցակիցը Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն է:

Մասսայական սպորտն ու 25 հազար մասնակիցները

25-ամյա ՀԱՕԿ-ն, ինչպես միշտ, աշխատում է մի քանի ուղղությամբ ՝բարձր նվաճումներ, սպորտի մասսայականացում ու առողջ ապրելակերպ, ինչպես նաեւ Օլիմպիական գաղափարների տարածում:

Սպորտը մասսայական դարձնելու համար ՀԱՕԿ-ը տարեկան 16-17 միջոցառում է անցկացնում ու, ինչպես նշում է գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, դրանք բոլորն էլ իրենց պտուղները տալիս են:

Լուսանկարը` olympic.org


Ամեն տարի Օլիմպիական օրը վազքի մրցույթ է տեղի ունենում Երեւանում, Շիրակի, Լոռու ու Սյունիքի մարզերում: 2014 թվականին մասսայական միջոցառումներին մասնակցել է շուրջ 25 հազար մարդ:

«Շատ կարեւոր է, որ մեր ազգը առողջ լինի: Սպորտով զբաղվելն ամոթ չէ, ամոթ է սպորտով չզբաղվելը: Այս կարգախոսով էլ պետք շարունակենք մեր գործունեությունը: Հետաքրքիր է, որ նմանատիպ միջոցառումներից հետո մարզադպրոցներից տեղեկանում ենք, որ երեխաների հոսքն ավելացել է»,- նշեց Ռոստոմյանը:

Նա համոզված է, որ սպորտային ամեն մի հաջողություն նպաստում է մասսայականացմանը, ինչն էլ հետագայում մեծ հաջողությունների է հանգեցնում:

ՀԱՕԿ-ի դերը Միջազգային Օլիմպիական շարժման մեջ շատ մեծ է

Հրաչյա Ռոստոմյանի համոզմամբ համաշխարհային օլիմպիական շարժման մեջ ՀԱՕԿ-ի դերակատարումն անհամեմատ մեծացել է, ինչի ապացույցը կերեւա կառույցի 25-ամյակի միջոցառումների ժամանակ:

«ՀԱՕԿ-ի դերը Միջազգային Օլիմպիական շարժման մեջ հակադարձ համեմատական է մեր երկրի չափերին: Սրան նպաստել են ՀԱՕԿ-ի նախագահի որոշումներն ու անձնակազմի ծավալած գործունեությունը: Անցած տարի Թոմաս Բախը Հայաստանից մեկնելուց հետո այնքան էր տպավորված, որ գործկոմի նիստում հայտարարել է, որ եթե Ծառուկյանի պես մի քանի նախագահ լինի, ՄՕԿ-ը երբեւէ խնդիրներ չի ունենա»,- ավելացրեց Ռոստոմյանը:

Լուսանկարը` PAN Photo


Նա նշեց, որ Միջազգային Օլիմպիական կոմիտեում մեր դերակատարումը բարձրացավ հատկապես Բաքվում կայացած Եվրոպական խաղերից հետո. «Բաքու մեկնելու որոշումը շատ դժվար տրվեց, բայց դա արդարամիտ, շատ կարեւոր, ուժեղ երկրի ու ՀԱՕԿ-ի որոշում էր: Ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, ու այդ քայլով մեր երկրի հեղինակությունն անչափ մեծացավ»:

Սեփական մարզաբազա Երեւանում, Գյումրիում ու Սիսիանում

Հայաստանի թիմերը հավաքներ անցկացնելու համար այս տարիների ընթացքում կանգնել են խնդիրների առջեւ, քանի որ ցածրադիր վայրերում մեր երկիրը բազա չունի:

«2013 թվականին գաղափար ծագեց, որ մենք պետք է ունենանք սեփական մարզական գյուղը, անունը որոշեցինք դնել «Օլիմպավան»: Այս շինության վրա ՀԱՕԿ-ի նախագահի կողմից ծախսվել են տասնյակ միլիոններ, վաղը տեղի կունենա բացման արարողությունը, որից հետո էլ կհանձնվի մեր մարզաշխարհին: «Օլիմպավանում» մեր մարզիկները կնախապատրաստվեն 2016-ի Օլիմպիական խաղերին»,- նշեց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը:

Այսպիսի բազաներ կառուցվում են նաեւ Գյումրիում ու Սիսիանում: Բազաներն ավարտին հասցնելուց հետո առնվազն 10 տարի մարզադահլիճների հետ կապված խնդիրներ այլեւս չեն լինի:

Լուսանկարը` Photolure


Ռիոյի ու Տոկիոյի Օլիմպիական խաղերին ընդառաջ

Խնդիրներ, այդուամենայնիվ, ազգային Օլիմպիական կոմիտեն ունի, որոնք, սակայն, աստիճանաբար լուծում են ստանում: Հրաչյա Ռոստոմյանն ասաց, որ արդեն աշխատանքներ են տարվում մարզումային թերությունները վերացնելու ու ֆեդերացիաների հետ ճիշտ համագործակցելու ուղղությամբ:

«Տեսեք, մեզ մոտ մի այսպիսի բան է նկատվում. արդյուքները բարձրացել են, սակայն քանակն է պակասել: Օրինակ, հունահռոմեականների Աշխարհի առաջնությունից մեկ ոսկե մեդալ ունենք ու 2 ուղեգիր՝ Արթուր Ալեքսանյան, Միհրան Հարությունյան: Արսեն Ջուլֆալակյանն էլ ուժեղ է, նա էլ ուղեգիր կնվաճի: Սա արդեն որակ է, բայց իրենցից բացի այսպիսի ուժեղ ըմբիշներ չունենք: Ես չեմ մտածում այս փուլի մասին, իմ մտահոգություններն Օլիմպիադա-2020-ի հետ են կապված»,- բացատրեց նա:

Այժմ ՀԱՕԿ-ի գերնպատակը Ռիո դե Ժանեյրոյում մյուս տարի կայանալիք Օլիմպիական խաղերում հայ մարզիկների բարձր կարգով մասնակցությունն ապահովելն է:

«Մեր աշխատանքերի 70-80 տոկոսը Ռիոյին են ուղղված, սակայն մենք միայն դրա մասին չենք մտածում: Այսօրվանից արդեն մեծ ծավալի աշխատանք ենք կատարում 2020-ի Տոկիոյի Օլիմպիադայի համար: Պատանիներին ու երիտասարդներին պատրաստում ենք այդ ստուգատեսներին: Այնպես որ, Օլիմպիական կոմիտեն չի կարող մտածել միայն առաջիկա միջոցառման մասին, պետք է 2-3 ցիկլ առաջ արդեն պատրաստվենք հաջորդ Օլիմպիական խաղերին»,- եզրափակեց Հրաչյա Ռոստոմյանը:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին