50 Գլոբալ հայերը. Գուրգեն Խաչատրյան - Mediamax.am

exclusive
20880 դիտում

50 Գլոբալ հայերը. Գուրգեն Խաչատրյան


Գուրգեն Խաչատրյանը, Երեւան, 2011թ.
Գուրգեն Խաչատրյանը, Երեւան, 2011թ.

Լուսանկարը` Անձնական արխիվից


ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գուրգեն Խաչատրյանը կանգնած է Հայաստանի ՏՏ-ոլորտի ակունքներում: Նրա շնորհիվ Հայաստան է եկել «մեծ կրիպտոգրաֆիան», որում մասնագիտացել եւ միջազգային հարթակներում հաջողությունների են հասել բազմաթիվ մասնագետներ, մասնավորապես, մեր նախորդ հերոսներից մեկը՝ Կարեն Իսպիրյանը:

Բազմաթիվ երկրների գիտական կենտրոնների եւ մասնավոր ընկերությունների կողմից մեծապես պահանջված մաթեմատիկոս Գուրգեն Խաչատրյանը նախընտրել է աշխատել Հայաստանում՝ փոխանցելով իր փորձն ու գիտելիքները երիտասարդ սերնդին:


Հայաստանում անցկացվող բազմաթիվ անպտուղ կոնֆերանսներից հոգնած` մեզ դժվար է պատկերացնել, որ հեռավոր 1971-ին մեր երկրում տեղի է ունեցել մի համաժողով, որի դրական պտուղները կքաղի մի քանի սերունդ: Խոսքը «50 Գլոբալ հայերը» խորագրում արդեն հիշատակված հանրահայտ ակադեմիկոս Ռոմ Վարշամովի կողմից Հայաստանում կազմակերպված կոդավորման տեսությանը վերաբերող խոշոր գիտական համաժողովի մասին է, որին հրավիրված էին այդ բնագավառի աշխարհի խոշորագույն գիտնականները:

Կոնֆերանսն անցկացվում էր Ծաղկաձորի օլիմպիական բազայում: Ես այդ ժամանակ դեռ ասպիրանտ էի ու կյանքում առաջին անգամ հանդիպել եւ շփվում էի արտասահմանյան գիտնականների հետ: Համաժողովը կոչվում էր International Symposium On Information Theory (Տեղեկատվության տեսության միջազգային սիմպոզիում): Ոլորտի բոլոր «աստղերն» այստեղ էին:

Համաժողովի ընթացքում կապեր հաստատեցի արտասահմանյան կոլեգաների հետ, որոնցից մի քանիսի հետ ծավալեցի երկարամյա համագործակցություն:

Խորհրդային Հայաստանից խորհրդավոր Ճապոնիա

1980-ին կայացավ առաջին արտասահմանյան գործուղումս: Սկսեցի Ճապոնիայից: 
Երբ հասա Տոկիոյի օդանավակայան, նստեցի Տոկիո-Օսակա արագընթաց գնացք, որն այդ տարիներին արդեն ընթանում էր 300-ից ավել կմ/ժ արագությամբ, աննկարագրելի շոկ ապրեցի:


Գուրգեն Խաչատրյանը ակադեմիկոս Ռոմ Վարշամովի հետ, Երեւան 1984թ.
Լուսանկարը՝ անձնական արխիվից

Ճապոնացիները շատ բարեհամբյուր ժողովուրդ են: Երեւում էր, որ մարդիկ ուզում էին հնարավորինս օգտակար լինել արտասահմանյան հյուրին, ուղղակի այդ տարիներին նրանք անգլերեն այնքան էլ լավ չէին խոսում:

Ճապոնացիների հետ շատ դժվար է աշխատել, որովհետեւ, բարեհամբույր լինելով հանդերձ, նրանք շատ փակ ժողովուրդ են. իրենցից դժվար է մի բան իմանալ, փոխարենը՝ իրենք ամեն կերպ ուզում են բան իմանալ քեզանից: Իմ բազմաթիվ հարցեր Ճապոնիայում այդպես էլ անպատասխան մնացին:

Ճապոնիայում 4 ամիս անցկացրեցի եւ մեծ աշխատանք կատարեցի: Զբաղվում էի բազմամուտք կապուղիներով կոդավորման խնդիրներով (Coding for multiple access channels), երբ նույն կապուղով միաժամանակ հաղորդվում է տեղեկատվության մի քանի հոսք եւ պետք է դրանք հաղորդել այնպես, որ մեկը մյուսին չխանգարի: Ավելի ուշ եւս երեք անգամ եղա Ճապոնիայում, իսկ 1986-ին ճապոնացիները 8-հոգանոց խմբով եկան Հայաստան:

Մեծ կրիպտոգրաֆիայի մուտքը Հայաստան

1971-ին վերոհիշյալ համաժողովին մասնակցած ամերիկացի գիտնական Ջեյմս Մեսսիի (James L. Massey) հետ երկար ժամանակ պահպանվում էին սերտ կապեր, սակայն հասկանալի պատճառներով միայն Խորհրդային Միության փլուզումից հետո հնարավորություն ստեղծվեց իրական համագործակցության համար. այդ պահը իրեն երկար սպասեցնել չտվեց...

1992-ին Մեսսին դասախոսությամբ եկել էր Հայաստան: Գալուց առաջ նա խնդրեց ինձ, որպեսզի իր հետ մի կին գա, որն, իր փոխանցմամբ, իր եւ կնոջ ընդհանուր ընկերն էր: Երեւանում դասախոսությունից հետո Մեսսին խնդրեց ինձ գնալ իր հետ հյուրանոց եւ ծանոթացրեց այդ կնոջ հետ: Պարզվեց, որ նա կրիպրոգրաֆիկ մշակումների ոլորտում առաջատար ամերիկյան Cylink ընկերության տնօրենի կինն է եւ ազգությամբ հայ է:

Նրանք ինձ առաջարկեցին Հայաստանում փոքր ընկերություն բացել: Այդպես ստեղծվեց Hylink-ը: Սկսեցինք 10 հոգով, այնուհետեւ ընկերությունն ընդլայնվեց: Այն գործում է մինչ օրս, թեեւ արդեն կապ չունեմ նրա հետ:

90-ականների առաջին կեսին արդեն պարզ էր, որ երկար ժամանակ կիրառվող DES (Data Encryption Standard) կրիպտոհամակարգը այլեւս ունակ չէր ապահովելու պահանջվող անվտանգության աստիճանը: Սկսեցինք աշխատել այդ խնդրի լուծման վրա: Այս աշխատանքների արդյունքում ստացվեց բլոկային ծածկագրերի (Block ciphers) մի ընտանիք SAFER+, որն այսօր լայն ճանաչում եւ կիրառություն ունի աշխարհում: SAFER+-ը որը մշակվել  է  Ջեյմս Մեսսիի, Մելսիկ Կյուրեղյանի եւ իմ կողմից 2000-ին ընդունվեց որպես ստանդարտ հանրահայտ Bluetooth համակարգում օգտագործման համար:


Գուրգեն Խաչատրյանը (աջից երրորդը) Ճապոնիայում 1981թ. կայացած տեղեկատվական տեսությանը նվիրված սիմպոզիումին
Լուսանկարը՝ անձնական արխիվից


Շատ ռոմանտիկ ժամանակներ էին: Ապրում էինք հույզերով: Էլեկտրաէներգիա չկար, աշխատում էինք գեներատորներով: Երբ առաջին անգամ գնացինք ԱՄՆ, տեսանք այնտեղի գեներատորները, կատակում էինք, թե արժե գնել մի քանիսը` Հայաստան տանելու համար: Այդ տարիներին կարծես Արկտիկայում աշխատեինք, անգամ ճաշն աշխատատեղում էինք պատրաստում...

Հետո մարդիկ սկսեցին կամաց-կամաց հեռանալ Հայաստանից: Երբ առաջին անգամ մարդ ուղարկեցինք Cylink, նա չցանկացավ վերադառնալ եւ մնաց այնտեղ: Հետո եւ երկու հոգի գնացին եւ այդպես շարունակ. երեւի միայն մեր ընկերությունից առնվազն 20-25 հոգի տեղափոխվեց ԱՄՆ:

8 տարի ԱՄՆ-ում

Ինքս հաճախ էի գործուղվում Cylink-ի գլխամասային գրասենյակ, բայց մտքովս երբեք չէր անցել մնալ ԱՄՆ-ում: Սակայն երբ աղջիկս ամուսնացավ ու տեղափոխվեց այնտեղ,  նա ու կինս սկսեցին ինձ համոզել, որ մենք էլ տեղափոխվենք` մանավանդ որ այնտեղ ծնվել էր թոռնիկս:

Գործուղումներից մեկի ժամանակ մտա Cylink-ի նախագահի մոտ եւ ասացի, որ ցանկանում եմ մնալ եւ աշխատել այնտեղ. նա անմիջապես հանձնարարեց քարտուղարուհուն ինձ համար աշխատանքային վիզա ձեւակերպել: Այդպես գնացի ԱՄՆ:   

Cylink-ում աշխատեցի ընդամենը 3 տարի: Ընկերությունը գրեթե սնանկացավ եւ նրանք կրճատեցին ինժեներական աշխատակազմի մեծ մասը: Այնուհետեւ աշխատանքի անցա Quantum Digital Solutions ընկերությունում:

Այդ ընկերություններում կրկին զբաղվում էի կրիպտոգրաֆիայով: Պաշտոնս Chief Scientist էր, ու ես այնտեղ զբաղվում էի մի շարք հետաքրքիր կիրառական նշանակություն ունեցող խնդիրներով:

Ժողովրդավարական Ամերիկայի կորպորատիվ ավտորիտարիզմը

Ամերիկայում, կարելի է ասել, ամեն ինչ ունեցել եմ, ծանոթ եմ այնտեղի կորպորատիվ կյանքին եւ մի շարք զարմանալի բաներ եմ ինձ համար հայտնաբերել: Օրինակ` ամերիկացիները հպարտանում են իրենց ժողովրդավարությամբ. անձի պարագայում իրոք այդպես է, բայց ընկերությունում, եթե նախագահն ասում է, որ «մածունը սեւ է», պետք է համաձայնվես իր հետ` «No discussion»:

Երբ գնում էի ժողովների, տեսնում էի մի ահավոր դեմագոգիա. մեզ ասում էին, որ ընկերության վիճակը վատ է եւ փող չկա, այնուհետեւ ղեկավարները $‌400-500 հազ. բոնուսներ էին ստանում:


Գուրգեն Խաչատրյանը ընտանիքի հետ Սան Խոսեում, Քալիֆորնիա, 2011թ.
Լուսանկարը՝ անձնական արխիվից


Հայաստանում մենք վիճում էինք ղեկավարության հետ անգամ խորհրդային տարիներին. այնտեղ նման բանի իրավունք չկար:

Հայաստանում` ինչպես ԱՄՆ-ում

Quantum Digital Solutions-ում 5 տարի աշխատելուց հետո այդ ընկերության գործերը եւս սկսեցին վատանալ: Սկսեցի այլ աշխատանք փնտրել եւ կապ հաստատեցի Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հետ:

Մտածեցի` ժամանակն է վերադառնալ: Վերադարձա եւ շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Ինձ լավ եմ զգում Ամերիկյան Համալսարանում` միաժամանակ գտնվում եմ եւ Հայաստանում եւ ԱՄՆ-ում: Կարծում եմ, սա այն հազվագյուտ տեղերից է Հայաստանում, որտեղ չկա կոռուպցիա. չեն գործում ոչ «փող»,  ոչ «ծանոթ» հասկացությունները:

ՀԱՀ-ում ներդրեցի կրիպտոգրաֆիայի դասընթացը, դասավանդում եմ այստեղ, ունեմ մի շարք ասպիրանտներ, աշխատում ենք 2 գիտահետազոտական նախագծերի վրա` Volkswagen Foundation-ի եւ Samsung-ի ֆինանսավորմամբ:

Volkswagen Foundation-ը գերմանական ավտոարտադրողի կողմից հիմնադրած կառույց է, որին ընկերությունը զգալի գումարներ է փոխանցում` գիտության ֆինանսավորման նպատակով: Դիմեցինք հիմնադրամին գերմանացի գործընկերոջս հետ եւ մեզ 2 տարով տրամադրեցին €100 հազար` հետազոտական նախագծի համար: Նախագծի շրջանակներում ուսումնասիրում ենք բիոմետրիկ տվյալների մշակման եւ դրա միջոցով գաղտնաբառեր ստեղծելու խնդիրները:


Samsung-ի գիտահետազոտական նախագծերն իրակացնող հայաստանյան թիմը
Լուսանկարը՝ Գ. Խաչատրյանի անձնական արխիվից


Samsung-ի հետ նախագծեր ենք իրականացնում անվտանգության բնագավառում. մշակում ենք ծրագրային ապահովում հաքերներից պաշտպանվելու համար: Հուսով ենք, որ մի քանի նախագծերից հետո Samsung-ը Հայաստանում հետազոտական կենտրոն կբացի:

Եթե մեր մեծահարուստները փող ներդնեին գիտության մեջ...

Հայաստանի ՏՏ-ոլորտում ավանդաբար աշխատակիցների պակաս կա, այնպես որ ուսանողներս աշխատանքի տեղավորվելու եւ բարձր վարձատրվելու խնդիր չունեն: Այլ հարց է, որ աշխատանքը, որն իրենք անում են, ռուտինային է` դրսի պատվերներ, որոնք հայերն ամերիկացիներից ավելի էժան կանեն: Ուսանողներիցս շատերը չեն սիրում իրենց աշխատանքը եւ հաճախ խնդրում են ինձ մի գիտահետազոտական ծրագիր գտնել, որպեսզի գան եւ աշխատեն` անգամ ավելի փոքր վարձատրությամբ:

Մարդիկ պետք է կարողանան զբաղվել Հայաստանում պրակտիկ գիտական աշխատանքով եւ լավ վարձատրվեն, որ չգնան այստեղից: Այն նախագծերը, որ այժմ մենք իրականացնում ենք ՀԱՀ-ում, չեն լուծում այս խնդիրը, քանի որ կարճաժամկետ են:

Հայաստանում այսօր, ցավոք, չի ստեղծվում մտավոր սեփականություն` IP (Intellectual property): Իդեալական տարբերակ կլիներ, եթե մեր մեծահարուստները փող ներդնեին գիտության մեջ: Դա ֆանտաստիկ արդյունքներ կտար Հայաստանի տնտեսության համար: Այդպիսի օրինակներ, ցավոք, չկան:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ողջ էությունը նոր արժեքի ստեղծումն է, այլ ոչ թե ուրիշի պատվերի կատարումը: Հայաստանը կարող է հարուստ երկիր դառնալ միայն այն դեպքում, եթե արժեքը ստեղծվի այստեղ եւ մնա իր քաղաքացիների սեփականությունը:

Դա իմ երազանքն է, ու ես, աշխատելով արտասահմանյան համալսարանների ու կառույցների հետ, փորձում եմ ներդնել Հայաստանում այդ մշակույթը:

Գուրգեն Խաչատրյանի հետ զրուցել է Ռուբեն Հարությունյանը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին