7 քաղաքացիները` Արայիկ Հարությունյան - Mediamax.am

exclusive
15816 դիտում

7 քաղաքացիները` Արայիկ Հարությունյան


Արայիկ Հարությունյանը
Արայիկ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արայիկ Հարությունյանը
Արայիկ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արայիկ Հարությունյանը
Արայիկ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս-ը հատուկ շարքով անդրադառնում է «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդին` ներկայացնելով այն մարդկանց, որոնք հավակնում են դառնալ նոր առաջնորդներ:

Փաստեր

Ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 2-ին Երեւանում։

Սովորել է Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում։ Մեկ տարի սովորել է Դամասկոսի Լեզվի ինստիտուտում։ Ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: Պատմական գիտությունների թեկնածու է։

Աշխատում է Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետում, «Արաբական Արեւելքի արդի պատմություն եւ տարածաշրջանագիտություն» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է:

Աշխատել է 1in.am կայքում որպես միջազգային բաժնի պատասխանատու, ներկայում նույն պաշտոնին է Araratnews.am կայքում։

«Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի, ինչպես նաեւ «ՀԻՄԱ» ՀԿ-ի խորհրդի անդամ է։

Ամուսնացած չէ:

«Պայմանագիրը կարող է համախմբման հարթակ դառնալ ընդդիմադիր դաշտում»

-Դուք մասնագիտությամբ արեւելագետ եք, ժամանակին եղել եք նաեւ սպորտային կայքի խմբագիր, 2013թ. դեկտեմբերից «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ: Ինչպե՞ս են համատեղվում գործունեության այդ տեսակները:

- Մասնագիտությամբ արեւելագետ եմ եւ, անշուշտ, իմ առաջին եւ գլխավոր աշխատանքը ԵՊՀ-ում դասավանդելն է, ուսանողների հետ շփվելը, նրանց սովորեցնելը եւ նրանցից սովորելը: Բայց ինչպես եւ շատերը, սպորտով այս կամ այն կերպ հետաքրքրվում եմ: Սպորտը իմ հոբին է: Վերջին տարիներին սերտ առնչություն եմ ունեցել լրատվամիջոցների հետ, եղել եմ 1in.am կայքի հիմնադիրներից մեկը: Իսկ սպորտային կայքը հիմնադրեցինք ընկերներիս հետ, քանի որ դաշտում նման բովանդակությամբ կայքի կարիք կար, սակայն, ցավոք սրտի, այն երկար կյանք չկարողացավ ունենալ ֆինանսական աջակցություն չունենալու պատճառով:

Ուսանողական տարիներից սկսած տարբեր հասարակական-քաղաքական նախաձեռնությունների անդամ եմ եղել եւ աջակցել եմ որոշ քաղաքական շարժումների: Քաղաքական կառույցներին չեմ անդամակցել, դա շատ լուրջ պատասխանատվություն համարելով: Բայց միշտ զգացել մի այնպիսի քաղաքական ուժի կարիք, որտեղ կարող եմ ընդգրկվել եւ որոշակի ազդեցություն ունենալ որոշումների կայացման վրա: Այս պահին լինելով «Քաղաքացիական պայմանագրի» մասնակից, որոշում եմ կայացրել ստանձնել այդ պատասխանատվությունը:

Նիկոլին ճանաչում եմ 2008թ. շարժումից: Ավելի սերտ սկսեցինք շփվել եւ համագործակցել 2012թ.-ից, իսկ 2013թ. առաջարկ ստացա ընդգրկվել «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդում: Ծանոթանալով Պայմանագրի տեքստին` հասկացա, որ այդ մեխանիզմի օգնությամբ հնարավոր է շեշտակի փոփոխություններ մտցնել Հայաստանի ներքաղաքական կյանքում:

-Ասացիք, որ ժամանակին աջակցել ենք այլ քաղաքական շարժումների, բայց չեք անդամակցել: Ինչո՞ւ հենց այս պահին զգացիք դրա անհրաժեշտությունը:

- Անցյալում էլ էի գիտակցում դրա անհրաժեշտությունը, բայց չկար այնպիսի մի կառույց, որի հիմքում ընկած մեխանիզմները թույլ կտային ազդել որոշումների կայացման վրա եւ փորձել լուծում տալ երկրում առկա խնդիրներին: Այս որոշումը կայացնելիս «Քաղաքացիական պայմանագրի» մեջ տեսել եմ բոլոր նախադրյալները, որոնք կարող են նպաստել խնդիրների լուծմանը:

- Փաստորեն, այս նախաձեռնությունը Ձեզ կարողացել է գրավել իր հիմքում ընկած մեխանիզմներով: Ի՞նչ եք կարծում, այն ի զորո՞ւ է արժանանալ նաեւ հանրության ուշադրությանը:

- Կարծում եմ, քաղաքական կառույցներն արժանանում են հանրության ուշադրությանը, երբ հասկանալի լեզվով խոսում են նրանց հուզող խնդիրների մասին եւ առաջարկում են ճիշտ լուծումներ: Հասարակությունը միանգամից զգում է սուտը եւ կեղծավորությունը քաղաքական հայտարարություններում:


Արայիկ Հարությունյանը
Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմա չեմ կարող ասել, թե ինչ հաջողություններ կգրանցի «Քաղաքացիական պայմանագիրը» քաղաքական դաշտում, սակայն այն ունի բոլոր հիմքերը դառնալու այն քաղաքական ուժը, որը կարող է հատկապես ընդդիմադիր դաշտում համախմբման հարթակ դառնալ:

Պայմանագրի հիմնարար փաստաթուղթը բավականին ճկուն է եւ թույլ է տալիս տարբեր մարդկանց ընդգրկվել դրա քննարկմանն ու մասնակցել համաժողովի նախապատրաստական աշխատանքներին: Սա մի հարթակ է, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իր գործը:

- Իսկ ինչպիսի՞ն են հանրային արձագանքները նախաձեռնության վերաբերյալ:

- «Քաղաքացիական պայմանագրի» հանդեպ հետաքրքրությունը բավականին մեծ է: Կառավարման խորհրդի հայտարարությունից եւ ասուլիսից հետո մենք լուրջ հետաքրքրվածություն ենք տեսնում թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Մեզ հետ կապվում են տարբեր մասնագիտությունների, տարբեր քաղաքական ուղղվածությունների մարդիկ, որոնք առաջին հերթին հարցեր են ուղղում եւ փորձում են ստանալ պատասխաններ, հետո նաեւ միանալ «Քաղաքացիական պայմանագրին»:  

Այս փուլում կառավարման խորհրդի առջեւ դրված է այդ մարդկանց համար առավելագույն հնարավորություններ ստեղծելու հարցը, որպեսզի նրանցից յուրաքանչյուրն իր գործն ունենա «Քաղաքացիական պայմանագրի» շրջանակներում եւ հնարավորություն ունենա այս կամ այն ձեւով ազդել որոշումների կայացման վրա:

-Պատրաստվում եք արդյո՞ք PR-ակցիաներ անցկացնել ձեր մասին հասարակությանն իրազեկելու համար:

- Կարծում եմ, հասարակության ակտիվ շերտերում գրեթե բոլորը տեղեկացված են: «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամներին հասարակության լայն զանգվածները գիտեն, եւ յուրահատուկ միջոցառումներ այս առումով չենք նախանշել:

Կարծում եմ, դեռեւս դրա լուրջ կարիքը չունենք: Անշուշտ, օգտվելու ենք բոլոր այն գործիքներից, որոնք քաղաքական եւ քաղաքացիական կառույցները կիրառում են:
Բավականին ակտիվ ենք սոցիալական ցանցերում:

Հետագայում ավելի ակտիվ գործողություններ ենք պատրաստվում իրականացնել. առաջիկայում «Քաղաքացիական պայմանագիրը» կունենա ինտերակտիվ կայք: Սոցիալական ցանցերը կարեւորում ենք նաեւ այնքանով, որ միտված ենք սփյուռքահայերին ներգրավվել մեր աշխատանքներում: Այս պահին բազմաթիվ արձագանքներ ունենք, թե՛ Սփյուռքի տարբեր կառույցներից, եւ թե՛ անհատներից:

-Ինչպե՞ս են բաշխված դերերը «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդում: Ո՞վ է թիմի առաջնորդը:

- Թե՛ ձեւական, թե՛ բովանդակային տեսանկյունից որեւէ անդամ ավել կամ պակաս իրավասություններ կամ լիազորություններ չունի: Բոլորը հավասար են: Եթե անդամներից որեւէ մեկը վետոյի իրավունք կիրառի ինչ-որ որոշման առնչությամբ, ապա այդ որոշումը միանշանակ չի ընդունվի: Բարեբախտաբար, դեռեւս նման իրավիճակ չի եղել, քանի որ յուրաքանչյուրս էլ հասկանում է, որ անլուծելի խնդիրներ չկան: Եթե կա կամք տվյալ խնդրին լուծում տալու համար, իսկ բոլոր յոթ անդամները մինչեւ այժմ նման կամք դրսեւորել են, ապա բոլոր խնդիրներին էլ լուծում կտրվի: Օպտիմալ լուծման կարելի է հանգել` փաստարկները համադրելով:

-Ինչպիսի՞ն կլինեն «Քաղաքացիական պայմանագրի» առաջիկա անելիքները:

- Կառավարման խորհուրդը յուրօրինակ կազմկոմիտե է, որը նախապատրաստելու է «Քաղաքացիական պայմանագրի» առաջին համագումարը: Մինչ այդ կստեղծվեն պրոֆիլային հանձնաժողովներ, որոնք կմշակեն «Քաղաքացիական պայմանագրի» կանոնադրությունը եւ հետագա քայլերի ծրագիրը:


Արայիկ Հարությունյանը
Լուսանկարը` Մեդիամաքս

Այս պահին դժվարանում եմ ասել, թե հետագայում ինչ կազմակերպա-իրավական տեսք կստանա «Քաղաքացիական պայմանագիրը», որովհետեւ պետք է տեղի ունենա առաջին համաժողովը, կարող են տարբեր զարգացման ուղիներ կանխորոշվել: Այս պահին մենք պետք է կարողանանք ապահովել առավելագույն համախմբում մեր առջեւ դրված խնդիրները լուծելու համար եւ պատրաստվել ինչպես հերթական (խորհրդարանական, նախագահական), այնպես էլ արտահերթ ընտրություններին:

- Ի՞նչ նպատակ եք հետապնդում միանալով Պայմանագրին:

- Իմ նպատակն է մեր երկրում ստեղծել համակարգային ընդդիմադիր ուժ, որն ի վիճակի կլինի երկրում իշխանություն ստանձնել: Մինչեւ այսօր ընդդիմությունն այս հարցում թերացել է, քանի որ ընտրություններին սկսել է նախապատրաստվել դրանց անցկացումից ընդամենը երեք-չորս ամիս առաջ եւ հիմնականում իր գործունեությունն ավարտվել է ընտրություններից երկու ամիս անց, երբ համախմբումը սկսել է նվազել:

Մեր նպատակն է խուսափել նման զարգացումներից, եւ հաջորդ ընտրություններին նախապատրաստվել շատ ավելի վաղ` ստեղծելով մի թիմ, որը հանրությանը վստահություն կներշնչի:

Սկսած 90-ականներից երկրում մի օրինաչափություն կա, երբ ընտրողները չգիտեն, թե որ թիմին են իշխանության բերելու, քանի որ ընտրությունների նախաշեմին հստակ թիմ ձեւավորված չի լինում: Նրանք լիովին չեն վստահում իրենց ընտրած առաջնորդին, քանի որ չեն տեսնում նրա թիմը, որը կոնկրետ պաշտոններով երկրում ստանձնելու է պատասխանատվությունը:

-90-ական թվականներից սկսած գործում է նաեւ քաղաքական թիմերի հանկարծակի պառակտումների օրինաչափությունը: Ձեր թիմն ապահովագրվա՞ծ է պառակտումներից:

- Իմ կարծիքով, պառակտումներ լինում են այն ժամանակ, երբ մինչեւ ընտրություններ թիմի անդամների միջեւ պայմանավորվածությունները հստակ չեն լինում, եւ կողմերը չեն ունենում հստակ պարտավորվածություններ եւ իրավասություններ: Մինչեւ հերթական ընտրություններ մենք բավականին երկար ժամանակ ունենք քննարկումներ ծավալելու համար: Մենք պայմանավորվել ենք ցայտնոտային վիճակում չգործել եւ կշռադատված քայլեր կատարել: Այսինքն` մենք ստեղծելու ենք մի մեխանիզմ, որ իշխանության գանք կայուն թիմով եւ հստակ անելիքներով:

- Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը տարբեր քաղաքացիական ակցիաների նկատմամբ:

- Եթե նկատել եք, Պայմանագրի բոլոր անդամներն այս կամ այն քաղաքացիական նախաձեռնության անդամ են: Իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» մեզ որեւէ կերպ չի սահմանափակում մասնակցություն ունենալ այս կամ այն նախաձեռնությանը: Մենք սերտ համագործակցում ենք քաղաքացիական նախաձեռնությունների հետ, փորձում ենք հասկանալ նրանց առաջ քաշած  խնդիրները եւ անդրադառնալ դրանց։ «Քաղաքացիական պայմանագրի»  բաց լինելն ապահովում է առավելագույն ընդգրկում թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական դաշտում:

«Բլից» հարցեր

-Չե Գեւառա, թե՞ Մահաթմա Գանդի

- Գանդի:

-Համակարծի՞ք եք, որ քաղաքականության մեջ չկան մշտական դաշնակիցներ, այլ կան մշտական շահեր:

- Համակարծիք չեմ: Այս պնդումը լուրջ խնդիրներ է առաջ բերում մարդկային հարաբերությունների մեջ: Կարող են լինել նաեւ մշտական դաշնակիցներ, եթե նրանք միեւնույն արժեահամակարգի կրողներ են: Կարող են ի հայտ գալ խնդիրներ, որոնց նկատմամբ կլինեն տարբեր դիրքորոշումներ, բայց դա չի ստիպում դաշնակցային հարաբերությունները փոխարինել թշնամական հարաբերություններով:

-Բոլոր ժամանակների քաղաքական առաջնորդներից ո՞ւմ կառանձնացնեիք:

- Չեմ սիրում խոսել առաջնորդների մասին, քանի որ նրանցից եւ ոչ մեկը անթերի չի եղել: Պայքարի նախընտրելի ձեւով եւ գրանցած արդյունքներով, թերեւս, Գանդիին էլ կառանձնացնեի:

-Ո՞րն է ազատության Ձեր բնորոշումը:

- Ազատության իդեալական տարբերակն այն է, երբ հասարակության մեջ յուրաքանչյուրը գիտակցում է իր իրավունքներն ու պարտականությունները:

- Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ապագան առաջիկա հինգ տարիների հեռանկարում:

- Եթե ընդգրկվել եմ այս կառույցում եւ փորձում եմ հետամուտ լինել մեր առջեւ դրված բոլոր նպատակներին, ուրեմն բավականին պայծառ եմ տեսնում մեր երկրի ապագան եւ հավատում եմ, որ կարող ենք հասնել փոփոխությունների: Ճիշտ է, այդ նպատակին հասնելու համար ամենօրյա քրտնաջան եւ համակարգված աշխատանք է պետք:

Արայիկ Հարությունյանի հետ զրուցել է Մարիամ Մանոյանը:
Լուսանկարները` Մարիամ Լորեցյան:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին