7 քաղաքացիները` Ալեն Սիմոնյան - Mediamax.am

exclusive
8626 դիտում

7 քաղաքացիները` Ալեն Սիմոնյան


Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս-ը հատուկ շարքով անդրադառնում է «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդին` ներկայացնելով այն մարդկանց, որոնք հավակնում են դառնալ նոր առաջնորդներ:

Փաստեր`

Ծնվել է 1980թ. հունվարի 5-ին, Երեւանում:

1996-2000թթ սովորել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:

2002-03թթ աշխատել է Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, 2003-04թթ` «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

Աշխատել է «TV 5» հեռուստաընկերությունում, «Ֆոկուս» պրոդյուսերական կենտրոնում, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, «Սիթի FM» ռադիոկայանում:

Նկարահանվել է տեսահոլովակներում, «Փախուստ» եւ «Հիպոկրատի երդվյալները» հեռուստասերիալներում:

Հիմնել է «A company» պրոդյուսերական կենտրոնը: «Արարատ» ամսագրի եւ Araratnews.am կայքի գլխավոր խմբագիրն է:

Ամուսնացած չէ:

«Այլընտրանքը` արտագաղթն է կամ բռնությունը, որոնք անընդունելի քայլեր են»

- Ինչո՞ւ որոշեցիք զբաղվել քաղաքականությամբ:

-Այնպես ստացվեց, որ ակամայից ակտիվացա քաղաքականության մեջ: Երկրում իրադարձություններ եղան, որոնց չէի կարող չարձագանքել: Հետո այդ արձագանքը լայն տարածում գտավ եւ ես հասկացա, որ իմ կարծիքը շատ քաղաքացիների շրջանում համակիրներ է գտնում:

Հետո առաջարկ եղավ մասնակցել ավագանու ընտրություններին «Բարեւ Երեւան» դաշինքի հետ, թեպետ որեւէ կուսակցության անդամ չէի: Քաղաքական գործընթացներին մասնակցելը, դրանց վերաբերյալ կարծիք, քննադատություն կամ վերլուծություններ ներկայացնելը տրամաբանական շարունակություն է պահանջում: «Քաղաքացիական պայմանագիրը» այդպիսի հարթակ հանդիսացավ ինձ համար:

- Ինչո՞ւ միացաք հենց այս նախաձեռնությանը:

- Հասունացել էր որեւէ թիմի հետ ինչ-որ բան փոխելու ցանկությունը: Նախ եւ առաջ ինձ գրավեց «Քաղաքացիական պայմանագրի» տեքստը: Միգուցե այդ փաստաթուղթը հասարակության լայն զանգվածներին չի կարող ներգրավել, բայց որպես մանիֆեստ շատ ընդունելի է: Երբ եղավ հրավերը, հասկացա, որ այդ նախաձեռնությունը հոգեհարազատ է եւ փաստաթղթի դրույթները շատ ընդունելի են:

-Պայմանագրի բոլոր անդամներն ընդգծում են փաստաթղթի կարեւորությունը, որի բոլոր դրույթները առաջին հայացքից իդեալական են թվում: Ինչպե՞ս եք պատրաստվում կյանքի կոչել այդ փաստաթուղթը:

- Այդ փաստաթուղթն իդեալական չէ եւ ենթակա է փոփոխությունների բոլոր հետաքրքրված անձանց կողմից: Չեմ ուզում դրան վերաբերվել որպես կուսակցության ծրագրի, այն մանիֆեստ է: Եթե մեզ հաջողվի ի կատար ածել այնտեղ ամրագրված դրույթների առնվազն 30%-ը, ես շատ գոհ կլինեմ: Սակայն վստահ եմ, որ փորձելու ենք անել շատ ավելին: Եթե չանենք, ապա ի՞նչ լուծում կարելի է գտնել այս  իրավիճակին, որը դուրս է բոլոր կանոններից: Այլընտրանքը` արտագաղթն է կամ բռնությունը, որոնք ինձ համար անընդունելի քայլեր են:


Ալեն Սիմոնյանը
Լուսանկարը` Մեդիամաքս

Այսօր շատ դժվար է զբաղվել քաղաքականությամբ: Մարդկանց մոտ կորել է հավատը «քաղաքականություն» բառի նկատմամբ, քանի որ միշտ խաբված են եղել: Մեզ մոտ մեծ հաշվով քաղաքականությամբ ոչ ոք չի զբաղվում: Երբ միայն մեկ գործիչ է միանձնյա որոշումներ կայացնում, «քաղաքականություն»  բառն օգտագործելն անտեղի է:

Հանրության շրջանում կա ագրեսիա, որը անկանխատեսելի հետեւանքների կարող է հանգեցնել: Սովորաբար երկրի խնդիրներին անդրադառնալիս ականատես ենք լինում երկու տեսակի արձագանքի` հուսահատության կամ ագրեսիայի: Հուսահատված մարդկանց մեծ մասը լքում է երկիրը, մյուս մասն էլ պատրաստ է ագրեսիայի: Խնդիրը նրանում է, որ ագրեսիան անկառավարելի է եւ կարող է աղետալի հետեւանքներ ունենալ մեր երկրի համար: Մեր խնդիրն է գրագետ լուծումներ առաջարկել:

-Ինչպե՞ս եք պատրաստվում ձեռք բերել համակիրներ:

- Ճիշտ խոսքով եւ անելիքներով: Ընդդիմադիր քաղաքական գործիչներն իրենց անհաջողությունների համար սովոր են մեղադրել ժողովրդին: Սա մեզ համար անընդունելի է: Եթե ընդդիմությունը հաջողություն չի ունեցել, ուրեմն քաղաքական գործիչն է մեղավոր, որ չի կարողացել ժողովրդին տանել մինչեւ վերջ: Ժողովուրդը միշտ ճիշտ ընտրություն է կատարում:

Մեր տեսլականը հետեւյալն է` պետք է ձեւավորվի համակարգ, որը կհակադրվի գործող իշխանական համակարգին: Մենք ունենք լավ ընդդիմադիր գործիչներ, եւ չունենք լավ ընդդիմադիր ուժ, որը կկարողանա փոխարինել գործող իշխանությանը: Մենք կենտրոնացած ենք խնդիրների լուծման վրա:

Ինչքան շատ մարդ միանա մեզ, այնքան կավելանա մեր պատասխանատվությունը: Կարող է, որոշակի ճանապարհ անցնելուց հետո դադարեմ այսպես խոսել, բայց այս պահին ես անկեղծ ասում եմ, որ մեր նպատակն է ազդել երկրում տիրող իրավիճակի վրա: Մեզանից յուրաքանչյուրին էլ գրկաբաց կընդունեին այլ քաղաքական ուժերում, քնաի որ մարդկային ռեսուրսների խնդիր կա:

- Պայմանագրի անդամները նշում են, որ թիմում առաջնորդ չկա: Թիմի անդամների միջեւ դերերի որոշակի բաշխո՞ւմ էլ չկա:

- Մենք բոլորս տարբեր ենք, բայց ունենք հավասար լիազորություններ: Երբ գա, օրինակ, որեւէ թեկնածու առաջադրելու պահը, հաշվի կառնենք այն հանգամանքը, թե ով է ավելի «ընտրովի»: Բնական է, որ Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրություններին Սասուն Միքայելյանի թեկնածությունն առաջադրելն ավելի նախընտրելի է, քան, օրինակ, իմ թեկնածությունը:

Կառավարման խորհրդում դերերի հստակ բաշխում չկա: Անկախ նրանից, որ ունենք ավելի երկար ճանապարհ անցած քաղաքական գործիչ, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է կամ մեծ սեր եւ հարգանք վայելող գործիչ, ինչպիսին Սասուն Միքայելյանն է, կան հարցեր, որոնց լուծմամբ պետք է զբաղվենք ես կամ Արայիկը, կամ մյուսները:

Ինձ դուր է գալիս մեր աշխատաոճը: Սկզբում մեզանից որեւէ մեկը ներկայացնում է օրակարգը, որից հետո տեղի են ունենում քննարկումներ: Եթե յոթ անդամներից որեւէ մեկը դեմ լինի որոշմանը եւ կիրառի վետոյի իրավունքը, ապա այն չի ընդունվի:

-Մի՞շտ է, որ որոշումների կայացումը հարթ ու խաղաղ է անցնում: Հնարավոր է արդյո՞ք, որ գալով իշխանության ձեր թիմը չդիմանա ճնշումներին եւ պառակտվի:

-Մեր նպատակը ոչ թե իշխանության գալն է, այլ երկրում ինչ-որ բան փոխելը: Իշխանության գալով` մենք մոտենում ենք մեր նպատակին: Ավագանու անդամներ չլինելով` ես եւ իմ ընկերները կարողացանք հասնել նրան, որ արդեն 6 ամիս է, ինչ մեր քաղաքացիները տրանսպորտի համար ավել գումար չեն վճարում: Մենք իշխանություն չէինք, բայց մենք պայքարեցինք եւ հաջողության հասանք:

Միգուցե մեզ չհաջողվի հասնել մեր բոլոր նպատակներին, բայց մենք բացառում ենք մեր քաղաքացիներին հիասթափեցնելու տարբերակը: Հիասթափվողները միայն ու միայն մենք կարող ենք լինենք: Միգուցե որոշ ժամանակ հետո մեզանից ինչ-որ մեկը որոշի, որ քաղաքականությունից հոգնել է եւ ուզում է զբաղվել այլ գործով, ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում:

-Կներկայացնե՞ք նախաձեռնության ֆինանսավորման մեխանիզմները:

- Արդեն հրապարակել ենք «Քաղաքացիական պայմանագիր» Վերադարձի հիմնադրամի հոգաբարձուների կազմը: Հոգաբարձուների խորհուրդը զբաղվելու է ֆինանսների կառավարմամբ: Կառավարման խորհրդի եւ ոչ մի անդամ չի լինելու հոգաբարձուների խորհրդում: Ֆինանսական հարցերով մենք դիմելու ենք հիմնադրամին: Սա ընդունված փորձառություն է ամբողջ աշխարհում:


Ալեն Սիմոնյանը
Լուսանկարը` Մեդիամաքս

-Հիմնադրամը ձեւավորվելու է նվիրատվություննե՞րի հաշվին:

-Այո, հիմնադրամը կձեւավորվի Քաղաքացիական պայմանագրի մասնակիցների անդամավճարների եւ նվիրատվությունների հաշվին: Յուրաքանչյուր մարդ կվճարի այնքան, որքան հարկ կհամարի: Կարծում եմ, Պայմանագրի կառավարման խորհրդում ներկայացված են մարդիկ, ովքեր ծանոթ են հանրությանը եւ վստահություն են ներշնչում:

-Ինչպիսի՞ կարծիքներ եք լսում մարդկանցից «Քաղաքացիական պայմանագրի» վերաբերյալ:

-Տեղեկացված մարդիկ, օրինակ, լրագրողները, քաղաքական եւ քաղաքացիական հարթակներում ակտիվ մարդիկ զարմանք են ապրում, քանի որ Պայմանագիրը կարողացել է համախմբել առաջին հայացքից շատ տարբեր մարդկանց: Մի թիմում մեզ տեսնելը շատերի համար զարմանալի է:

Կարծիքները մեծամասամբ դրական են: Ճիշտ է, որոշ քաղաքական ուժեր գերադասում են չխոսել մեր մասին, որպեսզի դրանով կարեւորություն չտան մեր ուժին: Դա հասկանալի է, քանի որ մրցակիցներ են: Դրա մեջ չարամտություն չեմ տեսնում: Միեւնույն ժամանակ, կարծում եմ, նրանք չեն կարող հաշվի չնստել այն հանգամանքի հետ, որ այսպիսի ուժ կա:

Շուտով հանրությունը կիմանա մեր հետագա անելիքների մասին: Հույս ունեմ, որ առաջիկայում մեր նախաձեռնությունը կուսակցության կվերածվի:

«Բլից» հարցեր

-Չե Գեւառա, թե՞ Մահաթմա Գանդի:

-Գանդի, որովհետեւ ես բիրտ լուծումների կողմնակից չեմ:

- Համակարծի՞ք եք, որ քաղաքականության մեջ չկան մշտական դաշնակիցներ, այլ կան մշտական շահեր:

- Այո: Ինձ համար առաջնային են Հայաստանի Հանրապետության շահերը երկարաժամկետ ապագայում:

-Բոլոր ժամանակների քաղաքական առաջնորդներից ո՞ւմ կառանձնացնեիք:

-Շատ ուժեղ առաջնորդ եմ համարում Նապոլեոն Բոնապարտին: Նա վառ պատմական կերպար է եւ բազմաթիվ կարեւոր օրենքների հիմնադիր:

-Ո՞րն է ազատության Ձեր բնորոշումը:

-Ազատությունը ներքին զգացողություն է: Որեւէ մեկը չի կարող ազատություն տալ կամ խլել այն: Մարդը կարող է իրեն ավելի ազատ զգալ բանտախցում, քան մի շքեղ աշխատասենյակում: Ինձ համար հավատը նույնպես ազատության դրսեւորում է:

-Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ապագան առաջիկա հինգ տարիների հեռանկարում:

-Ուզում եմ փոխել այն ապագան, որը ակնկալվում է, քանի որ դրանում ոչ մի դրական բան չեմ տեսնում:

Ալեն Սիմոնյանի հետ զրուցել է Մարիամ Մանոյանը:
Լուսանկարները` Մարիամ Լորեցյան:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին